
Օնկոմարկերները յատուկ նիւթեր են, յաճախ` սպիտակուցներ, որոնք տարբերակում են ուռուցքային բջիջները վերջիններիս կենսագործունէութեան եւ քայքայման ժամանակ: Այս նիւթերն ընկնում են արեան մէջ եւ դրանց պարունակութեամբ կարելի է որոշել օրգանիզմում ուռուցքի առկայութիւնը, չափերը եւ ագրեսիւութիւնը (որքան արագ է աճում): Սակայն պէտք է յիշել, որ միայն այս քննութիւնը թոյլ չի տալիս ախտորոշել «ուռուցքային հիւանդութիւն»: Ախտորոշման հաստատման կամ ժխտման համար անհրաժեշտ է այլ հետազօտութիւններ իրականացնել, այդ թւում` ՄՌՏ (MRI), ՈՒՁՀ (US), բիոփսիա (biopsy) եւ այլն:
Բժիշկները բուժման ընթացքում հետեւում են օնկոմարկերի փոփոխութեանը` արդեօ՞ք այդ ցուցանիշը նուազում է: Եթէ ոչ, նշանակում է կիրառուող բուժման սխեման (ընթացքը), դրական արդիւնք չի տալիս եւ պէտք է վերանայել: Բուժման աւարտից յետոյ հիւանդը կանոնաւոր կատարում է օնկոմարկերների հետազօտութիւն, որոնց յետագայ խտութեան աճը նշանակում է հիւանդութեան կրկնութիւն եւ «մետաստազ»ների առաջացում: Այս դէպքում հիւանդը պէտք է բուժման նոր կուրս (ուղի) անցնի:
Օնկոմարկերները կարող են բարձրացած լինել նաեւ հետեւեալ դէպքերում.
բարորակ նորագոյացութիւններ, օրգանիզմում բորբոքային գործընթաց, օրգանների աշխատանքի խանգարում, որոնք կապուած չեն ուռուցքի հետ:
Այս հետազօտութեան համար արիւն երակից են վերցնում: Որպէսզի քննութիւնը լինի հաւաստի, պէտք է վերջինիս նախապատրաստուել.
– Արիւն չյանձնել բորբոքային հիւանդութեան ժամանակ,
– Կանանց խորհուրդ է տրւում հետազօտութիւն կատարել դաշտանը սկսելուց առնուազն 6 օր անց,
– Արիւնը պէտք է յանձնել առաւօտեան՝ քաղցած,
– Հետազօտութիւնից մէկ օր առաջ հրաժարուել ալկոհոլից (ոգելից ըմպելի),
– հետազօտութիւնները կատարել միշտ նոյն լաբորատորիայում (տարրալուծարան):
Բժիշկ-ուռուցքաբանները քաղցկեղի վաղ ախտորոշման համար խորհուրդ են տալիս նաեւ.
– Կրծքագեղձի քաղցկեղ. 50 տարեկանն անց կանայք` տարեկան «մամոգրաֆիա» իրականացնել,
– Արգանդի վզիկի քաղցկեղ. 21 տարեկանն անց կանայք` երեք տարին մէկ անգամ պէտք է քսուկի քննութիւն իրականացնեն,
– Հաստ աղու քաղցկեղ. 50 տարեկանն անց տղամարդիկ եւ կանայք` հինգ տարին մէկ պէտք է «կոլոնոսկոպիա» կատարեն,
– Թոքի քաղցկեղ. 55 տարեկանն անց ծխող կանայք եւ տղամարդիկ` 1-2 տարին մէկ անգամ պէտք է թոքերի «ռադիօլոգիական» քննութիւն կատարեն:
Առողջ մնացէ՛ք: