
ԳԷՈՐԳ ՂՈՒԿԱՍԵԱՆ
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ (1988-2020 թթ.)
Ներկայումս, միջազգային կազմակերպութիւնների շրջանում Եւրոպական խորհրդարանը առանձնանում է ղարաբաղեան հիմնախնդրի, Արցախի, Հայաստանի Հանրապետութեան վերաբերեալ իր խիստ օբիեկտիւ (առարկայական) դիրքորոշումներով։ Արցախի հարցը Եւրոպական խորհրդարանի ուշադրութեան կեդրոնում է եղել Ղարաբաղեան շարժման հէնց սկզբից՝ 1988 թ․ից։ Ցաւօք սրտի, Եւրոպական Խորհրդարանի քաղաքական դիրքորոշումները ամբողջութեամբ չէ, որ որդեգրուել են Եւրոպական Միութեան գործադիր իշխանութեան կողմից։ Արցախին եւ Հայաստանի Հանրապետութեանը վերջին օբիեկտիւ անդրադարձը Եւրոպական խորհրդարանի կողմից կատարուեց 2024 թ. Փետրուարի 28ին, երբ ընդունուեց ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան իրականացման, ինչպէս նաեւ ԵՄ պաշտպանական եւ անվտանգութեան ընդհանուր քաղաքականութեան վերաբերեալ տարեկան զեկոյցներում։
Սոյն եւ առաջիկայ երկու յօդուածներով նպատակ ունենք հանրագումարի բերել Ղարաբաղեան հիմնախնդրում Եւրոպական Միութեան քաղաքական վարքը՝ մանրակրկիտ վերլուծելով Եւրոպական խորհրդարանի, Եւրոպական միութեան խորհրդի, Եւրոպական յանձնաժողովի կողմից ընդունուած համապատասխան փաստաթղթերը։ Կարեւոր է նկատել, որ Եւրոպական Միութեան ղեկավար կառոյցների շրջանում ինչպէս բազմաթիւ տարբեր այլ խնդիրների պարագայում, առկայ է դիրքորոշումների տարբերութիւն։ Յուսով ենք, սոյն յօդուածաշարը կ՛առարկայացնի ընթերցողի պատկերացումները Արցախի հարցի վերաբերեալ համաեւրոպական կառոյցների առնչութեան վերաբերեալ, եւ ըստ այդմ կ՛օգնի գնահատել հիմնախնդրում ԵՄ քաղաքական վարքը։ Հայաստան-ԵՄ յարաբերութիւնների զարգացումը մշտապէս եղել է ՀՀ արտաքին քաղաքականութեան առանցքային ուղղութիւններից մէկը։ Ուստի, ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների օբիեկտիւ գնահատումը եւ իրավիճակին սթափ անդրադարձը կարեւոր է քաղաքական ճիշդ պլանաւորման (ծրագրաւորման) եւ հանրային չարդարացուած սպասումները բացառելու տեսանկիւնից։
Սոյն յօդուածում կ՛անդրադառնանք Եւրոպական խորհրդարանի կողմից Ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ ընդունուած բանաձեւերին՝ սկսած 1988 թ.ից։
Եւրոպական խորհրդարանը (այսուհետ` նաեւ ԵԽ, Խորհրդարան) ԵՄ հիմնարար փաստաթղթերով իրեն վերապահուած լիազօրութիւնների շրջանակում, իր գործառնական նշանակութեամբ ու առօրեայ աշխատանքով, Եւրոպական կառոյցներից ամենաշատն է առնչւում ղարաբաղեան հակամարտութեանը։
Եւրոպական խորհրդարանը ղարաբաղեան հակամարտութեանը սկսել է առնչուել Ղարաբաղեան շարժման սկզբից։ 1988 թ. սկզբից մինչեւ 1994 թ. սկիզբը ԵԽն ուղղակիօրէն Արցախին առնչուող աւելի քան մէկ տասնեակ բանաձեւ է ընդունել։ Առաջինը 1988 թուականի Մարտի 10ի «Խորհրդային Հայաստանում վերջին զարգացումների վերաբերեալ ԵԽ բանաձեւն» (1) է, որտեղ առաջին անգամ արձանագրւում է. «Եւրոպական խորհրդարանը մտահոգութիւն է յայտնում եւ ուշադիր հետեւելու է ԽՍՀՄ տարբեր ժողովուրդների կողմից իրենց ինքնութիւնը, մշակոյթը եւ ինքնավարութիւնը հաստատելու փորձերին»։ Յատկանշական է, որ բանաձեւի անուանման մէջ որպէս հակամարտութեան տարածք ոչ թէ Ադրբեջանը կամ Լեռնային Ղարաբաղն են յիշատակուել, այլ Խորհրդային Հայաստանը։

Այնուհետեւ 1988 թուականի Յուլիսի 7ին Եւրոպական խորհրդարանն ընդունում է «Սովետական Հայաստանի իրավիճակի վերաբերեալ» (2) բանաձեւը, որտեղ ասուած է. «Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի (որի ներկայիս բնակչութեան 80%-ը հայ է) պատմական կարգավիճակը որպէս Հայաստանի մաս, 1923ին Ադրբեջանի ներսում այդ տարածքի կամայական ներառումը, Ադրբեջանական Սումկայիթ քաղաքում հայերի կոտորածը 1988ի Փետրուարին… վատթարացող քաղաքական իրավիճակը, որը յանգեցրել է Սումկայիթում հակահայկական ջարդերի եւ Պաքւում բռնութիւնների լուրջ գործողութիւնների, ինքնին սպառնալիք են Ադրբեջանում ապրող հայերի անվտանգութեանը…»: Ապա Խորհրդարանը «դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների նկատմամբ կիրառուած բռնութիւնները, աջակցում է հայ փոքրամասնութեան պահանջին` Հայաստանի Սոցիալիստական Հանրապետութեան հետ վերամիաւորուելու համար»։
Այսպիսով, վերոյիշեալ երկու բանաձեւերով Եւրոպական խորհրդարանը, ըստ էութեան, ոչ միայն չի առարկում հայկական կողմի՝ Արցախը Խորհրդային Հայաստանի կազմ փոխադրելու պահանջին, այլեւ լիովին ընդունում է դա՝ վկայակոչելով երկրամասի՝ 1923 թուականին Ադրբեջանի կազմում կամայական ներառման փաստը եւ, հաշուի առնելով պատմական իրողութիւնը, օգտագործում է վերամիաւորում տերմինը (եզրը)։
1989 թուականի ընթացքում երկու անգամ՝ Յունուար եւ Մայիս ամիսներին, ԵԽն բանաձեւեր է ընդունել համապատասխանաբար «Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների վերաբերեալ» (3) եւ ««Ղարաբաղ» կոմիտէի անդամների ազատ արձակման վերաբերեալ» (4) անուններով։
Այս բանաձեւերում ԵԽն մի դէպքում խստօրէն քննադատում է «Ղարաբաղ» կոմիտէի անդամների ձերբակալութիւնը, միւս դէպքում՝ ողջունում 1989 թուականի Յունուարի 12ին «Լեռնային Ղարաբաղին յատուկ կարգավիճակ տրամադրելու մասին» (5) ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի որոշումը։ «Ղարաբաղ» կոմիտէի անդամներին ազատ արձակելու վերաբերեալ ընդունուած բանաձեւով ԵԽն նաեւ կարծիք է յայտնում, որ «քաղաքական գործընթացները Հայաստանում աւելին են, քան Ղարաբաղի միացումը Հայաստանին, եւ նպատակ ունեն, ինչպէս Պալթեան երկրներում, ժողովրդավարացնել խորհրդային պետութեան քաղաքական կեանքը»։
Այսպիսով, Եւրոպական խորհրդարանը յստակօրէն մատնանշում է ներհայաստանեան գործընթացների ժողովրդավարական բնոյթը` այդպիսով լեգիտիմացնելով (օրինականացնելով) իր յստակ արտայայտուած քաղաքական դիրքորոշումը։
Արդէն 1990 թուականի ընթացքում երկու անգամ՝ Յունուար եւ Մարտ ամիսներին, Եւրոպական խորհրդարանը յատուկ անդրադառնում է ղարաբաղեան հակամարտութեանը. ընդունում է «Խորհրդային Հայաստանում իրավիճակի վերաբերեալ» անուանումը կրող երկու բանաձեւ (6)։
Այս բանաձեւերի կարեւորութիւնը պայմանաւորուած է նրանով, որ դրանցում կրկին խօսւում է 1923 թուականի որոշման անարդարացիութեան մասին եւ, ըստ էութեան, առաջին անգամ ԵԽն կոչ է ուղղում Եւրոպական յանձնաժողովին եւ Եւրոպական խորհրդին՝ ներկայացուցչութիւն ուղարկել ԽՍՀՄ ղեկավարութեան մօտ՝ քաղաքական իրավիճակի գնահատման, Ադրբեջանում ապրող հայերի ֆիզիկական անվտանգութիւնը երաշխաւորելու, Արցախի մեկուսացումը ճեղքելու եւ առաջին անհրաժեշտութեան ապրանքների անցկացումն ու հումանիտար (մարդասիրական) բնոյթի այլ գործողութիւններ ապահովելու համար։
ԵԽն, ի թիւս այլ գործօնների, յիշատակում է նաեւ Լեռնային Ղարաբաղի բնակչութեան 75%-ի հայ լինելու փաստը, նաեւ նշում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծման հարցում ՄԱԿի եւ Եւրոպական տարբեր մարմինների ներգրաւուածութիւնը մեծացնելու անհրաժեշտութիւնը։
Վերը յիշատակուած երկու բանաձեւերից կարող ենք եզրակացնել, որ Եւրոպական միութեան գործադիր իշխանութիւնն ու ՄԱԿը Խորհրդարանի կողմից քաղաքական ուղերձ են ստանում՝ մեծացնելու ներգրաւուածութիւնը հակամարտութեան գօտում, ԵԽ դիրքորոշումներում հետզհետէ աւելի խիստ է ընդգծւում ժողովրդի կամքին հակադրուելու Ադրբեջանի քաղաքականութիւնը, մեծանում է ուշադրութիւնը ստեղծուած հումանիտար ճգնաժամի հանդէպ եւ այլն։
1991 թուականին խորհրդային զօրքերի եւ Ադրբեջանական ՕՄՕՆի կողմից Ադրբեջանական ԽՍՀի տարածքի հայկական բնակավայրերում կատարուած էթնիկ (ցեղային) զտումներին (եւ ոչ միայն դրան) Եւրոպական խորհրդարանը կոշտ անդրադարձ կատարեց 1991 թուականի Մայիսի 16ին ընդունուած «Հայաստանում եւ Ադրբեջանում իրավիճակի վերաբերեալ» (7) բանաձեւով: Դրանից երկու ամիս առաջ՝ Մարտի 14ին, ընդունուել էր ԵԽ մէկ այլ բանաձեւ՝ «Հայաստանի շրջափակման եւ այնտեղ մարդու իրաւունքների իրավիճակի վերաբերեալ», որտեղ կրկին խոշոր հաշուով բարձրացւում են հումանիտար հարցեր, խօսւում է երկրաշարժի եւ ղարաբաղեան շարժման արդիւնքում 500,000 անօթեւան հայերի առկայութեան մասին եւ այլն (8)։
Յատուկ դիտարկման է արժանի Մայիսի 16ի բանաձեւը, որտեղ Եւրոպական խորհրդարանը ցաւակցութիւն է յայտնում Ղարաբաղում հայերի նկատմամբ բռնութիւնների կապակցութեամբ եւ դատապարտում խորհրդային եւ Ադրբեջանական զինուած ուժերի կողմից հայերի նկատմամբ հերթական բռնութիւնները։ Ապա ԵԽն խորհրդային իշխանութիւններին յորդորում է քայլեր ձեռնարկել, որոնք կ՛ապահովեն հայերի ֆիզիկական անվտանգութիւնը, տեղաշարժի ազատութիւնը, Ադրբեջանի կողմից շրջափակման վերացումը եւ մարդկանց վերադարձն իրենց տներ։
Ղարաբաղեան պատերազմի ժամանակ Եւրոպական խորհրդարանի դիրքորոշումը առաւել կոշտանում է 1992 թուականի Փետրուարին ընդունուած «Լեռնային Ղարաբաղին օգնութիւն ցուցաբերելու վերաբերեալ» (9) բանաձեւով, որն իր բնոյթով կարելի է բեկումնային համարել։
Այսպիսով, ԵԽն առաջին անգամ Ադրբեջանական քաղաքականութիւնը որակում է որպէս ագրեսիա (յարձակում)՝ արձանագրելով, որ վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը ենթարկուել է շարունակական շրջափակման եւ ագրեսիայի, եւ որ 1991 թուականի Դեկտեմբերին Ադրբեջանը սանձազերծել է աննախադէպ յարձակողական գործողութիւններ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի նկատմամբ։ ԵԽն նաեւ արձանագրում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչութեան, այդ թւում՝ երեխաների վրայ Ադրբեջանական ուժերի յարձակումը։
Ուշագրաւ է նաեւ, որ բանաձեւի կէտերից մէկում Խորհրդարանն ընդունում է Լեռնային Ղարաբաղի իշխանութիւնների ժողովրդավարական կարգերով ընտրուած լինելու փաստը՝ դրանով արտայայտելով իր քաղաքական կամքը ժողովրդավարական գործընթացների անշրջելիութեան նկատմամբ։
Եւրոպական խորհրդարանի կողմից 1993 թուականի Յունուարի 21ին ընդունուած «Հայաստանի վերաբերեալ» (10) բանաձեւը նոյնպէս կարեւոր է այն առումով, որ ԵԽն իր լիարժէք աջակցութիւնն է յայտնում ԵԱՀԽ խաղաղ գործընթացին։ Դա մի հանգամանք է, որը ցայսօր կարեւոր է դիտւում։ Նոյն բանաձեւով ԵԽն կրկին բարձրաձայնում է շուրջ 300,000 հայ փախստականների հարցը, ինչպէս նաեւ դիմում է Եւրոպական խորհրդին՝ Հայաստանում ժողովրդավարացման գործընթացներին օժանդակելու առումով։
Մինչեւ զինադադարի ստորագրումը՝ 1994 թուականի Փետրուարի 10ը, Եւրոպական խորհրդարանն ընդունեց եւս մէկ բանաձեւ՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտութեան վերաբերեալ» (11)։ Այս բանաձեւում, ի շարս արդէն իսկ նախադէպային որակումների, Եւրոպական խորհրդարանն ընդգծեց հետեւեալը. «Անկախացումից ի վեր Հայաստանն իրական ջանքեր է գործադրել սահմանադրական պետութիւն կառուցելու ուղղութեամբ՝ հիմնուած ժողովրդավարական ինստիտուտների (հաստատութիւններու, կառոյցներու), հիմնարար ազատութիւնների եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան վրայ, եւ ձեռնարկել է տնտեսական բարեփոխումներ՝ բնակչութեան համար առաւել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով, մինչդեռ հակամարտութեան ազդեցութեամբ այդ ջանքերը սպառնալիքի տակ են»։
Այսպիսով, հերթական անգամ ԵՄ խորհրդարանը մատնանշում է Հայաստանում կատարուող իրադարձութիւնների ժողովրդավարական բնոյթը՝ անցկացնելով քաղաքակրթական զուգահեռներ։
Պայմանաւորուած ԵԱՀԽ շրջանակներում 1992 թ. մեկնարկած բանակցային գործընթացի տրամաբանութեամբ՝ Մինսկի խմբի համանախագահութեան բացառիկ մանդատով (յանձնարարութեամբ) ու համանախագահութեան ձեւաչափով, ինչպէս նաեւ հրադադարի հաստատմամբ, Եւրոպական խորհրդարանի կողմից ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ բանաձեւերի ընդունման դինամիկան (ուժաբանութիւնը) կտրուկ փոփոխուեց։
Դրանից յետոյ Եւրոպական խորհրդարանը ղարաբաղեան հակամարտութեանն ուղղակի եւ խիստ ուշագրաւ անդրադարձ կատարեց 1999 թ. Մարտի 11ի «Կովկասում խաղաղ գործընթացներին աջակցելու վերաբերեալ» (12) պատմական բանաձեւով, որով ԵԽն հաշուի է առնում Լեռնային Ղարաբաղի անկախութեան հռչակման հանգամանքը եւ արձանագրում է. «Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախութիւնը` հետեւելով միութենական հանրապետութիւնների համանման յայտարարութիւնների ընդունմանը»։ Նոյն բանաձեւի մէկ այլ կէտով Եւրոպայի խորհրդարանը նկատում է. «Ժողովրդավարութեան ամրապնդումը եւ մարդու իրաւունքները յարգելը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման նախադրեալներ են»։
Այս բանաձեւի ընդունումը խիստ կարեւոր է երկու հարթութեան մէջ: Նախ՝ ԵԽն, ըստ էութեան, Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը դիտում է ԽՍՀՄ ներքին օրէնսդրութեան եւ միջազգային իրաւունքի շրջանակներում, երկրորդ՝ կոնֆլիկտի (հակամարտութեան) հանգուցալուծման հարցում կարեւորում է ժողովրդավարական զարգացումները։ Վերջինս կարող է քննարկման նիւթ լինել նաեւ Հայաստան-ԵՄ երկկողմ յարաբերութիւններում այն իմաստով, որ ԵՄն անկախ դերակատարում ունենայ Լեռնային Ղարաբաղի տարածքում ժողովրդավարական ինստիտուտների եւ կարգերի զարգացման գործում, մի բան, ինչին Արցախը տարիներ շարունակ պաշտօնապէս պատրաստ էր, իսկ ԵՄն, պայմանաւորուած Ադրբեջանական ճնշմամբ, պատրաստ չէ։
Այս բանաձեւից յետոյ Եւրոպական խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանն սկսեց անդրադառնալ որոշակի գործողութիւնների, իրեն վերապահուած փաստաթղթերի քննարկման, փոփոխման կամ ընդունման համատեքստում։
Այսպիսով, ակնյայտ է, որ 1988-2020 թթ.Եւրոպական խորհրդարանի քաղաքական դիրքորոշումը Ղարաբաղեան հիմնախնդրում առաւելապէս համընկել է հայկական պետութիւնների դիրքորոշումներին, խորհրդարանը օբիեկտիւ է գնահատել Արցախում ստեղծուած իրավիճակն ու յընթացս զարգացումները։
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ (2020-2024 թթ.)
2020 թուականի Սեպտեմբերին Արցախի Հանրապետութեան շուրջ սանձազերծուած եւ պատերազմական յանցագործութիւններով ուղեկցուած ագրեսիայից (յարձակումէն) յետոյ յիշատակման են արժանի Եւրոպական խորհրդարանի կողմից ընդունուած, ղարաբաղեան հակամարտութեանն ուղղակիօրէն վերաբերող մի շարք փաստաթղթեր։ Մասնաւորապէս, ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգային քաղաքականութեան կատարողականի 2021 թ. ամէնամեայ զեկոյցում Խորհրդարանը նկատում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է ղարաբաղեան հակամարտութեան լուծման գործում միջազգային մանդատ ունեցող միակ կառոյցը։ Այս փաստաթղթով, ի հակադրումն պաշտօնական Պաքուի դիրքորոշման, ԵՄ Խորհրդարանը ղարաբաղեան հակամարտութիւնը համարում է չլուծուած, իսկ իբրեւ լուծման ճանապարհ առաջարկում է հիմնարար երեք սկզբունքների կիրառումը (1)։ Նոյն փաստաթղթի կատարողականի վերաբերեալ 2022 թ. Զեկոյցը (2), որն ընդունուել է 2023 թ. Յունուարին, նոյնպէս վերահաստատում է ղարաբաղեան հակամարտութեան լուծման վերաբերեալ Խորհրդարանի դիրքորոշումը՝ հիմնուած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկուած սկզբունքների վրայ: Միաժամանակ, պայմանաւորուած ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանական ագրեսիայով, այդ զեկոյցը պաշտօնական Պաքուի նկատմամբ պարունակում է աւելի կոշտ ու հասցէական դիրքորոշում։
Եւրոպական խորհրդարանը տարբեր ձեւաչափերով անդրադարձել է նաեւ հայ ռազմագերիների խնդրին: 2021 թ. Մարտի 20ին ընդունուած բանաձեւով Խորհրդարանն Ադրբեջանից պահանջում է հայ ռազմագերիների անյապաղ եւ անվերապահ ազատ արձակում, բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց իրաւունքների պաշտպանութիւն (3)։
2021 թ. Մայիսի 19ին Եւրոպական խորհրդարանը ԵՄ յանձնաժողովի՝ Թուրքիային վերաբերող զեկոյցի վերաբերեալ բանաձեւ է ընդունում, որտեղ մտահոգութիւն է յայտնում Թուրքիայի կողմից Սիրիայում եւ Լիպիայում տեղակայուած ճիհատիստ վարձկաններին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու առթիւ՝ քննադատելով այդ քայլը (4)։
Եւրոպական խորհրդարանը բաւական խիստ անդրադարձ է կատարել Արցախում հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման եւ պատկանելիութեան նենգափոխման խնդրին։ 2022 թ. Մարտի 10ին Խորհրդարանն ընդունել է «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգութեան ոչնչացում» անուանումով բանաձեւ (5)։ Մանրամասն անդրադառնալով խնդրի էութեանը՝ Խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում քննադատել է Արցախում հայկական պատմամշակութային ժառանգութեան դէմ Ադրբեջանի ագրեսիւ (յարձակողապաշտ) քաղաքականութիւնը։ Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ժառանգութեան ոչնչացումը դիտարկւում է որպէս այդ երկրում պետական մակարդակով տարուող, համակարգուած հայատեաց քաղաքականութեան բաղկացուցիչ մաս։ Եւրախորհրդարանի ընդունած բանաձեւում առաջին անգամ օգտագործւում է «արմէնոֆոպիա» (հայատեացութիւն) եզրոյթը։ Շեշտւում է, որ մշակութային ժառանգութեան ոչնչացումից բացի, Ադրբեջանում հայատեացութեան պետական քաղաքականութեան դրսեւորումներից են նաեւ պատմութեան սրբագրումը, հայերի նկատմամբ բռնութեան փառաբանումը, Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ տարածքային պահանջները, ինչը վտանգում է խաղաղութիւնը եւ խաթարում անվտանգութիւնը Հարաւային Կովկասում։
Եւրախորհրդարանը քննադատում է Ադրբեջանի ծաւալապաշտական, ռազմատենչ քաղաքականութիւնը եւ կոչ է անում Ադրբեջանին հրաժարուելու առաւելապաշտական նկրտումներից։ Բանաձեւում նաեւ շեշտւում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը դեռեւս կարգաւորուած չէ, եւ որ այն պէտք է յստակեցուի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Եւրախորհրդարանն Ադրբեջանից պահանջում է նաեւ անյապաղ թոյլ տալ ԵՈՒՆԵՍԿՕին իրականացնելու իր առաքելութիւնը տեղում՝ խորհրդակցելով նաեւ հայ մասնագէտների հետ, եւ առաջարկում է փաստերն արձանագրելու համար օգտագործել Եւրամիութեան արբանեակային հնարաւորութիւնները։ Նշւում է, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգութեան հետքերի վերացումը տեղի է ունենում ոչ միայն կոթողները ոչնչացնելով եւ վնասելով, այլեւ պատմութիւնը կեղծելով եւ դրանք որպէս Կովկասեան Ալպանիայի ժառանգութիւն ներկայացնելով։ Այս համատեքստում նշւում է Ադրբեջանի մշակոյթի նախարարութեան կողմից սոյն տարուայ Փետրուարին աշխատանքային խմբի ստեղծման մասին, որի նպատակը պատմութեան սրբագրումն է (6)։
Եւրոպական խորհրդարանը ղարաբաղեան հակամարտութեանն անդրադարձել է նաեւ 2023 թ. Յունուարի 19ին՝ ընդունելով «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» (7) բանաձեւը, որով դատապարտել է Լաչինի միջանցքը փակելու եւ Լեռնային Ղարաբաղը շրջափակման ենթարկելու ադրբեջանական քաղաքականութիւնը։
Եւրոպական Խորհրդարանի լիագումար նիստում 2023 թ. Մարտի 15ին ընդունուել են ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան յարաբերութիւնների վերաբերեալ 2021-2022 թթ. Զեկոյցները (8), որոնք անդրադառնում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ԵՄ յարաբերութիւնների առանցքային կէտերին, Արցախի հակամարտութեանը եւ Եւրամիութեան դերին՝ տարածաշրջանում կայունութիւն ու խաղաղութիւն հաստատելու գործում:
Այս երկու զեկոյցները վերահաստատում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համապարփակ պայմանագիրը պէտք է երաշխաւորի Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականութիւնը, Արցախում բնակուող հայ բնակչութեան իրաւունքներն ու անվտանգութիւնը։ Եւրախորհրդարանն ընդգծում է, որ ղարաբաղեան հակամարտութիւնը պահանջում է միջազգային իրաւունքին համապատասխան համապարփակ քաղաքական կարգաւորում` հիմնուած ՄԱԿի կանոնադրութեամբ եւ 1975 թ. ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտով (որոշումով) ամրագրուած սկզբունքների (մասնաւորապէս՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականութիւն, ինքնորոշման իրաւունք), ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թ. հրապարակուած բանակցային հիմնարար սկզբունքների վրայ։

Երկու զեկոյցներում էլ Եւրախորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի ռազմական ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք։ ԵՄ-Ադրբեջան զեկոյցում նշւում է բազմաթիւ հայ ռազմագերիների նկատմամբ ֆիզիքական բռնութեան, ադրբեջանական ուժերի կողմից հայ խաղաղ բնակիչներին նուաստացնելու եւ խոշտանգումների ենթարկելու մասին:
Եւրախորհրդարանի` Հայաստանի մասին զեկոյցում նշւում է, որ ղարաբաղեան հակամարտութեան բուն պատճառը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կարգավիճակի եւ բնակչութեան անվտանգութեան չլուծուած խնդիրն է։
Եւրախորհրդարանն ընդգծում է Ադրբեջանի պարտաւորութիւնը Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի Փետրուարի 22ի որոշումը կատարելու վերաբերեալ: Այդ որոշմամբ Ադրբեջանից պահանջւում է ձեռնարկել իր տրամադրութեան տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղութիւններով մարդկանց, տրանսպորտային (փոխադրութեան) միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ Այս համատեքստում Եւրախորհրդարանը կոչ է անում ԵՄ խորհրդին պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի դէմ, եթէ Դատարանի որոշումն անյապաղ չկատարուի։
Եւրոպական խորհրդարանը 2023 թ. Հոկտեմբերի 5ին ձայների ճնշող մեծամասնութեամբ ընդունեց «Ադրբեջանի յարձակումից յետոյ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի եւ Հայաստանի դէմ շարունակուող սպառնալիքների մասին» բանաձեւը: Դրանով Խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, դժգոհութիւն յայտնում Եւրոպական խորհրդին եւ յանձնաժողովին՝ վերահաս աղէտի վերաբերեալ իր կողմից պարբերաբար հնչեցուած ահազանգերը անտեսելու վերաբերեալ, ինչպէս նաեւ կոչ է անում կասեցնելու Եւրոպական Միութեան եւ Ադրբեջանի միջեւ Էներգետիկայի (ուժանիւթի) ոլորտում ռազմավարական գործընկերութեան մասին փոխըմբռնման յուշագրի կիրարկումը (9)։
Հայկական շահերի հետաքրքրութեան տեսանկիւնից կարեւոր են նաեւ Եւրոպական խորհրդարանի կողմից 2024 թ․ Փետրուարի 28ին ընդունուած ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան իրականացման (10), ինչպէս նաեւ ԵՄ պաշտպանական եւ անվտանգութեան ընդհանուր քաղաքականութեան վերաբերեալ (11) տարեկան զեկոյցները, որոնք յիշատակման արժանի կէտեր են պարունակում Հայաստանի Հանրապետութեան դիմագրաւած մարտահրաւէրների, Արցախի խնդրի, Ադրբեջանի ագրեսիւ քաղաքականութեան եւ դրան Եւրոպական պատշաճ հակազդեցութեան անհրաժեշտութեան վերաբերեալ։
ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգութեան քաղաքականութեան իրականացման զեկոյցում, Եւրոպական խորհրդարանը խստօրէն դատապարտում է Ադրբեջանի կողմից արցախահայութեան նկատմամբ նախապէս ծրագրուած եւ չարդարացուած յարձակումը, պաշտօնական Պաքուին յորդորում է ապահովել հայ բնակչութեան ապահով վերադարձը Արցախ՝ միաժամանակ տրամադրելով իրաւունքների պաշտպանութեան ամուր երաշխիքներ։ Եւրոպական խորհրդարանը, ի թիւս այլնի, նաեւ պահանջում է Արցախում հայկական մշակութային, պատմական եւ կրօնական ժառանգութեան պաշտպանութիւն՝ համաձայն ԵՈՒՆԵՍԿՕի չափանիշներին եւ Ադրբեջանի միջազգային պարտաւորութիւններին։ Խորհրդարանը Արցախի նկատմամբ Պաքուի յարձակումը որակում է որպէս միջազգային իրաւունքի, մարդու իրաւունքների, 2020 թուականի Նոյեմբերի 9ի յայտարարութեան, ինչպէս նաեւ ԵՄ միջնորդութեամբ ընթացող բանակցութիւններում ձեռք բերուած պարտաւորութիւնների կոպիտ խախտում։
Եւրոպական խորհրդարանի լիագումար նիստը նաեւ նկատում է, որ իրավիճակի վերաբերեալ խորհրդարանի բազմաթիւ նախազգուշացումները չեն յանգեցրել Ադրբեջանի նկատմամբ ԵՄ քաղաքականութեան որեւէ փոփոխութեան։
Խորհրդարանը ԵՄ-Ադրբեջան յարաբերութիւնների խորացումը հնարաւոր է համարում միայն այդ երկրում մարդու իրաւունքների յարգման զգալի առաջընթացի պարագայում՝ օրէնքի գերակայութեան, ժողովրդավարութեան եւ հիմնարար ազատութիւնների, ներառեալ էթնիկ փոքրամասնութիւնների պաշտպանութիւնը։
Եւրախորհրդարանն այնուհետեւ Եւրոպական Միութեան գործադիր իշխանութեանը կոչ է անում անյապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ եւ կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերութեան մասին փոխըմբռնման յուշագիրը։
Ի թիւս այլնի, Եւրոպական խորհրդարանը աջակցութիւն է յայտնում Հայաստանին, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելութեանը կոչ է անում ուշադիր հետեւել տեղում զարգացող անվտանգային իրավիճակին, թափանցիկ հաշուետուութիւն տրամադրել խորհրդարանին եւ ակտիւօրէն (աշխուժօրէն) նպաստել հակամարտութեան կարգաւորման ջանքերին: Խորհրդարանը նաեւ Արտաքին գործողութիւնների Եւրոպական ծառայութեանը կոչ է անում աջակցել Հայաստանին՝ Խաղաղութեան Եւրոպական հիմնադրամի միջոցով, մասնաւորապէս՝ հիբրիդային (խառնածին) սպառնալիքների դէմ պաշտպանունակութիւնն ուժեղացնելու նպատակով:
ԵՄ պաշտպանական եւ անվտանգութեան ընդհանուր քաղաքականութեան վերաբերեալ զեկոյցը նաեւ պարունակում է դրոյթներ, որոնք համընկնում են միւս զեկոյցի դրոյթների հետ: Բացի դրանցից, այս զեկոյցով Խորհրդարանը ԵՄ խորհրդին կոչ է անում պատրաստ լինել նպատակային եւ անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դէմ, ներառեալ, բայց չսահմանափակուելով նախագահ Ալիեւի քաղաքական եւ ռազմական շրջապատով, ինչպէս նաեւ ցանկացած դէպքում բացառել Ադրբեջանից նաւթի եւ կազի ներկրումը (12):
Օրեր առաջ, 2024 թ. Մարտի 13ին, Եւրոպական խորհրդարանն ծաւալուն անդրադարձ կատարեց Հայաստանին՝ ընդունելով թերեւս աննախադէպ բովանդակութեամբ մի բանաձեւ (13)՝ «Եւրոպական Միութեան եւ Հայաստանի միջեւ կապերի սերտացման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի անհրաժեշտութեան մասին» վերտառութեամբ։
Ի թիւս այլ դրոյթների, Եւրոպական խորհրդարանն առաջին անգամ առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցութեան թեկնածուի կարգավիճակի տրամադրումը՝ պայմանով, որ Հայաստանը շահագրգռուած է եւ համապատասխանում է «Կոպենհագենեան չափանիշներին»։ Խորհրդարանն Ադրբեջանին նախազգուշացնում է Հայաստանի նկատմամբ ցանկացած հնարաւոր ռազմական արկածախնդրութեան դէպքում որոշակի քայլերի վերաբերեալ, ինչպէս նաեւ ընդգծում է, որ Նախիջեւանի եւ Ադրբեջանի հիմնական մասի հետ կապի ապահովման խնդիրը պէտք է լուծուի Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան նկատմամբ լիակատար յարգանքի պայմաններում։
Եւրոպական Խորհրդարանն Ադրբեջանին կոչ է անում համապարփակ եւ թափանցիկ երկխօսութեան մէջ ներգրաւուել Արցախի հայութեան հետ՝ ապահովելու նրանց իրաւունքների իրացումն ու երաշխաւորելու նրանց անվտանգութիւնը, ներառեալ միջազգային ներկայութեան պարագայում արժանապատիւ եւ ապահով վերադարձի իրաւունքը։ Խորհրդարանն մի անգամ եւս ընդգծում է ԵՄի կողմից Ադրբեջանի նկատմամբ ինչպէս համընդհանուր, այնպէս էլ անհատական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտութիւնը այն սուբիեկտների (ենթականերու) նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանութեանը, անկախութեանը եւ տարածքային ամբողջականութեանը։ Մէկ այլ կարեւոր դրուագում Եւրոպական խորհրդարանն ընդունում է անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտում ԵՄի եւ Հայաստանի համագործակցութեան ամրապնդման հրատապ անհրաժեշտութիւնը։
Կարելի է պնդել, որ այս բանաձեւն իր բնոյթով որոշակիօրէն տարբեր է նախորդ բանաձեւերից նաեւ իր հակառուսական ընդգծուած ուղղուածութեամբ։ Այստեղ պէտք է նկատել, որ Եւրոպական խորհրդարանում կան իրապէս Հայաստանի ու հայութեան նկատմամբ բարեկամաբար տրամադրուած գործիչներ, կան նաեւ այնպիսիները, որոնք ցանկանում են Հայաստանի շուրջ ստեղծուած անվտանգային իրավիճակն ու հայ հասարակութեան յոյզերն օգտագործել Հայաստանի միջոցով Ռուսաստանին յաւելեալ հարուած հասցնելու նպատակով։ Այդ շրջանակների առաջնային նպատակը ոչ թէ հայ-եւրոպական յարաբերութիւնների զարգացումն ու Հայաստանի անվտանգութեան բարձրացումն է, այլ Ռուսաստանին յաւելեալ հարուածներ հասցնելը։ Ուստի հայ քաղաքական միտքը եւրոպական ուղղութեան վրայ այս նրբութիւնը հաշուի առնելու խնդիր ունի՝ մի կողմից ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների բնականոն զարգացումն ապահովելու եւ Հայաստանի շուրջ օբիեկտիւօրէն ձեւաւորուած դրական մօտեցումները կապիտալիզացնելու (դրամագլուխի վերածելու), միւս կողմից՝ հակառուսական գործիք չդառնալու համար։
Այսպիսով, փորձեցինք ամփոփել Եւրոպական Խորհրդարանի քաղաքական վարքը ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ։ Ցաւօք, անցնող աւելի քան երեք տասնամեակների ընթացքում Խորհրդարանի դիրքորոշումը ԵՄ իշխանութեան գործադիր մարմինների համար ուղենշային նշանակութիւն առաւելաբար չունեցան, սակայն դրանց վերլուծութիւնը կարեւոր է ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների պոտենցիալը (կարողականութիւնը) գնահատելու տեսանկիւնից։ Ամէն դէպքում Խորհրդարանը Եւրոպական Միութեան ամենաներկայացուցչական քաղաքական մարմինն է, որի տեսակէտները հնարաւոր է շրջանցել, բայց ընդհանրապէս հաշուի չառնելը, այն էլ երկարաժամկէտ կտրուածքում, հաւանական չէ։ Ամէն դէպքում ՀՀ-ԵՄ յարաբերութիւնները ինչպէս անցած երեսուն տարիներին, այնպէս էլ այժմ առաջանցիկ զարգացում են գրանցում եւ դա նպատակայարմար է դիտարկել արդէն իսկ ԵՄ գործադիր իշխանութեան տիրոյթում գտնուող տարբեր քաղաքական առաջնահերթութիւնների համատեքստում Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացման գործընթացում՝ առանձնացնելով Արցախեան հակամարտութեան շուրջ ԵՄ գործադիր իշխանութեան քաղաքական վարքի էւոլիուցիան (եղափոխութիւնը)։

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
ԵՄ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԱՌՆՉՈՒԹԻՒՆԸ ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՆ
Ինչպէս նախորդիւ էինք նկատել՝ ցաւօք, անցնող աւելի քան երեք տասնամեակների ընթացքում Խորհրդարանի դիրքորոշումը ԵՄ իշխանութեան գործադիր մարմինների համար ուղենշային նշանակութիւն առաւելաբար չունեցաւ։ Այնուամենայնիւ, ՀՀ-ԵՄ յարաբերութիւնները շարունակում են զարգանալ։ Այդ յարաբերութիւնների էութիւնը եւ դրանցում ղարաբաղեան հակամարտութեան ազդեցութիւնը հասկանալու համար, անհրաժեշտ ենք համարում սոյն յօդուածաշարի այս վերջին մասով անդրադառնալ ՀՀ-ԵՄ յարաբերութիւններին՝ ԵՄ գործադիր իշխանութեան քաղաքական առաջնահերթութիւնների ու ծրագրերի իրականացման շրջանակում։ Միջանկեալ նշենք, որ Եւրոպական Միութեան գործադիր իշխանութիւնը կազմում են Եւրոպական խորհուրդը, Եւրոպայի խորհուրդը եւ Եւրոպական յանձնաժողովը։
ԵՒՐՈՊԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՔԸ ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետութեան եւ Եւրոպական Միութեան յարաբերութիւնները ինստիտուցիոնալ (կառուցային) հենքի վրայ դրուեցին 1996 թուականից, երբ ՀՀ եւ ԵՄ միջեւ ստորագրուեց եւ 1999ից ուժի մէջ մտաւ «Գործընկերութեան եւ համագործակցութեան մասին» համաձայնագիրը: Դրանից յետոյ, հիմնական քաղաքական դիրքորոշումները ձեւաւորւում, իսկ բովանդակային բանակցութիւններն իրականացւում էին հէնց ԵՄ յանձնաժողովի կողմից։
Մինչեւ վերջերս ՀՀ-ԵՄ յարաբերութիւնները տեղաւորւում էին եւ մասամբ՝ տեղաւորւում են ԵՄ հարեւանութեան քաղաքականութեան եւ Արեւելեան գործընկերութեան (ԱԳ) շրջանակներում։ Ուստի ղարաբաղեան հակամարտութեանը ԵՄ առնչութիւնը ստորեւ կը վերլուծենք ԱԳ, ինչպէս նաեւ 2017 թուականի Նոյեմբերին ստորագրուած եւ արդէն ուժի մէջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնուած համագործակցութեան համաձայնագրի շրջանակներում։
Ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել Արեւելեան գործընկերութեան վեց գագաթնաժողով, որոնց հռչակագրերի վերլուծութիւնները կարեւոր են հասկանալու ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ ԵՄ դիրքորոշումներն ու դրանց փոփոխութիւնները։
Այսպէս, Արեւելեան գործընկերութեան՝ Պրահայի 2009 թուականի Մայիսի 7ի (1) եւ Վարշաւայի 2011 թուականի Սեպտեմբերի 30-ի (2) գագաթնաժողովները ղարաբաղեան հակամարտութեանն անուանական անդրադարձ չեն կատարում։ Պրահայի գագաթնաժողովն ընդհանրական առումով ընդամէնը նկատում է, որ «հակամարտութիւնները խոչընդոտում են համագործակցութիւնը, ուստի Պրահայի գագաթնաժողովի մասնակիցները շեշտում են հակամարտութիւնների կարգաւորման անհրաժեշտութիւնը՝ միջազգային իրաւունքի նորմերի եւ սկզբունքների, ինչպէս նաեւ այդ շրջանակներում ընդունուած միջազգային փաստաթղթերի ու քննարկումների հիման վրայ»: Վարշաւայի գագաթնաժողովը նոյնպէս մեծ հաշուով կրկնում է Պրահայի գագաթնաժողովի տեքստը (բնագիրը)՝ նկատելով, որ «հակամարտութիւնների կարգաւորումը, լաւ եւ վստահելի հարեւանութեան ձեւաւորումը կարեւոր են տարածաշրջանում տնտեսական եւ սոցիալական (ընկերային) զարգացման եւ գործակցութեան համար»։
Այսպիսով, պարզ է, որ Եւրոպական Միութիւնը ԱԳ տարածաշրջանի հակամարտութիւններին տարբերակուած մօտեցում չէր ցուցաբերում, մինչդեռ այդ հակամարտութիւնները ծագումնաբանական առումով եւ ներկայ իրավիճակով միմիանցից բաւականաչափ տարբեր են։ Բացի այդ, ԱԳ անդամ երկրները, իւրաքանչիւրն իր շահից ելնելով, պէտք է առաւել բարենպաստ ձեւակերպումներ պահանջէին։ Խօսքն առաջին հերթին Վրաստանի եւ Ուքրանիայի մասին է։ Հետեւաբար, Եւրոպական Միութիւնը չէր կարող հակամարտութիւններին անդրադառնալ համահարթեցման սկզբունքով՝ առանց տարբերակուած մօտեցման, պարզ ասած՝ ԵՄն չէր կարող ԱԳ ամբողջ տարածաշրջանի հակամարտութիւնների լուծման բանաձեւ տեսնել, օրինակ, տարածքային ամբողջականութեան սկզբունքը։
Բացի այդ, Վարշաւայի գագաթնաժողովից յետոյ սկիզբ առած քաղաքական զարգացումները յանգեցրին Վիլնիւսի 2013 թուականի Նոյեմբերի 28–29ի գագաթնաժողովի անարդիւնաւէտութեանը, երբ ԱԳ տարածաշրջանի երկրներում լարւում էին աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանաւորուած քաղաքական գործընթացները, իսկ Հայաստանն առհասարակ հրաժարուեց ասոցացման (ընկերակցման) համաձայնագրի նախաստորագրումից։ Խնդիրը կրկին ԵՄ կողմից տարբերակուած մօտեցման բացակայութիւնն էր ոչ միայն հակամարտութիւնների համատեքստում, այլեւ առհասարակ երկրների հետ համագործակցութեան առումով։ ԱԳ անդամ որոշ երկրներ եւ յատկապէս Հայաստանը պահանջում էին, որ Հայաստանի Եւրոպական ինտեգրումը (համարկումը) չհակադրուի Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններին, եւ մի կողմի հետ յարաբերութիւնները չլինեն ի հաշիւ միւսի։ Վիլնիւսի գագաթնաժողովում Հայաստանը հրաժարուեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց, ինչպէս նաեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը՝ առաջարկելով ստորագրել ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը միայն, ինչը ԵՄն մերժեց։ Այնուամենայնիւ, Վիլնիւսի գագաթնաժողովը որոշիչ էր Արեւելեան գործընկերութեան փիլիսոփայութեան փոփոխութեան մեկնարկի առումով, քանի որ առհասարակ վտանգուած էր արեւելեան ուղղութեամբ ԵՄ հարեւանութեան քաղաքականութեան ապագան։ Հետեւաբար, վիլնիւսեան գագաթնաժողովը որոշակիօրէն ազդուեց առկայ քաղաքական գործընթացներից եւ իր հռչակագրում, թէեւ ոչ հիմնաւոր, բայց ընդգծեց տարբերակուած քաղաքականութեան կարեւորութիւնը, ինչն իր հերթին «հնարաւորութիւն կ՛ընձեռի առանձին գործընկերներին՝ առաւել լաւ գնահատելու իրենց ձգտումներն ու կարիքները» (3)։
Վիլնիւսի գագաթնաժողովն առաջինն էր, որ անուանական անդրադարձաւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը՝ ընդամէնը կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։
Եւրոպական հարեւանութեան քաղաքականութիւնը եւ Արեւելեան գործընկերութիւնը էական վերաձեւումների ենթարկուեցին 2014 թ. համաեւրոպական ընտրութիւններից յետոյ։ Նոր ձեւաւորուած Եւրոպական յանձնաժողովն ընդունեց ճգնաժամի հասած Արեւելեան գործընկերութեան քաղաքականութեան սխալները եւ սկսեց ԱԳ նոր ճարտարապետութիւնը։ 2015 թուականի Մարտի 4ին, Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան վերանայումները ներկայացնելիս, անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան հարցերով ԵՄ բարձր յանձնակատար Ֆ. Մոգերինին ասաց. «Մեզ անհրաժեշտ է վերանայել մեր քաղաքականութիւնը, մեր աշխատաոճը եւ գործընկերութիւնը տարածաշրջանի երկրների հետ, քանի որ պէտք է դատապարտող մօտեցումը փոխարինել քաղաքական երկխօսութեամբ, աւելի գործընկերային բնոյթ տալ դրան՝ հաւասարը հաւասարի հետ սկզբունքով» (4): Նոյն հանդիպման ընթացքում Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան եւ ընդլայնման հարցերի յանձնակատար Եոհանս Հանը նշեց. «Պէտք է աւելին անենք ճանաչելու համար մեր գործընկերների խիստ տարբերակուածութիւնը։ Ոմանք ուզում են աւելի սերտ ինտեգրուել մեզ, ուստի մենք պէտք է մտածենք, թէ հետագայ ինչ քայլեր են հնարաւոր: Ոմանք ուզում են տարաբնոյթ յարաբերութիւններ ունենալ մեզ հետ. այս դէպքում էլ պէտք է որոշենք, թէ ինչպէս կարող ենք օպտիմալ (առաւել գոհացուցիչ) յարաբերութիւններ հաստատել, հնարաւոր է՝ նոր ձեւաչափերով»։ Հանն ընդգծեց նաեւ, որ ասոցացման համաձայնագիրը չստորագրած երկրների հետ յարաբերութիւնների նկատմամբ հետեւողական լինելու եւ նրանց համար համագործակցութեան նոր ոլորտներ ապահովելու անհրաժեշտութիւն կայ։
Այս յայտարարութիւններին յաջորդեց Արեւելեան գործընկերութեան Ռիգայի գագաթնաժողովը՝ 2015 թ. Մայիսի 21–22ին: Արդէն ակնյայտ դարձաւ գործընկերների հետ ԵՄ յարաբերութիւնների տարբերակուած մօտեցումը: Գագաթնաժողովի յայտարարութեան մէջ ասւում է. «Եւրոպական հարեւանութեան եւ Արեւելեան գործընկերութեան շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները վերահաստատում են գործընկերներից իւրաքանչիւրի ինքնիշխան իրաւունքը՝ ազատօրէն ընտրելու յաւակնութիւնների մակարդակը եւ նպատակները, որոնց նա ձգտում է ԵՄի հետ յարաբերութիւններում։ ԵՄն եւ նրա ինքնիշխան գործընկերները պէտք է որոշեն, թէ ինչպէս են ցանկանում շարունակել իրենց յարաբերութիւնները»(5)։
Նոր՝ տարբերակուած քաղաքականութիւնն արտացոլուեց նաեւ հակամարտութիւններին վերաբերող ձեւակերպումներում։ Ռիգայի գագաթնաժողովից յետոյ Եւրոպական Միութիւնն ընդունեց Արեւելեան գործընկերութեան տարածքում առկայ հակամարտութիւնների ծագումնաբանական տարբերութիւնը։ Հայաստանին յաջողուեց ղարաբաղեան հակամարտութիւնը դուրս բերել այն հակամարտութիւնների շրջանակից, որոնք Եւրոպական Միութիւնը դիտում է որպէս ռուսական գործունէութեան արդիւնք։
Հայաստան-Եւրոպական Միութիւն յարաբերութիւններում ղարաբաղեան հիմնախնդրի ազդեցութիւնը հասկանալու առումով Ռիգայի գագաթնաժողովի յայտարարութիւնը չափազանց կարեւոր է։ Ռիգայի գագաթնաժողովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտութեանը, ընդգծեց Մինսկի խմբի համանախագահների՝ ներառեալ համանախագահ երկրների նախագահների լիարժէք աջակցութիւնը միջնորդական ջանքերին եւ նրանց յայտարարութիւններին՝ 2009 թուականից ի վեր:
Ուստի կարող ենք փաստել, որ Արեւելեան գործընկերութեան նոր ճարտարապետութեան համար կենսական նշանակութիւն ունեցող Ռիգայի գագաթնաժողովը լիովին սատարելու պատրաստակամութիւն յայտնեց մինսկեան բանակցային գործընթացին եւ համանախագահ երկրների ղեկավարների յայտարարութիւններին, որոնք ժողովուրդների ինքնորոշման եւ իրաւահաւասարութեան իրաւունքն ամրագրում են որպէս հակամարտութեան կարգաւորման սկզբունք։
Արեւելեան գործընկերութեան 6րդ գագաթնաժողովը գումարուեց Բրուսէլում 2021 թ. Դեկտեմբերի 15ին։ Գագաթնաժողովի յայտարարութեան տեքստը նախորդների նման հակամարտութիւններին տարբերակուած անդրադարձ չէր կատարում, այլ ընդհանրական ձեւակերպումներով անդրադառնում էր Արեւելեան գործընկերութեան տարածքի հակամարտութիւններին՝ նշելով, որ դրանք պէտք է կարգաւորուեն միջազգային իրաւունքի սկզբունքների եւ նորմերի հիման վրայ (6)։
Վերափոխուած Եւրոպական հարեւանութեան քաղաքականութիւնն ու Արեւելեան գործընկերութիւնը նախ արտացոլուեցին Հայաստան-Եւրոպական Միութիւն յարաբերութիւններում։ ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների համար հիմնադրութային նշանակութեան նոր՝ «Համապարփակ եւ ընդլայնուած համագործակցութեան համաձայնագիրը», որը նախաստորագրուեց 2017 թուականի Նոյեմբերի 27ին, Արեւելեան գործընկերութեան 5րդ գագաթնաժողովի ընթացքում։ Համաձայնագիրը, ըստ էութեան, կրկնում էր ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի նախագծի քաղաքական մասը, իսկ տնտեսական մասը համաձայնեցուած էր Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցութեան պահանջներին։
Առանձնացնենք համաձայնագրի որոշ կարեւոր դրոյթներ եւ փորձենք քննարկել դրանց կարեւորութիւնը:
1. Համաձայնագրում յստակ նշուած է բանակցային գործընթացի ձեւաչափը՝ ի դէմս ԵԱՀԿ Մինսկի խմբի։
2. Համաձայնագրում նշւում է հակամարտութեան կարգաւորման անհրաժեշտութիւնը «ՄԱԿի կանոնադրութեան մէջ եւ ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրուած նպատակների եւ սկզբունքների հիման վրայ»։ Այստեղ շատ կարեւոր է «նպատակներ եւ սկզբունքներ» ձեւակերպումը։ Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում յատուկ անդրադարձ կատարել տարածքային ամբողջականութեան սկզբունքի եւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի յարաբերակցութիւնը։ Բանն այն է ՄԱԿը, իր կանոնադրութեամբ, սահմանում է նպատակներ եւ այդ նպատակների կատարմանը նպաստող սկզբունքներ: Այլ խօսքով՝ մի դէպքում գործ ունենք իրաւունքի, մէկ այլ դէպքում՝ այդ իրաւունքի կենսագործումն ապահովելուն կոչուած սկզբունքի հետ։ Հետեւաբար դրանք չեն կարող հակադրուել իրար։
Ստացւում է, որ յիշեալ համաձայնագրում առկայ դրոյթները շատ կարեւոր են ղարաբաղեան հակամարտութիւնը Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան խախտման համատեքստում ներկայացնելը բացառելու, ինչպէս նաեւ այն առումով, որ տարածքային ամբողջականութեան սկզբունքը բացառապէս պետութիւնների միջեւ յարաբերութիւնների հարթութիւնում է եւ ոչ թէ ինքնորոշուող սուբիեկտ -պետութիւն յարաբերութեան:
Համաձայնագրում ամրագրուած է նաեւ ժողովուրդների ինքնորոշման եւ իրաւահաւասարութեան իրաւունքը, ինչը կրկին ամբողջապէս տեղաւորւում էր Հայաստանի պետական դիրքորոշման շրջանակներում։
3. Համաձայնագրում յստակ նշւում է «ԵԱՀԿ 2008 թուականի նախարարների խորհրդի 16րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան շրջանակներում արուած բոլոր յայտարարութիւնների» ընդունման կարեւորութիւնը։ Այսինքն, ըստ էութեան բացառւում է
նախկինում արուած միակողմանի եւ հակասական յայտարարութիւնները։

ԵՒՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ինչ վերաբերում է Եւրոպական միութեան խորհրդին՝ որպէս Եւրոպական միութեան իշխանութեան օրէնսդիր եւ գործադիր ուժեղացուած լիազօրութիւններ ունեցող ղեկավար մարմին, դրա առնչութիւնը հակամարտութեանը անհրաժեշտ ենք համարում դիտարկել երկու կարեւոր փաստաթղթի միջոցով։ Առաջինը Եւրոպական խորհրդի 2012 թուականի Փետրուարի 27ի եզրակացութիւնն է (7): «Հարաւային Կովկասի վերաբերեալ Խորհրդի եզրակացութիւնը» վերնագրուած փաստաթղթի վերջին կէտով Խորհուրդն անդրադառնում է ղարաբաղեան հակամարտութեանը: Վերահաստատելով Եւրոպական Միութեան յանձնառութիւնը` միջոցառումներ իրականացնել կողմերի միջեւ վստահութեան ամրապնդման համար՝ ԵՄն «ընդգծում է ԵՄ ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ եւ յարակից շրջաններ»։
Արդէն 2019 թուականի Մարտի 15ին Եւրոպական Միութեան խորհուրդը հրապարակում է Եւրոպական յանձնաժողովի կողմից իրեն հասցէագրուած «Եւրոպական հարեւանութեան վերանայուած քաղաքականութեան շրջանակներում ԵՄ-Ադրբեջան յարաբերութիւնների վերաբերեալ զեկոյց» փաստաթուղթը (8)։ Ղարաբաղեան հակամարտութեանն անդրադարձի հատուածում խօսւում է ինչպէս հակամարտութեան գօտում ԵՄ ներգրաւուածութեան մեծացման, կողմերի միջեւ շփումները խրախուսելու կարեւորութեան մասին, այնպէս էլ ընդգծւում է, որ «Եւրոպական Միութիւնը շարունակում է կոչ անել ԵՄ ներկայացուցիչներին` Լեռնային Ղարաբաղ անխափան մուտքի համար ներգրաւուել հակամարտութեան փոխակերպման գործընթացում՝ որպէս աջակցութիւն եւ փոխլրացում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին»:
Համաձայն Եւրոպական Միութեան արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերի բարձր ներկայացուցչի գրութեան, որն իբրեւ պատգամաւորական հարցման պատասխան ուղարկուել էր ԵԽ պատգամաւորներին, պարզւում է, որ Հարաւային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամերի հարցերով ԵՄ ներկայացուցիչը 2004 թուականին այցելել էր Արցախ (9)։
ԵՒՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Եւրոպական խորհուրդը, իբրեւ Եւրոպական Միութեան ղեկավար անձանցից բաղկացած մարմին, ղարաբաղեան հակամարտութեանը ծաւալուն անդրադարձներ, որպէս այդպիսին, չի կատարել մինչեւ 2020 թ. ադրբեջանական ագրեսիան։ Պատերազմի եւ էթնիկ զտման հետեւանքով ղարաբաղեան հիմնախնդրի շուրջ ստեղծուած բոլորովին նոր իրավիճակը, 2022 թ. Փետրուարին սկսուած ռուս-ուքրանական պատերազմը, դրանով պայմանաւորուած՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութեան գուցէ ժամանակաւոր կաշկանդումը Եւրոպական խորհրդի համար պարարտ հող էին ստեղծել ղարաբաղեան հիմնախնդրի եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների կարգաւորման գործում միջնորդական դերակատարութիւն ստանձնելու համար, ինչը ողջունել է նաեւ ԵԱՀԿ լեհական նախագահութիւնը։
Հանրագումարելով նշենք, որ ղարաբաղեան երկրորդ պատերազմից յետոյ, երբ գրեթէ ամբողջութեամբ կաշկանդուեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան գործունէութիւնը, Եւրոպական Միութեան խորհրդի նախագահ Շառլ Միշէլի նախաձեռնած եռակողմ հարթակը կարեւոր դարձաւ բանակցային գործընթացը շարունակելու առումով, որի միակ շօշափելի արդիւնքը թերեւս հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելութեան տեղակայումն էր։ Միաժամանակ անհրաժեշտ է անդրադառնալ այդ բանակցութիւնների ձախողմանը, որի պայմաններում Եւրոպական Միութեանը, ինչպէս միջազգային այլ ուժային կեդրոնների, չյաջողուեց կանխել Արցախի էթնիկ զտումը։ Հաշուի առնելով ղարաբաղեան հիմնախնդրի` միջազգային իրաւունքի համաձայն լուծուած չլինելու փաստը, անհրաժեշտ է Եւրոպական Միութեան հետ մշակել համապատասխան քաղաքական օրակարգ, որի իրականացումը կ՛ապահովի Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքի իրացումն ու արժանապատիւ կեանքի ապահովման անվտանգային երաշխիքները։ Այս առումով, հայկական կողմը, իբրեւ դաշնակից ունի Եւրոպական խորհրդարանին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափում մեկնարկած բանակցային գործընթացում ղարաբաղեան հակամարտութեանն առնչուող հիմնական փաստաթղթերում ԵՄ դիրքորոշումը գոնէ մինչեւ 2020 թ. ամբողջապէս համընկնում էր ՀՀ պաշտօնական դիրքորոշմանը, ինչը վերջնականապէս ամրագրուեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնուած համագործակցութեան համաձայնագրում։ Ինչ վերաբերում է ներեւրոպական իրականութեանը, ապա ակնյայտ է, որ Հայաստանի ու Արցախի խնդիրների վերաբերեալ 1980ականներից ցայսօր Եւրոպական խորհրդարանի քաղաքական դիրքորոշման եւ ԵՄ գործադիր իշխանութեան միջեւ կայ մօտեցումների խիստ տարբերակուածութիւն, ուստի հայաստանեան ու սփիւռքեան քաղաքական միտքը պէտք է կեդրոնանայ այս հակասութիւնը հնարաւորինս մեղմելու վրայ։
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆ՝
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
1.- European Parliament Resolution on recent events in Soviet Armenia, https://karabakhfacts.com/european-parliament-resolution-on-recent-events-in%C2%B7soviet-armenia-joint-resolution-replacing-docs-b2-39-47-and-6788/
2.- European Parliament Resolution on the situation in Soviet Armenia, http://www.nkr.am/en/documents/1988-07-07-EuroParl-Resolution-on-situation-in-Armenia
3.- European Parliament Resolution on repression in Soviet Armenia, http://karabakhfacts.com/wp-content/uploads/2013/12/c_04719890220en01210152.pdf
4.- European Parliament Resolution on the release of the members of the Karabakh Committee, 25 May 1989, https://op.europa.eu/en/publication-detail/-/publication/39d0daab-1473-459d-9e66-677284277ec6/language-en
5.- Указ Президиума Верховного Совета СССР от 12 января 1989 года․ https://rusneb.ru/catalog/000202_000006_b1d693e6-20d8-4023-9334-aedece99f415_70326/
6.- European Parliament resolution on the situation in Armenia 18.01.1990, http://www.nkr.am/sites/default/files/europarl_resolution_on_situation_in_armenia_18-01-1990.pdf, European Parliament resolution on the situation in Armenia 15.03.1990, https://karabakhfacts.com/european-parliament-resolution-on-the-situation-in-armenia-doc-b3-55690/
7.- European Parliament Resolution on the situation in Armenia and Azerbaijan, http://www.nkr.am/sites/default/files/1991_05_16_european_parliament_resolution_on_the_situation_in_armenia_and_azerbaijan.pdf
8.- European Parliament Resolution on the blockade of Armenia and the human rights situation there, http://www.nkr.am/sites/default/files/1991_03_14_europarl_resolution_on_blockade_of_armenia.pdf
9.- European Parliament Resolution on aid to Nagorno Karabakh, http://www.nkr.am/sites/default/files/ 1992_02_13_european_parliament_resolution_on_aid_to_nagorno_karabakh_b3-0155_92.pdf
10.- European Parliament Resolution on Armenia, http://www.nkr.am/sites/default/files/1993_01_21_european_parliament_resolution_on_armenia.pdf
11.- European Parliament Resolution on the conflict between Armenia and Azerbaijan, https://karabakhfacts.com/european-parliament-resolution-on-the-conflict-between-armenia-and-azerbaijan-b3-0181-0186-0188-0197-and-020494/
12.- European Parliament Resolution on support for the peace process in the Caucasus https://publications.europa.eu/en/publication-detail/-/publication/1c8edb49-c670-426d-bc4f-267f0d5509a4
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
1.- On the implementation of the common foreign and security policy – annual report 2021, https://www.europarl.europa.eu/doceo/document/A-9-2021-0354_EN.html
2.- REPORT on the implementation of the common foreign and security policy – annual report 2022, https://www.europarl.europa.eu/doceo/document/A-9-2022-0292_EN.html
3.- On prisoners of war in the aftermath of the most recent conflict between Armenia and Azerbaijan, https://www.europarl.europa.eu/doceo/document/RC-9-2021-0277_EN.html
4.- European Parliament resolution of 19 May 2021 on the 2019-2020 Commission Reports
on Turkey (2019/2176(INI)), https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2021-0243_EN.pdf
5.- Destruction of cultural heritage in Nagorno-Karabakh, https://www.europarl.europa.eu/doceo/document/ TA-9-2022-0080_EN.html
6.- «Եւրոպական խորհրդարանը խստօրէն դատապարտում է Ադրբեջանում պետական մակարդակով տարուող հայատեաց քաղաքականութիւնը», Գասպար Կարապետեան, Հայ Դատի Եւրոպայի գրասենեակ, https://eafjd.eu/hy/%D5%A5%D5%BE%D6%80%D5%B8%D5%BA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AD%D5%BD%D5%BF%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1/
7.- European Parliament Resolution on Humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh, https://www.europarl.europa.eu/doceo/document/PV-9-2023-01-18-ITM-D-002_EN.html
8.- REPORT on EU-Armenia relations, https://www.europarl.europa.eu/doceo/document/A- 9-2023-0036_EN.html, REPORT on EU-Azerbaijan relations, https://www.europarl.europa.eu/doceo/document/A-9-2023-0037_EN.html
9.- Situation in Nagorno-Karabakh after Azerbaijan’s attack and the continuing threats against Armenia, https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2023-0356_EN.html
10.- European Parliament resolution of 28 February 2024 on the implementation of the common foreign and security policy – annual report 2023, https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2024-0104_EN.html
11.- European Parliament resolution of 28 February 2024 ‘Implementation of the common security and defence policy – annual report 2023, https://www.europarl.europa.eu/doceo/document/TA-9-2024-0105_EN.html
12.- «Մենք Եւրոպական Միութիւնից ակնկալում ենք շօշափելի քայլեր»․ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակ, https://www.ancnews.info/?p=22155
13.- European Parliament resolution on closer ties between the EU and Armenia and the need for a peace agreement between Azerbaijan and Armenia, https://www.europarl.europa.eu/doceo/document/B-9-2024-0167_EN.html
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ
1.- Joint Declaration of the Prague Eastern Partnership Summit, Prague, 7 May 2009, https://www.consilium.europa.eu/media/31797/2009_eap_declaration.pdf
2.- Joint Declaration of the Eastern Partnership Summit, Warsaw, 29–30 September 2011, https://www.consilium.europa.eu/media/31798/2011_eap_warsaw_summit_declaration_en.pdf
3.- Joint Declaration of the Eastern Partnership Summit, Vilnius, 28–29 ovember 2013, https://www.consilium.europa.eu/uedocs/cms_Data/docs/pressdata/EN/foraff/139765.pdf
4.- Joint press conference by High Representative/ Vice-President Federica MOGHERINI and Commissioner Johannes HAHN on European Neighborhood Policy Review, Brussels, 04 March 2015, https://europa.eu/rapid/press-release_SPEECH-15-4553_en.htm
5.- Joint Declaration of the Eastern Partnership Summit, Riga, 21–22, May 2015, https://www.consilium.europa.eu/media/21526/riga-declaration-220515-final.pdf
6.- Joint Declaration of the Eastern Partnership Summit (Brussels, 15 December 2021), https://ec.europa.eu/neighbourhood-enlargement/news/eastern-partnership-summit-joint-declaration-2021-12-15_en
7.- Council conclusions on the South Caucasus, 3149th FOREIGN AFFAIRS Council meeting Brussels, 27 February 2012, https://www.consilium.europa.eu/uedocs/cms_data/docs/pressdata/EN/foraff/128197.pdf
8.- Report on EU – Azerbaijan relations in the framework of the revised European Neighbourhood Policy, https://eeas.europa.eu/sites/eeas/files/2019_report_on_eu-azerbaijan_relations_in_the_framework_of_the_ revised_european_neighbourhood_policy_0.pdf
9.- Answer given by Vice-President Mogherini on behalf of the Commission, 29 march 2018 http://www.europarl.europa.eu/doceo/document/E-8-2018-000464-ASW_EN.html
Գէորգ Ղուկասեան՝ Քաղաքական գիտութիւններու թեկնածու, Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագիրներու պատասխանատու
«ՀՈՐԻԶՈՆ»