Արցախցիներու իրաւունքներու պաշտպանութեան խորհուրդը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
«Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի կողմից հաստատուած մասնագիտական խմբերը կը սկսեն իրենց աշխատանքը:
«Ինչպէս յայտարարուել է Ապրիլի 29ին տեղի ունեցած՝ Արցախցիների իրաւունքների պաշտպանութեան խորհրդի ներկայացուցիչների մամուլի ասուլիսում, որոշակի յաջողութիւնների հասնելուց եւ լայն հանրային քննարկումներից յետոյ խորհուրդը որոշել է:
«Մասնաւորապէս, ՀՀ կառավարութեան հետ երկար ու մանրամասն բանակցութիւնների արդիւնքում կը ձեւաւորուեն փորձագիտական խմբեր, որոնց կողմից կը տարուեն բանակցութիւններ նախօրօք համաձայնեցուած հարցերի շուրջ եւ համապարփակ լուծումներ կ՛առաջարկուեն Հայաստանում արցախցիների իրաւունքների պաշտպանութեան եւ հրատապ հիմնախնդիրների կարգաւորման համար: Կառավարութեան բարձրաստիճան ներկայացուցիչները հաւաստիացրել են, որ հիմնարար բարեփոխման կ՛ենթարկուեն բնակարանային եւ զբաղուածութեան ծրագրերը, ինչպէս նաեւ լուծում կը տրուեն մի շարք այլ իրաւական ու սոցիալական խնդիրների:
«Փորձագիտական աշխատանքների ամփոփման համար պատշաճ ժամանակ ունենալու նպատակով՝ կառավարութեան ներկայացուցիչները պատրաստակամութիւն են յայտնել երկու ամսով երկարաձգելու ապրիլի մէկից դադարեցուած բնակվարձի աջակցութեան ծրագիրը՝ ամսական 40,000 դրամի չափով: Փաստացի կարող ենք արձանագրել, որ կառավարութեան Ապրիլի 30ի նիստում արցախցիների սոցիալական աջակցութեան երկարաձգման որոշման հաստատմամբ Կառավարութիւնը կատարել է տրուած խոստման առաջին մասը:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ձեւաւորուած փորձագիտական խմբերի կողմից պարբերաբար հանրային հաշուետուութիւններ կը ներկայացուեն իրականացուած աշխատանքների վերաբերեալ:
«Հաշուի առնելով Մարտի 29ի մեծ հանրահաւաքով մեկնարկած պայքարի որոշակի դրական արդիւնքները, աշխատանքային ռեժիմի (դրութեան) անցման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ ունեցած ռեսուրսների (միջոցներու) վերաբաշխման հետ կապուած հարցերը՝ խորհուրդը որոշում է կայացրել հանել Ազատութեան հրապարակում տեղադրուած վրանը եւ տեղափոխուել Երեւանում ԱՀ մշտական ներկայացուցչութեան շէնք՝ Նաիրի Զարեան 17ա հասցէում:
«Այնուամենայնիւ, խորհուրդը յայտարարում է, որ չի բացառում ցանկացած պահի փողոցային պայքարի վերադառնալու եւ աւելի կոշտ գործողութիւնների դիմելու հնարաւորութիւնը, եթէ ՀՀ կառավարութեան կողմից բաւարար քայլեր չձեռնարկուեն արցախցիների իրաւունքների պաշտպանութեան համար:
«Միեւնոյն ժամանակ Խորհուրդն արձանագրում է, որ ՀՀ կառավարութիւնը որեւէ քաղաքական կամք չի ցուցաբերել Մարտի 29ին հրապարակուած պահանջագրի մի շարք կէտերի մասով նոյնիսկ բովանդակային քննարկումներ իրականացնելու ուղղութեամբ: Այդ առումով խորհուրդը շարունակելու է իր ջանքերը բոլոր կէտերի կատարման նպատակով՝ առաջնահերթ ուշադրութեան տակ պահելով հրատապ խնդիրների լուծումը՝ միտուած Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի արժանապատիւ ու կայուն կեցութեան ապահովմանը»: