
ԼԻԼԻԹ ՊՕՂՈՍԵԱՆ
ՓԱՐԱՄՈՒՍ, Նիւ Ճըրզի.- Փետրուար 22ին Հրանտ Դինք վարժարանում կազմակերպուել էր 2022-2023ի շրջանաւարտների հրաժեշտի հանդիսութիւնը`‹‹Վերջին զանգը››: Միջոցառմանը ներկայ էին պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ, Դինք ընտանիքի անդամները, դպրոցի հոգաբարձուներ` տէր եւ տիկին Արտօ եւ Դալար Հորոզօղլուները, հոգեւոր ուսուցիչ քոյր Գայիանէն, երգի ուսուցիչ Հրանդ Չիզմեճեանը, դպրոցի ուսուցչաց կազմն ու աշակերտների ծնողները:
Միջոցառման ընթացքում շրջանաւարտները երախտիքի խօսքեր հնչեցրին մանկապարտէզից մինչեւ իններորդ դասարան իրենց կրթած ուսուցիչներին: Ուշագրաւ էր վարժարանի տնօրէնին ուղղուած սաների խօսքը. ‹‹Ձեր շնորհիւ, վարժարանը Ստամբուլում դարձաւ մեր երկրորդ տունը` մեր փոքրիկ հայրենիքը››:
Շրջանաւարտներն իրենց խորին երախտագիտութիւնը յայտնեցին վարժարանի հոգաբարձուներին, դպրոցը կանգուն պահելու մեծ ջանքերի եւ օտարութեան մէջ հայաստանցի երեխաների կրթութեան իրաւունքը ապահովելու համար:
Յիշեցնենք, որ վարժարանը հիմնադրուել է 2003ին, հայաստանցի ուսուցչուհի Հերիքնազ Աւագեանի կողմից: Աշխատանքի նպատակով Ստամբուլ գաղթած հայասատանցիների ընտանիքներում կային դպրոցահասակ աշակերտներ: Ծնողները խնդրանքով դիմել էին համայնքին, սակայն գաղթական երեխաները իրաւունք չունէին տեղի հայկական դպրոցները յաճախելու:
Հայաստանցի երեխաների կրթութեան հոգսն իր վրայ վերցրեց Ստամբուլի Հայ աւետարանական եկեղեցու վերապատուելի Գրիգոր Աղաբալօղլուն, ով համայնքի մէջ յայտնի է Քաջ Պատուելի անունով. եկեղեցու դռները բացեց հայաստանցիների առաջ, եւ նրանք օտարութեան մէջ` անհնարին պայմաններում, կրթութիւն ստանալու հնարաւորութիւն ունեցան:
20 տարի է, ինչ վարժարանը կանոնաւոր աշխատում է Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից հաստատուած հիմնական դպրոցի ծրագրով: Բոլոր ուսուցիչներն ունեն բարձրագոյն կրթութիւն: Վարժարանը գոյատեւում է հիմնականում նուիրատուութիւնների շնորհիւ եւ այս համատեքստում անասելի մեծ է դպրոցի կամաւոր հոգաբարձուներ Հորոզօղլուների դերը: Նրանք անհրաժեշտ կամուրջ դարձան պոլսահայ համայնքի եւ վարժարանի միջեւ, որպէսզի հայաստանցի աշակերտները եւ՛ անվտանգ պայմաններում կրթուեն, եւ՛ նրանց կրթութիւնը հայրենիքում անխոչընդոտ հասնի իր նպատակակէտին:

Յայտնի է, որ Թուրքիայում հայաստանցի աշակերտները պոլսահայ վարժարաններ կարող են յաճախել միայն հիւր-աշակերտի կարգավիճակում. նրանք չեն կարող վկայական ստանալ: Վարժարանն աւարտած աշակերտները` շնորհիւ այն բանի, որ իրենց կրթութիւնը կազմակերպւում է Հայաստանի կրթութեան նախարարութեան ծրագրով, հնարաւորութիւն ունեն ճանաչել հայոց պատմութիւնն ու մշակոյթը, լեզուն ու հաւատը, անարգել պայմաններում
Այժմ դպրոցն ունի 75 աշակերտ: Իսկ շատ հայաստանցի երեխաներ էլ բնակւում են հեռու թաղամասերում, եւ քանի որ դպրոցը փոխադրամիջոց չունի, չեն կարողանում գալ այստեղ եւ փոխարէնը ընտրում են պոլսահայ վարժարանները` իրենց յետագայ կրթութեան հնարաւորութիւնը դնելով վտանգի տակ:
Նշենք, որ դպրոցի հիմնական նպատակն է Ստամբուլում գտնուող հայաստանցի երեխաների համար դառնալ փոքր հայրենիք, հայեցի դաստիարակութիւն եւ կրթութիւն տալ նրանց, մինչեւ կը գայ Հայաստան դառնալու բաղձալի օրը:
Ուրախութեամբ տեղեկացնում ենք, որ Հրանտ Դինք վարժարանի 2022-2023ի շրջանաւարտները աւարտել են 9րդ դասարանը եւ արդէն վերադարձել հայրենիք` շարունակելու իրենց կրթութիւնը եւ ստանալու հիմնական դպրոցի աւարտական վկայականները: Այժմ նրանք յաջողութեամբ մասնակցում են հիմնական դպրոցի կանոնաւոր դասընթացներին` պատրաստուելով Մայիսին կայանալիք աւարտական քննութիւններին:
Հայաստանցի աշակերտների երախտիքի խօսքը` վերապատուելի Գրիգոր Աղաբալօղլուին․ «Մեր շատ սիրելի՜ վերապատուելի, դուք հարազատ հօր պէս ձեր գիրկը բացեցիք մեզ համար, արեցիք այն, ինչ միւսներն անգամ չէին կարող երեւակայել: Քսան տարի է, ինչ հարիւրաւոր հայաստանցի երեխաների ապաստան տուեցիք եկեղեցու հարկի տակ` անտրտունջ, խիզախաբար ու անսահման սիրով փարուելով նրանց: Դուք այս հողի վրայ թոյլ չտուեցիք, որ հայրենիքից հեռու հայ երեխաները կորսուեն, կորցնեն իրենց ինքնութիւնն ու հաւատը: Մեզ համար փոքրիկ Հայաստանը ապրեցրիք, որ մենք հայ մնանք` հաւատարիմ մնալով մեր դաւանանքին, հայրենիքին: Դուք կը մնաք մեր կեանքում իբրեւ մեծ սրտի տէր, հայրենասէր, Քաջ Վերապատուելի: Միշտ յիշելու ենք ձեզ մեր աղօթքներում. չէ՞ որ մենք հայրական եւ որդիական սիրով կապուեցինք միմեանց յաւէրժ: Տէրը է՛լ աւելի զօրացնի ձեզ եւ երկար ու խաղաղ օրեր պարգեւի աշխարհի վրայ»:
«Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութիւնը կը շնորհաւորէ Հրանդ Տինքի անուան դպրոցի վերջին շրջանաւարտներին, որ կը կրէ 2007ին Թուրքիոյ մէջ սպաննուած հայրենասէր եւ անվախ լրագրողին անունը։ Ան սպաննուեցաւ մարդկային եւ փոքրամասնութիւններու իրաւունքները պաշտպանելուն եւ Թուրքիոյ կողմէ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը քննադատելուն համար: Հրանդ Տինք եղած է Կետիքփաշայի Հայ Աւետարանական եկեղեցիի անդամ եւ մեծացած է «Քեմփ Արմէն»ի մէջ, որ կը պատկանէր եկեղեցիին։ Կետիքփաշայի եկեղեցիին եւ անոր առաքելութեան մեր երկար եւ շարունակական աջակցութեան միջոցով, Աւետարանչականը կ՛աջակցի նաեւ Հրանդ Տինքի անուան դպրոցին եւ անոր տրամադրած բացառիկ կրթութեան», ասաց Աւետարանչականի գործադիր տնօրէն Զաւէն Խանճեանը: