Հանրային պատկերասփիւռի կայանի ամանորեայ հաղորդումներու ծրագիրի յայտարարութենէն յստակացաւ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին ամանորեայ ուղերձը նախատեսուած է հեռարձակել 31 Դեկտեմբերին՝ երեկոյեան ժամը 9:55ին: Այս մասին կը յայտնեն Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգէն:
«Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հանրային Հ/ը միջեւ որեւէ քննարկում տեղի չի ունեցել: Հեռուստաընկերութիւնը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց կաթողիկոսների ամանորեայ ուղերձի հեռարձակման՝ տասնամեակների աւանդոյթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց եկեղեցու հայրենաբնակ եւ աշխարհասփիւռ հաւատացեալների պահանջներն ու սպասումները: Հեռուստաընկերութեան որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակայարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց հայրապետի ուղերձի հեռարձակումը: Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատուամիջոցներով կը հեռարձակուի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների աւանդոյթով սահմանուած ժամին», նշուած է Էջմիածինի պարզաբանումին մէջ:
Տասնամեակներով Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ելոյթին կը նախորդէր կաթողիկոսինը, սակայն նախորդ տարի այդ աւանդութիւնը փոխուեցաւ, ինչ որ անհամաձայնութիւններու պատճառ դարձաւ: