
ՀԱՐՑԱԶՐՈՅՑ FEMINNO ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՍԵԴԱ ՊԱՊՈՅԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանի տեխնոլոգիական (արհեստագիտական) ոլորտում շուրջ քառասուն տոկոս կանայք են ներգրաւուած, ինչը համաշխարհային առաջատար ցուցանիշ է: Այս հարցում իր նշանակալի ներդրումն ունի «Ֆեմիննօ» (FemInno) կազմակերպութիւնը, որ ստեղծուել է՝ խրախուսելու տեխնոլոգիաների եւ նորարարութեան բնագաւառում կանանց ներգրաւումը: Բազմաբնոյթ ծրագրերով «Ֆեմիննօ»ին յաջողուել է յեղափոխութիւն առաջացնել Հայաստանում եւ տարածաշրջանում: 2023 թուականին կազմակերպութիւնը մեկնարկեց նոր նախագիծ՝ նպատակ ունենալով համախմբելու ոլորտի համաշխարհային հայկական ներուժը: Այս առաքելութեան շրջանակներում, Հոկտեմբերին «Ֆեմիննօ»ն աննախադէպ համաժողով անցկացրեց Կալիֆորնիայում՝ մէկ հարթակում միաւորելով Հայաստանի ու Միացեալ Նահանգների ոլորտի բազմաթիւ ազդեցիկ ներկայացուցիչների: «Ֆեմիննօ»ի հիմնադիր Սեդա Պապոյեանը, կազմակերպութեան նպատակների ու ծրագրերի մասին մանրամասներ է ներկայացնում «Ասպարէզ»ում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս է ձեւաւորուել «Ֆեմմինօ»ն հիմնելու գաղափարը:
ՍԵԴԱ ՊԱՊՈՅԵԱՆ.- Տարիներ առաջ սկսել եմ հասարակական գործունէութեամբ զբաղուել, որն ուղղուած էր հիմնականում կրթութեանը, սակայն իմ հետաքրքրութիւնը միշտ եղել է տեխնոլոգիական բնագաւառում: Ցաւօք, ես չունեմ տեխնոլոգիական կրթութիւն, եւ երբ հարցնում են ինչու, պատասխանում եմ՝ որովհետեւ, հաւանաբար, ժամանակին չկար «Ֆեմմինօ»ի նման կազմակերպութիւն, որը կը յուշէր, որ տեխնոլոգիական կրթութիւնը նաեւ կանանց համար է, եւ արժէ ներգրաւուել այդ ոլորտում: Դպրոցն ու միջավայրս նոյնպէս ինձ չեն խրախուսել այդ առումով:
Կանանց եւ տեխնոլոգիաների թեման իմ համար համադրուեցին 2017 թուականին, երբ պատահաբար բացայայտեցի Girls in Tech միջազգային հարթակը, որին պարզեցի, որ Հայաստանն էլ կարող է միանալ: 2017 թուականին իմ ջանքերով հիմնուեց Girls in Tech-ի հայկական մասնաճիւղը՝ կանանց ու աղջիկներին տեխնոլոգիական ոլորտում ներգրաւելու նպատակով: Սկսեցի կազմակերպել միջոցառումներ, որոնց ընթացքում էլ գտայ թիմակիցներ (խմբակիցները), եւ մի քանի տարի կամաւոր ջանքերով կազմակերպեցինք թեմայի շուրջ ձեռնարկներ, իրականացրեցինք կրթական ծրագրեր: Սակայն հասկացանք, որ մեզ անհրաժեշտ են կայուն ծրագրեր, եւ աստիճանաբար սկսեցինք ձեւաւորել նախագծեր առաւել մեծ ծաւալներով:
Սովորաբար երբ հարցնում են, թէ ինչով ենք զբաղւում, պատասխանում եմ, որ միջնորդ ենք համայնքի այն բոլոր կանանց ու աղջիկների, ովքեր ցանկանում են տեխնոլոգիաների եւ ընդհանրապէս նորարարութիւնների բնագաւառում լինել, եւ մասնաւոր հատուածի միջեւ, այն է՝ տեխնոլոգիական ընկերութիւններ, ովքեր փնտռում են տաղանդների, ցանկանում են ներգրաւել նոր ներուժ եւ խրախուսել կանանց: Մինչեւ 2020ի համաճարակը բաւական հետաքրքիր արդիւնքներ էինք գրանցել, ոլորտում հեղինակութիւն էինք ձեռք բերել, եւ մեծ ծրագրեր ունէինք, բայց «Կորոնա» վարակի բռնկումից, այնուհետեւ Արցախեան պատերազմից յետոյ չէինք պատկերացնում ինչպէս շարունակել: 2021 թուականին էլ վերածուեցինք առաջնային օգնութեան հարթակի՝ աջակցութեան ծրագրեր իրականացնելով Շուշիից, Հադրութից եւ Արցախի այլ շրջաններից տեղահանուած կանանց համար, փորձեցինք իրենց աջակցել տեխնլոգիաների ոլորտում հաստատուելու հարցով: Միաժամանակ, մարզերում էինք իրականացնում ծրագրեր երիտասարդների համար՝ օգնելով նրանց յաղթահարել տեխնոլոգիական ոլորտում կանանց մասնակցութեան հանդէպ եղած կարծրատիպերը: Այս աշխատանքների ընթացքում կարողացանք բացայայտել եւ ներկայացնել, որ Հայաստանը կանացի մեծ ներուժ ունի բազմաթիւ ոլորտներում: Հասկացանք, որ մեր կազմակերպութեան անուանումը պէտք է փոխենք՝ ընդլայնելու մեր գործունէութեան սահմանները եւ տեխնոլոգիաներից բացի ներառելու աւելի լայն նորարարութիւնների, ձեռնարկատիրութեան, գիտութեան ոլորտները: Կազմակերպութիւնը վերանուանեցինք FemInno, որն անգլերէն female and innovation բառերի միաձուլումն է եւ սկսեցինք նոր, շատ յաւակնոտ ծրագրեր:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞րն էր ձեր առաջին ամենայաւակնոտ ծրագիրը:
ՍԵԴԱ ՊԱՊՈՅԵԱՆ.- 2022 թուականին ամրանը կայացաւ «Ֆեմիննօ»ի միջազգային առաջին մեծ համաժողովը, որ նուիրուած էր կանանց ներգրաւելուն, խրախուսելուն եւ առաջ մղելուն՝ գիտութեան, տեխնոլոգիայի եւ ձեռնարկատիրութեան ոլորտներում: «Ներգրաւուել, Կրթել եւ Զօրացնել» (Engage, Educate and Empower) կարգախօսով մեր նպատակն էր վերածուել աւելի բազմազան հարթակի, որը տարաբնոյթ հնարաւորութիւններ կ՛ընձեռի կանանց: Շատ փոքր թիմով, սահմանափակ միջոցներով մեծ յաջողուեց ներգրաւուել մեծաքանակ համախոհների, անուանի բանախօսների տարբեր երկրներից, եւ համաժողովի երկու օրերի ընթացքում ունեցանք 1500 մասնակից աշխարհի տարբեր անկիւններից, ինչը շատ մեծ թիւ է Հայաստանի համար: Այսպիսով, մեզ յաջողուեց Հայաստանը տեսանելի դարձնել ոլորտի աշխարհի քարտէզում եւ համաշխարհային մեծ խաղացողներ հետաքրքրուեցին մեր հարթակով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.-Ինչպէ՞ս օգտագործեցիք յաջողութիւնը:
ՍԵԴԱ ՊԱՊՈՅԵԱՆ.- Համաժողովից յետոյ որոշեցինք, որ «Ֆեմիննօ»ն վերածուի հարթակի, որտեղ կը միաւորենք Հայաստանում եւ Սփիւռքում մեր թեմաներով զբաղուող կազմակերպութիւններին: 2023 թուականի ամրանը կայացած «Կայուն զարգացում. շարժուելով դէպի մետավերս» խորագրով մեր երկրորդ համաժողովին արդէն շուրջ 2000 մարդ մասնակցեց, որոնց շարքում մեծ թիւ էին կազմում Սփիւռքից ժամանած մեր հայրենակիցները: Հնարաւորութիւն ստեղծեցինք նաեւ ձեռնարկատիրութեամբ զբաղուող կանանց մասնակցելու համաժողովի «էքսփօ» հատուածում, եւ ներկայացնելու իրենց արտադրանքն ու ծառայութիւնները՝ այսպիսով նպաստելով նրանց տեսանելիութեան բարձրացմանն ու զարգացմանը:
Մեր ծրագրերում ներգրաւեցինք նաեւ միջազգային մեծ կազմակերպութիւնների, որոնք սովորաբար աշխատում են զարգացման ոլորտում, այդ թւում՝ ՄԱԿի տարբեր գործակալութիւնները, Եւրոպական բանկը, եւ միասին նախագծեցինք նոր ծրագրեր:
Միաժամանակ հասկացանք, որ ժամանակն է արտահանել մեր ստեղծած իւրայատուկ ապրանքանիշը, եւ կազմակերպութիւնը ներկայացնել Հայաստանից դուրս՝ համախմբելով նաեւ Սփիւռքում նորարարութեամբ զբաղուող կանանց: Այս միտքն առաջացաւ 2023 թուականի սկզբին, երբ Հայ կանանց միջազգային ընկերակցութեան (AIWA) կողմից հրաւիրուած էի մասնակցելու ՄԱԿի Կանանց հարցերով գագաթաժողովին որպէս խօսնակ: Արեւելեան ափում համայնքների հետ հանդիպումներից հասկացայ, որ մարդիկ, ովքեր տարբեր առիթներով մեր ծրագրերում ներգրաւուած են, եւ ինչ-որ չափով ճանաչում են մեզ՝ կարիք կայ նրանց հետ նաեւ անձամբ հաղորդակցուելու եւ ներկայացնելու մեր աշխատանքներն ու ձեւաւորելու համատեղ ծրագրեր: Արդիւնքում ստեղծեցինք նոր ձեւաչափ՝ դրանք անուանելով «Ֆեմիննօ արբանեակ», (FemInno Satellite), որը նախատեսում էր, որ կազմակերպութիւնը կը սկսի ճամբորդել:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞րն էր ձեր առաջին նպատակակէտը:
ՍԵԴԱ ՊԱՊՈՅԵԱՆ.-Առաջին ուղղութիւնն ի հարկէ Սան Ֆրանցիսկոն էր, որտեղ եւ 2023 թ.ի Հոկտեմբերի 26ին, Գրուզեան-Զաքարեան-Վասպուրական հայկական վարժարանի «Սարոյեան» սրահում կայացաւ «Ֆեմիննօ»ի առաջին արտագնայ Արբանեակ համաժողովը: Ուղին մինչ Սան Ֆրանցիսկօ բարդ էր՝ հաշուի առնելով համաշխարհային փոթորկոտ իրավիճակը, որ Սեպտեմբերին մեզ համար առաւել ծանր դարձաւ Արցախի կորստի պայմաններում: Մեր ծրագիրը պատրաստ էր, բայց չէինք կողմնորոշւում՝ իրականացնել, թէ ոչ: Սակայն հասկացանք, որ եթէ յետ կանգնենք մեր մտքից՝ կը նշանակի ուրախացնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, որ թուլանանք: Ուժ հաւաքեցինք, եւ որոշեցինք, որ համաժողովը պէտք է կայանայ:
«Արհեստական բանականութիւն եւ Ներառական նորարարութիւն» (AI and Inclusive Innovation) խորագրով համաժողովին որպէս բանախօսներ փորձել էինք հրաւիրել ոլորտի ազդեցիկ անհատների՝ Equinix ընկերութեան տնօրէններից Քրիստին Սօուսայի գլխաւորութեամբ, եւ շատ ուրախ ենք, որ մեծամասամբ դրական արձագանգ ստացանք, ինչը խօսում էր այն մասին, որ մեզ ճանաչում են եւ աշխատանքը գնահատւում է: Այս անգամ խօսնակներին ընտրելիս օգտագործել էինք հայ լինելու, կամ Հայաստանի ու հայերի հետ առնչութիւն ունենալու գործօնը: Համաժողովի բանախօսների թւում էին՝ «Էմերսոն Քըլեքթիւ» ընկերութեան գործադիր տնօրէն Րաֆֆի Գրիգորեանը, ով բաւական մեծ ներդրում ունի նաեւ «Թուիթեր» եւ «Ուբեր» ընկերութիւններում, տեխնոլոգիական ոլորտում յայտնի գործարար Դեւիդ Եանը, ում մայրն է հայ, Մետայի իրաւաբանական թիմի ղեկավար Էմմանուէլա Բրիսոդը, ում ամուսինն էր հայ, ՍԱԴԱ ընկերութեան ղեկավարներից՝ Լուսինէ Եղիազարեանը, Կալիֆորնիայից մեզ էին միացել ՀԲԸՄ Նորարարական ստուդիայի տնօրէն Նարէ Աւագեանը, GrittGene ընկերութեան հիմնադիր դոկտ. Լիւսի Աբգարեանը, ինչպէս նաեւ «Գուգըլ», եւ այլ ճանաչուած ընկերութիւնների առաջատար մասնագէտներ, AIWA-ի Սան Ֆրանցիսկոյի մասնաճիւղի ղեկավար անդամներ, ովքեր երկար տարիների փորձ եւ ճանաչում ունեն տեխնոլոգիաների եւ նորարարութեան ոլորտում:
Մեզ, փաստօրէն յաջողուեց համադրել տեղացիների մասնակցութիւնը, եւ դա շատ խորհրդանշական էր, որովհետեւ ոմանց հետ առիթ էինք ունեցել աշխատելու Հայաստանից, բայց շատերին առաջին անգամ էինք հանդիպում, եւ այդպիսով իրականացաւ տարբեր երկրներից ու քաղաքներից մարդկանց ֆիզիկապէս ներգրաւուելու մեր նպատակներից մէկը: Արբանեակ համաժողովը յաջողուած էր նաեւ այն առումով, որ կարողացանք Սան Ֆրանցիսկոյում ապրող, նոյն ոլորտում գործող մարդկանց մեր համաժողովի միջոցով միմեանց ծանօթացնել: Այսպիսով, մենք հաստատեցինք մեր գաղափարը, վաւերացման փուլն անցանք, եւ համոզուեցինք, որ Արբանեակ համաժողովների ծրագիրն արդիւնաւէտ է, եւ ըստ այդմ, կը շարունակենք մեր ճամբորդութիւնները: Յաջորդ հանգրուանը Աւստրալիան է:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Համաժողովից բացի ի՞նչ հիմնական ծրագրեր ունէք:
ՍԵԴԱ ՊԱՊՈՅԵԱՆ.- Արբանեակ համաժողովի արդիւնաւէտութիւնից ելնելով, յայտարարեցինք, որ սկսում ենք մեր համաշխարհային համայնքի հաւաքագրումը, ինչն ենթադրում է, որ տուեալ համայնքների անդամներն իրենք հանդէս գան նախաձեռնութիւններով՝ Հայաստանում ունենալով վստահելի կարող ուժ ի դէմս մեր թիմի, կա՛մ միանան մեր արդէն գործող նախաձեռնութիւններին: Արդէն ունենք բաւական հետաքրքիր արձագանգներ, եւ ինքներս էլ պատրաստւում ենք առաջարկներ անել՝ աշխուժացնելով եւ ֆորմալ (օրինական, պաշտօնական) ձեւաչափ սահմանելով այն համայնքներում, որոնք աստիճանաբար ձեւաւորում ենք:
Անդրադառնալով մեր միւս ծրագրերին նշեմ, որ տարիների ընթացքում «Ֆեմիննօ»ի հիմնադիր կազմն առաջնորդել է Հայաստանում Girls in Tech միջազգային ցանցի առաջխաղացումը, անդամակցել ու Հայաստանում զարգացրել է այս թեմային առնչուող բազում ծրագրեր ու նախաձեռնութիւններ: Դրանցից ամենաթարմը ամերիկեան GenShe ցանցին անդամակցելն է, որի նպատակն է առաջ մղել աւագ դպրոցի կամ վաղ համալսարանական տարիքի աղջիկների գործունէութիւնը նորարար ոլորտներում:
Գործունէութեան ընթացքում մշտապէս առաջնորդուելով կանանց կրթութեան, ներգրաւման եւ զօրեղացման հիմնարար գաղափարներով՝ «Ֆեմիննօ»ն կարողացել է իրագործել մի շարք արդիւնաւէտ ծրագրեր STEM ոլորտներում՝ յատկապէս մարզերի աղջիկներին ու ուսուցիչներին վերապատրաստելու, նրանց համար նոր հնարաւորութիւններ ստեղծելու ուղղութեամբ:
Լինելով հասարակական կազմակերպութիւն, «Ֆեմիննօ»ն նաեւ մշտապէս իրականացնում է իրավիճակից բխող աջակցութեան ուղիղ ծրագրեր՝ մասնաւորապէս Արցախից բռնի տեղահանուած կանանց ու աղջիկների համար: Նախորդ ամսուայ ընթացքում մեկնարկել է եւս մի ծրագիր, որի առաջին փուլում ստեղծուել է #BOXfromArtsakh նախագիծը: Վերջինիս շնորհիւ մի քանի տասնեակ արցախցի կանանց ձեռքի աշխատանք հանդիսացող իրերից նուէր տուփեր են պատրաստւում եւ վաճառւում են ինչպէս Հայաստանում, այնպէս էլ աշխարհի տարբեր կէտերում: Նախաձեռնութեանը միանալ ու տուփեր գնելու միջոցով աջակցել հնարաւոր է «Ֆեմիննօ»ի կայքում՝ www.feminno.com կամ http://boxfromartsakh.am հասցէով:
Նոյն ծրագրի շրջանակում մի խումբ կանայք ու աղջիկներ թուային հմտութիւններ են սովորում իրական օրինակի՝ BOX from Artsakh-ը զարգացնելու ուղղութեամբ: Ծրագրին կարելի է աջակցել նուիրատուութիւնների միջոցով, որոնք հասանելի են «Ֆեմիննօ»ի կայքում:
Քանի որ չունենք կայուն ֆինանսկան աղբիւրներ, իրականացնում ենք մեր միայն այն մտքերը, որոնց համար առկայ են ֆինանսական որոշակի հնարաւորութիւններ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր այսչափ արդիական ու կենսական նշանակութեան ծրագրերն իրականացնելու համար, նշեցիք, որ համագործակցում էք միջազգային կազմակերպութիւնների հետ: Հայաստանի կառավարութեան կողմից ֆինանսական աջակցութիւն չէ՞ք ստանում:
ՍԵԴԱ ՊԱՊՈՅԵԱՆ.- Ֆինանսական աջակցութիւն մենք երբեւէ չենք էլ դիմել ՀՀ կառավարութեանը, քանի որ նախընտրում ենք աշխատել ազատ ռեսուրսների (միջոցներու) հետ, ովքեր շատ արագ են որոշումներ կայացնում եւ շատ արագ են ընկալում մեր գործունէութիւնը: ՀՀ կառավարութեան ներկայացուցիչները ճանաչում են մեզ, եւ Հայաստանում կայացած մեր համաժողովին աջակցեցին՝ իրենց անունը դնելով, եւ որոշ անդամներ էլ, այդ թւում ԿԳՍՄ նախարարը տարբեր ձեւաչափերով մասնակցեցին:
«Ֆեմիննօ» հարթակի հիմնադիր Սեդա Պապոյեանի հետ զրոյցին մասնակցում էր նաեւ տեխնոլոգիական ոլորտի առաջատար՝ Equinix ընկերութեան տնօրէններից հայազգի Քրիստին Սոուզան, ով նաեւ երկար տարիներ ներգրաւուած է AIWA-ում՝ նախկինում հանդիսանալով նաեւ այս կազմակերպութեան նախագահ: Նա, իր հիմնած «Ստրոբիա» հիմնադրամով եւ AIWA-ի շրջանակներում «Ֆեմինnօ Արբանեակ» համաժողովի հովանաւորներից էր, եւ առիթ ստեղծեց «Ասպարէզ»ի համար ծանօթանալու Սեդա Պապոյեանի եւ նրա հիմնած կազմակերպութեան գործունէութեանը: «Տեխնոլոգիական ոլորտում հայ կանանց ներգրաւուելու Սեդայի մօտեցումը բացառիկ է, այն առումով, որ այս բնագաւառն առանձնայատկութիւններ ունի, սակայն Սեդան առիթ է ընձեռում բոլորին փորձելու», նշում է Սօուսան՝ «Ֆեմիննօ»ի յաջողութեան գրաւական համարելով հիմնադրի մարդկային եւ մասնագիտական առանձնայատուկ որակները: «Սեդա Պապոյեանը չշեղուեց իր ծրագրերից, եւ իրականութիւն դարձրեց համաժողովը Կալիֆորնիայում, այցելեց եւ իր հետ բերեց հայկական չիրն ու գինին, որ հզօր ուղերձ էր աշխարհին՝ ապացուցելու եւ ընդգծելու, որ չնայած մեր ժողովրդի հետ պատահած աղէտներին, մենք կարող ենք ստեղծել, համախմբուել եւ յաջողել: Նման կարգի խօսնակների ներգրաւուելը հեշտ չէ, սակայն գաղափարը, նպատակին հասնելու հետեւողականութիւնն ունեցան հրաշալի արդիւնք», նշում է Սօուսան, ով նաեւ համաժողովի երկու քննարկումներից մէկի մասնակիցն էր՝ AIWA-ի Սան Ֆրանցիսկոյի մասնաճիւղի ղեկավար անդամների հետ միասին, ովքեր երկար տարիների փորձ եւ ճանաչում ունեն տեխնոլոգիաների եւ նորարարութեան ոլորտում:
Սօուսան ոգեւորութեամբ է խօսում նաեւ Հայաստանում նորարար տեխնոլոգիաների ոլորտի մասին. «Հայաստանում ամէն անգամ հիանում եմ տաղանդներով, նրանց էներգիայով (ներուժով), հասկացողութեամբ, գիտելիքներով, խնդիրները ստեղծագործական մօտեցմամբ լուծելու կարողութեամբ: Ես շատ եմ ճամբորդել, եւ նման պատկեր երբեւէ չեմ տեսել այլ երկրներում, սա բացառիկ է: Ուսանողներն այնքան հետաքրքրութիւն, ձգտում եւ կամք ունեն սովորելու, բացայայտելու եւ ստեղծելու, եւ փաստ է, որ Սեդան եւ «Ֆեմիննօ»ի իր թիմն առաջնագծում են երիտասարդների այս հարցում»: Քրիստին Սօուսան նաեւ ուրախութեամբ նշեց այն հանգամանքը, որ տեխնոլոգիական ոլորտում աճում է ընտանիքի մայրերի ներգրաւումը, ովքեր մեծապէս ստանում են իրենց ամուսինների աջակցութիւնը: Սեդա Պապոյեանն էլ հաւելում է, որ մեծացել է աղջիկների թիւը յատկապէս մարզերում, ովքեր դիմում են համալսարանի տեխնոլոգիական բաժիններ ընդունուելու, եւ այս հարցում զգալի ներդրում ունի «Ֆեմիննօ» կազմակերպութիւնը: