

Շուկայում մեծ քանակութեամբ մաշկի խնամքի միջոցներ կան, որոնք մաշկի բարելաւման արագ ու մեծ երաշխիքներ են խոստանում. անմիջապէս վերացնում են բշտիկները, հարթում կնճիռները եւ յաճախորդները երջանիկ են: Մաշկի խնամքի արտադրանքի արդիւնաւէտութիւնը կարող է շատ տարբեր լինել, կախուած մի քանի գործօններից, այդ թւում՝ օգտագործուող բաղադրիչներից, անհատի մաշկի տեսակից եւ յատուկ մաշկի խնդիրներից: Ներկայացնում ենք WebMD կայքի անդրադարձը դրանց հաւաստիութեան վերաբերեալ:
Մաշկի փոփոխութիւնները կարող են ժամանակ պահանջել, իսկ գրգռուած հատուածների բուժումը տեւել 4 շաբաթ կամ աւելի: Ռետինոիդները կարող են բարելաւել կնճիռների եւ տարիքային բծերի տեսքը, բայց արդիւնքները կարող են երեւալ միայն 6 ամիս յետոյ: Այնպէս, որ արդիւնաւէտութեան մասին արագ խոստումներն անիրական են:
Ակտիւ (աշխուժ) ածխի դիմակների մասին շատ է խօսւում: Իրականում ակտիւ ածուխը ստամոքսում կարող է կլանել թունաւոր նիւթեր, բայց մաշկի վրայ դրա օգտաւէտութիւնը դեռեւս ուսումնասիրուած չէ: Որոշ արտադրանքներ կարող են վնասակար լինել: Փոխարէնը, լուացէք դէմքը ջրով եւ մեղմ մաքրող միջոցով:
Վիտամին (կենսանիւթ) C պարունակող աչքի քսուկները կարող են սպիտակեցնել աչքերի ներքեւի հատուածի գոյնը, բայց չեն կարող մեղմացնել մուգ շրջանակները, որոնք առաջանում են տեսանելի արեան անօթներից:
Կակաոյի, շիայի եւ կոկոսի իւղը լաւ խոնաւեցնող միջոցներ են, բայց չեն կարող բուժել գրգռուած մաշկը` փոխարէնը կը խցանեն ծակոտիները:
Դէմքը ինքնուրոյն ազատւում է մեռած բջիջներից: Դէմքի «սկրաբ»ները եւ ամենօրեայ «էքսֆոլիացիա»ն կարող է հեռացնել բնական խոնաւութիւնը եւ չորացնել մաշկը: Կոշտ սկրաբները կարող են գրգռել մաշկը: Փոխարէնը, օգտագործէք իւղազերծ եւ առանց ալկոհոլի միջոց, լուացէք դէմքը գոլ ջրով եւ օգտագործէք խոնաւեցնող քսուկ՝ լուացուելուց անմիջապէս յետոյ:
Վիտամին E-ն պաշտպանում է բջիջները, բայց անօգուտ է սպիերը հեռացնելու համար:
Դէմքի մերսումը կարող է հանգստութիւն հաղորդել, բայց երկարաժամկէտ բարելաւում չապահովել: Եթէ ունէք ակնէ, խուսափէք դէմքի մերսումներից, քանի որ սեղմումը կարող է բորբոքում առաջացնել: Նուազեցրէք ակնկալիքները, որ կարող էք ստանալ դէմքի մերսումից եւ մի սպասէք երկարաժամկէտ փոփոխութեան:
Առողջ մաշկի համար`հետեւէք հաւասարակշռուած սննդակարգին, խմէք շատ ջուր, մի ծխէք, ամէն օր օգտագործէք նուազագոյնը SPF 30 արեւապաշտպան քսուք, ամէն օր օգտագործէք խոնաւեցնող միջոց։
Եւ վերջում` պէտք չէ շատ գումար ծախսել մաշկը լաւ վիճակում պահելու համար, քանի որ դեղատան ապրանքանիշերը նոյնքան արդիւնաւէտ կարող են լինել: