ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀՀ ԳԻՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱՄՊԻՈՆԻ ՎԱՐԻՉ՝ ՊԱՏՄԱԲԱՆ ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆԵԱՆԻ ՀԵՏ
ՀԱՐԱՑԱԶՐՈՅՑԸ ՎԱՐԵՑ՝ ՆԱՐԻՆԷ ՏՈՒՄԱՆԵԱՆ
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ է Չաւախքի մէջ տիրող ներկայ ընդհանուր իրավիճակը։
ՊԱՏԱՍԽԱՆ.- Չաւախքի այսօրուայ վիճակը բաւական ծանր է։ Եթէ նոյնիսկ փորձենք այնտեղ քաղաքական, ազգային խնդիրներ չտեսնել, դա չի նշանակում, որ ընկերային–տնտեսական վիճակը բարւոք է, որ կ’ենթադրէր մարդկանց աշխատանքի զբաղուածութիւնը։ Քանի որ չկայ այդ զբաղուածութիւնը, արտագաղթը այնտեղից շարունակւում է։ Ախալքալաքի եւ Բոգդանովկայի շրջանները, որոնք կազմում են պատմական վերին Չաւախքի տարածքը, եւ որտեղ կար մօտաւորապէս 95 հայկական գիւղ՝ 105 հազար հայ բնակչութեամբ, այնտեղ, այսօր հազիւ 60-70 հազար հայութիւն է մնացել, որը ցաւալի երեւոյթ է։ Այսօր այդ գործընթացը դժբախտաբար շարունակւում է զանազան պատճառներով։ Որքան էլ փորձենք, թէկուզ պաշտօնական տեսանկիւնից, ասել, որ այնտեղ ազգային, քաղաքական որեւէ խնդիր չկայ, այլ զուտ տնտեսական, մշակութային խնդիր է, այդուհանդերձ նոյնիսկ այդ ընկերային վիճակը անտանելի է դարձնում տեղի հայերի բնակչութեան խնդիրը։
Հ.- Չաւախքի կապակցութեամբ ի՞նչ է ներկայ վրացական իշխանութիւններու մարտավարութիւնը։
Պ.- Չաւախքի վիճակը վատթարացաւ յատկապէս այս ամառուանից, երբ այնտեղից դուրս եկաւ ռուսական զօրքը, որ դիտարկւում էր որպէս անվտանգութեան մի միջոց։ Ռուսական զօրքերի դուրս գալուց յետոյ, բացի անվտանգութիւնից, ծագեց նաեւ աշխատատեղերի լուրջ խնդիր, որովհետեւ 3000 ընտանիք Չաւախքում սնւում էր այդ զօրամասից, որտեղ կային ազգութեամբ հայ ե՛ւ սպայական ծառայողներ ե՛ւ ուղղակի սպասարկողներ։ Դրանից յետոյ յառաջացաւ ահռելի քանակութեամբ գործազրկութիւն, իսկ հայ զինուորականներին տարան Ռուսաստանի տարբեր շրջաններ։ Այս բոլորին գումարւում է նաեւ հայոց լեզուի հանդէպ վրացիների կեցուածքը, նրանք ոչ մի ձեւով չեն ուզում լսել, որ գործավարութիւնը Չաւախքում կարելի է կատարել հայոց լեզուով, մի բան, որ եղել է 19րդ դարում, 20րդ դարում եւ աւելի քան 200 տարի։
Հ.- Ինչպիսի՞ն է Չաւախքի ազդեցութիւնը Հայաստան–Վրաստան պաշտօնական յարաբերութիւններու կապակցութեամբ։
Պ.- Հայաստանի Հանրապետութեան հետ դժուարութիւնները աւելանում են այն իմաստով, որ եթէ նախկինում սահմանը ուղղակի թափանցիկ էր, հիմա երկուստեք կառուցւում են մաքսատներ եւ ջաւախեցին երկիր ելումուտի համար ստիպուած է տարին մի անգամ անձնագիր փոխել։ Սրան աւելանում է նաեւ Չաւախքի որպէս տարածաշրջանի հիմնական խնդիր լինելու հարցը, որը յայտնուել է յատկապէս Թուրքիայի ուշադրութեան կեդրոնում։ Հէնց Թուրքիայի եւ Ատրպէյճանի գործօն մասնակցութեամբ Չաւախքի հայաթափման գործընթաց է տեղի ունենում։
Այս բոլորին գումարւում է նաեւ Մցխէթի թուրքերի վերադարձը։ Ինչպէս գիտենք, այնտեղ ապրող թուրք մցխէթցիները Ստալինի հրահանգով աքսորուել էին Միջին Ասիա եւ նրանք հիմա վերադարձել են հիւսիսային Կովկաս եւ Ատրպէյճան։ Եւրոպական կառոյցների ճնշման տակ վրացական իշխանութիւններին պարտադրւում է նրանց վերադարձնել այդ տարածաշրջան։ Ոմանք կարծում են, որ նրանց վերադարձը մարդու իրաւունքների պաշտպանութիւն է, սակայն այդպէս չէ, որովհետեւ իրենք այդտեղ եկուորներ են եղել եւ ոչ թէ բնիկներ. նրանց վերադարձը պիտի որ տեղի ունենայ ո՛չ թէ դէպի Չաւախքի հայկական գիւղեր, որովհետեւ այնտեղից չէ, որ նրանք գնացել են, այլ՝ Ախալցխա եւ Ասպինծա, որոնք այսօր բնակեցուած են վրացիներով։ 1944 թուին նրանց աքսորելուց յետոյ, վրացական իշխանութիւնները Ստալինի հրահանգով հայերին արգելեցին տեղափոխուել այդ պարպուած թրքական գիւղերը, մինչ հիմա վրացիները ուզում են այնպիսի տպաւորութիւն ստեղծել, թէ իբր մցխէթցի թուրքերի վերադարձը հնարաւոր չէ, քանի որ դա կարող է ուղղակիօրէն հայ–թրքական քաղաքական բեւեռացման խնդիր առաջացնել. մինչդեռ այդպէս չէ։ Խնդիրն այն է, որ վրաստանի խորհրդարանը վերջերս առաջին ընթերցումով ընդունեց որոշում՝ 2012ից մցխէթցիներին վերադարձնելու վերաբերեալ։ Պատկերացրէք, որ այդ փանթուրքիզմի քաղաքականութիւնը ուղղակիօրէն իրականացւում է Չաւախքում։ Բացի Իրանից, միակ տարածաշրջանը, որը ՀՀի կից բնակեցուած է ոչ թրքական էթնիքական տարրերով, դա Չաւախքն է, իսկ այդ շրջանն էլ թուրքերով բնակեցուելով Հայաստանը վերջնականապէս օղակւում է։ Այդ իմաստով մենք պէտք չէ մոռացութեան տանք Չաւախքի խնդիրը, որ ո՛չ միայն զուտ Չաւախքի՝ այլ համահայկական խնդիր է։
Հ.- Հայաստանի իշխանութիւնները ինչպիսի՞ մօտեցում պէտք է ցուցաբերեն Չաւախքի հարցով։
Պ.- Ինձ յատկապէս անհանգստացնում է մեր իշխանութիւնների այն մօտեցումը, որ վերջերս չգիտես ինչո՞ւ հնչում են նման յայտարարութիւններ, թէ Չաւախքը եւ Չաւախքի խնդիրը ներքին վրացական խնդիր է։ Երբ որ այստեղ բնական հակազդեցութիւններ են լինում Չաւախքում տեղի ունեցած այս կամ այն երեւոյթի նկատմամբ, մեր իշխանութիւնները փորձում են ժողովրդին հասկացնել, որ իրենք միջամտելու որեւէ իրաւասութիւն չունեն, որովհետեւ դա ՀՀ տարածքից դուրս տարածք է։ Բայց դա մի՞թէ նշանակում է, որ ՀՀ տարածքից դուրս ապրող հայի նկատմամբ ՀՀն չունի իր պարտաւորութիւնները։ Սա մեր ամենակոպիտ սխալներից մէկն է, ըստ երեւոյթին, ե՛ւ Չաւախքի խնդրում ե՛ւ Արցախի խնդրում ե՛ւ Սփիւռքի խնդրում։ ՀՀ իշխանութիւնները հայրենիք–Սփիւռք փոխյարաբերութիւնների մէջ վերջնականապէս մի բան պէտք է հասկանան, թէ իրենք ո՛չ միայն Հայաստանի Հանրապետութեան տէրն են ու պատասխանատուն, այլ նաեւ համայն հայութեան, որովհետեւ Հայաստանի Հանրապետութիւնը համայն հայութեան հայրենիքն է։
Չաւախքը կարեւոր միջոց է հայ–վրացական յարաբերութիւններում, ինչու չէ, նաեւ կարող է կամուրջ հանդիսանալ՝ հաշուի առնելով, որ այն, այսօր, կարող է լինել միակ ազդեցութեան լծակը վրաց իշխանութիւնների վրայ։ Չաւախքի գործօնը մեր ձեռքից բաց թողնելուց յետոյ, մենք բացարձակապէս Վրաստանի նկատմամբ ազդեցութիւն չենք ունենայ, որովհետեւ դէպի հիւսիս եւ դէպի հիւսիս–արեւմուտք թէ՛ օդային եւ թէ ցամաքային ճանապարհները անցնում են Վրաստանի տարածքով։
Ես կ’ուզէի այս իմաստով յիշեցնել, Ռուբէն Տէր Մինասեանի խօսքերը 1918-20 մեր հանրապետութեան շրջանին՝ «Մենք Չաւախքի խնդրում անընդհատ հեզ ու հնազանդ էինք վրացիների հանդէպ, մտածելով թէ, քանի որ ունենք ուրիշ խնդիրներ՝ Արեւմտեան Հայաստանի խնդիրը, Ղարաբաղի խնդիր, ասում էինք եկէք Չաւախքի խնդիրը չշօշափենք: Մենք որքան հեզ ու հնազանդ, մեր հարեւանները այնքան լկտի եւ ցինիկ։ Եւ արդիւնքում եղաւ այնպէս, որ կորցրինք ե՛ւ Արեւմտեան Հայաստանը ե՛ւ Ղարաբաղը ե՛ւ Չաւախքը»։ Այնպէս, որ մէկը միւսով պիտի չպայմանաւորել եւ պիտի հասկանալ, որ երբ ասում ես Հայաստան, Արցախ, Չաւախք, նշանակում է դու անջատում ես նրանք, պիտի ասել Հայաստանի Հանրապետութիւն, Արցախի Հանրապետութիւն, Չաւախք եւ Սփիւռք։ Պիտի հասկանալ, որ այս բոլորը մէ՛կ հայրենիք է, պիտի ընդունել, որ Սփիւռքի մի դպրոց, մի ակումբ կամ թէկուզ մի բջիջ՝ դա հայրենիքի մի մասնիկն է։ Եթէ մենք շարունակենք Սփիւռքը ընկալել միայն որպէս նիւթական միջոց, Հայաստանի Հանրապետութեանը մատակարարող աղբիւր, մենք շատ շուտ կը ձախողուենք։ Մեր մտածողութիւնը պիտի արմատապէս փոխենք, այլապէս ե՛ւ Չաւախքի խնդրում ե՛ւ Հայաստանի Հանրապետութեան եւ սփիւռքեան խնդիրներում մենք բնականաբար կը ձախողուենք։
Հ.- Տարածաշրջանի մէջ կը նկատուի ռուսական քաղաքական ազդեցութեան վերաշխուժացում, ինչպիսի՞ն է ռուսական քաղաքականութիւնը Կովկասի մէջ։
Պ.- Շատ հետաքրքրական հարց է։ Ես ռուսական քաղաքականութեան մէջ հետեւողականութիւն չեմ տեսնում։ Ցաւօք սրտի պիտի խոստովանենք, որ մենք, հայերս, չափից աւելի ռուսասէր լինելով, մենք փճացրինք նաեւ ռուս–հայկական յարաբերութիւնները։ Գիտէ՞ք ինչ մօտեցում գոյութիւն ունի, ռուսներն ասում են ո՞ւր պէտք է փախչէք, դուք մեր գրպանում էք, այսինքն որքան էլ մենք կրաւորական վարքագիծ դրսեւորենք ռուսների նկատմամբ, մենք դրանով չենք շահելու, որովհետեւ միեւնոյնն է, Ռուսաստանը գիտի, որ ինչ իշխանութիւն էլ ՀՀում լինի, պէտք է ռուսամէտ լինի, որովհետեւ Թուրքիայի խնդիր կայ։ Բայց միաժամանակ դա չի ենթադրում, իրօք կրաւորական վարքագիծ ռուսների նկատմամբ։ Պիտի յաւուր պատշաճի եւ արժանապատուօրէն ռուսների հետ յարաբերութիւններ ունենալ։
Մենք յաճախակի կրկնում ենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, ես կ’ուզէի իմանալ, Ռուսաստանում իրօ՞ք այդպէս են դա ընկալում, թէ շատ դէպքերում շարունակում են վրացուն, հային, ատրպէյճանցուն, չէչէնին մէկ ընդհանուր հարթութեան վրայ տեսնել։ Իրօք այդպէս է. ազգային փոքրամասնութեանց անդամ քաղաքացիների դէմ սպանութիւները, որ լինում են Ռուսաստանում նաեւ հայերի նկատմամբ է։ Ռուսաստանը յստակ քաղաքականութիւն չունի, ես ցաւով եմ սա նշում։ Այսօր նա մեզ սիրաշահում է, որովհետեւ պէտք ենք, վաղը կարող է սարսափելի հարուածել։ Վերցնենք Աճարիայի խնդիրը, այստեղի ղեկավարութիւնը չափից աւելի ռուսամէտ էր, բայց տեսէք ինչ եղաւ, ռուսերը զոհեցին նրանց։ Դրա համար ես կ’ուզէի, որ մեր ժողովուրդը մի բան յստակօրէն հասկանայ, մեր յարաբերութիւնները ուրիշների հետ չպիտի պայմանաւորուեն ռուսական յարաբերութեամբ, մենք ռուսների հետ, այո, բարեկամական յարաբերութիւններ ունենք, բայց պիտի նաեւ պատրաստ լինենք, որ մի օր կարող են ռուսներն այստեղից հեռանալ, ուստի մեր գոյութիւնը այս տարածաշրջանում պայմանաւորել ռուսական ներկայութեամբ, չի՛ կարելի։ Ռուսաստանը շատ խայտաբղէտ խնդիրներ ունի այսօր, ինքը լուրջ ներքին խնդիրներ ունի եւ նորից մեծապետական այսպիսի ծաւալապաշտական ձգտումների վերաբերեալ յայտարարութիւններ անելը ամենեւին էլ չի նշանակում, թէ տարածաշրջանում Ռուսաստանը փորձում է նորից վերահաստատել իր քաղաքականութիւնը։
Նոյն վրացիները անընդհատ ասում են, դուք ուրիշի ձեռքով կրակի միջից շագանակ հանողներ էք։ Ես չեմ ասում, որ մենք նոյն այդ թուրքերի գիրկը նետուենք, ինչպէս վրացիներն են նետուել, բայց ունենանք մեր ինքնուրոյն դիմագիծը։ Մի բան պիտի հասկանանք, կողմնորոշում ասուածը՝ դա յօրինած բան է, մարդ պիտի ունենայ մէ՛կ կողմնորոշում եւ դա հայկակա՛ն կողմնորոշումն է։ Մենք ինքներս պիտի կողմնորոշուենք եւ բացարձակապէս մեր յոյսը չդնենք օտարի վրայ։ Այլ հարց է, որ այդ պահին, այս կամ այն երկրի քաղաքական շահը եթէ համընկնում է մեր շահին, բնականաբար մենք պիտի օգտուենք դրանից։
Հ.- Հայ–թրքական սահմանի բացման պարագային ի՞նչ կը շահի կամ կը կորսնցնէ Հայաստանի Հանրապետութիւնը։
Պ.- Բացարձակապէս կողմնակից չեմ հայ–թրքական սահմանի բացմանը։ Մեր իշխանութիւնների մօտեցումները այստեղ եւս իմ մօտեցմանը չեն համընկնում, եւ այդ առիթով մենք զանազան տեղերում միշտ վիճաբանել ենք։ Նախ հարցադրումը ինքնին սխալ է, արդեօք մե՞նք ենք փակել այդ սահմանը, որ մենք բացենք, որ մեր իշխանութիւններն ասում են մենք կողմնակից ենք սահմանի վերաբացմանը՝ առանց նախապայմանի։ Շատ ներողութիւն, դո՞ւ ես փակել, որ նախապայմանից ես խօսում։ Թուրքերը երեք նախապայման են դրել մեր առջեւ, Թուրքիայի տարածքային ամբողջականութեան ճանաչում, Ղարաբաղից զօրքերի դուրս բերում եւ վերջապէս, երրորդը՝ Ցեղասպանութեան քաղաքականացումից հրաժարում։
Ես բացարձակապէս համաձայն չեմ այս սահմանի վերաբացման հարցում։ Այդ սահմանը մեզ պէտք չէ, այս սահմանը փակ է արդէն տասնամեակներ շարունակ, թող այդպիսին էլ մնայ, որովհետեւ մենք դրանից բացարձակապէս չենք շահի, կը շահեն մի՛այն թուրքերը, եւ որքան էլ Վրաստանի վրայով էլ այդ սահմանը փակ լինէր, այնքան լաւ։ Ես իմ հայրենիք՝ Արեւմտեան Հայաստան գնացել եմ Վրաստանի վրայով, որպէս ուխտաւոր, եւ բացարձակապէս ինձ օտար հողում չեմ զգացել, այս տարի էլ Օգոստոսի 10ին՝ Սեւրի դաշնագրի օրը, բարձրացել եմ Արարատի գագաթը. բարձրացել եմ, որովհետեւ դա խորհրդանիշ է մեզ համար։ Եւ ինչո՞ւ հէնց Օգոստոսի 10ին, որովհետեւ համոզուած եմ, որ մեր հայրենիքը անդառնալիօրէն կորած չէ, մենք այսօր Ցեղասպանութեան խնդիրը պիտի ճանաչման հարթութիւնից տեղափոխենք դէպի հատուցման հարթութիւն։ Արդէն բաւական է խօսել ճանաչումից, պիտի խօսել նաեւ հատուցումից, այլապէս՝ մենք այսպէս ճնշուածի, սպաննուածի, ցեղասպանութեան ենթարկուածի բարդոյթից բացարձակապէս չենք ազատուի։ Մենք պիտի դրանից ազատուենք, լիարժէքօրէն ազգ զգանք մեզ եւ համաշխարհային հանրութեան մէջ պիտի ունենանք մե՛ր տեղն ու դերը, որին մենք լիովին կÿարժենք։