Տօներից առաջ այսպիսի թեմա ընտրելը ոչ մի բացասական շեշտադրում չունի, մենք նշելու ենք ալկոհոլի (ոգելից ըմպելի) չափաւոր օգտագործման կարեւորութիւնը:
Չոր գինու նման թոյլ ալկոհոլային ըմպելիքների որոշ առաւելութիւնները բժիշկներին կանգնեցնում են երկընտրանքի առջեւ: Գինին օժտուած է յատուկ պաշտպանիչ յատկութիւններով` առաջին հերթին խաղողի հակաօքսիդանտային յատկութիւնների շնորհիւ: Ալկոհոլի չափաւոր օգտագործումն օգնում է բարձրացնել լաւ խոլեստերինի մակարդակը եւ նուազեցնել սրտամկանի կաթուածի հաւանականութիւնը:
Նաեւ․
– Ընթրիքի ընթացքում մի բաժակ ալկոհոլային ըմպելիքի օգտագործումը նպաստում է 2րդ տիպի շաքարախտի կանխարգելմանը:
– Ալկոհոլն օժտուած է հակաօքսիդանտային յատկութիւններով:
– Այն նպաստում է արեան մակարդելիութեան կարգաւորմանը:
Սակայն հարկ է նշել, որ այս ամէնը վերաբերում է միայն «ճիշդ» ալկոհոլին (որպէս կանոն դա կարմիր չոր գինին է), որն օգտագործւում է օրական մի բաժակից ոչ աւել:
Միւս բոլոր դէպքերում ալկոհոլը կարող է դառնալ մի շարք ծանր եւ յաճախ մահացու առողջական խնդիրների առաջացման պատճառ: Որոշ հետազօտութիւններ էլ ցոյց են տուել, որ ալկոհոլը բարձրացնում է սրտի «իշեմիկ» հիւանդութեան առաջացման ու սրտանօթային հիւանդութիւններից մահանալու վտանգը: Բացի այդ, օրական երկուսից աւել խմիչք օգտագործողների դէպքում մեծ է արեան գերճնշման ու գլխուղեղի կաթուածի հաւանականութիւնը:
Ալկոհոլի դէպքում անհրաժեշտ է յիշել, որ այն պէտք է օգտագործել միայն չափաւոր:
Պէտք է նաեւ շեշտել, որ տարբեր օրգանիզմներ տարբեր կերպ են ընդունում ալկոհոլը, իւրաքանչիւր մարդ ունի առողջական իր առանձնայատկութիւնները. ոմանք ընդունում են դեղորայք, ոմանք ունեն բնածին ախտաբանութիւններ եւ այլն:
Իսկ շատերը չեն կարողանում սահմանափակել ալկոհոլի օգտագործումը եւ առաջանում է կախուածութիւն:
Յոյներն ու հռոմէացիները, համաձայն պատմական աղբիւրների, ամէն օր ալկոհոլ էին օգտագործում եւ շարունակում էին առողջ լինել: Նրանք երբեք չեն խմել «մաքուր» գինի, այլ միշտ խառնել են այն ջրի հետ 1ի դէմ 2 կամ 1ի դէմ 3 յարաբերակցութեամբ: Բացի այդ, գինին այդ ժամանակ պատրաստւում էր միայն ջրից ու խաղողից եւ չի կարող համեմատուել ներկայիս ըմպելիքի հետ, որ պարունակում է համային յաւելումներ, «կոնսերուանտ»ներ (պահպանող նիւթեր), սպիրտ, շաքար եւ այլն:
Առողջ եղէ՛ք եւ վայելէք հարազատների հետ տօնական մթնոլորտը: