ԱՐՏԱՇԷՍ «ԱՐԴԻ» ՔԱՍԱԽԵԱՆ

Ադրբեջանում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետութեան նախկին ժողովրդավար ղեկավարների դէմ սուտ մեղադրանքների հետ կապուած վերջին զարգացումներն անխուսափելիօրէն բարձրացնում են արդարութեան, ինքնիշխանութեան եւ ինքնորոշման իրաւունքի հիմնահարցերը: Ադրբեջանի կառավարութեան յայտարարութիւնները՝ հիմնուած պատերազմական յանցագործութիւնների եւ «օրինական վերաինտեգրման (վերահամարկման)» պահանջների վրայ, պէտք է քննադատաբար գնահատուեն պատմական, իրաւական եւ բարոյական համատեքստում` հաշուի առնելով այն փաստը, որ հայերը երկար ժամանակ բնակուել են այս տարածքներում, նոյնիսկ Ադրբեջանի Հանրապետութեան գոյութիւնից առաջ:
Արցախում հայերի ներկայութիւնը ժամանակակից երեւոյթ չէ: Դարեր շարունակ այս տարածաշրջանը եղել է հայկական մշակոյթի, կրօնի եւ ինքնութեան յենակէտ: Չնայած խորհրդային դարաշրջանի մանիպուլեացիաներին (ձեռնավարութիւններուն, խարդախութիւններուն), որոնց միջոցով Լեռնային Ղարաբաղը 1921թ.ին փոխանցուեց Ադրբեջանին, Արցախի հայկական մեծամասնութիւնը շարունակաբար պահանջել է ինքնորոշման իրաւունք, ինչն իր գագաթնակէտին հասաւ 1991թ.ի հանրաքուէում, որտեղ հասարակութեան ճնշող մեծամասնութիւնը քուէարկեց անկախութեան օգտին` միջազգային իրաւական սկզբունքների եւ ԽՍՀՄ ինքնորոշման օրէնքների համապատասխան:
1980ականների վերջերին Սումգայիթում, Բաքւում եւ Ադրբեջանի այլ շրջաններում հայերի նկատմամբ կատարուած ջարդերը ընդգծում են այն գոյաբանական սպառնալիքը, որին առերեսուել են հայերը ադրբեջանական իշխանութեան ներքոյ: Այս իրադարձութիւնները, ինչպէս նաեւ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգութեան համակարգուած ոչնչացումը` ներառեալ Նախիջեւանի հայկական գերեզմանատների աւերումները, պարզ օրինակ են էթնիկ (ցեղային) զտումների, ինչն արդարացնում է Արցախի անկախութեան ձգտումները:
Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների դէմ մեղադրանքները պէտք է դիտարկուեն 2023թ.-ի Սեպտեմբերի ռազմական յարձակման լոյսի ներքոյ, որը ստիպեց Արցախի աւելի քան 100,000 հայ բնակչութեանը լքել իրենց պապենական հայրենիքը: Այս զանգուածային արտագաղթը կամաւոր չէր, այլ` դասական օրինակ է էթնիկ զտումների, որը հնարաւոր դարձաւ Լաչինի միջանցքի շրջափակման եւ
Ադրբեջանի անխոնջ ռազմական ագրեսիայի (յարձակումին) միջոցով:
Արցախի ղեկավարներին պատերազմական յանցագործութիւնների մեղադրանքով դատապարտելը, միաժամանակ անտեսելով Ադրբեջանի գործողութիւնները` ներառեալ քաղաքացիական տարածքների անխտիր գնդակոծումը, բացայայտ երկերեսանիութիւն է: Միջազգային մարդու իրաւունքների կազմակերպութիւնները փաստագրել են Ադրբեջանի խախտումները` ներառեալ մշակութային եւ կրօնական վայրերի թիրախաւորումը, որոնք պատերազմական յանցագործութիւններ են համարւում ըստ միջազգային իրաւունքի:
Միաւորուած Ազգերի Կանոնադրութիւնն ու մարդու իրաւունքների բազմաթիւ փաստաթղթեր ամրագրում են ինքնորոշման իրաւունքը: Տասնամեակներ շարունակ Արցախի հայ բնակչութիւնն օգտուել է այս իրաւունքից` ստեղծելով ժողովրդավարական ինստիտուտներ (կառոյցներ, հիմնարկներ) եւ արտայայտելով անկախ կառավարման իր կամքը: Սա ագրեսիայի գործողութիւն չէ, այլ ինքնիշխանութեան արդարացի հաստատում` առերեսուելով ակնյայտ ու իրական սպառնալիքներին:
Ադրբեջանի պատմական ձախողումները` Արցախի կարգավիճակի շուրջ կառուցողական մտադրութեամբ բանակցելու, ինչպէս նաեւ ռազմական ուժի կիրառումը` քաղաքական վէճերը լուծելու համար, վկայում են իրական հաշտութեան բացակայութեան մասին: Վճռական հաշտութիւնը պահանջում է խնդրի արմատական լուծում, այլ ոչ թէ այն առաջնորդների դատապարտում, ովքեր պաշտպանել են իրենց ժողովրդին:
Արցախի ղեկավարների առաջիկայ դատավարութիւնները Բաքւում զուրկ են վստահութիւնից ու արդարութիւնից: Երկրում, որը աշխարհի դատական անկախութեան եւ արտայայտման ազատութեան ինդեքսներում (ցանկերուն վրայ) վերջին տեղերում է, այս դատավարութիւնները պարզապէս շոու (ցուցադրութիւն) են` Ադրբեջանի պատումը լեգիտիմացնելու (օրինականացնելու) եւ ընդդիմադիր ձայները լռեցնելու նպատակով:
Միջազգային հանրութեան ոչ-բաւարար արձագանգը Ադրբեջանի գործողութիւններին խթանել է Բաքուի աւտորիտար (մենատիրական) միտումները:
Համայն հայութեան մոբիլիզացիան (զօրաշարժը) պահանջում է ոչ միայն դատապարտել բռնաճնշումները, այլեւ` ակտիւօրէն (աշխուժօրէն) պայքարել Արցախի հայերի իրաւունքների համար:
Այս պայքարը, անկասկած, Հայկական Սփիւռքի բարոյական պարտքն է: Ինչպէս շատերը գիտեն, սփիւռքահայերի պատմութիւնը յաճախ կապուած է տեղահանութիւնների ու զրկանքների հետ: Արցախում աղէտալի իրավիճակը յիշեցումն է նրա, թէ ինչ կարող է լինել հայ ազգի մնացած հատուածի համար, եթէ մենք անտարբեր լինենք:
Ծանօթ.- Այս յօդուածը սկզբնապէս հրապարակուել է «Ասպարէզ» հայկական օրաթերթի անգլերէն առցանց բաժնում: Արդի Քասախեանը Գլենդել քաղաքի ներկայիս քաղաքային խորհրդի անդամ է եւ նախկին քաղաքապետը: Նա քաղաքական գիտութիւնների պրոֆեսոր է Գլենդելի համայնքային քոլեջում, եւ «Աքուիլա Քոմիւնիքէյշնզ» հանրային կապերի խորհրդատուական ընկերութեան հիմնադիրը: