
Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարեան «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ կ՛անդրադառնայ արցախցիներուն նիւթական յատկացումին գծով կառավարութեան տուած որոշումին՝ գրելով հետեւեալը.
«Ի հեճուկս՝
«- Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի կազմակերպած բազմահազարանոց հանրահաւաքի պահանջների,
« Հրապարակայնօրէն ու փակ ձեւաչափերով ներկայացուած հիմնաւոր փաստարկների,
«- Եղած ու պլանաւորուող (ծրագրուող) կարգաւորումներում որոշ սխալների վերաբերեալ իրենց ինքնախոստովանանքների,
«- Սխալները շտկելու վերաբերեալ հնչած խոստումների ու պատրաստակամութեան,
«- Ներառականութեան ու ժողովրդավարութեան վերաբերեալ ձօնուող սրտառուչ ռոմանսների՝
«Կառավարութիւնն այսօր ընդունեց այնպիսի մի որոշում, որով պարզապէս խորացնելու է շուրջ 100,000 արցախցիների աղքատութիւնը եւ մղելու է շատերին արտագաղթի ճանապարհը բռնել: Արցախցիների շրջանում եղած շուրջ 70-80 տոկոս աղքատութիւնը շուտով աւելի է աճելու, իսկ նրանց մեծամասնութիւնն էլ իջնելու է ծայրայեղ աղքատութեան շեմից ներքեւ:
«Այս իշխանութիւնները փոխանակ օգնեն տեղահանուած արցախցիներին ամրանալ Մայր Հայաստանում եւ ամրացնել այն, մեզ դիտարկում ու ներկայացնում են որպէս «թշնամ»ջ՝ իրենց ներքին ու արտաքին քաղաքական երազները սնելու եւ ձախողումներն արդարացնելու նպատակով:
«Օրեր առաջ կառավարութիւնը պատրաստ էր կիսատ ու ձեւական զիջման գնալ, այն է՝ մէկ ամսով երկարաձգել բնակվարձի աջակցութեան նախկին ծրագիրը՝ դրա դիմաց պահանջելով Ազատութեան հրապարակում տեղադրուած շտաբ-վրանի ապամոնտաժում (քանդում): Ինքնին այդ առաջարկը մեր բոլորիս պայքարի յաջողութեան ցուցիչներից էր՝ ցոյց տալով հանրային ճնշման արդիւնաւէտութիւնը այսպիսի իրավիճակներում: Սա նշանակում է, որ պէտք է մեր պայքարը աւելի լայն թափ ստանայ՝ յանուն Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան:
«Ինչ վերաբերում է պայքարի նպատակներին, ապա թէեւ 12 հիմնական նպատակներ են ձեւակերպուած հանրահաւաքի պահանջագրում, սակայն այս պահին ամենահրատապն ու ամենազանգուածայինը Մայր Հայաստանում արցախցիների կայուն ու արժանապատիւ կեցութեան ապահովումն է: Առանց այդ նպատակի իրականացման՝ մնացած բոլոր նպատակները կա՛մ իմաստազուրկ են, կա՛մ էլ՝ շատ աւելի դժուար իրագործելի:
ՄԻԱՍԻՆ՝ ՅԱՆՈՒՆ ՄԵՐ իրաւունքների»: