Փետրուար 8ին Երեւանի Ազատութեան հրապարակին վրայ տեղի ունեցաւ Հայաստանի նախագահական թեկնածու, Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանի նախընտրական հանրահաւաքը:
Ստորեւ կը հրատարակենք Վահան Յովհաննիսեանի ելոյթը:
Շնորհակալութիւն, իմ քոյրեր եւ եղբայրներ, որ հաւաքուել էք այստեղ այս ծով մարդկային հաւաքով, այս հզօրութեամբ, այս վճռականութեամբ՝ ձեր հզօրութիւնը եւ վճռականութիւնը ինձ փոխանցելու համար:
Սիրելի՛ ժողովուրդ, մէկ էլ 20 տարի առաջ էր, որ այսպէս համախմբուած՝ կանգնած էինք այս հրապարակում: Այն ժամանակ մենք միասնական, միաձուլուած, համընդհանուր շահը գիտակցող, ուս-ուսի տուած ազգ-ժողովուրդ էինք ու երկիր էինք: Անցաւ 20 տարի, եւ նորից հաւաքուել ենք, բայց այլեւս այն երկիրը չէ:
Սիրելի՛ ժողովուրդ, մենք ապրեցինք պատրանքներով: Հին ասացուածք կայ. «Պատրանքների գինը դառը իրականութիւնն է»: Այսօր մենք այլեւս այն միասնական ազգը չենք: Այսօր այլեւս միասնական շահի գիտակցումը այն չէ, ինչ 20 տարի առաջ: Այսօր մենք՝ որպէս ազգ ու երկիր, ապրում ենք երկու տարբեր աշխարհներում, երկու զուգահեռ ու չխաչուող աշխարհներում: Առերեւոյթ երկիրը զարգանում է, առերեւոյթ երկիրը առաջ է քայլում: Իրականութեան մէջ՝ տեղապտոյտ: Առերեւոյթ ժողովրդավարութեան զարգացում կայ՝ ժողովրդավարութեան արտաքին բոլոր դրսեւորումներով՝ խորհրդարան, ընտրութիւններ, բազմաթիւ կուսակցութիւններ, հասարակական կազմակերպութիւնների համագումարներ, կլոր սեղաններ, հսկայական սրահներ, գիտութիւնների զարգացման վերաբերող հարցումներ: Իրականում՝ անազատութեան եւ անարդարութեան մթնոլորտ է:
Իրականում մեր տնտեսական զարգացումը, որ ակնյայտ է, պարզ ժողովրդի հետ որեւէ առնչութիւն չունի: Հասարակ ժողովրդին այդ զարգացումը շրջանցում է: Իրականում ժողովրդավարութեան արտաքին դրսեւորումները արտաքին աշխարհի համար են: Պարզ ժողովուրդը ազատութեան մթնոլորտից, մրցակցութիւնից, իրեն ազատ մրցակցութեան մէջ դրսեւորելու հնարաւորութիւնից ի սպառ զրկուել է, եւ մենք ապրում ենք երկու աշխարհներում:
Մի տեղ առանձին, իր կեանքով ապրում եւ զարգանում է սահմանադրութիւնը, բարեփոխւում է, նոր օրէնքներ են ընդունւում, բարեփոխւում են այդ օրէնքները: Իսկ բոլորովին այլ տեղ իրական կեանքը, որն այդ օրէնքների հետ առնչութիւն չունի, որն այդ օրէնքներով չի կառավարւում, որն այդ սահմանադրութեամբ չի ղեկավարւում: Եւ այս երկուութեան մէջ մենք ունենք դժգոհ, յոգնած, հիասթափուած, յուսալքուած ժողովուրդ, հսկայական մեծամասնութիւն եւ ունենք, ինչպէս Ֆրանս Քաֆքայի վէպի մէջ, մի դղեակ, մի բոլորովին ուրիշ աշխարհ, որտեղ ամէն ինչ լաւ է, որտեղ կարծես թէ զարգացում կայ, որտեղ խօսում են մաքրոտնտեսական տերմիններով, որտեղ խօսում են միջին եւրոպական ցուցանիշներով եւ չափանիշներով, որտեղ խօսում են մարդկային լեզուից հեռու հասկացողութիւններով: Եւ այս երկու աշխարհները գնալով իրարից հեռանում են:
Մենք տեսնում ենք զարգացում, բայց այդ զարգացումը մեզ շրջանցում է: Մենք տեսնում ենք օրէնքների եւ սահմանադրութեան բարեփոխումները, բայց դրանք որեւէ առնչութիւն չունեն մեր ռէալ կեանքի հետ:
Սիրելի՛ ժողովուրդ, այդպէս եղաւ, որովհետեւ մեր անկախութեան լուսաբացին մենք չհասկացանք ամենակարեւորը՝ մենք չհասկացանք, որ անկախութեան վերադարձը, որին հարիւրաւոր տարիներ սպասել են եւ որի համար կռուել, մեռել են մեր նախնիները, ինքնաբերաբար իր հետ արդարութիւն չի բերում: Դրա համար յաւելեալ պայքար է պէտք, յաւելեալ համախմբում, յաւելեալ ճիգ, յաւելեալ վճռականութիւն ու կարեւորը՝ պէտք է չվախենալ: Պէտք է չվախենալ եւ անկախութիւնից յետոյ հիմա էլ նուաճել արդարութիւնը: Եւ դուք այստեղ էք, նշանակում է կը նուաճենք անպայման:
Մեր անկախութեան լուսաբացին խորհրդային քաղաքատնտեսութեան մասնագէտները, իրենց ազատ տնտեսութեան մասնագէտ հռչակելով, գծեցին մեզ համար այնպիսի զարգացման յատակագծեր, որոնք ի վերջոյ բերեցին մեր հասարակութեան երկատմանը: Եւ մենք սկսեցինք ապրել տարբեր աշխարհներում: Նրանք մոռացան, որ գիտելիքը՝ ամենագեղեցիկ յատակագիծը, ամենալաւ ծրագիրը, ոչ մի դրական արժէք չունի, եթէ չի հիմնւում մարդու վրայ, եթէ մոռացուել է մարդը, հայ մարդը: Եւ ապրեցին երեւակայական աշխարհում, եւ այդ երեւակայական աշխարհ տարուեց մեր ժողովրդի այսպէս կոչուած ընտրանին, իսկ ժողովուրդը մնաց անտէր: Բայց մեր ժողովուրդը երբեք անտէր չի մնայ, քանի որ կայ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որը ձեզ է ուժ տալիս եւ ինձ է ուժ տալիս:
Սիրելի՛ ժողովուրդ, ամենավտանգաւոր մարդը կիսագրագէտն է: Անգրագէտին կարող ես սովորեցնել, կիսագրագէտին սովորեցնել, առաջ տանել հնարաւոր չէ: Որովհետեւ նա վստահ է, որ գիտի ամէն ինչ: Կիսագրագէտները գծեցին մեր երկրի այս ուղին: Խաբեցին բոլորին, թէ շուկայական յարաբերութիւնները ամէն ինչ կը կարգաւորեն, որ շուկայական յարաբերութիւններից պէտք է պետութիւնը յետ քաշուի: Պետութիւնը յետ քաշուեց, բայց պետութեան տեղը զբաղեցնելու եկան պիւրոկրատական վարչամեքենայի ներկայացուցիչները, որոնք հովանաւորեցին եւ ստեղծեցին մենաշնորհները, որոնք յետ մղեցին, ոչնչացրին ու փոշիացրին մեր ժողովրդի տաղանդը եւ աշխատանքով վաստակելու ցանկութիւնը:
Հիասթափութիւնը եւ յուսալքութիւնը մտաւ այն ժամանակ, երբ ժողովուրդը յոյսը կտրեց, որ պետութիւնը իր համար որեւէ պատասխանատուութիւն է կրում: Այդպէս եղաւ տնտեսութեան մէջ, երբ կիսագրագէտները մշակեցին սեփականաշնորհման յատակագծերը, որոնց արդիւնքում մեր գործարանները կանգնեցին: Կիսագրագէտները մշակեցին այն յատակագծերը, որոնցով գիտութիւնը եւ մշակոյթը պէտք է ամբողջութեամբ ղեկավարուեն շուկայական օրէնքներով: Առեւտրականացումը մտցրին մշակոյթի եւ գիտութեան մէջ:
Արդիւնքում այն, ինչ տալիս է այսօր մեր ժողովրդին արուեստը, Հայաստանում գոյութիւն ունեցող մնացած փշրանքներ, կարծես թէ սովեալ մարդուն, հոգու, ոգեղէն սննդի կարօտ ունեցող մարդուն կոնֆետ է տալիս, հաց չի տալիս:
Սիրելի՛ ժողովուրդ, մեր գիտութիւնը, որով հպարտանում եւ պարծենում էինք, որը մեր յոյսն էր, որը մեր շարժիչ ուժը պէտք է լինէր, որովհետեւ ո՛չ նաւթ ունենք, ո՛չ ծով ունենք, մեր գիտութիւնը փոշիացաւ, որովհետեւ մեր հրաշք գիտնականներին ասացին՝ գնացէ՛ք եւ ձեր հացը վաստակէ՛ք ինչպէս ուզում էք, վաճառէ՛ք ձեր արտադրանքը:
Ամբողջ աշխարհում գիտեն, որ հիմնական գիտութիւնը, մշակոյթը եւ արուեստը կարիքը ունեն պետական հոգածութեան: Պետութիւնը ձեռքերը լուաց: Ի՞նչ կ՚անի դաշնակցական նախագահը: Կը վերադարձնի պետութիւնը դէպի այս ոլորտներ: Նորից պետութիւնը պէտք է դէմքով թեքուի մեր ժողովրդին: Անգամ մարմնակրթանքը մեր երկրում երբ զարգանում է, զարգանում է միայն ընտրանի մարմնակրթանքը՝ դահուկները: Մարմնակրթութեան, հասարակ մարմնամարզի տանիքներ մեր երեխաների համար չեն կառուցում։ Եւ յետոյ մենք զարմանում ենք, թէ ինչո՞ւ մեր երիտասարդները բանակում վատառողջ են, ինչո՞ւ ֆիզիքապէս պատրաստ չեն մեր բանակում ծառայելու։
Սիրելինե՛ր, ամէն ինչ փոխկապակցուած է։
Այս արատաւոր համակարգը, որտեղ երկու զուգահեռ, իրար հետ կապ չունեցող կեանքով են ապրում երկրի ղեկավար շրջանակները եւ պարզ ժողովուրդը, այս համակարգը փշրել կարող են միայն նրանք, ովքեր ո՛չ այդ արատաւոր համակարգի արմատների մօտ են կանգնած եղել, ո՛չ էլ յետոյ սերտաճել են այս համակարգի հետ։ Ես միշտ ազատ մարդ եմ եղել։ Խորհրդային տարիներին էլ եմ ազատ մարդ եղել եւ ասել եմ՝ ինչ մտածում եմ, ՀՀՇի տարիներին էլ, բանտում էլ եմ ազատ մարդ եղել իմ ընկերների նման, ու հիմա էլ ազատ եմ եւ ոչ մէկից կախում չունեմ։ Եւ ես կը վերադարձնեմ ձեզ ազատութիւնը։
Ես սահմանադրութիւնը եւ օրէնքները կը դարձնեմ ոչ թէ փաստաթղթեր, որոնց մասին դուք տեղեկանում էք հեռուստատեսային կամ թերթային ինչ-որ քաղաքական գործիչների ելոյթներից, այլ կը դառնան դրանք միս ու արիւն եւ ձեր կեանքի մասը։ Սահմանադրական կարգի վերականգնումն է, սահմանադրական կարգի պահպանումն է նախագահի առաջին գործը, եւ ես հէնց դա կ՚անեմ առաջինը։ Եւ սահմանադրական կարգի ողջ խստութիւնը առաջին հերթին կը զգան իմ մերձաւորները, իմ շրջապատը կը զգայ, իմ խմբակը կը զգայ, այստեղ կանգնածները կը զգան, որպէսզի ես եւ իմ ընկերները շահենք բարոյական իրաւունք՝ տարածելու դա բոլորի վրայ։ Ու կ՚անցնի կարճ ժամանակ եւ նոյնիսկ նրանք, ովքեր այսօր օգտւում են անօրինական վիճակից, օգտւում են իրենց չհասնող արտօնութիւնից, խուսափում են պետական եւ ազգային ծառայութիւնից, խուսափում են հարկեր վճարելուց, շատ կարճ ժամանակ յետոյ կը հասկանան, որ մեր դրած օրէնքով, մեր դրած սահմանադրութեամբ ապրելը ե՛ւ աւելի պատուաբեր է, ե՛ւ աւելի ձեռնտու, ե՛ւ աւելի ապահով, ե՛ւ աւելի յուսալի։ Սա մենք կ՚անենք։
Սիրելի՛ ժողովուրդ, այս օրերին բազմաթիւ բնակավայրերում հանդիպումներ ունենալով՝ ես շատ հետաքրքիր բաներ եմ լսում մեր հայրենակիցներից։ Այստեղ էլ շատ հետաքրքիր բաներ լսեցի եւ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել մեզ նամակներ ուղարկած բոլոր մարդկանց։ Երէկ մի ծերունու տեսայ, որն ինձ ասաց հետեւեալը. «Լսի, տղայ ջան, էս բոլորը որ գալիս են, խօսք են տալիս՝ մեր սարերը ոսկուց սարքեն, էս մեր քարերն ու ժայռերը ոսկուց սարքեն, բա դո՞ւ ինչ ես խոստանում»։ Ես ասացի՝ ես չեմ կարող, ես կախարդ չեմ, բայց ես կարող եմ խոստանալ, որ հնարաւորութիւն կը տամ քեզ ու քո տղային, որ դուք ինքներդ ոսկի սարքէք ձեր սարերը, ձեր դաշտերը։
Սիրելի՛ ժողովուրդ, երկու խօսք՝ մեզ համար կարեւոր եւ յուզիչ խնդրի մասին։ Արդէն Հրանդ Մարգարեանն ասաց, որ ինչպէս բոլորովին չէինք ցանկանայ՝ նորից Լեռնային Ղարաբաղի հարցը, մեզ համար կարեւորագոյն խնդիրը դարձրել են շահարկման առարկայ, եւ նորից սկսում ենք լսել ոչ միայն ակնարկներ, այլեւ ուղղակի սպառնալիքներ, թէ մեր դժուար վիճակը պայմանաւորուած է հարցի չլուծուած լինելով։ Ես ձեզ արդէն ասացի՝ ինչով է պայմանաւորուած այս վիճակը։ Նրանով, որ երկրի զարգացումից օգտւում է միայն հարուստը։
Դաշնակցութիւնը Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապուած է ուղն ու ծուծով, միս ու արիւնով։ Ութ դաշնակցականից մէկը զոհուել է ղարաբաղեան պատերազմում։ Սա մեզ համար պարզապէս քաղաքական հարց չէ։
Բայց եթէ մէկը կարծում է, որ Դաշնակցութեան վճռականութիւնը նոյնն է, ինչ որ յարձակողականութիւնը, եթէ ինչ-որ մէկը կարծում է, որ Դաշնակցութեան խիզախութիւնը եւ անկախութիւնը կապ ունի արկածախնդրութեան հետ՝ չարաչար սխալւում է։ Առաջինը, ինչ կ՚անեմ ես յաջողութիւնից, յաղթանակից յետոյ. ես ատրպէյճանցիներին կ՚ասեմ՝ եկէք առանց որեւէ պայմանի կնքենք չյարձակուելու մասին համաձայնագիր։ Մենք դրանից չենք վախենում, մենք ոչ մէկին թշնամի չենք ուզում ունենալ։ Մենք կը կնքենք այդ պակտը, եթէ Ատրպէյճանը համաձայնի։ Պակտը կարող է լինել շատ կարճ, երկու տողանոց պայմանագիր՝ կողմերը պարտաւորւում են իրար նկատմամբ որեւէ հարցի լուծման ընթացքում ուժ չկիրառել, ուժի կիրառման սպառնալիք չկիրառել։
Եթէ Ատրպէյճանը համաձայնեց սրան, դրանից յետոյ նոր Հայաստանի կողմը կարող է սկսել բովանդակային քննարկում՝ ինչը ինչի դիմաց, որն է մեր զիջման բաժինը, որն է նրանցը։ Ատրպէյճանի կողմից մենք մինչեւ հիմա չենք լսել իրենց փոխզիջման մասին եւ որեւէ հասկանալի, մատչելի բացատրութիւն։ Ինչո՞ւ ենք մենք պարտաւոր խորանալ այսօր մանրամասնութիւնների մէջ։ Ստորագրում են մեզ հետ այդ պայմանագիրը, նստում ենք բանակցային սեղանին։ Աւելին ասեմ ձեզ. դա պահանջ է Հելսինքեան համաձայնագրի։ Դա պահանջ է այն հիմնադիր փաստաթղթի, որի հիման վրայ ստեղծուել են ԵԱՀԿ կազմակերպութիւնը, որի անդամներ ենք ե՛ւ մենք, ե՛ւ Ատրպէյճանը։ Եւ Ատրպէյճանը չի կարող ուղղակի մերժել նման առաջարկ։ Որովհետեւ դա է նաեւ միջազգային կազմակերպութիւնների եւ Մինսքի խմբի համանախագահների պահանջը։ Չկիրառել իրար նկատմամբ ուժ, չկիրառել իրար նկատմամբ սպառնալիք, զուսպ լինել եւ զգօն լինել։ Եւ ես կարծում եմ, որ մենք պէտք է ուղղակի սա ասենք Պաքուին։ Որից յետոյ կը տեսնենք՝ ինչ է լինում։ Եթէ մերժեցին, մենք այլեւս մեր քաղաքականութեան մէջ կը կարողանանք կատարել մեր շտկումները։
Երկու խօսք Վրաստանի մասին։ Վրաստանին անմիջապէս պէտք է առաջարկենք միասին ստեղծել ընդհանուր շուկայ, սկսել այն համարկումը, որը տասնամեակներով միաւորեց Եւրոպան։ Եթէ մեր շրջանը ուզում են տեսնել միասնական, եթէ մենք ինքներս ուզում ենք այստեղ համերաշխութիւն հաստատել, մենք պէտք է անենք այս առաջարկը։ Ես կարծում եմ, որ այս առաջարկը հեռանկար ունի։ Թուրքիայի հետ մեր յարաբերութիւնները պէտք է կառուցենք միայն ու միայն հայկական շահի, բովանդակ շահի ճանաչման հիման վրայ եւ Հայաստանի անվտանգութեան ապահովման հիման վրայ։
Սիրելի՛ ժողովուրդ, այսօրուայ մեր համախմբումը քաղաքական եւ կազմակերպական նշանակութիւն ունի։ Եթէ եկել էք այստեղ, ուրեմն նշանակում է՝ այլեւս ընկալել եւ ընդունել էք իմ ծրագիրը։
Մի հունգարացի գրող ասել էր մի շատ պարզ ու փայլուն միտք. «Յաղթողների անարդարութիւնը ծածկում է պարտուածների մեղքերը եւ անարդարութիւնները»։ Այսօր մենք յայտնուել ենք հէնց այդ վիճակում։ Այսօրուայ անարդար եւ անազատ վիճակը թոյլ է տալիս իր մեղքերը այս անարդարութեամբ կոծկած նախորդ իշխանութեանը փորձել նորից խաղալ մեր ժողովրդի զգացմունքների հետ, ատելութեան վրայ կառուցել իր արշաւը։ Բնական է, միւս կողմից էլ բնական չէ, որովհետեւ նրան դիմաւորում են նոյն ատելութեամբ։
Միւս ծայրայեղութիւնը՝ այսօրուայ իշխանութեան վարքը նոյն ատելութիւնն է պարունակում։ Ատելութիւնը թուլութեան նշան է։ Ծայրայեղականը միշտ թոյլ է։ Դրա համար էլ ընկնում է ծայրայեղութեան մէջ։ Դրա համար էլ փորձում է ատելութեան եւ այլ տիպի միջոցներ կիրառել։ Մենք որեւէ մէկի նկատմամբ ատելութիւն չունենք։ Որովհետեւ հզօր ենք, որովհետեւ արդար ենք եւ ազատ ենք։
Եւ եթէ ես համարում եմ ինձ ազատ մարդ, հզօր մարդ, ապա որովհետեւ մի բան կայ իմ կեանքում, մի երեւոյթ կայ իմ կեանքում։ Նրանք, ովքեր չեն հասկանում՝ որտեղից է իմ ինքնավստահութիւնը, որտեղից է իմ վճռականութիւնը ու որտեղից է ուժը, պէտք է յիշեն մի բառ՝ Դաշնակցութիւն։
Մի ամերիկացի լաւ բան է ասել։ «Վատ իշխանութիւնը ընտրում են լաւ քաղաքացիները, այն լաւ քաղաքացիները, որոնք չեն մասնակցում ընտրութիւններին»։
Սիրելինե՛ր, մասնակցէք ընտրութիւններին, զօրաշարժի ելէ՛ք, հաւաքէք ձեր բոլոր հնարաւորութիւնները, հարեւաններին, բարեկամներին, ձեր ամբողջ շրջապատը տարէք ընտրութիւնների։ Մենք կը յաջողենք, մեզ հնարաւոր չի լինի խաբել, մեզ հնարաւոր չի լինի ինչ-որ ձեւով խարդախութեամբ յաղթել։ Հաւաքուէք, անտարբեր մարդ մի՛ թողէք տներում։ Մի՛ դարձէք անտարբերութեամբ մեղաւորը այնպիսի իշխանութեան ձեւաւորման, որից յոգնելու էք։ Կ՚անցնի ժամանակ եւ այստեղ կանգնած երեխաները ձեզ ամօթանք կը տան, եթէ այս անգամ էլ չյաղթենք։ Բայց եթէ յաղթենք, նրանք ձեզ այս օրուայ համար, այս ցրտին ձեր կանգնելու համար շնորհակալութիւն են յայտնելու եւ երախտապարտ են լինելու։