ԼԱՈՒՐԱ ԽԼՂԱԹԵԱՆ
Աշունը սփռել էր իր գեղեցիկ ու գունագեղ գորգն ամէնուրեք։ Եղանակը պայծառ էր ու գրաւիչ։ Լաս Վէգասի Սեդա Թաջիրեան հայկական շաբաթօրեայ դպրոցում մեծ իրարանցում էր տիրում։ Ուսուցչական կազմը, նկարչուհի Շուշաննան եւ մի քանի ծնողներ մէկ օր առաջ աշնան շնչով զարդարել էին դպրոցի մեծ սրահը։ Ամէնուրեք աչք շոյող տեսարան էր։
Առանձին սեղանների վրայ դրուած էր ուտելիքի տեսակներ՝ հիւրասիրութեան համար, որոնց մէջ աչքի էին ընկնում ղափաման` իր գրաւիչ տեսքով, հայկական կլոր գաթան, նուռը, դեղձը, տանձը, թուզը եւ այլ շատ անուշահամ ու անուշաբոյր ուտեստներ։
Միջոցառումն սկսուեց Սասուն Ծ. վրդ. Զմրուխտեանի աղօթքով։ Այնուհետեւ դպրոցի տնօրէն Լաուրա Խլղաթեան հանդէս եկաւ միջոցառման բացման խօսքով, որը համեմել էր գեղեցիկ ասմունքով։

Հերթով հանդէս եկան բոլոր դասարանները. դաշնամուրի վրայ միջանկեալ կատարւում էր մեր մեծերի՝ Արամ Խաչատրեան, Առնօ Բաբաջանեանի եւ այլոց գործերը։ Այդ ստեղծագործութիւնները վարպետօրէն նուագեց, գեղեցիկ հայուհի Շանել Արամէն, որը մեր դպրոցի նախկին սաներից էր։ Մի գեղեցիկ գործ էլ կատարեց 5րդ դասարանի աշակերտ Դաւիթ Աղէկեանը։
Պէտք էր տեսնել, թէ ինչպէ՛ս էին արտասանում եւ երգում մեր աշակերտները։
Պատերը զարդարում էին մեր դպրոցի 20 աշակերտի ջրաներկով կատարած նկարները։ Աշակերտների հետ պարապել էին ուսուցչուհի Ծովինար Մնացականեանը եւ նկարչուհի Շուշաննա Վաղարշակեանը։
Վերջում դպրոցի տնօրէնը բոլոր նկարող երեխաներին իր եւ հայր Սասունի կողմից յանձնեց «Գովասանագիր»։
Բոլոր ծնողները բարձր գնահատեցին մեր ուսուցիչների կատարած քրտնաջան ու նուիրուած աշխատանքը։ Մենք ամէն ինչ անում ենք մեր երեխաներին հայ մեծացնելու համար։