ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

ԱՄՆ Փոքր Բիզնեսի (գործարարութեան) հարցերով վարչութիւնն (SBA) ունի ծրագրեր ու ծառայութիւններ, որոնք նախատեսուած են ձեռնարկատէրերին տարբեր միջոցներով աջակցելու համար: Բազմաթիւ հնարաւորութիւնների մասին տեղեկացրեց վարչութեան ծրագրերի ղեկավարման տնօրէն Բեն Ռաժուն՝ Գլենդելի հանրային գրադարանում Դեկտեմբերի 9ին կայացած միջոցառման ժամանակ: Կալիֆորնիայի հայկական օրէնսդրական յանձնախումբ-հիմնադրամի կազմակերպած ձեռնարկին ներկայ էին նաեւ նահանգի ու քաղաքի օրէնսդիր ու գործադիր մարմնինների անդամներ, ձեռնարկատէրեր:
«Խօսքը նոր արտադրութեան մասին է, կամ ընտանեկան գործի, որ փորձում էք ընդլայնել, այդ հարցում մենակ չէք եւ ունէք աջակիցներ՝ ի դէմս Փոքր Բիզնեսի հարցերով վարչութեան, Առեւտրի պալատների, ընտրուած պաշտօնեաների: Մեր վարչութիւնը (SBA) միակ դաշնային գործակալութիւնն է, որ բազմակողմանի աջակցութիւն է ցուցաբերում փոքր բիզնեսին՝ տրամադրելով խորհրդատուութիւն, ֆինանսական աջակցութիւն: Վարչութեան կողմից տրուող վարկերը յատկացւում են բանկերի, վարկային միութիւնների եւ այլ վարկատուների միջոցով, եւ աւելի մատչելի են, պայմաններն էլ՝ առաւել մեղմ», տեղեկացրեց Բեն Ռաժուն: Այս առումով, գործակալութեան շրջանային վարչութեան տնօրէն Ջուլի Քլոէսը նշեց, որ, օրինակ, ծրագրին դիմող նոր բիզնեսի դէպքում, եթէ նոյնիսկ գործունէութեան ժամկէտը չի համապատասխանում ընդունուած չափանիշին, դիմումը կարող է հաստատուել՝ հաշուի առնելով հիմնադրի նախկին աշխատանքային փորձը:



Փոքր Բիզնեսի հարցերով վարչութիւնն ունի գործընկեր խորհրդատուական կառոյցներ, որոնց շարքում են փոքր բիզնեսի զարգացման կենտրոնները, որ գործում են հիմնականում քոլեջներում ու համալսարաններում, կանանց բիզնես կենտրոնները, որ տարբեր միջոցներով խթանում են կին ձեռներէցների ներգրաւումը: Բանախօսները տեղեկացրեցին, որ այս հաստատութիւնները հնարաւորինս աջակցում են հանրութեանը՝ գործը ծրագրելու, սկսելու եւ ընդլայնելու հարցերում: Նրանք նաեւ ընդգծեցին էկոհամակարգի (բնապահպանական համակարգի) ստեղծման կարեւորութիւնը՝ ներգրաւուելով գործի կենսունակութեան համար անհրաժեշտ ոլորտների ներկայացուցիչների: Փոքր Բիզնեսի հարցերով վարչութեան ներկայացուցիչները յայտարարեցին, որ իրենք պատրաստակամ են աջակցել իւրաքանչիւր ձեռներէցի՝ լեզուական խոչընդոտները յաղթահարելի են հայախօս աշխատակիցների օգնութեամբ, կայքէջն էլ տրամադրում է բաւարար տեղեկատուութիւն:
Միջոցառմանը ներկայ էր Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոն, ով խրախուսեց ներկաներին օգտուել կառավարական գործակալութեան ընձեռած հնարաւորութիւններից: Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանն էլ յորդորեց բոլոր նրանց, ովքեր գաղափարներ ունեն՝ իրականացնել իրենց երազանքը օգտուելով շահաւէտ վարկերից: «Կարծում եմ, շատ հայեր պէտք է հետաքրքուեն առկայ հնարաւորութիւններով, որովհետեւ այս գործակալութեան հետ աշխատելն աւելի օգտակար է, քան բանկից կամ անհատ վարկատուից անմիջականօրէն գումար վերցնել, երբ պայմաններն աւելի խիստ են: Քաղաքապետարանն աջակցում է այս ձեռնարկին, որպէսզի օգնի համայնքին հասկանալու, թէ ինչպէս կարող է նահանգը, քաղաքը օգնել իրենց գործին: Կալիֆորնիայում նոր գործ սկսել բարդացել է, եւ մեր նպատակն է հեշտացնել այդ գործընթացը մեր համայնքի համար», նշեց Քասախեանը:
Կալիֆորնիայի հայկական օրէնսդրական յանձնախումբ-հիմնարկութեան ներկայացուցիչ Նաթալի Բրաթըն-Յենովքեանն էլ նշեց, որ նման ձեռնարկների միջոցով ցանկանում են հնարաւորինս ներգրաւուել հայ ձեռներէցներին՝ առիթ ստեղծելով ծանօթանալու օրէնսդիր եւ գործադիր մարմինների, փոքր բիզնեսի աջակցման հարցերով դաշնային գործակալութեան ներկայացուցիչների հետ:
Միջոցառմանը ներկայ էին տարբեր ոլորտներում գործունէութիւն ծաւալող ձեռներէցներ, բանկային, վարկատու կազմակերպութիւնների ներկայացուցիչներ: «Նման հանդիպումների անցկացումը շատ կարեւոր է, քանի որ ձեռներէցները, զբաղուածութեան պատճառով, ժամանակ ու միջոցներ չեն ունենում տեղեկանալու առկայ հնարաւորութիւնների մասին: Այսօր առիթ ունեցայ ծանօթանալու Փոքր Բիզնեսի հարցերով վարչութեան ներկայացուցիչների հետ եւ ստանալու սպառիչ պատասխաններ ինձ հետաքրքրող հարցերի շուրջ, ինչպէս նաեւ տեղեկացուեցի, թէ ինչ ծրագրեր կան փոքր բիզնեսի, կին գործարարների համար», կարծիք յայտնեց այցելուներից, փոքր բիզնեսի ներկայացուցիչ Նելլի Ղուկասեանը: Ներկաներն առաջարկեցին յաճախակի դարձնել նման հանդիպումները: