
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Վերջապէս «Դիլիջան»ի համերգը տեղի էր ունենում իրեն ծնունդ տուած օջախում՝ «Լարք» երաժշտական ընկերակցութեան համալիրում, որի նորաստեղծ թեւաշէնքի «Էօժենի եւ Գէորգ Քէշիշեան» սրահում, 27 Հոկտեմբեր 2024 թուականին ունկնդիրները ներկայ եղան այս տարեշրջանի առաջին համերգին։ Տարեշրջանը ընդգրկում է 4 համերգներ։
Ծրագիրը սկսուեց «Դիլիջան» համերգաշարի հոգաբարձութեան ատենապետ Անդրանիկ Թորոսեանի ողջոյնի խօսքով։ Նա շնորհակալութիւն յայտնեց այս ծրագրի հիմնադիրներ Վաչէ Պարսումեանին եւ Մովսէս Պօղոսեանին, որոնց տեսիլքով եւ համագործակութեամբ Լոս Անջելեսի երաժշտասէր հանրութիւնը 15 տարիներ վայելում էր բարձրարուեստ երաժշտութեան համերգներ, նաեւ շնորհակալութեան խօսք ուղղեց բոլոր բարերարներին։

Այս տքնաջան աշխատանքը պարգեւատրելու էր եկել Գլենդելի քաղաքային խորհրդի ներկայացուցիչ Արդի Քասախեանը համապատասխան պատուոգրերով. Վաչէ Պարսումեանին շնորհւում էր արուեստի մէջ առաջնորդութեան վկայագիր, իսկ Մովսէս Պօղոսեանը ստանում էր վկայագիր՝ մշակութային հաստատութիւններին զգայացունց ծառայութիւններ մատուցելու համար։ Հայկական մանրանկարչութեան օրինակներով զարդանախշուած վկայագրերը ստորագրել էր Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրեանը։
Ողջոյնի խօսք ունէր գեղարուեստական ղեկավարի իր պաշտօնը աւարտած ջութակահար Մովսէս Պoղոսեանը։ Նա յիշում էր Պարսումեանի հետ համագործակցած 20 աշխատանքային տարիները, որոնց ընթացքում ներկայացրել էին 89 համերգներ եւ իր շնորհակալութիւնն էր յայտնում Լարքի ընտանիքին։

Ապա խօսք էր առնում «Դիլիջան»ի նոր գեղարուեստական ղեկավարը՝ թաւջութակահար, միջազգային մրցոյթների դափնեկիր Եւգենի Տոնխան։ Երկար տարիներ ի վեր նա կապուած է «Լարք» երաժշտանոցին, ուր աշակերտութեան համար հանդէս է եկել զանազան համերգ-դասախօսութիւններով, այստեղ են սովորում իր դստրերը։ Հմուտ թաւջութակահարի համար շատ գնահատելի է Վաչէի հաւատքը իր նկատմամբ, ինչպէս նաեւ «Լարք»ի ազդու միջավայրը։
Վերջապէս սկսւում էր համերգը։ Այն նուիրուած էր արուեստագէտ, նկարիչ Էմիլ Գազազին, որպէս երախտիքի արտայայտութիւն «Լարք»ի անձնակազմի անդամներին պատկերող 4 կտաւների համար, որ համաշխարհային ճանաչում ունեցող արուեստագէտը սիրով նուիրել էր երաժշտանոցին։ Այս նուիրատուութիւնների շարքում էր գտնւում նաեւ «Փառաբանութիւն Սուրբ Սեսիլիային» կտաւը։ Համերգը բացւում էր Բենջամին Բրիտտէնի «Փառաբանութիւն Սուրբ Սեսիլիային» (Hymn to St. Cecilia) երգչախմբային գործով, որ ներկայացրեց «Լարք»ի «Գեղարդ» երգչախումբը Վաչէ Պարսումեանի ղեկավարութեամբ. վերադարձել էինք մեր հին օրերին, գողտրիկ սրահի ունկնդիրները իրաւամբ վերագտել էին այն մթնոլորտը, որ կարող էր պարգեւել «Դիլիջան»ի համերգն իր իւրայատկութեամբ։
Յաջորդ ելոյթը Առնօ Բաբաջանեանի Դաշնամուրային եռանուագի (Piano Trio in F-sharp Minor) կատարումն էր։ Դաւիդ Լիսկեր (ջութակ), Եւգենի Տոնխա (թաւջութակ) եւ Լենա Լիսիցեան (դաշնամուր) եռեակի մասնագիտական բարձր վարպետութիւնը գնահատելով հանդերձ, այնուամենայնիւ, հայ դաշնակահարուհին իր ազդեցիկ եւ տպաւորիչ, յուժկու եւ խրոխտ նուագով նշանակալի դեր էր կատարում՝ ապահովելով Բաբաջանեանի յօրինման ազգային շունչը։
Երկրորդ բաժնում ներկայացուեց «Լարք» երաժշտանոցի երկարամեայ ուսուցիչ, կոմպոզիտոր Արտաշէս Քարթալեանի Լարային քառեակը (String Quartet 2011)։ Հայկականութեամբ տոգորուած, ժամանակակից երաժշտական մտածողութեամբ ստեղծուած այս գործը հեղինակի ներկայութեամբ լսելն աւելի տպաւորիչ էր դարձնում ունկնդրութիւնը։ Այն կատարում էին Թերեզա Ստանիսլաւը, Դաւիդ Լիսկերը (ջութակներ), Ռոբերտ Բրոֆին (ալտ) եւ Եւգենի Տոնխան (թաւջութակ)։ Նրանց կատարմամբ՝ Ալեքսանդր Բորոդինի Լարային քառեակով (String Quartet #2) եզրափակուեց համերգը։

Համերգին յաջորդում էր հիւրասիրութիւնը, որ կայացաւ «Լարք»ի թեւաշէնքին կից «Թրպանճեան» սրահում։ Այստեղ ունկնդիրները կարող էին հանդիպել արուեստագէտներին, զրուցել եւ միմեանց փոխանցել համերգից ստացած տպաւորութիւնները։
Այսպէս. համաճարակային դադարից յետոյ, Վաչէ Պարսումեանի նոր կորովով գործի լծուելուց յետոյ, սեփական համերգասրահն ապահովելուց յետոյ, նոյն վայրում գրադարան եւ մշակութային արժէքների պահոց ստեղծելուց յետոյ, «Դիլիջան» համերգաշարը վերսկսելուց յետոյ, Հայաստանում Կոմիտասի Երկերի ժողովածուի 2րդ լրամշակուած հրատարակութեան նիւթական աջակցութիւնը ստանձնելուց յետոյ, «Լարք» երաժշտական ընկերակցութիւնը շարունակում է իր ճանապարհը՝ երաժշտական աշխարհի եւ հայ մշակութային արժէքների պահպանման ուխտ-առաքելութիւնը։
Իսկ մենք՝ վայելելով ստեղծուածը, դառնում էինք այս պատմական իրադարձութիւնների վկաները։

