
23 Սեպտեմբեր 2023ին, Ստեփանակերտ-Ասկերան ճամբուն վրայ վառելանիւթի կայանին մէջ պատահած պայթումին պատճառով անհետ կորսուած 21 տղաք ողջ են, անոնք կը գտնուին ատրպէյճանցիներուն ձեռքը: Այս մասին կառավարութեան շէնքին դիմաց տեղի ունեցած ցոյցին ընթացքին ըսաւ բողոքի ցոյցին մասնակցողներէն մէկը:
«Խնդրում ու պահանջում ենք իշխանութիւններից, որ որեւէ տեղեկութիւն տան մեր հարազատների մասին: Դիմել ենք տարբեր կազմակերպութիւնների՝ ՄԱԿի, Եւրոպական Միութեան, ՀՀ ՄԻՊին, Արցախի իշխանութիւններին, Հայաստանում գտնուող ՌԴ դեսպանատանը, Կարմիր Խաչին եւ ոչ մի տեղից դրական կամ բացասական պատասխան չունենք: Կարծես՝ ոչ ոք չի ուզում զբաղուել այդ հարցով, բոլորին միեւնոյն է, որ կան անհետ կորածներ», ըսաւ ան՝ տեղեկացնելով, որ 7 Հոկտեմբերին փաստացի արձանագրուած հեռաձայն եկած է Շուշիէն:
«Անհետ կորածներից Կարէնը զանգել է իր ընկերուհուն, ընկերուհին այդ փաստը ներկայացրել է Կարմիր Խաչին, ԱԱԾին, Կարէնի ծնողներին, որ այդ տղան զանգել է: Փաստացի մինչեւ օրս այդ զանգի մասով ոչ մի տեղեկութիւն չկայ: Մինչեւ հիմա Կարէնի մայրիկի հեռախօսը գտնւում է ԱԱԾում, տարւում են ինչ-որ աշխատանքներ, զանգը չեն ուզում բացայայտել», ըսաւ ան՝ աւելցնելով, որ ունին «Թելեկրամ»ի տարբեր ալիքներուն ստացուած զանգեր արտերկրի հեռաձայնային թիւերէ:
«Դիմել ենք համապատասխան մարմիններին, բայց ոչ մի տեղեկութիւն, ոչ մի լուր չունենք: Պահանջում ենք, որ տեղեկութիւն տան մեր հարազատների մասին, քանի որ մենք վստահ ենք՝ մեր տղաները բոլորն էլ ողջ են, մեր տղաները հիմա գտնւում են Ադրբեջանի ձեռքի տակ, մենք պահանջում ենք, որ գտնեն ու բերեն, չգիտենք՝ նրանց հետ ինչպէս են վարւում», ըսաւ արցախցին: