Ապրիլի 24ի առաւօտեան, օրհնութեամբ Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի, Նժդեհ քհնյ. Քէշիշեանն այցելեց Healthy Solutions Adult Day Health Care կենտրոն՝ ընդառաջելով կենտրոնի տնօրէնութեան հրաւէրի։ Տէր հօրն ուղեկցում էր Նորթ Հոլիվուդի եկեղեցւոյ Խորհրդատու մարմնի ատենապետ Մանուկ Խաչատրեանը։
Կենտրոնում կազմակերպուած էր միջոցառում՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 110 տարելիցին։
Ողջունելով ներկաներին տէր Նժդեհը փոխանցեց ներկաներին առաջնորդին օրհնութիւնը, ապա վերյիշեց այն սոսկալի ժամանակահատուածը, որի միջոցով անցաւ մեր ժողովուրդը, եւ ունեցաւ աւելի քան 1.5 միլիոն անմեղ նահատակ։ Տէր Նժդեհը խնդրեց եւ խրատեց բոլոր ներկաներին ամուր եղբայրական կապ ունենալ մէկը միւսի հետ, այն համոզումով, որ աշխարհի որ ծագում էլ որ հայեր լինեն, եթէ միասնական եւ սիրով լինեն միմեանց հետ, ապա կարող են զսպել մեր դարաւոր թշնամուն եւ թոյլ չտալ նոր ոճրագործութիւններ։
Ապա, տէր Նժդեհը կատարեց Բարեխօսական կարգ՝ ուղղուած Հայոց Ցեղասպանութեան սուրբ նահատակներին եւ օրհնեց ներկաներին, խնդրելով Հայոց Ցեղասպանութեան մարտիրոսների բարեխօսութիւնը նրանց համար։
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ