Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին ընթացքին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան, խօսելով հայրենասիրութեան մասին՝ ըսաւ, որ անիկա մեծ վնասներ հասցուցած է։ Ան բացատրեց, թէ, ըստ իրեն, ի՛նչ նպատակ ունի Հայաստանի մէջ հայրենասիրութեան այդ օրինակին ներդրումը:
«Ես ձեզ կ՛ասեմ այնպէս, ինչպէս ասում եմ իմ ընտանիքին. ամենամեծ խնդիրը, որ մենք ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրութիւնը: Ընդ որում, ասածի մէջ հեգնանք չկայ, սարկազմ (այպանք) չկայ: Ամենամեծ խնդիրը, որ ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրութիւնը` այն ընկալմամբ, որ հայրենասիրութեան այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի: Ուղղակի դա կայսերական հայրենասիրութեան մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, ելոյթներով, կերպարներով, նկարներով ներմուծուել է մեր սոցիալ (ընկերային)-հոգեբանութիւն», ըսաւ Փաշինեան, ըստ որուն, հայրենասիրութեան կայսերական կերպարին նպատակը այն է, որ Հայաստանի անկախ եւ ինքնիշխան պետութիւն գոյութիւն չունենայ:
«Մեր անկախութեան առաջին օրուանից մենք հռչակել ենք մեր անկախութիւնը հայրենասիրութեան այն մոդելի հիման վրայ, որի համաձայն մենք անկախ պետութիւն պէտք է չունենանք», ընդգծեց Փաշինեան:
Ըստ անոր՝ հայրենասիրութեան բովանդակութիւնը Հայաստանը իբրեւ իրական հայրենիք չունենալն է, այլ ուղղակի տեսական` «պատից կախուած, կենացների ժամանակ»:
«Ես հիմա չեմ խօսում որպէս Հայաստանի Հանրապետութեան վարչապետ, այլ խօսում եմ որպէս հայ: Մենք պէտք է նկատենք մեր հայրենասիրութեան կործանարար կողմը մեր իսկ համար: Հայաստանի Հանրապետութեան շահերից կը բխէր, որ ես չլինէի հայրենասէր, դա ամենամեծ վնասն է, որ ես տուել եմ, այն սէրը, որ տածել եմ իմ երկրի, իմ ժողովրդի նկատմամբ: Բայց խնդիրը ոչ թէ այն է, որ սիրել եմ եւ սիրում եմ, որովհետեւ այն ժամանակ ուրիշ կերպ էի սիրում, հիմա ուրիշ կերպ, այլ ամենամեծ պրոբլեմն (հարցը) այն է, որ այդ սիրոյ բովանդակութեան հեղինակը դուք չէք, ես չեմ, դա կայսերական սիրոյ, կայսրութեան կողմից ձեւակերպուած սեր է` ներդրուած մեր մէջ», բացատրեց Փաշինեան:
Ան նաեւ յայտնեց, որ Հայաստանի կառավարութիւնը որդեգրած է իրական Հայաստանի հայեցակարգը` իբրեւ պետականութեան յարատեւման համար անհրաժեշտ նախապայման, եւ յայտնեց, որ Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդը կը պաշտպանէ այդ տեսլականը:
«Իմ եւ մեր կառավարութեան ընկալումն անվտանգութեան հարցում էականօրէն կապուած է հայեցակարգային մի հարցի հետ` ինչի համար է եւ ինչ գործառոյթ ունի Հայաստանի Հանրապետութիւնը: Մեր իրականութեան մէջ սոցիալ-հոգեբանական մակարդակում, կարծում եմ, ընդհանուր ընկալումն առնուազն մինչեւ վերջերս եղել է հետեւեալը` Հայաստանն գործիք է կամ ֆորպոստ՝ յենարան, որպէսզի մենք աւելի մեծ երկիր ունենանք, ընդհուպ` պատմական արդարութիւն հաստատենք, պատմական վրէժ լուծենք: Կայ նաեւ երկրորդ ընկալումը, որ Հայաստանի Հանրապետութիւնը սեփական քաղաքացիների բարեկեցութիւնը ապահովելու գործիք է միջազգայնօրէն ճանաչուած իր տարածքում, այն ընկալմամբ, որ այդ բարեկեցութեան մէջ է մտնում ազատութիւնը, արդարութիւնը, անվտանգութիւնը: Առաջինը պայմանականօրէն անուանում ենք պատմական Հայաստանի հայեցակարգ, երկրորդը` իրական Հայաստանի: Կտրուած չլինելով հայկական իրականութիւնից եւ մեր միջավայրից, հասկանալիօրէն ապրելով, մեծանալով, ձեւաւորուելով այն միջավայրում, որը եղել է, եւ անցնելով այս ծանր ճանապարհը` կառավարութիւնը եկել է այն եզրակացութեան, որ իրական Հայաստանի տեսլականն է կարող ապահովել ՀՀ անվտանգութիւնը, որովհետեւ հակառակը նշանակում է, որ մենք ՀՀն դնում ենք այն պատմական ցիկլի (շրջանակի) մէջ, որի ելքն անխուսափելի է` ՀՀ պետականութեան կորուստ», նշեց Փաշինեան։