
ԱՐՄԷՆ ՄԱՐՈՒՔԵԱՆ
Հայոց Ցեղասպանութեան հարցը ՄԱԿում քննարկուել է դեռեւս 1948ին, երբ ծաւալւում էր «Ցեղասպանութիւն յանցագործութեան կանխարգելման ու դրա համար պատժի մասին» կոնուենցիայի (պայմանադրութեան) ընդունման գործընթացը, որն աւարտուեց դրա ընդունմամբ: Յետագայում եւս այդ հարցը կրկին յայտնուել է տուեալ հեղինակաւոր միջկառավարական կառոյցի ուշադրութեան կենտրոնում: Թէեւ Սառը պատերազմի տարիներին ՄԱԿում ուժերի յարաբերակցութիւնն արեւմտեան երկրների օգտին էր, այդուհանդերձ, Գլխաւոր ժողովի բարձր ամբիոնից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին յայտարարութիւններ են հնչել Կիպրոսի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի կողմից: 1965ի Յունուարի 25ին եւ 27ին, ՄԱԿի Գլխաւոր ժողովի լիագումար նիստում երկու անգամ ելոյթ ունեցաւ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կիպրիանին, որը, անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի՝ կոտորածներին վերաբերող արտայայտութիւններին, նշեց, որ Թուրքիայի ներկայացուցիչը բարոյական իրաւունք չունի խօսելու կոտորածներից, քանզի հէնց տուեալ տարում ողջ աշխարհի հայութիւնը նշում է 1915ի Թուրքիայում մէկուկէս միլիոն անմեղ հայերի զանգուածային կոտորածների 50րդ տարելիցը: Ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարարը փորձեց յայտնի ցեղասպանագէտ Ա. Թոյնբիի աշխատութիւններից մէջբերումներով ժխտել հայերի կոտորածների վերաբերեալ մեղադրանքները: Յունուարի 27ի ելոյթում Կիպրոսի արտգործնախարարը քննադատեց Թուրքիայի արտգործնախարարի արտայայտութիւնը, որը հայերի ցեղասպանութիւնն անուանել էր «այսպէս կոչուած կոտորած»: Կիպրիանին թուրք գործընկերոջը խորհուրդ տուեց կարդալու Ա. Թոյնբիի բոլոր աշխատութիւնները, որոնցում նա բազմաթիւ տեղեկութիւններ կը գտնէր հայերի ջարդերի մասին եւ շատ այլ բաներ, որոնք հազիւ թէ նրան դուր գային:
ՄԱԿում Հայոց Ցեղասպանութեան շուրջ քննարկումները վերսկսուեցին 1970ականների սկզբներից, երբ ՄԱԿի Մարդու իրաւունքների յանձնաժողովի Խտրականութեան կանխարգելման եւ փոքրամասնութիւնների իրաւունքների պաշտպանութեան ենթայանձնաժողովում նախաձեռնուեցին «Ցեղասպանութիւն յանցագործութեան կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնուենցիայի բարեփոխմանն ուղղուած աշխատանքները: 1971ին ՄԱԿի Մարդու իրաւունքների յանձնաժողովը հաստատեց «Ցեղասպանութիւն յանցագործութեան կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿի կոնուենցիան բարեփոխելու նպատակով հետազօտութիւն կատարելու եւ զեկոյց ներկայացնելու առաջարկը: Ենթայանձնաժողովը նշանակում է տուեալ հարցով յատուկ զեկուցողի՝ Ռուանդայի ներկայացուցիչ Նիկոդեմ Ռուհաշիանկիկոյին: 1972ին, երբ նա առաջին անգամ իր զեկոյցը ներկայացրեց ՄԱԿի Մարդու իրաւունքների յանձնաժողովի ենթայանձնաժողովի 25րդ նստաշրջանին, նրանում Հայոց Ցեղասպանութեան մասին յիշատակում չկար: Այդ մասին ՄԱԿի գլխաւոր քարտուղար Կուրտ Վալտհայմին գրած նամակում տեղեկացնում է հայ պատմաբան Զաւէն Մսրլեանը, որը նամակներ է ուղարկում նաեւ ենթայանձնաժողովի նախագահ Ջորջ Բրանտին եւ անձամբ զեկուցողին: Ենթայանձնաժողովի նախագահը պատասխանում է, որ առաջարկը հաշուի է առնուել, եւ հայերի ցեղասպանութեան փաստը ներառուել է զեկոյցում:
1973ի Սեպտեմբերի 16ին, Ժընեւում բացուած ՄԱԿի Մարդու իրաւունքների յանձնաժողովի ենթայանձնաժողովի 26րդ նստաշրջանում յատուկ զեկուցող Ն. Ռուհաշիանկիկոն ներկայացնում է իր զեկոյցի նոր տարբերակը, որի 30րդ պարբերութեան մէջ պատմական փաստերի շարքում հայերի նկատմամբ Օսմանեան կայսրութիւնում կատարուածը որակւում է որպէս «յանցագործութիւն, որը համարւում է 20րդ դարի առաջին ցեղասպանութիւնը»:
Զեկոյցն արժանացաւ բարձր գնահատականի եւ միաձայն ընդունուեց ենթայանձնաժողովի կողմից: Սահմանուած ընթացակարգի համաձայն՝ այն պէտք է քննարկուէր եւ ընդունուէր նաեւ Մարդու իրաւունքների յանձնաժողովում, որի անդամները, ի տարբերութիւն ենթայանձնաժողովի անդամների, իրենց կառավարութիւնների ներկայացուցիչներն էին, որոնք արտայայտում էին իրենց կառավարութիւնների, այլ ոչ թէ իրենց դիրքորոշումը, բայց իրաւունք չունէին վետօ կիրառելու յատուկ զեկուցողի հետազօտութեան կամ դրա առանձին դրոյթների նկատմամբ:
1974ի Մարտի 6ին, Ռուհաշիանկիկոյի զեկոյցը՝ 30րդ պարբերութեամբ հանդերձ, ներկայացւում է ՄԱԿի Մարդու իրաւունքների յանձնաժողովի 30րդ նստաշրջանին: Դրանում Հայոց Ցեղասպանութեան յիշատակումը յանգեցրեց թուրքական կողմի հուժկու հակազդեցութեանը: Թուրքիայի ներկայացուցիչ Օսման Օլչայը պահանջեց զեկոյցը վերադարձնել վերամշակման եւ նրանից հանել 30րդ պարբերութիւնը: Թուրքական կողմն իր դիրքորոշումը հիմնաւորում էր նրանով, որ հին վէրքերը փորփրելը վտանգաւոր է, ինչը կարող է ատելութիւն առաջացնել, որ պատմական իրադարձութիւնների ամբողջական պատկերի ճշգրիտ վերականգնումն անհնար է եւ այլն: Հակառակ հաստատուած կարգի, համաձայն որի՝ յատուկ զեկուցողների ուսումնասիրութիւններում ներկայացուած դրոյթները փոփոխութեան չէին կարող ենթարկուել, Թուրքիայի ներկայացուցիչը պահանջեց զեկոյցից հանել նաեւ 28րդ եւ 29րդ պարբերութիւնները, որոնք վերաբերում էին կրօնական հիմքով ցեղասպանութիւններին: Թուրքիայի այս պահանջին միացան Ամերիկայի, Պակիստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Աւստրիայի, Իրաքի, Իրանի, Հնդկաստանի, Ռումինիայի, Էկուադորի եւ Նիգերիայի պատուիրակները, իսկ ԽՍՀՄի, Խորհրդային Բելառուսի եւ Մեծ Բրիտանիայի պատուիրակները պահանջեցին դռնփակ նիստ հրաւիրել: Ի վերջոյ թուրքերը Ամերիկայի աջակցութեամբ եւ ԽՍՀՄ ներկայացուցչի լուռ համաձայնութեամբ կարողացան հասնել նրան, որ զեկոյցը վերադարձուեց վերամշակման, ինչն առաջին հերթին ենթադրում էր 30րդ պարբերութեան վերացումը:
ՄԱԿի Մարդու իրաւունքների վարչութեան տնօրէն հոլանդացի Թէo վան Բովենը, որն անձամբ մասնակցել է բոլոր քննարկումներին սկզբում որպէս ենթայանձնաժողովում Նիդերլանդների ներկայացուցիչ, այնուհետեւ՝ որպէս դրա անդամ, մեկնաբանելով այդ զարգացումները, ափսոսանք յայտնեց, որ թուրքական պետութիւնն իր արատաւոր շահերը պաշտպանելու նպատակով իսկական դիւանագիտական արշաւ սկսեց 1974ի ՄԱԿի Մարդու իրաւունքների յանձնաժողովի նստաշրջանից առաջ, ինչը հայ ժողովրդի պատմական ճակատագրի նենգափոխման պատճառ դարձաւ:
Յատուկ զեկուցողի հետազօտութեան մէջ հայերի ցեղասպանութեան՝ իբրեւ տուեալ յանցագործութեան բոլոր յաջորդ դէպքերի համար նախադէպի յիշատակումը, որը ցեղասպանութեան մասին կոնուենցիայի կատարելագործման հիմք էր, խուճապ առաջացրեց ոչ միայն Թուրքիայի, այլեւ ՆԱՏՕի նրա դաշնակիցների եւ նոյնիսկ հակառակ ճամբարի առաջատար ԽՍՀՄի մօտ, որոնք, մոռանալով միմեանց միջեւ եղած լուրջ հակասութիւնները, միաւորւում են այդ յիշատակումը չէզոքացնելու համար: Ամերիկայի ու նրա դաշնակիցների դիրքորոշումը հիմնաւորւում էր նրանով, որ Թուրքիան Ամերիկայից յետոյ թուաքանակով երկրորդ բանակն ունէր ՆԱՏՕում, վերահսկում էր խորհրդային նաւատորմի ելքը Միջերկրական ծով, Ամերիկայի ռազմավարական յենարանն էր ԽՍՀՄի հետ սահմանին, նրա տարածքում էր տեղակայուած ամերիկեան ռազմաօդային ուժերի ամենամեծ ռազմակայանը, որտեղից իրականացւում էր նաեւ խորհրդային ռազմավարական միջուկային ուժերի հետախուզութիւնը, եւ այնտեղից էր ստացւում այդ հետախուզութեան միջոցով ձեռք բերուած տեղեկութիւնների հիմնական մասը: Այդ էր պատճառը, որ Ամերիկայի ներկայացուցիչն անգամ կասկածի տակ էր առնում հայերի ցեղասպանութեան փաստը:
Եթէ Ամերիկայի եւ ՆԱՏՕի երկրների շարժառիթներն ու փաստարկները Սառը պատերազմի պայմաններում ինչ-որ չափով կարելի էր հասկանալ, քանզի նրանք փորձում էին այդ կերպ պաշտպանել իրենց ռազմավարական դաշնակցին, ապա ԽՍՀՄ դիրքորոշումն առաջին հայեացքից կարող է տարօրինակ թուալ, սակայն այն եւս ունէր իր բացատրութիւնը: Այդ կերպ ԽՍՀՄն նպատակ էր հետապնդում թոյլ չտալու պետութիւնների պատասխանատուութեան սկզբունքի ամրագրումը միջազգային իրաւունքում, ինչը կարող էր ծանր հետեւանքներ ունենալ նաեւ իր համար, քանզի դեռ ցեղասպանութեան մասին կոնուենցիայի քննարկման ժամանակ իր հասցէին նոյնպէս հնչում էին ցեղասպանութիւն իրականացնելու մեղադրանքներ քաղաքական այլախոհութեան հետապնդումների եւ ազգային փոքրամասնութիւնների հարցում խտրականութեան առնչութեամբ:

Հաշուի առնելով այդ հուժկու հակազդեցութիւնը՝ դէմ արտայայտուած երկրների հայկական համայնքները սկսում են աշխատանքներ տանել իրենց իշխանութիւնների դիրքորոշումների վրայ ներազդելու ուղղութեամբ: Բացի այդ՝ հայկական տարբեր համայնքներից նամակներ էին յղւում ՄԱԿի գլխաւոր քարտուղարին, որոնց կցւում էին Հայոց Ցեղասպանութիւնը հաստատող փաստագրական նիւթեր՝ պահանջելով անպայման վերականգնել զեկոյցի 30րդ պարբերութիւնը:
30րդ պարբերութեան շուրջ բանավէճը շարունակուեց 1975ի Սեպտեմբերին Ժընեւում: Այս անգամ Աւստրիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Մեքսիկայի, Նիգերիայի, Ֆրանսիայի եւ Հարաւսլաւիայի փորձագէտները արտայայտուեցին պարբերութեան պահպանման օգտին, սակայն որոշում ընդունուեց երեք տարով՝ մինչեւ 1978 ենթայանձնաժողովի 33րդ նստաշրջանը, սառեցնել հարցի քննարկումը:
1978ի ՄԱԿի Մարդու իրաւունքների յանձնաժողովի ենթայանձնաժողովը կրկին անդրադարձաւ 1973ի զեկոյցին: Քննարկման ժամանակ յատուկ զեկուցող Ն. Ռուհաշիանկիկոն յայտարարեց, թէ հայերի ցեղասպանութեան վկայութիւններ չի յայտնաբերել, եւ միակ ճանաչուած դէպքը հրեաների ցեղասպանութիւնն է Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Ակնյայտ էր, որ յատուկ զեկուցողի դիրքորոշման փոփոխութիւնը պայմանաւորուած էր այն ճնշումներով, որոնց նա ենթարկուել էր առաջին հերթին թուրքական կողմից: Ն. Ռուհաշիանկիկոյի վրայ ճնշումներ գործադրելու փաստը հաստատում է նաեւ դէպքերի անմիջական մասնակից հոլանդացի Վան Բովենը, որն ափսոսում էր, որ թուրքական կառավարութիւնն ազդեցութիւն է ունեցել առանձին փորձագէտների անկախ ու անաչառ դիրքորոշման վրայ: Միեւնոյն ժամանակ նա հաւատում էր, որ առանձին անհատների, խմբերի եւ ոչ կառավարական կազմակերպութիւնների շնորհիւ պատմական արդարութիւնը եւ աշխարհի խիղճը դեռ չեն թաղուել, նոյնիսկ որոշ կառավարութիւնների դիրքորոշումներն աւելի են ճշգրտուել, եւ ՄԱԿում բացուել են նոր հնարաւորութիւններ, որ ճշմարտութիւնն ու արդարութիւնը յաղթանակեն: Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիւ երկրների ներկայացուցիչներ առարկեցին դրան՝ գտնելով, որ կոնուենցիայի բարեփոխումն ու դրա արդիւնաւէտութեան բարձրացումն առանց պատմական փորձը հաշուի առնելու ուղղակի անհնարին է, այնուամենայնիւ, Թուրքիան ու նրան սատարող երկրները հասան այն բանին, որ զեկոյցից ամբողջութեամբ դուրս բերուեց հիմնահարցի պատմութեանը վերաբերող 30րդ պարբերութիւնը: Այսպիսով՝ Թուրքիային յաջողուեց զեկոյցից ժամանակաւորապէս դուրս մղել Հայոց Ցեղասպանութեան մասին յիշատակող պարբերութիւնը:
Համաձայն սահմանուած ընթացակարգի՝ զեկոյցը 1979ի Մարտին կրկին ներկայացուեց Մարդու իրաւունքների յանձնաժողովին, որից հեղինակը դուրս էր թողել 30րդ պարբերութիւնը, ինչը բողոքի այնպիսի մեծ ալիք բարձրացրեց, որը թերեւս սպասելի չէր զեկուցողի համար: Սակայն ռուանդացի յատուկ զեկուցողն այլեւս չփոփոխեց իր զեկոյցը, եւ ենթայանձնաժողովը, համաձայն ՄԱԿի Տնտեսական եւ ընկերային խորհրդի 1983ի 33րդ բանաձեւի, նշանակեց մէկ այլ զեկուցողի՝ յանձնարարելով ցեղասպանութիւն յանցագործութեան կանխարգելման ու դրա համար պատժի ուսումնասիրութիւնը հիմնովին վերանայել եւ ներկայացնել նոր զեկոյց: 1983ի Մայիսի 27ին նոր յատուկ զեկուցող նշանակուեց բրիտանական խորհրդարանի նախկին պատգամաւոր Բենջամին Ուայթեքերը, որին յանձնարարուեց զբաղուել «Ցեղասպանութիւն յանցագործութեան կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿի կոնուենցիան բարեփոխելու վերաբերեալ հետազօտութեամբ եւ ներկայացնել նոր զեկոյց: 1984ի Օգոստոսի 7ին Ուայթեքերը յայտարարեց, որ նախորդ զեկոյցում որոշ բացեր կային՝ պայմանաւորուած քաղաքական ճնշմամբ, այդ թւում՝ հայերի ցեղասպանութեան հարցի առնչութեամբ: Յատկանշական է, որ նոր զեկուցողը տեղեակ էր նախորդ զեկուցողի նկատմամբ գործադրուած ճնշումների մասին եւ հէնց դա էր համարում նախկին զեկոյցի գլխաւոր թերութիւնը:
1985ի Յուլիսի 2ին Բ. Ուայթեքերը ՄԱԿի Մարդու իրաւունքների յանձնաժողովի ենթայանձնաժողովին ներկայացրեց նոր զեկոյցը «Ցեղասպանութիւն յանցագործութեան կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿի կոնուենցիան կատարելագործելու վերաբերեալ: Հեղինակը նշում էր, որ թէեւ «ցեղասպանութիւն» բառը համեմատաբար վերջերս է առաջացել, սակայն այն վերաբերում է հին յանցագործութեանը:

Վերափոխուած տարբերակի 24րդ պարբերութեան մէջ նշւում է, որ նացիստական գազանութիւնները, ցաւօք, չեն եղել 20րդ դարի ցեղասպանութեան եզակի օրինակ: Հեղինակն այդ յանցագործութեան օրինակների թուին է դասել 1904ի գերմանացիների կողմից իրագործուած հերհերոների կոտորածները, 1915-1916ի օսմանցիների կողմից հայերի կոտորածները եւ այլն: Հերհերոների 1904ի կոտորածի յիշատակումով հեղինակը փաստօրէն ձեռնպահ էր մնում Հայոց Ցեղասպանութիւնը 20րդ դարի առաջին ցեղասպանութիւն անուանելուց, ինչն ամրագրուած էր ռուանդացի զեկուցողի հետազօտութեան 30րդ պարբերութեան մէջ:
Հեղինակը նաեւ ստիպուած է եղել հայերի կոտորածների վերաբերեալ զեկոյցի տողատակում տալ որոշ պարզաբանումներ. «Առնուազն մէկ միլիոն, այսինքն՝ ըստ էութեան հայ բնակչութեան կէսից աւելին անկախ կազմակերպութիւնների ու ականատեսների հաւաստի տուեալներով սպաննուել է կամ մահուան քարաւաններ է ուղարկուել: Դա հաստատւում է Ամերիկայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի արխիւային փաստաթղթերով, ինչպէս նաեւ այն ժամանակ Օսմանեան կայսրութիւնում ծառայող, այդ թւում՝ նրա դաշնակից Գերմանիայի, դիւանագէտների վկայութիւններով»: Որպէս նշ-ուածի ապացոյց զեկուցողը մէջբերում է Գերմանիայի դեսպան Վանգենհայմի 1915ի Յուլիսի 7ի հեռագիրը, որում նշուած է, որ թուրքական կառավարութիւնն իրականում նպատակ էր հետապնդում ոչնչացնելու հայերի տեսակը Օսմանեան կայսրութիւնում: Բ. Ուայթեքերը եզրակացնում էր, որ թէեւ յաջորդ թուրքական կառավարութիւնը կոտորածների համար պատասխանատու որոշ անձանց յանձնեց դատարանին ու նրանց մեղաւոր ճանաչեց կատարուածում, թուրքական ներկայ պաշտօնական տեսակէտը յանգում է նրան, որ ցեղասպանութիւն չի եղել, թէեւ եղել են շատ զոհեր եւ տեղահանութիւններ, որոնք պայմանաւորուած էին պատերազմով, եւ բոլոր հակառակ պնդումները կեղծիք են:
Այս անգամ եւս փորձեր արուեցին ճնշումներ գործադրելու զեկուցողի վրայ՝ ստիպելու նրան իր զեկոյցից հանել հայերի կոտորածների՝ իբրեւ ցեղասպանութեան յիշատակումը, սակայն ապարդիւն: Ի տարբերութիւն ռուանդացի զեկուցողի՝ անգլիացի զեկուցողը ցուցաբերեց անկախ հետազօտողին վայել անաչառութիւն ու սկզբունքայնութիւն: Ուայթեքերն իր պարզաբանումներում զետեղել էր նաեւ թուրքական տեսակէտը, թերեւս այն նպատակով, որ 24րդ պարբերութեան՝ հայերի ցեղասպանութեան մասին դրոյթը դուրս չմղուի, ինչպէս եղաւ նախկին զեկոյցի դէպքում: Տողատակում ներկայացնելով 1915ի դէպքերի թուրքական վարկածը՝ Ուայթեքերը հէնց Օսմանեան կայսրութեան դաշնակից Գերմանիայի դեսպան Վանգենհայմի զեկուցագրերից մէջբերումներով չէզոքացնում է այն:
1985ի Օգոստոսի 5-30ին ընթացած ենթայանձնաժողովի 38րդ նստաշրջանում կրկին սկսուեցին Հայոց Ցեղասպանութեան շուրջ քննարկումները, երբ Բ. Ուայթեքերը ներկայացրեց իր զեկոյցը, որի 24րդ պարբերութեան մէջ յիշատակւում էր Հայոց Ցեղասպանութեան փաստը: Մահմեդական երկրների՝ Եգիպտոս, Յորդանան, Մարոկօ, Բանգլադեշ, եւ որոշ եւրոպական երկրների մասնագէտ ներկայացուցիչները Հայոց Ցեղասպանութեան յիշատակման պատճառով դէմ արտայայտուեցին 24րդ պարբերութեանը: Օգոստոսի 19ին ենթայանձնաժողովի նիստում ելոյթ ունեցան նաեւ չորս հայեր՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային հարցերի յանձնաժողովի ներկայացուցիչ, պրոֆէսոր Շաւարշ Թորիկեանը, Գերութեան դէմ մարդու իրաւունքների պաշտպանութեան կազմակերպութեան ներկայացուցիչ Հրայր Պալեանը, Բնիկ ժողովուրդների համաշխարհային կազմակերպութեան ներկայացուցիչ Յարութ Սասունեանը եւ «Ազգերի եւ ժողովուրդների միջեւ եղբայրական միութիւն» միջազգային շարժման ներկայացուցիչ Ռոբերտօ Մալխասեանը, որոնք պատմական փաստերի հիման վրայ պաշտպանեցին Հայոց Ցեղասպանութեան փաստի յիշատակումը զեկոյցի 24րդ պարբերութեան մէջ:
Թորիկեանը եւ Սասունեանն իրենց ելոյթներում նաեւ անդրադարձ կատարեցին այն փաստին, որ ՄԱԿի Մարդու իրաւունքների յանձնաժողովը դեռ 1948ի իր նիստերում անդրադարձել է հայերի կոտորածներին: Այդ քննարկումների մասին փաստերը տեղ են գտել յանձնաժողովի փաստաթղթերում, որոնք յայտնաբերել ու առաջին անգամ շրջանառութեան մէջ է դրել Զ. Մսըրլեանը:
Ի պատասխան՝ Թուրքիայի ներկայացուցիչը կրկնեց թուրքական պաշտօնական վարկածը, համաձայն որի՝ կատարուածն ընդամէնը հայկական ապստամբութեան ճնշում է եղել: Նրա տեսակէտը պաշտպանեցին նաեւ թուրք մասնագէտ Թուրքայա Աթայովը եւ Պակիստանի ներկայացուցիչը:
Օգոստոսի 20ին պատասխան ելոյթում զեկոյցի հեղինակ Բ. Ուայթեքերը նշեց, որ ութ տարի զբաղուել է հայերի ցեղասպանութեան ուսումնասիրութեամբ, հետազօտել է արխիւային փաստաթղթեր, այդ թւում՝ Օսմանեան կայսրութեան դաշնակից տէրութիւնների՝ Գերմանիայի եւ Աւստրոյ-Հունգարիայի արխիւները, որոնք վկայում են հէնց ցեղասպանութեան մասին, որի կազմակերպիչները դատապարտուել են հէնց թուրքական ռազմական դատարանների կողմից: Զեկուցողը եզրակացրեց, որ եթէ ենթայանձնաժողովում ելոյթ ունեցող մասնագէտները չպէտք է քաջութիւն ունենան ասելու ճշմարտութիւնը, ուրեմն նրանց մասնակցութիւնն անիմաստ է, քանզի ենթայանձնաժողովի պարտականութիւնն է զոհերին պաշտպանել կառավարութիւններից, այլ ոչ թէ հակառակը: Զեկոյցին փորձեց հակադարձել Թուրքիայի ներկայացուցիչը, սակայն յոյն նախագահող Էրիկա Թայեսը ձայն չտուեց նրան՝ յայտարարելով, որ հարցի շուրջ քննարկումներն աւարտուած են: Օգոստոսի 21ին վերջապէս անցկացուեց քուէարկութիւն, եւ զեկոյցն ամբողջութեամբ ընդունուեց ձայների 14 «կողմ», 1 «դէմ» եւ 4 «ձեռնպահ» յարաբերակցութեամբ: Կողմ էին քուէարկել Արգենտինան, Ֆրանսիան, Ամերիկան, Մեքսիկան, Հարաւսլաւիան, Չինաստանը, Ճապոնիան, Նիգերիան, Եթովպիան, Գանան, Հնդկաստանը, Բելգիան, Կանադան եւ Էկուադորը: Ձեռնպահ էին քուէարկել Յորդանանի, Կուբայի, Մարոկոյի եւ Բանգլադեշի ներկայացուցիչները, եւս վեց երկրների մասնագէտ-պատուիրակներ քուէարկութեանը չմասնակցեցին: Դէմ քուէարկած ԽՍՀՄ ներկայացուցիչն իր դիրքորոշումը հիմնաւորեց նրանով, որ իր կառավարութիւնը համաձայն չէ Ուայթեքերի զեկոյցում տեղ գտած այն առաջարկների հետ, որոնց նպատակն է փոփոխութիւններ մտցնել ՄԱԿի ցեղասպանութեան մասին կոնուենցիայի մէջ: Կողմ քուէարկած Ամերիկայի պատուիրակ Ջոն Քերին եւ Մեքսիկայի ու Բելգիայի պատուիրակները քուէարկութիւններից առաջ եւ նիստերի ընթացքում հայանպաստ դիրք էին գրաւել:
ՄԱԿի Մարդու իրաւունքների յանձնաժողովի ենթայանձնաժողոում ձեռք բերուած այս կարեւոր յաջողութեան հիմքն այն էր, որ եթէ 1970ականների 30րդ պարբերութեան քննարկումներն ընթանում էին առանց հայերի գործուն մասնակցութեան, ապա թուրքական կառավարութեան ջանքերով այդ պարբերութեան տապալումը 1980ականներին յանգեցրեց Սփիւռքի ներուժի համախմբմանն ու աւելի նպատակային պայքարին, ինչի շնորհիւ համասփիւռքեան միասնական ջանքերով յաջողուեց 30րդ պարբերութիւնը վերահաստատել 24րդ պարբերութեան տեսքով:
ԽՍՀՄ կազմալուծումից, Հայաստանի՝ միջազգային իրաւունքի ենթակայ եւ ՄԱԿի լիիրաւ անդամ դառնալուց յետոյ հնարաւորութիւն ընձեռուեց այդ կազմակերպութեան բարձր ամբիոնից տուեալ հարցի վերաբերեալ հնչեցնելու արդէն Հայաստանի պաշտօնական դիրքորոշումը: 1998ի Սեպտեմբերի 25ին Հայաստանի Հանրապետութեան նախագահ Ռ. Քոչարեանը ելոյթ ունեցաւ ՄԱԿի Գլխաւոր ժողովի 53րդ նստաշրջանում եւ ՄԱԿի բարձր ամբիոնից բարձրացրեց նաեւ Հայոց Ցեղասպանութեան ընդունման եւ դատապարտման անհրաժեշտութեան հարցը: 1998ի Դեկտեմբերի 2ին ՄԱԿի Գլխաւոր ժողովի 53րդ նստաշրջանը միաձայն ընդունեց «Ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժելիութեան կոնուենցիայի 50ամեակի մասին» Հայաստանի եւ հինգ այլ երկրների ներկայացրած ցեղասպանութեան դատապարտման 53/43րդ բանաձեւը, որում երախտագիտութիւն էր յայտնւում բոլոր այն երկրներին, որոնք վաւերացրել էին կոնուենցիան, առաջարկւում էր կոնուենցիային միանալ այն երկրներին, որոնք դեռ չէին արել դա: Կոչ էր արւում բոլոր երկրներին ընդլայնելու եւ աշխուժացնելու ջանքերը այդ դրոյթների կատարման ուղղութեամբ, ինչպէս նաեւ շարունակելու կոնուենցիայի դրոյթների ուսումնասիրումը՝ վեր հանելով դրանց իրագործման խոչընդոտներն ու նախանշելով դրանց յաղթահարման ուղիները ինչպէս ազգային, այնպէս էլ միջազգային մակարդակում:
Նոյն օրը, ՄԱԿի Գլխաւոր ժողովում Կիպրոսի մշտական ներկայացուցիչը հանդէս եկաւ «Անկախ կատարման ժամկէտից եւ զբաղեցրած դիրքից ծանր միջազգային յանցագործութիւնների մէջ մեղադրուող անձանց քրէական պատասխանատուութեան ենթարկելու մասին» զեկոյցով: Դրանում ընդգծւում էր, որ 1915-1923ի Օսմանեան կայսրութիւնում 1.5 միլիոն հայերի կոտորածը ցեղասպանութեան օրինակ է, որի դէմ, ցաւօք, ջանքեր են գործադրւում, որպէսզի այն չդիտարկուի իբրեւ տուեալ յանցագործութեան պատմական օրինակ: Կիպրոսի ներկայացուցիչը ակնյայտօրէն ակնարկում էր ենթայանձնաժողովում Հայոց Ցեղասպանութեան՝ իբրեւ տուեալ յանցագործութեան պատմական փաստի յիշատակման պատճառով միջազգային ծանր յանցագործութիւն համարուող ցեղասպանութեան մասին ՄԱԿի 1948ի կոնուենցիան բարեփոխելու համար նախաձեռնուած գործընթացի՝ Թուրքիայի կողմից տապալման քայլերը: Կիպրոսի ներկայացուցիչն իր ելոյթում նշեց նաեւ, որ եկել է ցեղասպանութիւն յանցագործութիւնից տուժած ժողովրդի նկատմամբ արդարացի լինելու եւ նրա արժանապատուութիւնը պաշտպանելու ժամանակը, որ բոլոր երկրները միասնաբար հանդէս գան ցեղասպանութեան համար մեղաւոր պետութեանը պատասխանատուութեան կանչելու հարցում: Բանախօսն ընդգծում էր, որ, հաշուի առնելով ոչ վաղ անցեալի պատմութիւնը, առաջ է եկել ցեղասպանութեան կոնուենցիայի գործադրման անհրաժեշտութիւնը:
2001ի Ապրիլի 25ին Ժընեւում ՄԱԿի Մարդու իրաւունքների յանձնաժողովի 57րդ նստաշրջանը միաձայն ընդունեց Հայաստանի նախաձեռնութեամբ ներկայացուած՝ «Ցեղասպանութիւն յանցագործութեան կանխարգելման եւ դրա համար պատժի մասին» կոնուենցիայի մասին բանաձեւը, եւ, նկատի ունենալով այն տառապանքները, որոնք արդէն իսկ ցեղասպանութիւնը պատճառել է մարդկութեանը, եւ այն, որ դեռեւս կայ ցեղասպանութեան կրկնութեան վտանգ, մէկ անգամ եւս շեշտւում է այդ կոնուենցիայի մնայուն նշանակութիւնը եւ կիրառման կարեւորութիւնը, ինչպէս նաեւ որոշւում է անդրադառնալ այդ հարցի քննարկմանը 2003ին կայանալիք 59րդ նստաշրջանի ընթացքում:
2008ի Մարտի 28ին 58 պետութիւնների, այդ թւում՝ Հայաստանի նախաձեռնութեամբ Ժընեւում ՄԱԿի Մարդու իրաւունքների յանձնաժողովն ընդունել է եւս մէկ բանաձեւ ցեղասպանութեան կանխարգելման վերաբերեալ, որը նպատակաուղղուած էր քննարկելու ՄԱԿի համակարգում ցեղասպանութեան վաղ կանխարգելման եւ նախազգուշացման ներդաշնակ գործիքակազմերի մշակումը:
Միանգամայն բնական է, որ ՄԱԿի Գլխաւոր ժողովում 53/43րդ բանաձեւի ընդունումից յետոյ՝ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին ընդառաջ, Հայաստանը պէտք է աշխուժացնէր իր ջանքերը միջազգային այդ հեղինակաւոր կառոյցի կողմից ցեղասպանութիւն յանցագործութեան դատապարտման վերաբերեալ հերթական փաստաթղթի ընդունման ուղղութեամբ: Նախ եւ առաջ 2015ի Ապրիլի 15ին «ՀՀ տօների եւ յիշատակի օրերի մասին» ՀՀ օրէնքում կատարուեց փոփոխութիւն, որով Դեկտեմբերի 9ը՝ «Ցեղասպանութիւն յանցագործութեան կանխարգելման ու դրա համար պատժի մասին» ՄԱԿի 1948ի կոնուենցիայի ընդունման օրը, հռչակուեց ցեղասպանութիւնների դատապարտման եւ յիշատակի օր: Հայաստանի այս նախաձեռնութիւնը հասաւ իր տրամաբանական աւարտին, երբ Սեպտեմբերի 11ին ՄԱԿի Գլխաւոր ժողովի 69րդ նստաշրջանի 103րդ լիագումար նիստում ընդունուեց Հայաստանի ներկայացրած բանաձեւը, որով Դեկտեմբերի 9ը հռչակուեց ցեղասպանութեան զոհերի յիշատակի, արժանապատուութեան եւ այդ յանցագործութեան կանխարգելման միջազգային օր : Յատկանշական է, որ Գլխաւոր ժողովում Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները չհամարձակուեցին Հայաստանի նախաձեռնած բանաձեւի դէմ որեւէ քայլ ձեռնարկել, քանզի դրանով հէնց իրենք կը հաստատէին իրենց՝ ցեղասպանական պետութիւն լինելու փաստը:
Ամփոփելով նշենք, որ Հայոց Ցեղասպանութեան դատապարտման եւ դրա հետեւանքների յաղթահարման հարցերի բարձրացման ու պաշտպանութեան տեսանկիւնից անհրաժեշտ է հետեւողական աշխատանք տանել ՄԱԿի մի շարք կառոյցներում եւ ենթակառոյցներում: Այսպէս.
1. ՄԱԿի Միջազգային իրաւունքների յանձնաժողովն աւելի քան կէս դար աշխատում է միջազգային յանցագործութիւնների համար պետութիւնների պատասխանատուութեան նորմերի մշակման ուղղութեամբ, եւ նրա ջանքերով 1996ի ՄԱԿի Գլխաւոր ժողովը արդէն իսկ ընդունել է առաջին փաստաթուղթը՝ 56/83րդ բանաձեւը, որում «միջազգային յանցագործութիւն» արտայայտութեան փոխարէն կիրառուել է «միջազգային հակաիրաւական արարք» ձեւակերպումը՝ փորձելով չքրէականացնել միջազգային իրաւունքի նորմեր ստեղծող պետութիւններին: Հաշուի առնելով այս հանգամանքը՝ Հայաստանը եւ Սփիւռքն իրենց համապատասխան կառոյցներով պէտք է աշխուժօրէն աշխատեն ՄԱԿի Միջազգային իրաւունքի խորհրդի անդամ միջազգային իրաւունքի ականաւոր մասնագէտների հետ, որպէսզի ՄԱԿի Գլխաւոր ժողովի կողմից ապագայում ընդունուելիք բանաձեւերում հնարաւոր լինի ամրագրել մեզ համար բարենպաստ ձեւակերպումներ:
2. 2001ի ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի 1366րդ բանաձեւի համաձայն՝ ՄԱԿի գլխաւոր քարտուղարին կից ստեղծուել է ցեղասպանութեան կանխարգելման հարցերով զբաղուող յատուկ խորհրդականի գրասենեակ: Յատուկ խորհրդականի իրաւասութիւնների շրջանակներում են հետեւեալ գործառոյթները՝
ա) իրազեկուածութեան բարձրացում եւ ցեղասպանութեան կանխարգելման մասին գիտելիքների տարածում, ինչը ՄԱԿին հնարաւորութիւն կը տայ վերլուծելու եւ վերահսկելու ցեղասպանութեան վերաբերեալ տեղեկատուութիւնը, որպէսզի ՄԱԿի համակարգը եւ միջազգային հանրութիւնը համատեղ գործեն ցեղասպանութեան կանխարգելման հարցում,
բ) տեղեկութիւնների հաւաքում ցեղային բնոյթի զանգուածային կոպիտ խախտումների վերաբերեալ, որոնք չկանխարգելելու դէպքում կարող են վերածուել ցեղասպանութեան: Բացի այդ՝ յատուկ խորհրդականի գրասենեակը գլխաւոր քարտուղարի միջոցով Անվտանգութեան խորհրդին պէտք է ներկայացնի նման իրավիճակներում գործողութիւնների ծրագրեր:
Նման նեղ մասնագիտացուած կառոյցի գոյութիւնը ՄԱԿում չափազանց կարեւոր է ցեղասպանութեան ենթարկուած ժողովրդի շահերն ու իրաւունքները ներկայացնելու եւ պաշտպանելու համար, եւ Հայաստանը պէտք է աշխուժօրէն համագործակցի ՄԱԿի գլխաւոր քարտուղարին կից գործող այս գրասենեակի հետ՝ ներկայացնելով Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ փաստական նիւթեր, ընդգծելով, որ այդ օրինակը տուեալ յանցագործութեան միւս բոլոր դէպքերի համար նախադէպ է, եւ նաեւ այն պատշաճ ձեւով չդատապարտելն է, որ յանգեցրել է դրա կրկնութիւններին: Պէտք է անընդհատ շեշտուի, որ Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական եւ վերջնական դատապարտումը ՄԱԿի կողմից լուրջ քայլ կը լինի այդ յանցագործութեան կանխարգելման գործընթացում, քանզի անհնար է կանխարգելել այն յանցագործութիւնը, որի առաջին օրինակը դեռեւս մնում է անպատիժ:
3. ՄԱԿի վերը նշուած ենթակառոյցների հետ տարուող արդիւնաւէտ աշխատանքը պէտք է զարգացնել եւ հասնել նրան, որ Հայոց Ցեղասպանութեան դատապարտման ու դրա հետեւանքների յաղթահարման հարցը դառնայ Գլխաւոր ժողովի եւ Անվտանգութեան խորհրդի քննարկման առարկայ, եւ տուեալ հարցի նկատմամբ որդեգրուի յստակ դիրքորոշում:
4. ՄԱԿի շրջանակներում Հայոց Ցեղասպանութեան դատապարտման եւ դրա հետեւանքների (մասնաւորապէս՝ հայրենազրկման) յաղթահարման ուղղութեամբ տարուող աշխատանքներում անհրաժեշտ է հիմնուել այդ միջազգային կառոյցի հովանաւորութեամբ 1976ի Յուլիսի 4ին Ալժիրում կայացած ազգային-ազատագրական շարժումների խորհրդաժողովում ընդունուած «Ժողովուրդների իրաւունքների միջազգային հռչակագրի» համապատասխան յօդուածների վրայ: Հռչակագրի 3րդ յօդուածում ամրագրուած է, որ իւրաքանչիւր ժողովուրդ իր սեփական տարածքի պաշտպանութեան, ինչպէս նաեւ արտաքսուելու դէպքում այնտեղ վերադառնալու իրաւունք ունի, իսկ 4րդ յօդուածի համաձայն՝ ոչ մի ժողովուրդ իր ազգային կամ մշակութային պատկանելութեան պատճառով չի կարող ենթարկուել ոչնչացման, հալածանքների, հետապնդումների, աքսորի եւ տեղահանութեան կամ դրուել այնպիսի պայմանների մէջ, որոնցով վտանգւում են նրա ինքնութիւնը կամ ամբողջականութիւնը: Փաստաթղթի 23րդ յօդուածն արձանագրում է, որ ժողովուրդների իրաւունքներին հասցուած վնասները պէտք է ամբողջովին հատուցուեն դրանք հասցնողի կողմից, իսկ 30րդ յօդուածով որեւէ ժողովրդի խախտուած հիմնական իրաւունքների վերականգնման պարտաւորութիւնը դրւում է միջազգային հանրութեան անդամ պետութիւնների վրայ: Կարծում ենք, հիմնուելով ալժիրեան հռչակագրի նշուած յօդուածների վրայ, հնարաւոր կը լինի համախոհներ գտնել ՄԱԿի անդամ պետութիւնների շարքում եւ դիւրացնել ցեղասպանութեան հետեւանքով բռնազաւթուած հայրենիքի մեծ մասի՝ Արեւմտեան Հայաստանի նկատմամբ տեղաբնիկ հայ ժողովրդի իրաւունքի վերականգնման ուղղութեամբ տարուելիք աշխատանքները:
5. Հայաստանը պէտք է փորձի զարգացնել ՄԱԿի Գլխաւոր ժողովում ձեռք բերուած յաջողութիւնները եւ վերջինիս ուշադրութիւնը հրաւիրի այն փաստի վրայ, որ իր հարեւան Թուրքիան Հայոց Ցեղասպանութեան ժխտման քաղաքականութեամբ թէ՛ ազգային, թէ՛ միջազգային մակարդակներում լուրջ խոչընդոտներ է յարուցում ցեղասպանութեան մասին կոնուենցիայի դրոյթների կիրառման ճանապարհին՝ այդ յանցագործութեան դատապարտման ու կանխարգելման տեսանկիւնից:
«ԴՐՕՇԱԿ»