
Նոյեմբերի 12ին, Արեւմտեան թեմի առաջնորդանիստ Ս. Ղեւոնդեանց Մայր տաճարում տեղի ունեցաւ հռչակաւոր Արամ Խաչատրեանի ծննդեան 120ամեակին նուիրուած բացառիկ համերգ, անուանի երաժիշտ-դաշնակահար Կարինէ Պօղոսեանի կատարմամբ։ Թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի հովանու ներքոյ կազմակերպուած համերգի հովանաւորն էր տէր եւ տիկին Գրիգոր եւ Մարլեն Երեւանեան ամոլը։
Մայր տաճարում ներկայ երաժշտասէրները ունկնդրեցին Արամ Խաչատրեանի «Սպարտակ» բալետի «Adagio»ն, «Օրօրոցային»ը, հատուածներ «Դիմակահանդէս» բալետից, «Դաշնամուրի կոնցերտ»ից եւ այլ ստեղծագործութիւններից, որոնք ընդունւում էին բուռն ծափահարութիւններով։ Դաշնակահար, նիւեորքաբնակ Կարինէ Պօղոսեանը մեծ հեղինակութիւն ունի երաժշտական աշխարհում, դեռեւս 14 տարեկանում կատարել է Բեթհովենի «Դաշնամուրի թ. 1 կոնցերտ»ը, 23 տարեկանում մենահամերգ է ունեցել նշանաւոր «Քարնեգ»ի սրահում, արժանացել է բազմաթիւ մրցանակների։ Երաժշտական քայլերը սկսել է Երեւանում՝ Ռոմանոս Մելիքեանի անուան վարժարանում եւ Կոմիտասի անուան երաժշտանոցում. ներկայումս դասաւանդում է Մանհեթէնի երաժշտական յայտնի դպրոցում։
Համերգի կատարումների ընթացքում, Պօղոսեանը մեկնաբանում եւ ներկայացնում էր Խաչատրեանի կեանքի եւ ստեղծագործութեան կարեւոր որոշ դրուագներ։
Առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանը գնահատանքի իր խօսքը փոխանցելիս ասաց. «Բացառիկ կատարողական արուեստի ականատեսը եղանք։ Դուք Արամ Խաչատուրեանի երգն ու երաժշտութիւնը հասուցիք նոր բարձունքի։ Այս օրերուն մեր ժողովուրդը պէտք ունի լոյսի, որ կը ծնի նաեւ Խաչատուրեանի երաժշտութեան մէջ։ Այն, ինչ մատուցեցիք դուք, վայելքի եւ հոգեւոր արթնութեան զգացողութիւն պարգեւեց մեզ»։
Համերգից յետոյ առաջնորդարանի «Գալայճեան» սրահում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն այս առիթով։
Խաչատուրեանի 120ամեակի առիթով Արեւմտեան թեմը կազմակերպում է երաժշտական այլ ծրագրեր եւս։ Ի մասնաւորի, Դեկտեմբեր 3ին Ս. Ղեւոնդեանց Մայր տաճարում կայանալու է յատուկ համերգ։
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ