Ռ. ԿՈՐԻՒՆ

Ձախորդ օրերը ծանր են ու դժուար անցանելի, ինչպէս իրադարձութիւններն են մատնանշում, դեռ օձապտոյտ ճամբան մեր առջեւն է: 2018ից մինչեւ օրս ձախեցնող օրեր են եղել եւ դեռ շարունակւում են. ե՞րբ վերջ կը գտնեն հայկական տարածքների բռնագրաւումը, ահաբեկող սահմանային կրակոցները, կարծեմ, պիտի դիմենք աստղագէտներին: Ինչպէս երեւում է Հիւսիսափայլից յոյսը կտրուած Արեւմտափայլին են դիմում, գոնէ սա արեւ ծագեցնի: Հիւսիսափայլը ծառը ճիւղակտոր է արել, Հայաստանից երես է դարձրել, քաղցր հայեացքը մեր թշնամուն ուղղուած. չեմ կարծում սա տեւական լինի, քանի որ թուրքին հաւատալն ու բարիք անելը անարդիւնք հեռանկար է, ոչ յուսադրող: Հայաստանը՝ արեւելքում, իսկ Արեւմտափայլը՝ արեւմուտքում, հազարաւոր մղոններ հեռու, այլ երկրների գլխից անցնող ճամբաներով: Այստեղ դիմենք ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնեանի «Դեմոկրատիայի Աճուրդ» գրութեան առածին՝ «Դեռ ջուրը չհասած, մի՛ բոպկացէք, մինչեւ ջրին հասնելը, գուցէ փուշ մտնի ձեր ոտքը»:
Գրութեան վերնագիրը՝ գլխաւոր, մեզ հարց է տալիս՝ «Արցախից կարելի՞ է հրաժարուել…»: Սիրելինե՛ր, նա մեր պատմական տարածքն է, հազարաւոր տարիներով բնիկ հայեր են ապրել մինչեւ օրերս, նախքան բռնի տեղահանումը. ինչպէս կարելի՞ է հայկական աննման Արցախն իր այդ աննկարագրելի հարստութեամբ զիջել կամ նահանջել, նա Հայաստանի ողնաշարն է, թիկունքն ու ապաւէնը. լաւ մտածէք հայ ժողովուրդ, շարունակ այսպէս զիջելով էք ապրել, որ այս խեղճ ու կրակ վիճակին էք հասել, լաւ իմացէք վաղն էլ ուրիշ տարածք էք զիջելու: Զիջելը հանգիստ մեր մէջ սովորութիւն-բնազդ է դարձել…
Ներկայիս, Միջին Արեւելքի աշխարհաքաղաքական պատերազմական վիճակը մեզ յուշում է՝ զգօն քաղաքականութիւն: Դէպքերն ու իրադարձութիւնները այն համոզումն են առաջացնում, որ պէտք է մեր հայութեան միասնական ուժերին եւ ջանքերին վրայ հիմնուել: Այստեղ պիտի յիշեմ Վարդան Դեւրիկեանին՝ «Ուշ Միջնադարեան Հայ Բանաստեղծութեան Մէջ» նշումին, ուր գրում է՝ «Հայ ժողովրդի եկեղեցական եւ աշխարհական պատասխանատուները երկիրը պատսպարելու, ներսից ամրապնդելու փոխարէն այգու պահապաններ էին որոնում այս կամ այն երկրում…«: Սա է եղել մեր անցեալի կործանիչ քաղաքականութիւնը: Այդուհանդերձ ըստ մեր աշխարհագրական դիրքին ու կարողութիւններին, անհրաժեշտ է բարեկամներ ունենալ փոխադարձ օգտակարութեամբ եւ պաշտպանութեամբ: Հայ ժողովուրդը իր մտքին ու բանականութեան պիտի ուժ տայ եւ խորհուրդ տայ իշխանաւորներին՝ մտածելով քաղաքականութիւն վարել, հեռատեսութեամբ ծրագրել իրենց անելիքները, որ երկրի գոյատեւման, զարգացման, հզօրացման սատար հանդիսանան, հաւատարմօրէն պաշտպանել բարեկամութիւնը, ոչ թէ ճիւղից ճիւղ թռչկոտել, ապահով եւ խոստումնալից հիմք ընտրել՝ գոյութիւնը ապահովագրելու համար մեր այս բարդ տարածաշրջանում, շրջապատուած թշնամիներով, որոնք ամէն յարմար առիթ օգտագործում են Հայաստանին ճիւղակտոր անել, երախները բացած Հայաստանին կուլ տալու եւ միջոցներ են փնտռում իրենց դարաւոր երազը իրականացնելու համար:
Հայ ժողովուրդը իր դարաւոր մշակոյթով ու օգտաւէտութեամբ արժանի է, որ ապրի խաղաղ ստեղծագործ կեանքով, սակայն ամէն ձգտում իր գինն ունի. երկիրը պէտք է հզօրանայ տարբեր ուղղութիւններով, բարեկամ երկրների հետ սերտ յարաբերութիւնների միջոցով: Ահաւասիկ իմ կարծիքով սա պիտի լինի մեր որեւէ իշխանաւորի ճամբի քարտէզը:
Նկատելով նոր տարեմուտի սեմին ենք գտնւում, մեր մտքերն ուղղւում են դէպի Ամանորին եւ մտածումներ են ծնւում: Շատ ու շատ ամանորներ են մեր գլխից անցել, շատ անգամ խեղճ ու կրակ, երբեմն առոք-փառոք պայմաններում: Այդ տօնական օրերին հայրենազգային բարեմաղթանքներ եւ պատգամներ շատ են հնչել հոգեւոր եւ աշխարհական խոհուն անձնաւորութիւնների կողմից, գրութիւններ են գրուել գրողների, մտաւորականների եւ թերթերի խմբագիրների կողմից. եթէ մենք ուշադիր հետեւէինք նրանց մտահոգութիւններին, առաջադրանքներին, յորդորներին, դաս առնելով այսօր մենք կ՛ունենայինք հզօր հայրենիք, մշակոյթ եւ տնտեսութիւն եւ ոչ թէ կ՛ըլլայինք օտարներից կախեալ եւ խաղաղութիւն աղերսելու դերում: Ցաւօք, մեծամասնութեամբ խուլ ենք մնացել, վայելչանքով տարուած, անփոյթ մեր հայրենիքի շահերի նկատմամբ, որով այս վիճակին ենք մատնուել՝ Արցախը բռնաթափ եղած, Հայաստանից տարածքներ գրաւուած եւ այլ վտանգներ ու աշխարհում ցիր ու ցան, դեռ շատեր էլ ցանկանում են որքան շուտ հայրենիքից դուրս գալ: Իսկապէս ողբամ զքեզ հայ ժողովուրդ, որ որդեգրել ես՝ «որտեղ հաց, այնտեղ էլ կաց» սկզբունքը. այս է եղել մեր դժբախտութեան պատճառը: Եթէ ամուր կառչած լինէինք մեր հայրենիքից, ոչ տարածքներ կը զիջէինք, ոչ էլ խաղաղութիւն կը մուրայինք եւ այսօր պատուով եւ խաղաղ կ՛ապրէինք առանց տարտղնուելու աշխարհով մէկ: Առածն յիշեցնում է՝ «վնասի առաջը երբ բռնես՝ օգուտ է»:
Գալով վրայ հասնող 2024ի տարեմուտին, մեր սրտագին մաղթանքն է մեր ժողովրդին՝ հայրենիքում եւ Սփիւռքում, քաջառողջութիւն, միասնական ոգու ամրապնդում, հայոց մշակոյթի անսասանութիւն, ժողովրդի բարօր կեանք եւ մեր արդարացի պահանջների համար հետեւողական անխոնջ աշխատանք, անզիջում կեցուածք իրաւունքների պաշտպանութեան տեսանկիւնից ուր էլ գտնուենք:
Նոր յոյսերով, նոր գործերով, նոր ձգտումներով՝ ի շահ հայրենիքի հզօրացման եւ բարգաւաճման:
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: