Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճարում Յունուարի 1ի Ս. պատարագը սկսուեց հանդիսապետութեամբ թեմակալ առաջնորդ Յովնան արք. Տէրետրեանի: Պատարագիչն էր Նժդեհ քահանայ Քէշիշեանը: Թէեւ նախորդ գիշերն ամանորեայ էր եւ հաւատացեալ հայորդիներն անցկացրել էին տօնական սեղանների շուրջ, սակայն, ինչպէս միշտ, Մայր տաճարը լի էր սիրելի հաւատացեալների աղօթքներով: Բարեպաշտ հաւատացեալները շտապել էին Աստծոյ տուն, որպէսզի նոր տարին սկսեն Տիրոջմով: Պատարագիչն իր քարոզում խօսեց կեանքում Աստծոյ առաջնայնութեան մասին: Ի մասնաւորի Տէր հայրը պատգամեց հաւատացեալներին իրենց կեանքում ամէն ինչից առաջ դիմել Տիրոջը եւ Տիրոջ օրհնութեամբ սկսել:
Յնթացս պատարագի Յովնան սրբազանը հայկական նախշերով ձեռաց խաչ նուիրեց տէր Նժդեհին` ի զօրացում նրա ծառայութեան:
Յաւարտ պատարագի` կատարուեց ուրարի տուչութիւն : Ուրար կրելու պատուի արժանացաւ Սուրբ սեղանի սպասաւոր Քեւին Մանուկեանը:
Ապա կատարուեց Հայրապետական մաղթանք ի շինութիւն եւ անսասանութիւն Հայոց հայրապետութեան եւ նրա գահակալի:
Արարողութեան աւարտին բոլոր ներկաները հրաւիրուեցին տօնական սեղանների շուրջ բարեմաղթանքներ փոխանցելու: Հոգեւորականաց դասը, թեմական կառոյցները, երգչախումբը եւ հարիւրաւոր հաւատացեալներ իրենց որդիական բարեմաղթանքները բերեցին սիրելի սրբազան հօրը` մաղթելով արեւշատ եւ երջանիկ կեանքի բազում տարիներ` ի բարօրութիւն Արեւմտեան թեմի եւ ի զօրացում բարեպաշտ հաւատացեալների:
Օրհնութեան եւ շնորհաւորանքի խօսքով հանդէս եկաւ Յովնան սրբազանը` բարձր գնահատելով անցած տարում ունեցած ձեռքերումների եւ նուիրեալ ծառայութեան համար թէ՛ հոգեւորականներին, թէ՛ թեմական եւ ծխական կառոյցների անդամներին, թէ՛ երգչախմբի անդամներին: Սրբազանը շնորհաւորեց բոլոր ներկաների Ամանորը, մաղթելով` Տիրոջ օգնականութիւնն ու հանապազօրեայ պահպանութիւնը հաւատացեալ մեր հայորդիներին ` նրանց երջանիկ եւ ապահով կեանքի համար:
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ