ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

Որոշ թուրք պատմաբանների կողմից շրջանառութեան մէջ է դրուել մի թէզ, թէ իբր իթթիհադական եռապետութեան դէմքերից մէկը՝ Հայոց Ցեղասպանութեան տարիներին Օսմանեան կայսրութեան ռազմածովային նախարար Ահմեդ Ջեմալ փաշան, ի տարբերութիւն միւս երիտթուրք առաջնորդների, աւելի հանդուրժող է եղել հայերի նկատմամբ, դէմ է եղել նրանց տեղահանութեանն ու կոտորածներին եւ կողմ է եղել առաւել մեղմ քաղաքականութեան:
Այսպէս՝ Ամասիայի համալսարանի թուրք պրոֆէսորներից դոկտոր Գիրայալփ Քարաքուշը 2023ի Հոկտեմբերին հրապարակուած յօդուածում շեշտում է, թէ Ջեմալը, ի տարբերութիւն արաբների հանդէպ ցուցաբերած կոշտ դիրքորոշման, «նոյն խստութեամբ չի մօտեցել հայերին»: Վերոյիշեալ թուրք պրոֆէսորը նոյն յօդուածում վկայակոչում է պանթուրքիստական հայեացքներով յայտնի թուրք արձակագիր Հալիդէ Էդիփ Ադըվարին:
Ըստ Գիրայալփ Քարաքուշի՝ Հալիդէ Էդիփի վկայութեան համաձայն՝ «հայ կանայք իրենց վզին կրել են Ջեմալ փաշայի դիմանկարով զարդեր եւ շատ են սիրել նրան»: Նոյն թուրք գիտնականը փորձում է համոզել, թէ Ջեմալ փաշայի քաղաքականութիւնը «խարսխուած չի եղել բնաջնջման վրայ»: Այդ թէզն իբրեւ թէ «հիմնաւորող ապացոյց էլ» ներկայացնում է Թուրքական պատմագիտական ընկերակցութեան (Turk Tarih Kurumu) հայկական բաժնի նախկին ղեկավար, պրոֆէսոր Հիքմեթ Օզդեմիրի շրջանառած այն «փաստարկ»ը, թէ Ջեմալ փաշան Առաջին աշխարհամարտի տարիներին լինելով օսմանեան 4րդ բանակի գլխաւոր հրամանատարը՝ մեծ ջանքեր է գործադրել Սիրիայի անապատներում հայ կանանց եւ երեխաներին փրկելու եւ նրանց օգնութիւն ցուցաբերելու ուղղութեամբ:
Իսկ Անկարայում գործող Հաջեթթեփէ համալսարանում 2014ին «Լիբանանի Հայերը (1914-1939)» վերնագրով դոկտորական թէզ պաշտպանած Հալիլ Օզշաւլըն իր ատենախօսութեան մէջ գրում է, թէ իբր Ջեմալը պատրաստ էր ձեռքից եկածն անել «հայ աքսորեալներին պաշտպանելու եւ այդ աղէտից նուազագոյն վնասներով փրկելու համար»: Ըստ Հալիլ Օզշաւլըի՝ «Ջեմալի տեսակէտով ամէն հայ, որպէս անհատ, oսմանեան պետութեան քաղաքացին էր»:
Նա նաեւ ընդգծում է, թէ 1916ի Մարտին, Դամասկոսում Գերմանիայի հիւպատոսի հետ հանդիպման ժամանակ, Ջեմալ փաշան յայտնել է, թէ մտադիր է որբատներ բացել հայ երեխաների համար: Հալիլ Օզշաւլըն շեշտում է, թէ «հայերին փրկելու ուղղութեամբ Ջեմալի գործադրած ջանքերը» վրդովեցրել են երիտթուրքական առաջնորդներից Բեհաեդդին Շաքիրին եւ այլ իթթիհադականների»: Նա նշում է, որ Ջեմալ փաշան օսմանեան կառավարութիւնից պահանջել է պետութեան հաշուին մի որբատուն բացել հայ երեխաների կարիքները հոգալու նպատակով, եւ որ 376 հայ մանուկի օթեւանը դարձած այդ մանկատան, ինչպէս նաեւ Հալէպում հիմնուած մէկ այլ որբանոցի ծախսերը հոգացուել են բանակի հաշուին: Հալիլ Օզշաւլըն նաեւ յայտնում է, որ այդ որբատների սաներն ու դաստիարակները «Ջեմալ փաշայի պատկերով թաշկինակներ են ասեղնագործել՝ ի նշան երախտիքի»:
Ադըեամանի համալսարանի դասախօսներից դոցենտ, դոկտոր Նեւզաթ Արթուչը «1915ի Աքսորի Ու Վերաբնակեցման Օրէնքը Եւ Ջեմալ Փաշան» վերնագրով յօդուածում գրում է, թէ իբր «2000ականների սկզբներին, երբ ինքը դոկտորական ուսումնասիրութիւն կատարելու համար հետազօտում էր վարչապետարանի օսմանեան արխիւները, բազմաթիւ փաստաթղթերի է հանդիպել, որոնք ներկայացնում են Ջեմալ փաշայի՝ հայ քարաւանների նկատմամբ մարդկային վերաբերմունքը»:
Նոյն յօդուածում նա վկայակոչում է թուրք պատմաբան Ռամազան Չալըքին, որը «Ջեմալ Փաշան՝ Ըստ Գերմանական Աղբիւրներ»ջ վերնագրով ուսումնասիրութեան մէջ հաղորդում է, թէ Ջեմալը «ամէն տեսակի միջոցներ է ձեռնարկել Սիրիա աքսորուած հայերի կեանքը երաշխիքի տակ վերցնելու համար, տեղահանուած հայերին վերաբնակեցրել է Բէյրութում, Հալէպում եւ Երուսաղէմում, նրանց ապահովել է սնունդով»: Ռամազան Չալըքը նաեւ յայտնում է, թէ «Ջեմալը շուրջ 20 հազար աքսորեալ հայ կանանց եւ աղջիկների ապահովել է աշխատանքով, իսկ որբ մնացած մօտ 4000 հայ մանուկի էլ տեղաւորել է Այնթուրայի, Դամասկոսի եւ Հալէպի նորաբաց որբատներում. մանկատներ, որոնք Ջեմալ փաշայի հովանու տակ էին գտնւում»:
Նեւզաթ Արթուչը վերոնշեալ յօդուածում շեշտում է, որ ATASE անուամբ յայտնի գլխաւոր շտաբի արխիւում պահուող փաստաթղթերի համաձայն՝ Ջեմալ փաշան հայ աքսորեալների «կեանքը փրկելու եւ նրանց համար կենսական պայմաններ ապահովելու նպատակով» բացել է հիւանդանոցներ: Նոյն հեղինակը վկայակոչում է նաեւ թուրք պատմաբան Ահմեդ Թեթիքի յօդուածը, որում վերջինս յայտնում է, թէ Ջեմալը մեծ ջանքեր է գործադրել տեղահանուած հայերի շրջանում տիֆի նման համաճարակների տարածումը կանխելու ուղղութեամբ:
Արթուչն, անդրադառնալով Տեղահանութեան մասին օրէնքի նկատմամբ Ջեմալ փաշայի՝ միւս երիտթուրք առաջնորդներից մի փոքր տարբերուող դիրքորոշմանը, նշում է, թէ Ջեմալը «դէմ է հանդէս եկել հայերի՝ Միջագետքի անապատներ աքսորուելուն, քանի որ կարծել է, որ այդ շրջան ուղարկուած հայերը մեծ դժուարութիւնների էին հանդիպելու. այդ վայրերն արդէն իսկ խառնակ վիճակում էին գտնւում, եւ դա կարող էր բացասաբար անդրադառնալ հայ քարաւանների վրայ: Ի սկզբանէ Ջեմալ փաշան յարմար է համարել, որ հայերը Միջագետքի փոխարէն վերաբնակեցուեն Կոնիայում, Անկարայում եւ Կաստամոնուում: Սակայն նրա այդ առաջարկը չի ընդունուել միւս իթթիհադական առաջնորդների կողմից: Այնուամենայնիւ Ջեմալը չի յանձնուել եւ յետագայում կարողացել է ապահովել, որ հայերը տեղափոխուեն Սիրիայի եւ Բէյրութի վիլայեթներ, որտեղ աւելի լաւ կենսական պայմաններ կային»:
Դարձեալ նոյն հեղինակի համաձայն՝ Ջեմալի այդ դիրքորոշումը յարուցել էր Բեհաեդդին Շաքիրի դժգոհութիւնը, եւ վերջինս բողոքել էր Էնվէրին: Այնուամենայնիւ, Ջեմալը կարողացել էր իր առաջարկն ընդունել տալ, եւ իր իսկ յամառ պահանջով հայերին սկսել էին Սիրիա աքսորել՝ Միջագետքի անապատների փոխարէն:
Այսպիսով՝ հայերի հանդէպ Ջեմալ փաշայի դիրքորոշման մասին թուրք պատմաբանների փաստարկները հետեւեալն են.
1. Համաձայն թուրք պատմաբանների՝ Ջեմալ փաշան տեղեակ չի եղել հայերին տեղահանելու որոշման մասին. դրա մասին տեղեկացուել է միայն 1915ի Հոկտեմբեր ամսին:
Թուրք պատմաբանները պնդում են, թէ իբր Ջեմալ փաշային բաւականին ուշ են յայտնել օսմանեան կառավարութեան կողմից պաշտօնապէս 1915ի Մայիսի 27ին ընդունուած «Աքսորի եւ վերաբնակեցման ժամանակաւոր օրէնքի» մասին: Որպէս հիմնաւորում ներկայացնում են այն «փաստարկը», որ Ջեմալը տեղահանութեան մասին ժամանակաւոր օրէնքի ընդունման պահին չի գտնուել Ստամբուլում:
Իմ կարծիքով՝ այդ փաստարկը խիստ անհիմն է եւ անհեթեթ. նախ «Աքսորի եւ վերաբնակեցման օրէնքը» ներկայացուել էր օսմանեան կառավարութեան բոլոր անդամների, այդ թւում՝ ռազմածովային նախարար Ջեմալի վաւերացմանը: Բացի այդ՝ ինչպէս յայտնի է, «Տեղահանութեան մասին» ժամանակաւոր օրէնքը 1915ի Յունիսի 1ին հրապարակուել էր տուեալ ժամանակաշրջանի պաշտօնաթերթ Takvim-i Vekayi պարբերականում: Այսինքն՝ առնուազն միամտութիւն կը լինի համարել, որ Ջեմալն այդ մասին տեղեկացուել է մի քանի ամիս անց միայն:
2. Որոշ թուրք պատմաբաններ ենթադրում են նաեւ, թէ Ջեմալը ձգտել է ապահովել աքսորեալ հայերի կեանքի անվտանգութիւնը:
Թէեւ տեղեկութիւններ կան, որ Ջեմալ փաշան, ինչ-ինչ պատճառներից ելնելով, փրկել է որոշ հայերի կեանքը, սակայն այդ դէպքերը կրել են ոչ թէ համատարած, այլ մասնակի բնոյթ: Եթէ Ջեմալն իրապէս ցանկանար ապահովել հայերի անվտանգութիւնը իր անմիջական հրամանատարութեան տակ գտնուող բանակի հսկողութեան տարածքում, այսինքն՝ Սիրիայում, ապա հնարաւոր չէր լինի Դեր Զօրի անապատում հայութեան մեծ ջարդը, որը 1916ին իրագործուեց Զօր սանջակի (մարզի) կառավարիչ Զեքի բէյի կողմից կազմաւորուած հրոսակախմբերի կողմից: Ինչպէս յայտնի է, Ջեմալ փաշան 1914ի Դեկտեմբերից մինչեւ 1917ի Դեկտեմբեր, ուղիղ 3 տարի ի պաշտօնէ մնացել է Սիրիայում: Այսինքն՝ եթէ նոյնիսկ Ջեմալի կողմից հայերին «փրկելու» դէպքեր գրանցուել են, ապա դրանք եղել են եզակի:
3. Ըստ թուրք պատմաբանների՝ Ջեմալ փաշան իբրեւ թէ «մեծ բծախնդրութեամբ է մօտեցել» իր հրամանատարութեան տակ գտնուող օսմանեան 4րդ բանակի հսկողութեան շրջանում հայերի տեղահանութիւնն «ապահով կերպով» իրականացնելու գործին եւ մեծ ջանքեր է գործադրել, որպէսզի կանխուեն համաճարակային հիւանդութիւնները:
Իմ կարծիքով՝ այդ բծախնդրութիւնը պայմանաւորուած էր Ջեմալի այն մտահոգութեամբ, որ նման հիւանդութիւնները չդառնան համատարած եւ չտարածուեն նաեւ տեղի բնակչութեան ու յատկապէս՝ բանակի շրջանում: Մանաւանդ, որ իր հրամանատարութեան տակ գտնուող բանակը կռւում էր կարեւոր ռազմաճակատներում, եւ համաճարակի տարածումը կարող էր իրապէս մեծ վտանգի առաջ կանգնեցնել օսմանեան բանակին եւ նպաստել աշխարհամարտում օսմանեան պետութեան պարտութեանը:
Ջեմալի նոյն մտահոգութեամբ էր պայմանաւորուած նաեւ այն փաստը, որ նա ի սկզբանէ առաջարկել էր հայերին աքսորել ոչ թէ ռազմաճակատներին մօտ գտնուող տարածքներ, այլ օսմանեան պետութեան ներքին շրջաններ, մասնաւորապէս՝ Կոնիա, Անկարա եւ Կաստամոնու:
4. Եւ վերջին պնդումը. թուրք պատմաբանները, որպէս Ջեմալի «հայասիրութեան արտայայտութիւն», ներկայացնում են այն փաստարկը, թէ նրա ջանքերով բացուել են մի շարք մանկատներ եւ արհեստանոցներ, որտեղ հայ մանուկներն ու պատանիները կարողացել են դաստիարակուել եւ պատրաստուել կեանք մուտք գործելուն:
Այս փաստարկը շեշտադրող թուրք պատմաբաններին հարկ է յիշեցնել, որ ցեղասպանութիւն է համարւում ոչ միայն ֆիզիկական բնաջնջումը, այլ նաեւ տուեալ էթնիկ խմբի ներկայացուցիչների փոխանցումը մէկ այլ էթնիկ խումբ: Գաղտնիք չէ, թէ ինչու էին յատկապէս Սիրիայում եւ Լիբանանում բացուել հայ երեխաների համար նախատեսուած մանկատները: Հէնց այս վայրերում պէտք է վերջնականապէս կտրուէին հայութեան արմատները, որոնք կարող էին ծիլ տալ նոր սերնդի միջոցով: Ինչպէս դա աւելի վաղ ընդգծել է նաեւ թուրք ցեղասպանագէտ Թաներ Աքչամը, հայ երեխաների վերադաստիարակումը՝ ըստ թուրք-իսլամական օրէնքների, նոյն ցեղասպանութիւնն է, սակայն ոչ ֆիզիկապէս վերացնելու ճանապարհով :
Հայոց Ցեղասպանութեան պատմութեանը յայտնի են նման մի շարք որբանոցներ, որտեղ հայ մանուկներին զրկել են նախ՝ հայկական անունից, ապա՝ կրօնից, նրանց մոռացրել մայրենի լեզուն ու հայրենիքը եւ դաստիարակել որպէս թուրք ու մուսուլման: Այդ մեթոդը օսմանցիներն սկսել էին կիրառել շատ աւելի վաղ, երբ «դեւշիրմէ»ի՝ մանկահաւաքի ճանապարհով կազմաւորւում էր ենիչերիական զօրքը: Հանրայայտ է նաեւ Քեազըմ Կարաբեքիրի կողմից ստեղծուած «Ամրակազմ պատանիների բանակը», որի նպատակը նոյնպէս հայ մանուկների թուրքացումը եւ իսլամացումն էր, նրանց թուրք պետութեան համար նուիրեալ քաղաքացի դարձնելու, սեփական ազգութիւնը լիովին մոռացնելու քաղաքականութիւնը:
Ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ հայութեան հանդէպ Ջեմալ փաշայի դիրքորոշումն ու քաղաքականութիւնը թէեւ առաջին հայեացքից եւ ձեւականօրէն կարող է տարբեր թուալ միւս ցեղասպան իթթիհադականների մօտեցումից, սակայն, ըստ էութեան, այն գրեթէ նոյնն է, քանի որ լիովին միանման է նպատակը, այն է՝ հայերի, որպէս ազգի, ի սպառ վերացումը:
Ինչպէս իրաւամբ նկատում է այս թեմայով ուսումնասիրութեան հեղինակ Ումիթ Քուրթը. «Ջեմալի դիրքորոշումը միւս երիտթուրքերից տարբերւում էր միայն մեթոդի առումով»: Այսինքն՝ նա եւս հայերի բնաջնջման կողմնակիցներից էր, սակայն առաւելապէս ուծացման, ձուլումի միջոցով:
Բացի այդ, ըստ իս՝ Ջեմալ փաշայի նման Հայոց Ցեղասպանութեան հիմնական հեղինակները այլ լոյսի ներքոյ ներկայացնելը յղի է նաեւ այլ վտանգներով, քանի որ կարող է, այսպէս կոչուած, «հայասէր թուրքի» կերպարը հայասպան թուրքի հանդէպ գերիշխող դարձնել հայութեան շրջանում, այն էլ՝ անհիմն կերպով: Այս մեր եզրակացութեան համար կարող է հիմնաւորում ծառայել թէկուզ այն փաստը, որն առնչւում է Ջեմալի թոռան՝ 2014ի Հայաստան այցելութեան հետ: Այդ այցը հայ հանրութեան որոշ ներկայացուցիչների շրջանում այնպիսի համակրական վերաբերմունք էր ձեւաւորել, կարծես մոռացել էին, որ խօսքը մեծագոյն հայասպաններից մէկի թոռան մասին էր…
«ԴՐՕՇԱԿ»