
Հայաստանում աւանդական բժշկութիւնն իր գոյութեան 3000 տարիների ընթացքում բուժական միջոցների հսկայական ժառանգութիւն է ստեղծել, որոնցից շատերը կիրառւում են նաեւ այսօր։ Հայաստանի ընդերքը հարուստ է ոչ օրգանական ծագում ունեցող բուժական միջոցներով` հայկական կաւն ու քարը, բորակը, սնդիկի, երկաթի, արճիճի եւ զինկի միացութիւնները։ Հին շրջանի գիտնական Ստրաբոնը գրել է «կինովար» անուամբ հայկական ներկի մասին, իսկ ըստ նշանաւոր մատենագիր Փաւստոս Բուզանդի` Վանայ լճի ափերին երկաթի եւ արճիճի հարուստ հանքավայրեր են եղել։ Այս հանքային նիւթերից ստացուած պատրաստուկները կիրառուել են մաշկի եւ աչքի հիւանդութիւնների դէպքում, ինչպէս նաեւ վէրքերը եւ ուռուցքները բուժելու համար։ Յատկապէս գնահատելի է եղել հայկական կաւը (Bolus armenus)։ Ամիրդովլաթ Ամասիացին իր «Անգիտաց Անպէտ» գրքում գրում է, որ հայկական կաւն օգնում է մրսածութեան եւ կաթնագեղձի ուռուցքի, տենդի եւ օդի վարակուածութեան ժամանակ։ Հայկական լեռնաշխարհի դեղաբոյսերն արտահանուել են Արեւելքի եւ Արեւմուտքի մի շարք երկրներ եւ տեղ գտել հնագոյն դեղագիտարաններում։ Հայաստանն անցեալում եղել է մի շարք արժէքաւոր խեժատու բոյսերի, ինչպէս նաեւ վայրի դեղաբոյսերի հայրենիքը։
Հայ գիտական բժշկական առաջին գիրքը՝ «Գագիկի Դեղագիտարան» կոչուող մատեանն է: Այս բժշկարանը իր մեծ ազդեցութիւնն է ունեցել յետագայ շրջանի հայ բժշկագիտական մտքի վրայ։ Բժշկարանը գրուել է Անիում, 10րդ դարում ՝ Գագիկ Յաղթող թագաւորի օրօք։
1184ին Մխիթար Հերացին ժողովրդախօսակցական լեզուով գրել է իր «Ջերմանց Մխիթարութիւն» նշանաւոր բժշկարանը: Հերացին նորարար էր բժշկութեան տեսութեան, մասնաւորապէս, ախտածագման ուսումնասիրութեան բնագաւառում։ Հայ բժշկապետը տենդային վարակական հիւանդութիւնների ախտածագման մէջ առաջ էր քաշում այնպիսի ելակէտային դրոյթներ, որոնք խթան հանդիսացան իր ժամանակի բժշկութեան մէջ բոլորովին մի նոր՝ «բորբոսային», «կենդանի հարուցիչ»ի տեսութեան ստեղծման համար:
Հին եւ միջնադարեան Հայաստանում բաւական լայն տարածում է գտել մեղուաբուժութիւնը` մեղրը եւ մեղուաբուծութեան արտադրանքը բուժական նպատակով կիրառելը։ Բուժման ֆիզիկական միջոցների շարքում՝ Մխիթար Հերացին մեծ տեղ է յատկացրել ջրաբուժմանը, ինչպէս նաեւ մերսումներին ու մարմնամարզական վարժութիւններին։ Նա լուրջ ուշադրութիւն է դարձրել հոգեբուժմանը, օրինակ՝ ներշնչմանը. այդ նպատակով օգտագործել է նաեւ երաժշտութիւնը:
(Շարունակելի)