22 Օգոստոսին, լրագրողներու հետ ունեցած զրոյցի մը ընթացքին, տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեան յայտնեց, որ հայկական քոնեաքին հարցով ոչ մէկ պաշտօնական փաստաթուղթ ստացած են Ռուսիայէն:
«Ես պէտք է մեկնաբանեմ պաշտօնական փաստաթղթերը, քանի որ այդպիսին չկայ, չեմ կարող ասել: Մեզ համար հայկական կոնեակի որակի հետ կապուած հարցերը պարզապէս հարցեր չեն, որոնք պէտք է վերաբերեն որեւէ երկրի, այդ թւում՝ Ռուսաստանից: Հայկական կոնեակը բրենդ (ապրանքանիշ) է, մենք հիմա Եւրոպական Միութեան ծրագրերից մէկի շրջանակում աշխատում ենք հէնց հայկական բրենդի կայացման համար, ինչը մեզ համար շատ թանկ է: Շատ փոքր մտածողութիւն կը լինի, եթէ մենք մեր գործողութիւնները սահմանափակենք: Իմ կարծիքով՝ 2025 թուականից մենք պէտք է գնանք հետեւեալ ճանապարհով, ցաւօք մինչեւ այդ Հայաստանում չենք ունեցել իզոտոպային (համատեղ գտնուող) լաբորատորիա (տարրալուծարան), կը փորձենք այդ ընթացքում այդ կարողութիւնը ստեղծել», նշեց Պապոյեան:
Պատասխանելով այն հարցումին, որ արդեօք քաղաքական նկատառումներ կան, որովհետեւ հազիւ կը լարուին հայ-ռուսական յարաբերութիւնները, տնտեսվարողներուն վերաբերող այդպիսի յայտարարութիւններ կը հնչեն Ռուսիայէն՝ Պապոյեան ըսաւ. «Մեր տնտեսական քաղաքականութիւնն այնպիսին է, որ Հայաստանում արտադրուող ապրանքների որակն անընդհատ բարձրանայ եւ լինի պատշաճ մակարդակի: Մենք կարողանանք բոլոր երկրներում վաճառել ապրանքներ եւ որակի հետ կապուած հարցեր չհնչեն, իսկ հնչելու դէպքում էլ ցոյց տանք միջազգային լաբորատորիաներից ստացուած փորձաքննութեան արդիւնքները: Ես էկոնոմիկայի (տնտեսութեան) նախարարն եմ եւ պէտք է ամէն ինչ անեմ, որ իմ նշուած խնդիրները լուծուեն»:
Պապոյեան շեշտեց, որ հայկական քոնեաքին շատ մեծ տոկոսը կ՛արտածուի Ռուսիա։ «Այժմ իզոտոպային լաբորատոր փորձաքննութիւն անցնում են մեր բոլոր կոնեակները եւ դա անցնում է Ռուսաստանում: Չի կարող որեւէ հայկական կոնեակ վաճառուել Ռուսաստանում՝ առանց ռուսական իզոտոպային լաբորատոր փորձաքննութեան: Նոյն հայկական ու ռուսական շուկայի համար մենք արտադրում ենք 2000 դոլարանոց կոնեակ եւ դա ազգային հպարտութիւն է», ըսաւ Պապոյեան: