
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Յոյս` ցաւի ու արցունքի միջից, յոյս` ցասման ու վշտի միջից, եւ այդ յոյսի մարմնաւորողներն արցախցիներն էին, որ հայրենի հողի, հարազատի ու ընկերոջ կորստից շատ չանցած, իրենց ուժով, կամքով, վեհութեամբ ու սիրով այնքան անհրաժեշտ յոյսը պարգեւեցին Լոս Անջելեսի հայ համայնքին: Արցախի Վահրամ Փափազեանի անուան դրամատիկական թատրոնի դերասանները Նոյեմբերի 4ին եւ 5ին, Փասադենայի ՀԲԸՄի արուեստի կենտրոնում հանդէս եկան Կարինէ Քոչարեանի բեմադրած «Երկնքից Երեք Խնձոր Ընկաւ» ներկայացմամբ` անմոռանալի պահեր պարգեւելով ամերիկահայ հանդիսատեսին: Այս օրերին յատկապէս, անչափ կարեւոր այս ներկայացման ցուցադրութիւնը Լոս Անջելեսում հնարաւոր դարձաւ Համազգայինի Թատերական միաւորի կազմակերպմամբ:
Շուրջ երկու ժամ հանդիսատեսը յախուռն զգացումներ ապրեց` լաց ու ծիծաղ, հիացմունք ու հպարտութիւն, որ արձագանգն էին դերասանների արհեստավարժ խաղի, նաեւ` նրանց տոկունութեան ու բեմից յորդող այնքան մեծ սիրոյ ու ջերմութեան: Այն ինչին ականատես եղաւ ամերիկահայ համայնքը` զուտ բեմադրութիւն չէր, այն իրական մարդկանց ճակատագրերի միաձուլմամբ մեր ազգի պատմութեան, հայի յաւերժութեան բանաձեւի ներկայացումն էր:
««Երկնքից Երեք Խնձոր Ընկաւ» վիպակի հիման վրայ ստեղծուած ներկայացումը սարերի մէջ ծուարած դատարկուող գիւղի եւ նրա բնակիչների մասին է, որտեղ վերապրելու յոյս է ծնւում: Այս ստեղծագործութիւնում ամէն ինչ կայ` մեր ժողովրդի տառապանքը, պատերազմ, երկրաշարժ, սով, եւ ամենակարեւորը` մեր ազգի յարատեւութեան գաղտնիքը, մեր վերածնունդը», «Ասպարէզ»ի հետ զրոյցում պատմեց ներկայացման բեմադրիչ` նիւեորքաբնակ Կարինէ Քոչարեանը, ով 2020 թուականի արցախեան պատերազմից յետոյ ինքն էլ շատ արցախցիների համար դարձաւ այդ յոյսի շողերից, երբ որոշեց մեկնել Արցախ, լինել հայրենակիցների կողքին եւ ինչ-որ ձեւով աջակցել նրանց: Հայաստանի Սունդուկեանի անուան թատրոնի նախկին դերասանուհին, ով նաեւ «Սփիւռքի Ձայն» յայտնի հեռուստաժամի հիմնադիրն է, պատմում է, որ նախագիծը մեկնարկել է 2021 թուականի գարնանը:


«Արցախում ներկայացում բեմադրելու միտքը յղացայ 2020 թ.ի պատերազմից անմիջապէս յետոյ: Նիւ Եորքում բեմադրիչի մասնագիտութիւն ձեռք բերելուց յետոյ զբաղուել եմ թատերական գործունէութեամբ, եւ փնտռում էի մի ստեղծագործութիւն, որն ինչ-որ չափով կը համապատասխանէր իրավիճակին, եւ Նարինէ Աբգարեանի վէպում ամփոփ գտայ ամէն ինչ: Միաժամանակ, այս գործը հրաշքի մասին է, այն հրաշքի, որին մեր կեանքում ամէն օր ականատես ենք լինում, եւ ինչպէս ասում է մեր ներկայացման հերոսներից մէկը` «մեր շէնումը հրաշքներ շատ են կատարւում, եւ դա երեւի նրանից է, որ մենք շատ վեր ենք` երկնքին մօտ ենք: Սա ասելով նկատի ունի այն գիւղի տեղանքը, որտեղ տեղի են ունենում գործողութիւնները` Արցախի, Սիւնիքի կողմերում, բարձր սարի վրայ: Մտայղացումս լաւագոյնս հնարաւոր դարձաւ իրականացնել Արցախի 92 տարուայ պատմութիւն ունեցող դրամատիկական թատրոնի դերասանների շնորհիւ, ում համարում եմ միջազգային կարգի արհեստավարժ դերասաններ, որոնց հետ վեց ամսուայ ընթացքում բարեկամացայ», պատմում է Քոչարեանը:
Ներկայացման առանցքում պարզ, բարեպաշտ, հիւրասէր հայ գիւղացին է` իր վեհութեամբ, նուիրուածութեամբ, մերձաւորին սատար կանգնելու կարողութեամբ, հայրենիքի, մշակոյթի ու լեզուի նկատմամբ իր սիրով: Չնայած անհամար կորուստներին, գիւղում մնացած տարեց բնակիչները շարունակում են արարել ու հաւատալ, եւ այդ հաւատն մի օր արդարացւում է` վերածնունդը տեղի է ունենում: Արցախցի 14 դերասանների մասնակցութեամբ ներկայացումն ինքնին դրա վկայութիւնն էր: Կարինէ Քոչարեանին էլ յաջողուել էր նաեւ երաժշտութեան, պարի, Սիւնիքի ու Արցախի բարբառների, ձեւաւորման միջոցով փոխանցել ազգային մթնոլորտն ու ամբողջական դարձնել ուղերձը:
«Երկնքից Երեք Խնձոր Ընկաւ» ներկայացումը մեկնարկել է Ստեփանակերտից, շրջել Հայաստանի տարբեր քաղաքներում, այնուհետեւ թատերախումբը հիւրախաղերի է մեկնել Ռուսաստան, Եւրոպական մի շարք երկրներ, Միացեալ Նահանգներում հանդէս եկել նաեւ Նիւ Եորքում, Նիւ Ջերսիում, Ֆիլադելֆիայում, Վաշինգտոնում`ամէնուր արժանանալով հանդիսատեսի բարձր գնահատականին:


«Իմ նպատակն էր, որ բեմադրութիւնը շրջի աշխարհում, եւ ցոյց տանք ու բոլոր բեմերից ասեմ, որ ձեր առջեւ Արցախն է կանգնած, արցախցիներ են, ովքեր չգիտեն, թէ ինչ է պարտութիւնը: Այո, իրենք դուրս եկան իրենց հայրենի հողից ստիպուած` ոչ այնքան իրենց, այլ իրենց զաւակների համար, բայց մենք չենք հաշտուելու այս մտքի հետ, եւ պէտք է միշտ բաց պահենք Արցախի հարցը, ինչի դէպքում միայն անպայման ետ կը բերենք կորցրածը», նշում է Կարինէ Քոչարեանը: «Պատերազմից յետոյ ես գնում էի Արցախ, որ իրենց յոյս տամ, իրենց ուժ տամ, եւ պատահեց հակառակը` արցախցիներն ինձ ուժ, յոյս տուեցին, եւ կեանքիս իմաստ տուեցին: Ես ոչ մի անգամ, նոյնիսկ հիմա, արցախցուց չեմ լսել դժգոհութիւն իրենց վիճակի մասին»: Երբ Կարինէ Քոչարեանը կիսում էր պատերազմից յետոյ արցախցիների հետ հանդիպման իր տպաւորութիւնները, ես նոյն զգացողութիւններն ապրեցի ներկայացման դերասանների հետ շփումից Լոս Անջելեսում` Արցախի սեպտեմբերեան ողբերգութիւնից մէկ ու կէս ամիս անց: Արցախի Վահրամ Փափազեանի անուան թատրոնում 60 տարի գործած դերասան Քաջիկ Յարութիւնեանի, պատերազմում ամուսնուն կորցրած Օֆելեա Մարտիրոսեանի, ներկայացման ամենաերիտասարդ դերանասանուհի` 23 ամեայ Շողեր Սարգսեանի հետ զրոյցն այնքան ուժ ու հաւատ փոխանցեց, որ ամրացաւ յոյսս ու հրաշքն առաւել իրական դարձաւ:
Այս նոյն զգացողութեամբ էր, որ երիտասարդ դերասանուհի Օֆելեա Մարտիրոսեանը, իր ծանր կորուստներից յետոյ ուժ գտել վերադառնալու թատրոն: Այս ներկայացումն օգնել էր նրան մեղմելու վիշտն ու մարմնաւորելով գլխաւոր հերոսուհուն` դառնալու վերածննդի խորհրդանիշը: «2020 թուականի պատերազմում կորցրեցի ամուսնուս, եւ չէի ցանկանում վերադառնալ Ստեփանակերտ, քանի որ ամուսինս յուղարկաւորուած էր Եռաբլուրում: Սակայն պատերազմից յետոյ, երբ Կարինէ Քոչարեանը սկսեց բեմադրել` անպայման ցանկացաւ, որ ես էլ մաս կազմեմ: Ուժ չէի գտնում միանալու թատրոնին, սակայն նրա յորդորով վերադարձայ: Երկրորդ հարուածը` հայրենի հողի կորուստն էր, եւ այս դէպքում էլ, ներկայացումը օգնեց` աշխատանքի միջոցով փոքր ինչ սփոփուելու եւ սփոփելու: Շատ ուրախ եմ ամերիկահայ մեր հայրենակիցների գնահատականներից եւ ջերմութիւնից», նշեց Օֆելեան, ով հիանալի կատարեց իր դերը` եւս մէկ անգամ վկայելով հայ կնոջ ուժի եւ յարատեւութեան ձգտելու անկոտրում կամքի մասին:
Հերոսներից, Վասիլի կերպարը մարմնաւորող Մարատ Դաւթեանն էլ անդրադառնալով ներկայացման ուղերձին նշեց, որ այն մարդկային յոյսի եւ հաւատի մասին է, որն անհնար է մինչեւ վերջ կոտրել: «Ասելիքը հիմնականում այն է, որ յոյսը չի կարելի կորցնել, այս պարագայում` մեր ազգի համար ստեղծուած այս վիճակում, իրաւունք չունենք կոտրուելու, եւ յատկապէս արցախցիները: Մեր եռամիասնութիւնը չպէտք է ունենայ այն անկումները, որ երբեմն պատահում են, եւ այս առումով մեզ համար չափազանց հաճելի էր զգալ Սփիւռքի սէրը, նրանց ջերմ ընդունելութիւնը: Եթէ ազգը մշակոյթով է ներկայանում, այսօր մենք աշխարհի քաղաքներում ներկայացնում ենք Արցախը մշակոյթի միջոցով` նշանակում է`Արցախը կայ, գոյութիւն ունի, եւ շատ կարեւոր է այն ջանքը, որ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութիւնը ներդնում է այս ուղղութեամբ»:


Ներկայացման ամենաերիտասարդ հերոսուհի Շողեր Սարգսեանն էլ մարմնաւորում էր ռուս հարսնացուին, որը դերասանուհու համար նաեւ իրական կերպար էր: «Հայ ամուսնու հետ նրա գիւղ այցելած ազգութեամբ ռուս կինն այնքան է սիրում ամուսնու ընտանիքը, գիւղի բնակիչներին ու նրանց փոխյարաբերութիւնները, մշակոյթն ու աւանդոյթները, որ ցանկանում է ինքն էլ հաստատուել այդտեղ: Սա օրինակ է այլոց հայրենիքի նկատմամբ օտարի սիրոյ, որ ինչ-որ առումով գուցէ աւելին է: Ես կարծես ներկայացնում եմ իմ տատիկին, ով ազգութեամբ ռուս է, եւ պապիկիս հետ վերադարձել էր Արցախ, ու այնքան սիրել այդ հողը, որ այն անուանեց իր հայրենիքն ու իր միակ որդուն նուիրեց այդ հողին առանց հարցեր տալու: Ներկայացման հերոսուհու` Նաստասեայի մէջ հաւատ կար, որ գիւղը կը վերածնուի, եւ ինքն էլ նպաստեց դրան իր սիրով: Իմ համար սա խորհրդանշական է, որովհետեւ այսօր էլ ես այդ նոյն հաւատով եմ նայում Արցախին», նշում է Շողերն ու յիշում պապի խօսքերը, որ մարդ պէտք միշտ մօտ լինի իր արմատներին, եւ եթէ առաքելութիւն ունի, այն պէտք է իրականացնի հայրենիքում, օգտակար լինի հայրենիքին:
Մասնագիտութեամբ նաեւ լրագրող Շողերը պատմում է, որ երբ առաջարկ ստացաւ միանալու մեծ հեղինակութիւն եւ պատմութիւն ունեցող Արցախի դրամատիկական թատրոնին, գիտակցում էր, որ եթէ երիտասարդները չհամալրեն թատրոնի շարքերը` այն կը յայտնուի կործանման եզրին, եւ իր խաղընկերների հետ միասին փորձում էին անել հնարաւորն ու անհնարինը, որ բեմադրութիւններ տեղի ունենան: «Այս պահին բեմում, զգում եմ, որ պահպանում եմ այն` ինչ ինձ մնացել է Արցախից, այսինքն, ես գրեթէ ոչինչ չունեմ, ինչ մնացել է հայրենիքից, եւ այս ներկայացումն է, այս յուշերն են, որ ինձ կապում են թատրոնին: Այդ պատճառով, ես ու խաղընկերներս, շատ զգուշութեամբ եւ փայփայելով ենք վերաբերւում մեր թատրոնին, եւ յոյս ունենք, որ երբ վերադառնանք Հայաստան, թատրոնը, որ այսօր պետականօրէն լուծարուած է, կը շարունակի գոյութիւն ունենալ եւ աշխարհին պատմել, թէ ովքեր ենք մենք, ինչ արժէքներ ունենք եւ ինչ մշակոյթ ենք կրում»:
Վահրամ Փափազեանն անձամբ է բեմադրել եւ խաղացել Արցախի դրամատիկական թատրոնում եւ մեծ կարծիք է ունեցել մշակութային այս հաստատութեան մասին, պատմում է թատրոնի վաթսուն տարուայ դերասան, Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Յարութիւնեանը: «Մեր թատրոնը, ինը տասնամեակների ընթացքում, այն տարիներին էլ, երբ Արցախն Ադրբեջանի վերահսկողութեան տակ է գտնուել, պահել է հայոց լեզուն, մշակոյթը, բեմադրել է հայրենասիրական ներկայացումներ` այդ ոգով կրթելով սերունդների: Դա է նաեւ նպաստել 1988 թուականին պատերազմում հայերի յաղթանակին: Մեր թատրոնը մշակութային միակ կառոյցն էր, որ գործել է նաեւ Արցախի վերջին շրջափակման ժամանակ` փորձելով բարձր պահել ժողովրդի ոգին», նշում է Յարութիւնեանն ու մտահոգութիւն է յայտնում Արցախի Վահրամ Փափազեանի անուան դրամատիկական թատրոնի ապագայի նկատմամբ, որ բխում է Հայաստանի կառավարութեան դիրքորոշումից: Թատրոնի դերասանները լիայոյս են, որ այս հարցում էլ իրենց կ՛աջակցի Կարինէ Քոչարեանը:
Բեմադրիչն ինքն էլ խօսեց այդ մասին ներկայացման աւարտին, չդադարող ծափահարութիւններից յետոյ, իւրովի ամբողջացնելով թատրոնի առաքելութիւնը: «Շատ կարեւոր է, որ մենք Արցախի էջը բաց պահենք եւ իւրաքանչիւրս ներդրում ունենանք այդ գործում: Ես ձեզ Արցախ եմ բերել, արցախցիների եմ բերել, ովքեր իրենց մէջ ուժ գտան այստեղ գալու, որովհետեւ հաւատում են, որ Արցախը վերադարձնելու ենք: Այդ հարցում կարեւոր է, որ լինենք նրանց կողքին, եւ մերժենք ամէն յայտարարութիւն, որ ասում է, որ Արցախը մերը չէ: Արցախը մեր բոլորի հայրենիքն է, մեր սիրտն է: Մենք Արցախն ենք, եւ պէտք է մեր սերունդներին օրօրոցից կրթենք այս գաղափարով, որպէսզի որեւէ մէկը չյանդգնի Արցախը բաժանել Հայաստանից ու կասկածել, որ Արցախը վերադարձնելու ենք»: Կարինէ Քոչարեանը յորդորեց միանալ այս պայքարին, եւ յայտնեց, որ իր ներդրումը լինելու է արուեստի միջոցով. նա տեղափոխւում է Հայաստան` օգնելու պահպանել ու զարգացնել Արցախի դրամատիկական թատրոնը, որը յայտարարուել է լուծարուած, եւ ՀՀ ԿԳՍՄ նախարարութեան կողմից թատրոնը պահպանելու առաջարկ չի եղել: Քոչարեանը նշեց, որ ի հեճուկս դրա, Հայաստանի թատերական գործիչների միութիւնը` Յակոբ Ղազանչեանի նախագահութեամբ, որ արդէն նշանակալի աջակցել է Արցախի թատրոնին` խոստացել է շարունակել լինել իրենց կողքին:
Այս առումով նշանակալի էր նաեւ Համազգայինի Թատերական միաւորի աջակցութիւնը: «Այս ներկայացումը, որ Արցախին է վերաբերւում, շատ կարեւոր է Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան համար, որովհետեւ սա նաեւ Արցախի թատրոնի պատմութիւնն է` հայ ժողովրդի գոյատեւման, ոգու, ուժի պատումն է: Այն հաւաքական կոչ է բոլորին, որ կարող ենք գոյատեւել, այն յոյսի մասին է, որ մենք էլ ցանկացանք հնչեցնել», նշեց միաւորի ատենապետ Արա Եակուպեանը` երախտագիտութիւն յայտնելով դերասաններին ու բեմադրիչին այդ պատգամը փոխանցելու, եւ միութեան անդամներին` կամաւոր հիմունքներով իրենց ծառայութեան համար: Եակուպեանը յայտնեց, որ ներկայացման իրենց հասոյթն ամբողջութեամբ փոխանցուելու է բռնի տեղահանուած Արցախցի մեր հայրենակիցներին: