ԳԱՅԻԱՆԷ ԱԿՈՋԵԱՆ
Արդէն աւարտին են մօտենում Ախալքալաքի Ապագայի տան վերանորոգման աշխատանքները: Հիմնականում կատարուել են շէնքի ներքին յարդարման աշխատանքներ:
Վերանորոգման համար յայտարարուել է էլեկտրոնային մրցոյթ, որին մասնակցել են անհատ ձեռներէցներ` Սերգէյ Չոլախեանն ու Աշոտ Կարախանեանը, վերջինս մրցոյթը յաղթել է 63,737 լարիով:
Ապագայի տան տնօրէն Սաթենիկ Մահտեսեանը գոհ է իրականացուած աշխատանքներից, եւ յոյս է յայտնում, որ մէկ շաբաթ անց կը վերսկսեն դասերը:


«Շատ գոհ ենք կատարուած աշխատանքներից, հիմա արդէն սպասում ենք, որ սրահի նստարանները տեղադրեն եւ անցնենք նորմալ դասերի: Համարեա աւարտում են. յատակը, առաստաղը փոխել են, պատերը յարդարել են, նոր բեմ են տեղադրել, աւելի բարձր ու մեծ են դարձրել, դուռ են փոխել», ասում է Սաթենիկ Մահտեսեանը:
Վերանորոգման աշխատանքներն իրականացնող անհատ ձեռներէց Աշոտ Կարախանեանն ասաց. «Աւարտական փուլում ենք, նաեւ Շախմատի դպրոցը վերանորոգեցինք: Ապագայի տանը մնացել է հանդիսատեսի համար նախատեսուած նստարանները տեղադրել եւ վերջ»:
Նշենք, որ 2006 թուականից «Պիոնէրի տան» նախկին շէնքը գործում է որպէս «Ապագայի տուն»: Հին շէնքում վերանորոգումը կատարուել է աստիճանաբար եւ մաս-մաս: Ուսումնական հաստատութիւնում երեխաները սովորում են ուլունքագործութիւն, ասեղնագործութիւն, տիկնիկագործութիւն, նաեւ լեզուներ, տարբեր առիթներով անցկացւում են միջոցառումներ: «Ապագայի տան» տարբեր խմբակներում 220 տարբեր տարիքի երեխաներ են գրանցուած:
Աղբիւր՝ jnews.ge