Հայաստանի Մարդու իրաւունքներու նախկին պաշտպան Արման Թաթոյեան յայտնեց, որ ինք հանդիպում ունեցաւ Միացեալ Թագաւորութեան խորհրդարանի Լորտերու պալատի անդամ պարոնուհի Քարոլայն Քոքսի հետ, որուն ներկայացուց տիրող կացութիւնը։
«Պատուիրակութեան կազմում էին նաեւ Միջազգային քրիստոնէական համերաշխութեան կազմակերպութեան (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները եւ Մարդասիրական օգնութիւն բարեգործական կազմակերպութեան (HART UK) գործադիր տնօրէն Սեմ Մեսոնը: Հանդիպման ընթացքում նշել եմ, որ Ադրբեջանի իշխանութիւնն իրականացնում է անպատիժ հայատեաց ֆաշիստական (ցեղապաշտական) քաղաքականութիւն թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի նկատմամբ: Այն ուղղուած է էթնիկ հայկական ինքնութեան դէմ` բացայայտ ցեղասպան է: Ադրբեջանն արդէն 273 օր արգելափակել է Արցախը: 120,000 էթնիկ (բնիկ) հայեր (այդ թւում` 30,000 երեխաներ) դիտաւորեալ արարքներով մատնուած են սովի, զրկուած են դեղորայքից, կենսական ապրանքներից: Ադրբեջանական իշխանութիւնն իրականացնում է քաղաքացիական անձանց առեւանգումներ: Ներկայում Լաչինի միջանցքին այլընտրանք առաջարկուող Աղդամի ճանապարհը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար եւ ծուղակ: Ներկայացրել եմ նաեւ Հակաստանի Գեղարքունիքի, Սիւնիքի եւ Վայոց ձորի մարզեր ադրբեջանական զինուած ծառայողների անօրինական ներխուժումների փաստերը: Նրանք յանցաւոր արարքներով սահմանային բնակիչները զրկել են իրենց արօտավայրերից ու վարելահողերից, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարաւորութիւնից: Մարդկանց կեանքի, սեփականութեան եւ միւս իրաւունքները , արժանապատուութիւնը, անվտանգութիւնը խաթարուած են: Հանդիպման ընթացքում նաեւ նշել եմ, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայկական կողմի գերիներին` այս հարցը դարձնելով քաղաքական առեւտրի առարկայ, տառապանքներ պատճառելով գերիների, անյայտ կորածների ընտանիքներին, լարուածութեան մէջ պահելով հայ հասարակութիւնը: Ակնյայտ է, որ ադրբեջանական իշխանութիւնը չունի խաղաղութեան մտադրութիւններ: Աւելին, նրանք վերջերս իրականացրել են զինուած ուժերի, այդ թւում`դաժանութիւններով յայտնի «եաշմա» եւ «կոմանդօ» յատուկ ստորաբաժանումների կուտակումներ Հայաստանի ու Արցախի հետ սահմանին: Հանդիպման աւարտին պայմանաւորուել ենք խորացնել համագործակցութիւնը, այդ թւում` համատեղ նոր ծրագրերի միջոցով», գրած է Թաթոյեան: