Նոյեմբերի 1ին ԼՂՀ ԱԺն իր համաձայնութիւնը տուեց ԼՂՀ սահմանադրութեան նախագիծը համաժողովրդական քուէարկութեան դնելու համար: Հ.Յ.Դ. Արցախի կազմակերպութիւնը պատերազմի աւարտից յետոյ բազմիցս է կարեւորել ԼՂՀ սահմանադրութեան ընդունման անհրաժեշտութիւնը եւ այն համարել ամենահրատապ հարցերից մէկը:
Կուսակցութիւնը միշտ իր ներկայացուցիչներն է ունեցել սահմանադրութեան ընդունման յանձնաժողովների կազմում, իսկ 90ական թթ. վերջերին նոյնիսկ մշակուել է ԼՂՀ սահմանադրութեան նախագծի մեր տարբերակը:
Հետեւաբար, այս սահմանադրութեան նախագծի մշակման գործընթացում աշխուժօրէն մասնակցել է ե՛ւ Հ.Յ.Դ. Արցախի կառոյցը, ե՛ւ «Հ.Յ.Դաշնակցութիւն-Շարժում 88» պատգամաւորական խումբը: Մենք, կողմ քուէարկելով, մեր համաձայնութիւնը տուեցինք, որպէսզի ԼՂՀ սահմանադրութեան նախագծի այս տարբերակը դրուի համաժողովրդական քուէարկութեան, որովհետեւ մեր՝ երեք տասնեակից աւելի առաջարկութիւնների ընդունումից բացի, առաւել կարեւորում ենք տարածքների ամրագրումը սահմանադրութեան մէջ, իշխանութիւնների (օրէնսդիր, գործադիր, դատական) տարանջատման մեքանիզմում մեծ քայլ կատարելը, նախագահի ու կառավարութեան լիազօրութիւնների սահմանափակումը եւ ԱԺ դերի մեծացումը, դատական համակարգում հիմնական փոփոխութիւնների կատարումը, մարդու իրաւունքի պաշտպանի հաստատութեան ամրագրումը եւ այլն:
Այս ամէնը բխում է Հ.Յ.Դ. ռազմավարական շահերից, որոնք ամրագրուած են ե՛ւ Հ.Յ.Դ. Ծրագրում, ե՛ւ «Հ.Յ.Դաշնակցութիւն-Շարժում 88» մեր նախընտրական ծրագրում: Այսպէս՝ Հ.Յ.Դ. Ծրագրում գրուած է. «Ժողովրդավարութիւնը խարսխւում է մարդկային ու քաղաքացիական իրաւունքները եւ ազատութիւնները յարգելու վրայ: Այն օրէնքով պաշտպանում է բազմակարծութիւնը, բազմակուսակցականութիւնը եւ խօսքի, խղճի, մամուլի, ստեղծագործութեան եւ աշխատանքի լիակատար ազատութիւնը:
«Ժողովրդավարութիւնը հատկանշւում է անհատի ազատ եւ հաւասար քուէի իրաւունքով եւ ազատ քաղաքացիների՝ օրէնքի առջեւ հաւասարութեամբ: Այն ապահուում է ժողովրդի կամքի անկաշկանդ արտայայտումը եւ կազմակերպութիւնների ու ներկայացուցչական հիմունքներով ժողովրդի ամբողջական ու լիարժէք մասնակցութիւնը քաղաքական, ընկերային, տնտեսական ու մշակութային կեանքին՝ այդպիսով արդիւնաւէտ հիմքերի վրայ դնելով ժողովրդի եւ պետութեան փոխյարաբերութիւնը:
«Ժողովրդավարութիւնը պայմանաւորւում է օրէնսդիր, դատական եւ գործադիր իշխանութիւնների տարանջատմամբ եւ փոխադարձ հակակշռմամբ»:
Իսկ «Հ.Յ.Դաշնակցութիւն-Շարժում 88» պատգամաւորական խմբի նախընտրական ծրագրում այսպէս է. «Հ.Յ.Դաշնակցութիւն-Շարժում 88» դաշինքի կարծիքով՝ պետական կառավարման եւ դատաիրաւական համակարգի կայացումը պէտք է խարսխուի հետեւեալ սկզբունքների վրայ:
Առաջնահերթ կարեւորութիւն ունի ԼՂՀ սահմանադրութեան ընդունումը ժողովրդի եւ քաղաքական ուժերի լայն քննարկումների եւ հանրաքուէի միջոցով: Դրանով կ’ապահովուի օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների իրական տարանջատումը, դրանց գործառոյթների յստակ սահմանազատումը եւ փոխադարձ վերահսկողութեան գործուն մեքանիզմների ստեղծումը:
– Ժողովրդավարութեան առաւել խորացման ճանապարհին անհրաժեշտ եւ անյետաձգելի խնդիր է սահմանափակելը երկրի նախագահի լիազօրութիւնների շրջանակը՝ փոխարէնը ընդլայնելով ամենամեծ ժողովրդավարական հաստատութեան՝ Ազգային ժողովի լիազօրութիւնները:
– Ժողովրդավարական սկզբունքների եւ ազգային պետութեան շահերի միասնութեան մէջ պէտք է առաջնորդուել այն կանխադրոյթով, որ ժողովրդավարութիւնը հայ ժողովրդի ազգային նկարագրին յատուկ քաղաքական հիմնարկների ձեւաւորման հիմքն է եւ Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչման հիմնական գրաւականը:
Պէտք է արձանագրել նաեւ, որ չեն ընդունուել «Հ.Յ.Դաշնակցութիւն-Շարժում 88» պատգամաւորական խմբի կողմից առաջ քաշուած մի շարք հիմնադրոյթներ, մասնաւորապէս՝ վարչակազմի ղեկավարներին ընտրովի դարձնելու հարցը, իրաւապահ մարմիններում աշխատողների քաղաքական գործառութեամբ չզբաղուելու շեշտադրուած առաջարկը, նախագահի մասին օրէնքի չեղեալ յայտարարելուց բացի, բացառութեամբ 3րդ կէտի լրացման, համայնքների ղեկավարների պաշտպանուածութեան գործընթացի աւելի յստակեցումը, արհեստավարժ խորհրդարանի ստեղծումը 2010ից եւ այլն:
Սակայն այս առաջարկութիւնների մի մասը մեզ հնարաւորութիւն է տրուելու ապագայում օրէնքների ձեւով ընդունելու (օր.՝ արհեստավարժ խորհրդարանի կամ համայնքների ղեկավարների պաշտպանուածութեան գործընթացի ամրագրումը):
Այս ամէնով հանդերձ, «այո» ասելով ԼՂՀ սահմանադրութեան նախագծին՝ եւս մի քայլ կ’անենք երկրի պետականութեան կերտման եւ ամրագրման ճանապարհին: