ՅԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆԵԱՆ

Երբեւէ չէք պատկերացնի, թէ Ամանորին ինչ նուէր էի ստանում: Տասնեակ տարիներ են անցել այդ կախարդական Ամանորներից: Այդ ժամանակ չէի պատկերացնում նուէրի արժէքը ու մանկական չարաճճիութեամբ էի վերաբերւում դրան, հիմա կարօտում եմ նուէրի բովանդակութիւնը:
Տատս հարիւրին մօտ էր: Սով, պատերազմներ էր տեսել: Տեղն էին նրա աչքերի լոյսը, մատների կարողութիւնը, բայց այնքան քիչ էր շարժւում: Ամանորի նախօրեակին նա մեր սիրելի շորերը, որոնք պատռուել ու չէինք օգտագործում, կարկատում էր: Այնքան նուրբ, ասես ձեռք չէր կպել: Հայրս բարձր պաշտօնի էր: Կարկատում էր նրա սիրած «շալվար»ը, որը մաշուել էր ու Ամանորի նախօրեակին մեկնում էր նրան: Մենք չէինք հասկանում, թէ ինչու է հայրս ուրախանում, համբուրում, շնորհակալութիւն յայտնում նրան ու ասում՝ աշխատանքի գնալուց անպայման կը հագնեմ: Ախր նա այնքան շատ «կոստիւմ»ներ ունէր, գիտէինք, որ ամօթ է, ինչքան էլ լաւ լինէր, կարկատած շալվար հագնելը:
Չորս երեխայ էինք, մեզ սովորեցնում էր, որ մենք էլ շնորհակալութիւն յայտնենք: Ասում էր, որ դա աշխարհի ամենաթանկ նուէրն է: Ամանորեայ գիշերը բոլորս հագնում էինք տատիս նուէրները: Հայրս ասում էր, որ դրանք մեզ երջանկութիւն են բերելու: Հաւատում էինք այդ հրաշք հեքիաթին եւ ողջ տարին սպասում էինք, թէ երբ է գալու այդ երջանկութիւնը: Չէինք հասկանում, որ երջանկութիւնը հէնց դա էր: Մեր օջախը, տատս, սերն ու ջերմութիւնը:
«ՀՐԱՊԱՐԱԿ»