
ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐԵԱՆ
Նոյեմբերին Բաքւում կայանալիք COP29 համաժողովին ընդառաջ, մարդու իրաւունքների պաշտպանութեան ու բնապահպանական տարբեր կազմակերպութիւններ ահազանգում են Ադրբեջանում առկայ բնապահպանական, մարդու իրաւունքների, օրէնքի գերակայութեան ու շատ այլ խնդիրների մասին։
Բրիւսելում «Արմէնպրես»ի թղթակցի փոխանցմամբ՝ համաժողովին ընդառաջ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախաձեռնութեամբ, Եւրոպական խորհրդարանի պատգամաւորները, համաժողովին մասնակցող ութ հարիւրից աւելի միջազգային կազմակերպութիւններ, համալսարաններ, ակադեմիականներ իրազեկւում են Ադրբեջանում առկայ մարտահրաւէրների վերաբերեալ, որոնք առնչւում են մարդու իրաւունքներին ու բնապահպանական ոլորտին։
Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի բռնի տեղահանութեան միջոցով Ադրբեջանի իրականացրած ցեղային զտումը, հայկական պատմամշակութային ժառանգութեան վտանգուած լինելը, Բաքւում ապօրինաբար պահուող հայ պատանդների, ռազմագերիների ու Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարութեան անյապաղ ազատ արձակումը նախաձեռնութեան կարեւոր հարցերի շարքում են։ Չնայած միջազգային դատապարտումներին, այդ թւում՝ Արդարադատութեան միջազգային դատարանի եւ Եւրախորհրդարանի կողմից, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային կոթողների ոչնչացումը շարունակւում է:
Նախաձեռնութեան նպատակն է նաեւ ուշադրութիւն հրաւիրել մարդու իրաւունքներին վերաբերող լուրջ մտահոգութիւններին, որոնց մասին իրենց զեկոյցներում մատնանշում են Freedom House-ի, Amnesty International-ի եւ Human Rights Watch-ի նման միջազգային համբաւ ունեցող կառոյցները։
Կարեւորութիւն է տրուել նաեւ Ադրբեջանում խօսքի եւ լրատուամիջոցների ազատութեան խիստ սահմանափակուած լինելուն, հարիւրաւոր լրագրողների եւ ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալութիւններին: Ոստիկանութեան կալանավայրերում խոշտանգումները եւ դաժան վերաբերմունքը տարածուած են, եւ փոքրամասնութիւնները բախւում են խտրականութեան ու բռնութեան:
Յիշեցնելով, որ Օգոստոսի 26ին Բաքուն արգելեց եւրոպական մի շարք երկրների 76 պատգամաւորների մուտքը Ադրբեջան, քանի որ նրանք քուէարկել էին ԵԽԽՎի որոշման օգտին, որը քննադատում էր Ադրբեջանում մարդու իրաւունքների վիճակը եւ որով ԵԽԽՎն որոշեց չվաւերացնել ադրբեջանական պատուիրակութեան հաւատարմագիրը՝ արձանագրուել է փաստը, որ Ադրբեջանի ղեկավարութիւնն այժմ ահաբեկում է եւրոպացի քաղաքական գործիչներին, որոնք պաշտպանում են ժողովրդավարութիւնը, հիմնարար իրաւունքները:
Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախաձեռնութեան նպատակն է եւրոպացի քաղաքական ու հասարակական գործիչներին իրազեկել, որ Ադրբեջանում կան բնապահպանական էական խնդիրներ, որոնք առաջին հերթին կապուած են այդ երկրի նաւթային եւ ուժանիւթի արդիւնաբերութեան հետ: Հիմնական տարածքները, ինչպիսիք են՝ Բաքուի ծոցը, Ապշերոնի թերակղզին եւ Կասպից ծովը, տուժում են օդի, հողի եւ ջրի խիստ աղտոտուածութիւնից: Հնացած արհեստագիտութիւնները, թափանցիկութեան բացակայութիւնը եւ շրջակայ միջավայրի պաշտպանութեան անբաւարարութիւնը աւելի են խորացնում այս խնդիրները: Նաւթի արտահոսքերը, բռնկուող գազերը եւ արդիւնաբերական աղտոտուածութիւնը հիմնական մտահոգութիւնն են, որոնք նպաստում են ստորերկրեայ ջրերի եւ գետերի աղտոտմանը, յատկապէս Կուր գետում: Հողի որակի վատթարացումը, յատկապէս Ապշերոնում, նաւթարդիւնաբերութեան գործունէութեան եւ գիւղատնտեսական ոչ պատշաճ քայլերի հետեւանք է:
Համապարփակ այս իրազեկմամբ, Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը յոյս ունի, որ Բաքւում համաժողովին մասնակցող քաղաքական եւ հասարակական գործիչներն իրենց պարտքը կը կատարեն յանուն ժողովրդավարութեան, արդարութեան ու մարդու իրաւունքների եւ կը բարձրաձայնեն վերոնշեալ հարցերի շուրջ, որոնք երկարաժամկէտ կտրուածքով ազդեցութիւն են ունենալու համաշխարհային քաղաքակրթութեան վրայ։
«ԱՐՄԷՆՓՐԷՍ»