
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ՆԱԽՆԵԱՑ ՀԵՏՔԵՐՈՎ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՅԻԴԱ ՊՕՂՈՍԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Արցախեան 44պատերազմի առաջին օրերից, Երեւանի Այգեձորի 70 հասցէն այն կենտրոնակայաններից էր, որտեղ խմորւում էր յոյս ու տարբեր միջոցներով այն փոխանցւում Արցախ: «Նախնեաց Հետքերով» մշակութային հասարակական կազմակերպութիւնը` հիմնադրուած հադրութեցի Սայիդա Պօղոսեանի, նրա ամուսնու` Արման Մխիթարեանի եւ ընկերների կողմից, պատերազմի օրերին արագօրէն վերաձեւաւորուեց` սահմանելով գործունէութեան մի քանի ուղղութիւններ, որոնք առաջնային էին այդ պահին: Կենտրոնը՝ Սայիդայի եւ Արմանի բնակարանի մասն էր, որտեղ հարիւրաւոր կամաւորներ Հայաստանից եւ Սփիւռքից 44 օր առանց դադարի պահում էին թիկունքը, մինչ կազմակերպութեան անդամներից շատերը ռազմաճակատի առաջին գծում էին պայքարում: Աշխատանքները նոյն եռանդով իրականացուեցին շրջափակման օրերին եւ շարունակւում են ցայսօր` կենտրոնը դարձնելով փարոս հազարաւոր արցախցիների համար:
Հայաստանում, արցախահայերի մարտահրաւէրներին ծանօթանալու նպատակով տարբեր հանդիպումներիս ժամանակ բազմիցս լսեցի Սայիդայի եւ Արմանի մասին, եւ առիթը չկորցրեցի ծանօթանալու եւ լիցքաւորուելու ազգային բարձր գիտակցութեամբ գեղեցիկ եւ սիրով լի ընտանիքից: Այգեձորի 70 յայտնի հասցէում գործող կազմակերպութիւնն ազգային ոգով լի մի իւրայատուկ անկիւն էր, որտեղ ինձ լուսաւոր ժպիտներով դիմաւորեցին Սայիդա Պօղոսեանի եւ Արման Մխիթարեանի չորս երեխաները, որոնցից աւագները, ծնողների հետ միասին ներգրաւուած են եղել տարաբնոյթ աշխատանքներում: Հանդիպումը փոքրիկ մի սրահում էր, որ ի սկզբանէ ծառայել էր որպէս հայագիտական գրադարան Անդրանիկ զօրավարի խրոխտ հայեացքի ներքոյ:
«Նախնեաց Հետքերով» կազմակերպութեան գործունէութեան յաջողութիւնը մեծապէս պայմանաւորուած է նաեւ Սայիդա Պօղոսեանի կամային յատկանիշներով` չորս երեխաների մայր, ում համար ընտանիքն իր ազգն է: «Չպէտք է հաշտուենք Արցախը կորցնելու մտքի հետ, քանի որ երբ մեր մտքում հաշտուեցինք` կը կորցնենք յաւիտեան: Բայց այս պահին ամէն ինչ կորած չէ, եւ վերադարձի մտքով պէտք է գործենք դէպի այդ նպատակը»: Այս համոզումով, Սայիդա Պօղոսեանն ու Արման Մխիթարեանը իրենց նուիրեալ ընկերների հետ միասին շարունակում են ազգանուէր գործունէութիւնը` արցախահայերի ոգին խրոխտացնելով եւ նրանց խնդիրներին լուծումներ գտնելով: Այս հարցում նրանց անհրաժեշտ է բոլորիս աջակցութիւնը, որն առաջին հերթին կ՛օգնի կասեցնել ամենամեծ մարտահրաւէրներից մէկը` արցախահայերի արտագաղթը: Մանրամասները` Սայիդա Պօղոսեանի հետ հարցազրոյցում:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արցախեան պատերազմի օրերին եւ յաջորդող ժամանակաշրջանում, ձեր կազմակերպութիւնը արցախահայերի համար զօրեղ ապաւէն է դարձել: Ի՞նչ առաքելութեամբ էր ստեղծուել «Նախնեաց Հետքերով» կազմակերպութիւնը:
ՍԱՅԻԴԱ ՊՕՂՈՍԵԱՆ.- 2011 թուականին ընկերներով հիմնադրեցինք «Նախնեաց Հետքերով» մշակութային հասարակական կազմակերպութիւնը, որի նպատակն էր մեր մշակութային արժէքների պահպանութեանն ու պաշտպանութիւնը: Մինչ պատերազմը իրականացրել ենք բազմաթիւ մշակութային, հայագիտական միջոցառումներ, տպագրել գրքեր, կազմակերպել ենք հայրենաճանաչողական արշաւներ, ճամբարներ երեխաների եւ մեծահասակների համար, հիմնադրել ենք նաեւ հայագիտական գրադարան:
Արցախեան 44օրեայ պատերազմի առաջին օրը հաւաքուեցինք ընկերներով` հասկանալու, թէ ինչպէս պէտք է օգտակար լինենք Արցախին: Մեր ընկերների մի մասը ամուսնուս` Արման Մխիթարեանի հետ միասին մեկնեց ռազմաճակատ, միւս խումբն աշխատանքներ սկսեց իրականացնել թիկունքում: Առաջին օրերին շատ դժուար էր, անորոշութիւն էր, եւ չգիտէինք ինչ անել: Հադրութում բնակուող իմ ընտանիքի անդամները` հայրս, եղբայրներս, որոնց միացաւ նաեւ ամուսինս մարտի դաշտում էին, որտեղ նրանց ընկերների մի խումբն Արցախի հեռաւոր գիւղերից մարդկանց տեղափոխում էր ապահով վայրեր ու առաջին օգնութիւն ցոյց տալիս: Միւսներն օգնում էին զինուորներին` նրանց ապահովելով անհրաժեշտ պարագաներով, սկսած քնապարկերից մինչեւ սնունդ: Մենք էլ Հայաստանում աշխատում էինք կազմակերպելով եւ համակարգելով կենսական նշանակութեան իրերի հաւաքագրումն ու առաքումը ռազմաճակատ: Այգեձորի 70 հասցէն դարձել էր իւրատեսակ կենտրոն, որտեղ հարիւրաւոր կամաւորնէր 24 ժամ անում էին հնարաւորը` օգնելու Արցախում պայքարող մեր զինուորներին ու հայրենակիցներին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ բնոյթ ստացան ձեր աշխատանքները պատերազմից յետոյ:
ՍԱՅԻԴԱ ՊՕՂՈՍԵԱՆ.- Պատերազմին յաջորդած շրջափակման օրերը շատ ծանր էին, սակայն կարողացանք յաղթահարել, քանի որ մեր ընկերների շրջանակը մեծացել էր, նաեւ աշխարհագրօրէն ընդլայնուել` ներգրաւուելով Սփիւռքի տարբեր համայնքները: Սկսեցինք մի քանի ծրագրեր իրականացնել` Ամերիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Բուլղարիայից մեզ հասնող օգնութեամբ, որ ներառում էր հագուստ, եւ առաջին անհրաժեշտութեան իրեր: Այսպէս սկսեցինք աշխատել Սփիւռքի շատ մեր հայրենակիցների հետ յաճախ նոյնիսկ չճանաչելով միմեանց: Արցախի շրջափակման ողջ ընթացքում, չնայած ճանապարհի անանցելիութեանը, տարբեր հնարքներով Արցախ ենք մատակարարել սնունդ եւ անհրաժեշտ այլ իրեր: Մեր համար առաջնահերթութիւն էր յղիներին եւ նորածիններին օգնութիւնը, ում ապահովում էինք դեղորայքով, սնունդով, մանուկներին օրօրոցներով ու հագուստով: Ամանորին իրականացրեցինք ծրագիր երեխաների համար՝ աւելի քան հազար երեխայի ուղարկելով նուէրներ, որ իրենց նամակներով խնդրել էին ձմեռ պապից:
Տարաբնոյթ ծրագրերի շարքում էր նաեւ գազի մատակարարման խախտումների արդիւնքում առաջացած ճգնաժամը մեղմելու համար Արցախ գազի բալոնների առաքումը: Ուրախ եմ, որ պատերազմից յետոյ, մարդիկ սկսեցին կրկին հաւատալ եւ վստահել, ինչը մեզ մեծ ուժ ներշնչեց: Իսպանիայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, մարդիկ երբ եկան եւ միասին աշխատեցինք, իրենց մօտ ձեւաւորուեց այդ վստահութիւնը, եւ իրենք էլ իրենց համայնքներում սկսեցին պատմել մեր մասին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք այսօր էլ շարունակում էք աջակցութեան ծրագրեր իրականացնել Հայաստանում հաստատուած արցախցիների համար: Հիմնականում ի՞նչ խնդիրներ կը մատնանշէք:
ՍԱՅԻԴԱ ՊՕՂՈՍԵԱՆ.- Մեր կազմակերպութիւնը ներկայում շարունակում է իր ընկերային աջակցութեան ծրագրերը` Արցախից բռնի տեղահանուածների եւ անապահով ու խոցելի խմբերի համար: Տարբեր խմբեր ու կազմակերպութիւններ կան, որ զբաղւում են արցախցիների աջակցութեան հարցերով, եւ ես գրեթէ բոլորին ճանաչում եմ, եւ փորձում ենք համակարգել աշխատանքները, որ իրար չկրկնենք եւ չխանգարենք: Առկայ խնդիրների շարքում առաջնային է այն, որ հեռաւոր բնակավայրերում հաստատուած արցախցիներին որոնց թւում շատ են անօգնական տարեցները, օգնութիւն չի հասնում հեռաւորութեան պատճառով հիմնականում: Մարդիկ սննդի կարիք ունեն, դեղորայքի, յատկապէս, երբ տառապում են ծանր հիւանդութիւններով, օրինակ քաղցկեղով: Մենք աշխատում ենք հասնել այդ մարդկանց, եւ ծրագրեր ենք անում Սիւնիքում:
Ներկայում աշխատում ենք մի քանի ուղղութիւններով, եւ փնտռում ենք ֆինանսաւորում որոշ ծրագրեր կեանքի կոչելու համար: Այժմ լուծում ենք սննդի հարց մեր որոշ հայրենակիցների համար` տրամադրելով պարէնի նուազագոյն փաթեթներ: Երբեմն մեզ ասում են, որ դա բաւարար չէ, սակայն, հաւատացէք, շատ կարիքաւոր մարդիկ կան, ովքեր խոստովանում են, որ իրենց համար այդ փաթեթները կենսական նշանակութիւն ունեն: Այնպէս որ, որքանով էլ օգնենք այս ընտանիքներին, իրենք շատ շնորհակալ են: Այս ուսումնական տարուայ համար մեզ դիմեց շուրջ եօթ հազար ընտանիք` երեխաներին դպրոցական անհրաժեշտ պարագաներ, գրենական պիտոյքներ տրամադրելու խնդրանքով: Փորձում ենք հասցնել բոլորին, սակայն կարիքները շատ են, իսկ մեր հնարաւորութիւնները սահմանափակ, եւ յորդորում ենք մեր ամերիկահայ համայնքին միանալ մեր նախաձեռնութիւններին:
Մենք կողմ ենք նաեւ գումար տրամադրելուն, սակայն միայն այն կարիքաւոր ընտանիքներին, ովքեր մանկահասակ երեխաներ ունեն, եւ կրթութեան խնդիր կայ: Եւ ըստ այդմ, առաջարկում ենք վճարել ուսանողների ուսման վարձը, կամ մանուկների ու պատանիների դէպքում, յատկացնել գումար` գիտական, մարզական, արուեստի խմբակներ այցելելու համար: Կարեւորում ենք նաեւ արցախցիների զբաղուածութեան հարցը: Այսօր ամենամեծ խնդիրն այն է, որ արցախցիները հեռանում են Հայաստանից` չկարողանալով հոգալ տարրական կարիքները: Այս գործընթացը պէտք է հնարաւորինս կասեցնենք, ինչը հնարաւոր է միայն միասնական ջանքերով:


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Արցախցիների զբաղուածութեան ի՞նչ ծրագրեր ունէք, ինչպէ՞ս կարող է ամերիկահայ համայնքն աջակցել:
ՍԱՅԻԴԱ ՊՕՂՈՍԵԱՆ.- Այսօր առաջնահերթութիւն է նոր աշխատատեղերի ստեղծումն ու անապահով անձանց կայուն աշխատանքով ապահովումը: Դա երկարաժամկէտ երաշխիք է, որ ընտանիքները սեփական արժանապատիւ աշխատանքով կը կարողանան հոգալ իրենց եւ ընտանիքի անդամների առաջնային կենսապահովման կարիքները: Գործազրկութիւնը կարող է պատճառ հանդիսանալ յատկապէս Արցախից բռնագաղթուածների շրջանում արտագաղթին եւ այդ միտումը ցաւօք նկատելի է: Այս խնդրի լուծման նպատակով մենք իրականացրել ենք ծրագրեր, որոնցից է օրինակ վիրաւորումներից հաշմանդամ դարձած տղաների համար մեղուաբուծութեան դասընթացների կազմակերպումը, ինչին յաջորդեց նրանց մեղուների եւ փեթակների տրամադրումը: «Մեղուների ծրագիր» անուանումով այս նախաձեռնութիւնը հնարաւոր դարձաւ Բուլղարիայի Պլովդիւ քաղաքի հայ համայնքի ջանքերով, «Արաքս» հիմնադրամի հետ համատեղ: Միաժամանակ, Գորիսում մի քանի ընտանիքների կարողացանք ապահովել աշխատանքով` Բուլղարիայից լօլիկի չրի պատուէր ձեւակերպեցինք, որ արցախցի մեր հայրենակիցներն են պատրաստում: Նաեւ, իրականացրել ենք անասնաբուծութեան ոլորտի այլ ծրագրեր, ձեռագործ աշխատանքների պատուէրներ, որ սպառուել են Միացեալ Նահանգներում: Այժմ օգնում ենք կայացնելու բարձրորակ հումքով պատրաստուող հացի փոքրիկ արտադրամասը Երեւանում, որը յաջողելու դէպքում յաջորդը նախատեսում ենք օգնել բացել նաեւ Գորիսում: Իւրաքանչիւր արտադրամաս մինչեւ 15 արցախցու կ՛ապահովի աշխատանքով: Շատ ծրագրեր կան, որոնք հնարաւոր է իրականացնել ֆինանսական աջակցութեան դէպքում: Մենք ականատես ենք, թէ ինչպէս, երբ մի փոքր օգնութիւն ես ցուցաբերում, արցախցի մեր հայրենակիցներն ընկնում հունի մէջ, եւ արագօրէն զարգացնում գործը:
Չափազանց կարեւորում ենք կրթական ծրագրերը: Այս նպատակով պատրաստել ենք մի ծրագիր, որի համար ակնկալում ենք նաեւ մեր ամերիկահայ համայնքի աջակցութիւնը: Խօսքը դասապատրաստման աջակցութեան կենտրոնների մասին է: 2023 թուականին Արցախից Հայաստան է տեղափոխուել շուրջ 1500 ուսուցիչ, որոնցից շուրջ 500ը մնացել է առանց մասնագիտական աշխատանքի: Սոյն ծրագրով, առաջարկւում է Երեւանում հիմնել աշակերտների դասապատրաստման աջակցութեան երկու կենտրոն, եւ իւրաքանչիւրում նախատեսւում է աշխատանքի ընդունել նուազագոյնը տասը արցախցի մանկավարժի` նախընտրութիւն տալով բազմազաւակ ընտանիքներին, հաշմանդամութիւն ունեցողներին, պատերազմում զոհուածների ընտանիքներին, միայնակ մայրերին: Ծրագիրը կ՛օգնի արցախցի քսան մանկավարժի ապահովել կայուն մասնագիտական աշխատանքով եւ արցախցի աշակերտներին հնարաւորութեան տալ այդ կենտրոններում ստանալու մատչելի դասընթացներ` 50 տոկոս, եւ հովանաւորների դէպքում` 100 տոկոս զեղչով:
Կը ցանկանայի նաեւ նշել, որ կազմակերպութիւնը շարունակում է մշակութային առաքելութիւնը: Այս տարի կազմակերպեցինք արցախցի երեխաների պարային համոյթի մասնակցութիւնը Յունիսի 21-22ը Պլովդիւում կայացած Լավանդուլայի միջազգային փառատօնին: Օգոստոսին էլ, Սեւանում կազմակերպեցինք ռազմահայրենասիրական ճամբար, որին մասնակցեց շուրջ 45 պատանի:
Ծանօթ.- «Նախնեաց Հետքերով» մշակութային կազմակերպութիւնը, իր գործունէութեան 13 տարիների ընթացքում կուտակել է մշակութային, կրթական եւ ընկերային բնոյթ ունեցող ծրագրերի իրականացման բազմաբնոյթ փորձ: Կազմակերպութեան ներկայի ծրագրերն ուղղուած են արցախահայերի առաջնային խնդիրների լուծմանը: Դրանք հնարաւոր է իրականացնել համատեղ ջանքերով: Սայիդա Պօղոսեանի հետ կապ հաստատելու համար կարելի է գրել «Ֆէյսբուք» ընկերային կայքում նրա անձնական, կամ՝ «Նախնեաց Հետքերով»ի էջերին: