Երեւանում տպագրուել է եւ շուտով Արեւմտեան թեմի ընթերցողներին հասանելի կը լինի «Հրատարակչական Իրագործումներ Գերշն. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի» գրքոյկը։ Գրեթէ ամէն ամիս կամ շաբաթ մեր ընթերցողին ծանուցում ենք Արեւմտեան թեմի որեւէ նոր հրատարակութեան մասին։ Եւ այս իմաստով տեղին է հաստատել, որ Արեւմտեան թեմը, Յովնան արք. Տէրտէրեանի առաջնորդութեամբ, ի թիւս միւս ձեռնարկների, նաեւ վերածուել է հրատարակչական կենտրոնի, ուր շարունակաբար պատրաստւում ու տպագրւում է հոգեւոր, գիտական ու ուսուցողական բազմաժանր գրականութիւն։
Տպագրուած հարիւրաւոր անուն գրքերը ամփոփելու, մատենագիտական ցանկը կազմելու նպատակով է ստեղծուել «Հրատարակչական Իրագործումներ» ներկայ գրքոյկը։ Այն ըստ ժամանակագրութեան ներկայացնում է 1990-2003 ապա եւ 2003-2023 թուականներին ստեղծուած գրքերի ամբողջական ցանկերը՝ ըստ հեղինակների, խորագրերի եւ թուականների։ Երկու այդ փուլերը համընկնում են Յովնան սրբազանի՝ Կանադայի եւ Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդութեան տարիների հետ։
Գրքոյկի առաջաբանում ի մասնաւորի ասւում է. «Ցանկում ընդգրկուած մեծաքանակ գրքերի առաւել հանգամանալից քննութիւնն ըստ բովանդակութեան, ժանրերի ու թեմաների, վստահ ենք, դեռ պիտի կատարուի։ Բայց մինչ այդ՝ ներկայացնում ենք ամփոփ ցանկը, որ ինքնին մատենագիտական, ուսուցողական որոշակի արժէք ունի եւ օգտակար կարող է լինել ընթերցողների համար»։
Հրատարակչական ծրագրերը շարունակւում են։ Ի մասնաւորի 2023 տարեշրջանում, որ համընկնում էր Յովնան սրբազանի առաջնորդութեան 20րդ ամեակին, հրատարակուել են մօտ 20 գրքեր՝ Հայաստանում եւ Ամերիկայում։
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ