
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

2014 թուականին ստանձնելով Ֆրեզնոյում ՀՀ պատուոյ հիւպատոսի պաշտօնը, Պերճ Աբգարեանը խոստացաւ, որ պէտք է իր ներդրումն ունենայ հայրենիքում: Երկար տարիներ ներգրաւուած լինելով առողջապահական ոլորտում, նա ընտրեց բժշկական առաքելութեան իրականացումը:
2015 թուականի Սեպտեմբերին, Աբգարեանի նախաձեռնութեամբ, 22 հոգուց բաղկացած բժիշկների առաջին խումբը մեկնեց Հայաստան: Տարիների ընթացքում ներգրաւուած մասնագէտների թիւը մեծացաւ, եւ գործունէութեան շրջանակներն ընդլայնուեցին:
«Բժշկական առաքելութիւնն ունի մի քանի նպատակ: Առաջինը` անվճար բուժօգնութիւն տրամադրել յատկապէս մարզերում եւ սահմանամերձ շրջաններում բնակուող կարիքաւոր մեր հայրենակիցներին: Աշխատանքը հնարաւոր է դառնում համակարգել Հայաստանի առողջապահութեան եւ արտաքին գործերի նախարարութեան, ինչպէս նաեւ հասարակական կազմակերպութիւնների հետ համագործակցութեամբ: Առաքելութեան կազմում ներգրաւուած են տարբեր մասնագէտներ` սրտաբաններ, գինեկոլոգներ (կնաբանութեան մասնագէտներ), ատամնաբոյժներ, մանկաբոյժներ, նեարդաբաններ, եւ տարբեր ոլորտի վիրաբոյժներ: Մեր բժիշկներն իրականացնում են վիրահատութիւններ, տարատեսակ բուժումներ, այդ թւում` վերականգնողական: Առաքելութիւնը չի սահմանափակւում այդքանով: Հայաստանում գտնուելու երկու շաբաթների ընթացքում տեղի է ունենում գիտելիքների փոխանցում` մեր խմբի մասնագէտները խորհրդատուութիւն են տրամադրում տեղի բժիշկներին, նրանց ծանօթացնում են ոլորտի վերջին զարգացումներին, կապեր են հաստատում եւ շփումը յետագայում շարունակւում է հեռակայ: Միաժամանակ, ամէն տարի մեր հետ տանում ենք դեղորայք, բժշկական սարքաւորումներ` նախապէս պարզելով, թէ ինչի կարիք կայ մարզային հիւանդանոցներում: 2020 թուականի Արցախեան պատերազմից յետոյ առաքելութեան թիրախը փոխուեց: Առաջնայնութիւնը տրուեց վիրաւորուած զինուորներին, նրանց վերականգնմանը, եւ ըստ այդմ, խմբում ներգրաւեցինք հիմնականում ֆիզիոթերապեւտների (բնախտաբուժներու), խօսքի թերապեւտների (ախտաբուժագէտներու)», մանրամասներ է ներկայացնում առաքելութեան հիմնադիր Պերճ Աբգարեանը:


Ֆրեզնոյում ՀՀ պատուոյ հիւպատոսը զբաղւում է նաեւ ֆինանսական միջոցների հայթաթման հարցով, եւ նշում է, որ այն գոյանում է նուիրատուութիւնների արդիւնքում, որ կատարում է Ֆրեզնոյի համայնքը` եւ ոչ միայն հայ: Եօթ տարուայ ընթացքում, շուրջ եօթ միլիոն դոլարի տարատեսակ աշխատանքներ են իրականացուել Գիւմրիում, Արմաւիրում, Վանաձորում, Վարդենիսում, Երեւանում: 2019 թ.ին, օրինակ, ամբողջովին վերանորոգուել է Աշտարակի վիրահատարանը. 350 հազար դոլարի նախագիծը ներառել է նաեւ բժշկական ժամանակակից սարքերի նուիրաբերում: Այժմ, Հայաստան այցի ժամանակ, առաքելութեան մասնագէտները վիրահատութիւններ կատարում են այդ բուժհաստատութիւնում:
Հայ բժիշկներից բացի, խմբում ներգրաւուած են մեծ թուով այլազգի մասնագէտներ` ԱՄՆ տարբեր նահագներից, Իսրայէլից եւ առաքելութիւնն այսօր արդէն միջազգային բնոյթ է կրում: Աբգարեանը նշում է, որ հայ բժիշկներն օգտագործում են իրենց կապերը` լաւագոյն մասնագէտների խմբում ներգրաւելու համար: Պերճ Աբգարեանի խօսքով, Հայաստան մէկ անգամ այցելելուց յետոյ, բժիշկների մեծամասնութիւնն իրենք են դիմում յաջորդ տարի կրկին մասնակցելու համար:
«Այս տարի, մեր եօթերորդ առաքելութիւնն էր Հայաստան, որ կայացաւ Սեպտեմբերի 23ից մինչեւ Հոկտեմբերի 8ը: Այն նախատեսուած էր ե՛ւ վիրաւորուած զինուորների վերականգնման, ե՛ւ քաղաքացիական բնակչութեան համար: Մեր բժիշկները նաեւ կրթում են մեր հայրենակիցներին, յատկապէս` խրոնիկական (յամրընթաց, երկարատեւ) հիւանդութիւնների դէպքում: Այս տարի Գիւմրիին յատկացրեցինք զինուորների վերականգնման համար անհրաժեշտ տարբեր յատուկ սարքեր», պատմում է Աբգարեանը: Նա նշեց, որ բժշկական օգնութիւն են տրամադրում նաեւ Հայաստանում հաստատուած սիրիահայերին:

Առաքելութեան հետ այս տարի Հայաստան է մեկնել Ֆրեզնոյի քաղխորհրդի անդամ` Մարք Քարբասին: Նա տարաբնոյթ հանդիպումներ է ունեցել` պատրաստակամութիւն յայտնելով աջակցելու առողջապահական եւ գիւղատնտեսական ոլորտների զարգացման, մասնագէտների վերապատրաստման հարցում: 2022 թուականի այցն առանձնայատուկ է եղել նաեւ այն առումով, որ առաքելութիւնը օգնութիւն է տրամադրել Աֆրիկայից ժամանած մի աղջկայ, ով բուժումը ստացել է Հայաստանում:
Առաքելութեան գործունէութեան աշխարհագրութիւնն էլ այս տարի ընդլայնուել է. բժիշկների մի խումբ այցելել է Լիբանան` բուժօգնութիւն տրամադրելու մեր հայրենակիցներին, ովքեր ներկայում ծանր վիճակում են` պայմանաւորուած այդ երկրում տիրող իրավիճակով:
«Առաքելութեան շահառուների թիւը տարիների ընթացքում հասել է մի քանի հազարի, եւ մենք ուրախ ենք, որ փոքրիկ Ֆրեզնոն կարողանում է այդչափ օգտակար լինել մեր հայրենակիցների առողջութեան վերականգնման գործում: Առաքելութիւնը նաեւ Սփիւռք-հայրենիք կապի ամրապնդում է, եւ հոգեբանական առումով էլ շատ մեծ նշանակութիւն ունի յատկապէս Հայաստանի մարզերի բնակիչների համար: Խորին շնորհակալութիւն մեր համայնքին` ֆինանսական աջակցութեան համար եւ բժիշկներին նուիրուածութեան համար», ամփոփում է Պերճ Աբգարեանն ու յորդորում մասնակից դառնալ կենսական նշանակութեան այս առաքելութեանը: