ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութեան (ԱԵՄ) նախաձեռնութեամբ, ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կեդրոնին մէջ գտնուող միութեան Երիտասարդական կեդրոնը անուանակոչուեցաւ դաշնակցական ընկեր, ՀՅԴ ԱԵՄի, ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչեան» կոմիտէութեան եւ ՀՄԸՄի Արցախի միաւորի վարչութեան անդամ Արտակ Իշխանեանի անունով: Այս մասին լուրը փոխանցեց «Ապառաժ»ը:
Ներկայ էին Արտակ Իշխանեանի ծնողները եւ հարազատները, կուսակցական եւ գաղափարակից ընկերները, ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեան, ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի եւ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչեան» կոմիտէութեան անդամները, Արցախի Ազգային ժողովի «ՀՅ Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեան, ՀՅԴ ԱԵՄի Կեդրոնական վարչութեան անդամները, ՀՄԸՄի եւ ՀՕՄի Արցախի միաւորներու ներկայացուցիչները:
ՀՅԴ ԱԵՄի Կեդրոնական վարչութեան նախկին անդամ Տաթեւիկ Աղաջանեան ներկայացուց Արտակ Իշխանեանի կենսագրութիւնը: «Առաւել հարուստ է նրա կուսակցական եւ հասարակական գործունէութիւնը. ՀՅԴ պատանեկան շարքերում էր դեռեւս Աշանում՝ դպրոցական տարիներին, իսկ ուսանողական տարիներին անդամակցել է ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութեանը, եղել է ՀՅԴ «Արամ Մանուկեան» Ուսանողական Միութեան ատենապետ, ՀՄԸՄ Արցախի միաւորի Կենտրոնական վարչութեան անդամ», նշեց ան:


Աղաջանեան դիտել տուաւ, որ Արտակ կառոյցներու շարքերուն մէջ սովորական անդամ չէր, այլ կառոյցները յառաջ մղող նուիրեալներէն մէկը: «Պատասխանատուութեամբ էր մօտենում իրեն վստահուած բոլոր գործերին, սակայն չէր սիրում աչքի ընկնել: Կեանքում երբեւիցէ հարցազրոյց տուած չկայ: Նկատած կը լինէք, որ աւանդական ջահաերթի եւ միւս միջոցառումների կազմակերպիչը նա էր, սակայն երբեք հարցազրոյց տուած չկայ, միշտ մեզ էր ասում, որ պատասխանենք հարցերին», ըսաւ ան:
ԱԵՄի երիտասարդական կեդրոնը վերանորոգելը Արտակ Իշխանեանի փափաքներէն մէկն էր, սակայն այդ իրականութիւն դարձաւ առանց անոր։ «Մենք միասին եկամտաբեր ծրագրեր էինք իրականացնում, որոնցից որոշակի գումար էր գոյացել, եւ Արտակը միշտ առաջարկում էր այդ գումարով կենտրոնը վերանորոգել, արժէքաւոր գոյք գնել կենտրոնի համար, եւ մենք որոշեցինք նրա այդ գաղափարն իրականութիւն դարձնել: ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի աջակցութեամբ վերանորոգեցինք եւ Արտակ Իշխանեանի անունով անուանակոչեցինք այս Երիտասարդական կենտրոնը: Նպատակն այն է, որ եկող սերունդները եւս իմանան ու ճանաչեն Արտակ Իշխանեանին», յայտնեց Աղաջանեան:
Արտակ Իշխանեանի մանկութեան ընկերը՝ Արթուր Գաբրիէլեան, վկայեց, որ Արտակը այնպիսի անձնաւորութիւն էր, որմէ պէտք է միշտ օրինակ առնել: «Արտակը միշտ էլ օրինակ էր ընկերների համար, ցանկացած հարցում հասկանում ու ընդառաջում էր: Միշտ լաւատես էր եւ իրենից կախեալ ամէն բան անում էր թէ՛ հարազատներին, թէ՛ ընկերներին, թէ՛ համագիւղացիներին օգնելու համար», նշեց ան:
Արտակի հետ ունեցած իր յիշողութիւնները բաժնեկցեցաւ նաեւ Արցախի կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարմնակրթութեան փոխնախարար Լեռնիկ Յովհաննիսեան, որ դիտել տուաւ, թէ երբեւէ չէր պատկերացներ, որ Արտակ Իշխանեանին նուիրուած կեդրոն կը բացուի:
«2008ից Արտակը եղել է մեր կրտսեր ընկերը: Ինձ բախտ է վիճակուել նաեւ նրա հետ աշխատել ԱՀ Մշակոյթի նախարարութիւնում. նա եղել է իմ օգնականը: Բացի իմ ընտանիքի անդամներից աւելի քան 8 ամիս առաջին բարեւ տուողն ու վերջին հրաժեշտ տուողն Արտակն էր: Յիշում եմ նրա խօսքերը, երբ որ 2018թ. Հոկտեմբերին առաջին անգամ պաշտօնական այցով մեկնեցինք Երեւան եւ հանդիպումներ ունեցանք, դուրս գալուց յետոյ ասաց՝ ընկեր Յովհաննիսեան, այս մանկապարտէզը որտեղի՞ց են հաւաքել: Երեւի գիտէր, որ այդ մանկապարտէզը վերջում մեր գլխին դաժան խաղ էր խաղալու, նաեւ՝ իր արեան գնով», յայտնեց Յովհաննիսեան:


Արցախի պատգամաւոր Վահրամ Բալայեան իր խօսքին մէջ նշեց, որ հայոց երկիրը 5000 տարուան պատմութիւն ունի եւ անիկա ապրած է անգին նահատակներ ունենալու գնով: «Ցաւօք սրտի, կեանքի փիլիսոփայութիւնն այդպիսինն է, երեւի աստուած մարդուն այդպէս է ստեղծել, որ հայրենիքը միշտ կանգուն է լինում արժանաւոր զաւակներ ունենալու պարագայում: Արտակն այդ զաւակներից մէկն էր, որ չվարանեց իր կեանքը զոհաբերելու, որ Արցախն ապրի», նշեց ան:
«Արտակի գործն իսկապէս անմար է մնալու, որովհետեւ այն արիւնը, որ թափուել է հայրենիքի համար, հէնց այնպէս չի կորչում. դառնում է որակ, նոր կեանք, որն արտացոլւում է իր որդու աչքերի մէջ, ով, ապրելով Արցախում, շարունակելու է իր հօր գործը, շարունակելու է Իշխանեանների գերդաստանը, որը պտղաբեր է ու հայրենիքի համար նուիրական գործեր է բերում», դիտել տուաւ Բալայեան:
ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեան իր խօսքին մէջ նշեց, որ իր մօտ երկուութիւն կայ թէ՛ իբրեւ հարազատ, թէ՛ իբրեւ կուսակցական ընկեր, պատասխանատու մարդ: «Արժէքը կորցնելուց յետոյ ենք սկսում գնահատել այն. ցաւօք սրտի այդպիսինն է մարդը: Այդ համոզումը ինձ մօտ չի մտել Արտակի կորստից յետոյ, այլ 90ականներին, երբ մեր շարքերում կորցնում էինք մեր ընկերներին: 1991ին առաջին զոհերն ունենալով մեր կողքին՝ շատ դժուար էր. որպէս մարդ արարած փորձում ես գնահատել այն, ինչ որ կայ, հասկանալ որդեգրած ճանապարհը, որով շարժւում ես: 23-24 տարեկան երիտասարդների համար դժուար է դեռեւս կենսափորձ չունենալով՝ հասկանալ, թէ ինչ ճանապարհ ենք մենք որդեգրել: Ես զարմանում եւ նաեւ ոգեւորւում էի, երբ տեսնում էի՝ ինչպէս են իմ սերնդակիցների, զոհուած ընկերների երեխաները միմեանց հետ ընկերութիւն անում: Այդ ընկերութիւնը ե՛ւ կուսակցութեան ներսում էր, ե՛ւ դրանից դուրս, ու այստեղ պատահականութիւն չկայ: Ինչպէս քիչ առաջ ասուեց, գեները (ծիները) փոխանցւում են: Ես յիշում եմ՝ 90ականներին առաջին անգամ մենք կարդում ու լսում էինք, որ մեր գենոֆոնդը (ծինային դրամագլուխը) փորձում են ոչնչացնել, մեր գենոֆոնդը քչանում է: Սրանք պատահական բառեր չեն, սա տեսակի հարց է, տեսակի խնդիր է, գիտակցման խնդիր է: Մեզանից իւրաքանչիւրը պէտք է հասկանայ, ընդունի եւ խորքային ընկալի, որ մեր տեսակը, լաւագոյն տեսակը, մեր դաշնակցական ընտանիքի գենոֆոնդը պէտք է պահպանուի եւ միմեանց փոխանցուի: Ես ուրախանում եմ՝ տեսնելով, որ մեր զաւակները մեր գործի շարունակողն են: Գուցէ մի քիչ զգացմունքային ստացուի, բայց ընդհանրութեան մէջ ճանապարհը, որը մենք որդեգրել ենք, շատ երկար ու դժուարին է լինելու, սա պէտք է գիտակցի իւրաքանչիւրը: Երբ որ խօսում ենք գենոֆոնդի մասին, տեսնում ենք Արտակի որդի Ռուբէնին, մեր միւս նահատակների զաւակներին, որ մեր շարքերում են՝ իրենց արժանի ծնողներին փոխարինելու», ըսաւ Իշխանեան:



Ըստ անոր՝ նման միջոցառումները կուսակցութեան մէջ ընդունուած են՝ իբրեւ դաստիարակութեան միջոց: «Իւրաքանչիւր ոք՝ ծնող, ընկեր, հարազատ, ՀՅԴ ԱԵՄ մուտք գործած երիտասարդ պէտք է գիտակցի, որ ճանապարհն այսպիսին է: Այսօրուայ իրավիճակը մեզ թելադրում է, որ պէտք է մենք շարունակենք այն գործը, որ մեր աւագ ընկերները, մեր սերնդակիցները, մեր նախնիները որդեգրել են: Այդ գործի շարունակողներից մէկն էլ Արտակն էր: Իմ խոնարհումը բերելով Արտակի ծնողներին, հարազատներին ու ընկերներին՝ վստահ եմ, որ այդ նպատակը, որի համար մենք տուել ենք թանկ կորուստնէր, պիտի փորձենք իրականացնել իւրաքանչիւրս մեր գործով, մեր առաքելութեամբ եւ ամենօրեայ աշխատանքով», յայտնեց Իշխանեան:
Ապա ներկաները դիտեցին ՀՅԴ ԱԵՄի նախաձեռնութեամբ նկարահանուած Արտակ Իշխանեանի մասին պատմող ֆիլմը:
Յիշեցնենք, որ Արտակ Իշխանեան զոհուեցաւ 31 Հոկտեմբեր 2020ին, Արցախի Մարտունի քաղաքին մօտակայքը: Ան յետ մահու պարգեւատրուեցաւ Մարտական Խաչ 2րդ աստիճանի շքանշանով:
Արտակ Իշխանեանի մարմինը ամփոփուած է Եռաբլուր զինուորական պանթէոնին մէջ: Ամուսնացած էր եւ ունի մէկ որդի: