7 Նոյեմբերին, Ազգային ժողովին մէջ, լրագրողներու հետ ունեցած զրոյցին ընթացքին Գեղարքունիքի մարզպետ Կարէն Սարգսեան անդրադարձաւ սահմանային կացութեան եւ ըսաւ, որ Եւրոպական Միութեան դիտորդները իրենց պարեկային գործողութիւնները կը կատարեն, եւ այդ պատճառ կը դառնայ, որ կրակոցները նուազին: Այս մասին կը տեղեկացնէ «Թերթ»ը:
Մարզպետը նշեց, որ մարզին մէջ դիտորդները ունին 1 շտաբ, բայց դիտորդութիւն կը կատարեն սահմանի ամբողջ երկայնքով: «Դիտորդների շարքերում կան մարդիկ, ովքեր արդէն արձանագրել են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա (յարձակում) է եղել Հայաստանի սահմանների ուղղութեամբ եւ օկուպացուած (գրաւուած) տարածքներ կան: Մեզ մօտ դիտորդական առաքելութիւն է իրականացնում 8 դիտորդ: Նրանց շտաբը գտնւում է Մարտունիում, ամէնօրեայ յաճախականութեամբ նրանք այցելում են սահման: Դիտորդական առաքելութիւն իրականացնում են այնտեղ, որտեղ եղել է ագրեսիա: Նրանց ներկայութիւնը կրակոցների ինտենսիւութեան (խստութեան) վրայ որոշակիօրէն ազդել է», նշեց Սարգսեան:
Ան աւելցուց, որ մարզին մէջ իրավիճակը յարաբերականօրէն հանգիստ է: Անդրադառնալով մարզէն տեղահանուածներու հարցին՝ Սարգսեան ըսաւ. «Տեղահանուածների զգալի մասը վերադարձել է, քիչ ընտանիքներ են, որ չեն վերադարձել, դրա պատճառները գնահատուած են, օրինակ՝ Սոթքում ունենք ամբողջութեամբ փլուզուած բնակարաններ, որտեղ մարդիկ չեն կարող վերադառնալ: Իրենց համար տներ ենք վարձել, առաջիկայում կ՛ապրեն այնտեղ: Ընդհանուր առմամբ տեղահանուածների 90 եւ աւելի տոկոսը վերադարձել է: Հիմնականում Սոթք եւ Կուտական բնակավայրերի բնակիչները չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրեր, Սոթքում խոշոր վնասներ ստացած ընտանիքներն են, իսկ Կուտականում խնդիրներ կան անվտանգութեան հետ կապուած, գիւղը գտնւում են նշանառութեան տակ»: