
ԹՈՒՄՕ ստեղծարար արհեստագիտութիւնների կենտրոնը արժանացել է հեղինակաւոր Tools Competition-ի 2023-24ի գլխաւոր մրցանակին՝ կրթութեան ոլորտում արհեստական բանականութեան՝ AI-ի օգտագործման ուղղութեամբ կենտրոնի ակնառու աշխատանքի համար: Այս մրցոյթում, որն անցկացւում է այնպիսի առաջատար կազմակերպութիւնների աջակցութեամբ, ինչպիսիք են՝ OpenAI-ը, Bill and Melinda Gates Foundation-ը, Schmidt Futures-ը եւ Ballmer Group-ը, այս տարի աւելի քան 1900 ընդունուած յայտերից ԹՈՒՄՕն ճանաչուել է յաղթողներից մէկը բարձրագոյն անուանակարգում։
«Մենք օգտագործում եւ զարգացնում ենք AI լուծումներ՝ բազմաթիւ մակարդակներում», ասել է ԹՈՒՄՕի Զարգացման գծով տնօրէն Բեկոր Փափազեանը` աւելացնելով․ «Շարունակաբար կատարելագործում ենք մեր ուսումնական հարթակը՝ ստեղծելով գեներատիւ (ծնիչ, արտադրիչ) արհեստական բանականութեան շուրջ ուսումնական բովանդակութիւն՝ որպէս նոր հմտութիւնների զարգացման ոլորտ, եւ այն մաս ենք դարձնում մեր արհեստագիտական եւ ձեւաւորման բոլոր դասընթացների մէջ՝ սկսած ծրագրաւորումից եւ խաղերի մշակումից, մինչեւ ֆիլմարտադրութիւն եւ գծագրական ձեւաւորում»:
Tools Competition-ը կը ֆինանսաւորի ԹՈՒՄՕի AI Learning Coach ծրագրի մշակումը: Այս նորարարական նախատիպը հիմնուելու է ուսանողների կրթական գործընթացների միլիոնաւոր ժամերի տուեալների վրայ՝ ստեղծելով եզակի ուսումնական շաւիղներ, որոնց շնորհիւ առաւելագոյն արդիւնաւէտ փորձառութիւն կ՛ապահովուի իւրաքանչիւր սովորողի համար: Ծրագրի խումբը փորձարկումներ կը կատարի տարբեր AI արհեստագիտութիւններով եւ կը տրամադրի անանուն տուեալներ Stanford AI Lab-ի, Berkeley School-ի եւ Carnegie Mellon University-ի հետազօտողներին՝ աջակցելով AI-ի եւ կրթական արհեստագիտութիւնների ոլորտներում մի շարք լրացուցիչ նախագծերի:
ԹՈՒՄՕն իր ուսանողներին մեքենայական ուսուցման եւ AI դասընթացներ տրամադրելու մեծ փորձ ունի: Կենտրոնի՝ գեներատիւ AI-ի աւելի լայն օգտագործումը սկսուել է AI-ի եւ կրթութեան վերաբերեալ համախշարհային գիտաժողովով, որն անցկացուեց 2023ի Սեպտեմբերին եւ որը համընկաւ tumo.ai կայքի գործարկման հետ: Գիտաժողովին մասնակցեցին այնպիսի խոշոր արհեստագիտական ընկերութիւնների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Google DeepMind-ը, NVIDIA-ն եւ Meta-ն, հետազօտողներ MIT-ի, Հարվարդի եւ USC-ի նման հաստատութիւններից եւ ոլորտի այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են Միչել Ռեսնիկը, Սթիւեն Վոլֆրամը եւ Տարօն Աճէմօղլուն: Այս Սեպտեմբերին ԹՈՒՄՕն կը ներկայացնի իր մօտեցումը AI կրթութեանը ԵՈՒՆԵՍԿՕի փարիզեան գլխամասում «Թուային ուսուցման շաբաթ» միջոցառման ընթացքում:
«Կարեւոր է անդրադառնալ բարոյական հարցերին ու անվտանգութեանը, երբ հզօրագոյն նոր արհեստագիտութիւններ կ՛օգտագործուեն ուսումնական նպատակներով: Այնուամենայնիւ, AI-ի հանդէպ ընդունուած պաշտպանողական մօտեցումը նպաստաւոր չէ անապահով համայնքներում եւ զարգացող երկրներում: Մենք նպատակ ունենք երիտասարդներին զինել արհեստագիտական խորը գիտելիքներով, որոնք նրանց հնարաւորութիւն կը տան մասնակցել նորարարութեան համակարգերին», նշել է Բեկոր Փափազեանը։
(Թղթակցութիւնը՝ ԹՈՒՄՕէն)