
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
45 տարի շարունակ, Միացեալ Նահանգների հայ համայնքին հայ գրականութիւնն ու մշակոյթը սիրով ու հետեւողականօրէն ներկայացնող «Սարդարապատ» գրախանութը կը շարունակի հայապահպան իր գործունէութիւնը նոր վայրում` Գլենդելի սրտում գտնուող «Գրիգոր եւ Մարիամ Գարամանուկեան» Հայ երիտասարդական կենտրոնում:
Դեկտեմբերի 10ին, տօնական ձեռնարկով կայացաւ գրախանութի վերաբացումը, որ կ՛ամբողջացնի կենտրոնի առաքելութիւնը:
«Գրախանութը հայերիս համար պարզապէս վաճառասրահ չէ, այլ այն տունն է, որտեղ մեր մշակոյթը, մեր երգերը, մեր սովորութիւններն ու աւանդոյթները մեզ է փոխանցում, եւ դրա համար օրհնեցի հացը, աղը եւ ջուրը, որովհետեւ սա մեր տունն է, որ տուն պէտք է դառնայ նաեւ մեր բոլոր սերունդների համար, որ յագեցնեն իրենց հոգու եւ մտքի ծարաւը, զարգանան ու ազգին ծառայեն, եւ դիմակայէն արտաքին տարատեսակ հոսանքներին», օրհնելով գրախանութն՝ իր խօսքում նշեց Զարեհ վրդ. Սարգսեանը:
«Սարդարապատ»ը ստեղծուել ու կայացել է բազմաթիւ նուիրեալների շնորհիւ, ում մասին գրախանութի պատմութեանն ամփոփ անդրադառնալիս յիշատակեց «Սարդարապատ»ի գործադիր տնօրէն Յարութ Մկրտչեանը: «1978 թուականին, Սան Ֆերնանդօ հովտի ՀԵԴ «Սարդարապատ» ուխտի մի խումբ ընթերցասէր 17-19 տարեկան երիտասարդներ` Սալբի Ղազարեան, Սարգիս Ղազարեան, Սագօ Պէրպէրեան, Վիգէն Յովսէփեան, որոշեցին, որ հայ մշակոյթը, հայ գիրքը պէտք է տարածեն, եւ բացեցին գրախանութ ու անուանեցին «Սարդարապատ»:


1984 թուականին, շրջիկ գրախանութն հիմնաւորապէս հաստատուեց այն ժամանակ Բրենդ փողոցի վրայ գտնուող «Ահարոնեան» կոմիտէութեան շէնքում: Գլենդելում մի քանի այլ հասցէներում այնուհետեւ գործելուց յետոյ, այսօր «Սարդարապատ»ը վերադարձաւ իր ակունքներին` «Ահարոնեան»ին պատկանող այս կենտրոնը, որ իրական տեղն»է, նշեց Մկրտչեանը: Նա ընդգծեց անհատների, ովքեր անմիջական մասնակցութիւն են ունեցել «Սարդարապատ» գրախանութի կայացման գործում, այդ թւում` Աբօ եւ Անի Պողիկեանները, եւ Արման Պաղտոյեանը, Ռիթա Տէմիրճեանն ու Վարուժ Ուրֆալեանը` որպէս տնօրէններ, ում ներդրմամբ, գրախանութը, գործունէութեան տարբեր փուլերում նշանակալի յաջողութիւնների է հասել:
2017 թուականին, «Սարդարապատ»ի գործադիր տնօրէնի պաշտօնը ստանձնելով, Յարութ Մկրտչեանը, Արթօ Քէօլէյեանի հետ միասին, զարգացնում են գրախանութը Երիտասարդական կենտրոնի շէնք տեղափոխելու միտքը, որի իրականացումը հիմնականում համաճարակի պատճառով երկարաձգւում է, սակայն ի վերջոյ, 2023ի Դեկտեմբերին իրականութիւն դարձաւ:
Մկրտչեանը երախտագիտութիւն յայտնեց Քարմէն Օհանեանին, ՀՅԴ Կենտրոնական կոմիտէին, «Ահարոնեան կոմիտէութեան»ը, գրախանութի յանձնախմբի անդամներին` Շուշիկ Արսլանեանին, Արմէն Պատաղասեանին, Վարուժ Պաղտասարեանին, Յարութ Մատենլեանին, Կարինէ Իզմիրլեանին, Արթօ Քէօլէյեանին, Անգին Իզմիրլեանին, Հուրի Մարգարեանին, եւ բոլոր նրանց, ովքեր միշտ կառոյցի կողքին են` հաւատալով հայ մշակոյթին, հայ գրքին եւ գաղութաշինութեանը:
Գլենդելի Հայ երիտասարդական կենտրոնն ու յարակից Սուրբ Աստուածածին եկեղեցին, հոգեւոր-մշակութային բացառիկ համալիր են Լոս Անջելեսի հայ համայնքի համար` կենտրոնում գործող կրթական, մշակութային, մարզական խմբակների միջոցով հայ սերունդներին համախմբելով արմատների շուրջ ու հայեցի գիտելիքներ ապահովելով:
««Ահարոնեան» կոմիտէութեանը պատկանող այս կենտրոն իմ այցերի ընթացքում բազմիցս ականատես եմ եղել եռուզեռի, որ ստեղծում են այստեղ յաճախող պատանիները, երիտասարդները, որ կենտրոնում իրենց զգում են ինչպէս տանը: Երիտասարդներն այսուհետ առիթ կ՛ունենան օգտուելու նաեւ գրախանութից, որը դարձաւ այդ տան մասը, եւ այն աւելի կը ճոխացնի», իր խօսքում նշեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Մարտիկ Կապուտեանը: Նա երախտագիտութիւն յայտնեց «Սարդարապատ»ի նուիրեալներին, եւ ընդգծեց «Սարդարապատ»ի գործավարուհի Ժագլին Աւագեանի ներդրումը, ում մասին իր խօսքում ասաց նաեւ Յարութիւն Մկրտչեանը` նշելով Աւագեանի երկարամեայ գործունէութիւնն ու ջանքերը գրախանութի զարգացման ուղղութեամբ:
««Սարդարապատ»ի տեղափոխութիւնը նոր լիցք կը հաղորդի գրախանութին, որովհետեւ շրջապատուած ենք հայկական տարբեր ակումբներով, եւ յուսով եմ, որ այցելող մանուկների եւ պատանիների ծնողները մեր մշտական այցելուները կը դառնան: Ուրախ ենք նաեւ, որ Երիտասարդական կենտրոնում առիթը կ՛ունենանք ձեռնարկներ կազմակերպելու, ինչը եւս մէկ հնարաւորութիւն է ներգրաւուելու մեր համայնքին», նշեց Ժագլին Աւագեանը: Նա յայտնեց, որ գրախանութն առաջարկելու է եւս մէկ ծառայութիւն` այցելուները կարող են պատուիրել զովացուցիչներ, նախուտեստներ, սուրճ եւ ժամանց անցկացնել գրախանութի սրճարանում:
«Սարդարապատ» գրախանութում կարելի է գտնել արեւելահայերէնով, արեւմտահայերէնով եւ անգլերէնով գրականութեան, հայոց պատմութեան, Ցեղասպանութեան, արուեստի, մանկական եւ այլ թեմաներով գրքեր, նաեւ` յուշանուէրներ, այդ թւում` սպասք, զարդեր, որ հիմնականում պատրաստուած են Հայաստանում:
Ժագլին Աւագեանը նշեց, որ ընդլայնել են յատկապէս մանկական գրականութեան բաժինը, որտեղ սպասուած համալրում էին մանկագիր Ալին Պզտիկեանի երկու նոր` «Լորին Եւ Նարեկը Դէպի Հայաստան», «Լորիի Եւ Նարեկի Հանդէսը» արեւելահայերէնով եւ արեւմտահայերէնով գրքերը: «Նման վայրի կարիք շատ կար համայնքում, եւ առաջին անգամ է, որ գրականութիւնից կարող ենք օգտուել նոյն տարածքում գործող սրճարանում», նշեց Պզտիկեանը:
«Սարդարապատ» գրախանութի վերաբացմանը ներկայ էին ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի եւ «Ահարոնեան» կոմիտէութեան ընկերներ, համայնքի ներկայացուցիչներ` հասարակական, մշակութային գործիչներ, մտաւորականներ:
«Մեր ազգի համար այս չափազանց ծանր ժամանակաշրջանում, նման ակնթարթները մեծ հաճոյք են պատճառում, երբ ականատես ես, որ չնայած անյոյս թուացող իրավիճակին` մշակոյթը, գրականութիւնը զարգանում է: Յուսադրւում ես, երբ ականատես ես լինում, որ մի ժողովուրդ նման արժէքներ ունի», «Սարդարապատ» գրախանութի առաքելութիւնն այսպէս գնահատեց գրականագէտ դոկտոր Ռուբինա Փիրումեանը: