
ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ ՀՈՎԵԱՆ
2003ի Ապրիլ 24ին, մեծ շուքով, հոգեպարար արարողութեամբ եւ մոմավառութեամբ, բացումը կատարուեց Գլենդելի քաղաքապետարանի կողմից տեղադրուած Ցեղասպանութեան յուշարձանին: Այն գտնւում է Գլենդելի սրտում՝ Մաունթընվիւ եւ Գլենդել փողոցների անկիւնում, «Սիվիք Ադըթորեոմ»ին կից, Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ դիմաց:
Ամէն տարի Ապրիլ 24ին, քայլում եմ դէպի անշուք բայց խորհրդաւոր յուշարձանը, խունկ եմ վառում, ծաղիկներ զետեղում ու լուռ ու տխուր քայլում եմ տուն, ինքս ինձ հարցնելով՝ ինչո՞ւ է անտեսուած այս յուշարձանը…
2023ի, Ապրիլ 24ի առաւօտեան, ընկերուհիս, ինչպէս ամեն հայրենասէր անձ տխուր եւ անհանգիստ, մօտս եկաւ, որովհետեւ զանազան պատճառներով անկարող էր Մոնթեբելլօ կամ այլ միջոցառման ներկայանալու…
Փորձում էինք խօսել, անցեալը եւ ներկան վերլուծել, Ապրիլ 24ի մեր անմեղ զոհերի յիշատակը վառ պահելու համար եւ ինչպէս խուսափելու մեր թշնամու ծրագրած կրկնուող ցեղասպանութիւնից:
Ընկերուհուս հետ եկեղեցի գնացինք, ապա ես նրան առաջնորդեցի դէպի յուշարձանը՝ ըստ իմ ամէն տարուայ սովորութեան: Եկեղեցւոյ օրհնուած ծաղիկներից վերցնելով մի քանիսը, քայլեցինք դէպի մօտակայքում գտնուող՝ ԱՆՏԵՍՈՒԱԾ ՅՈՒՇԱՐՁԱՆԸ եւ ծաղիկները զետեղեցինք յուշարձանի վրայ…
Մեծ բաւարարութիւն ապրեցինք երբ վերադարձանք եկեղեցի ու հանդիպեցինք մի երիտասարդ կնոջ՝4 երեխաներով, որ Յիսուս Քրիստոսի արձանի մօտ կանգնած, մոմեր վառելով աղօթում ու պատմում էր երեխաներին Ապրիլ 24ի խորհուրդը: Նրան մօտեցանք եւ յայտնեցինք յուշարձանին մասին. նա շատ զարմացաւ եւ խանդավառուած, երեխաների հետ այցելեցին Ապրիլ 24ի յուշարձան. նրանց հետեւեցին տասնեակ մը եկեղեցի այցելողներ, բոլորը շատ զգացուած եւ զարմացած թէ ինչպէ՞ս Գլենդելի սրտում, քաղաքապետարանի կողմից զետեղուած յուշարձանը ԱՆՏԵՍՈՒԱԾ Է…
Նրանք խնդրեցին եւ առաջարկեցին արձագանգել:
Երանի թէ պատկան մարմինները օգտուեն այս հնարաւորութիւնից եւ աւելի պատշաճ արարողութեամբ, հնարաւորութիւն ընծայեն մեզ պատշաճ ձեւով այցելել, եւ մեր յարգանքի ուխտը մատուցել մեր անմեղ զոհերի յիշատակին: