Ջրային լոգանքները մարմնի համար հիանալի ազդեցութիւն ունեն: Մաշկը մաքրելուց եւ խոնաւեցնելուց բացի, լոգանքը օգնում է վերացնել լարուածութիւնը, յոգնածութիւնը եւ մկանների ցաւը, դուրս է բերում թունաւոր նիւթերը: Կասկած չկայ, որ մրսածութեան ժամանակ լոգանքը բուժման բաւական արդիւնաւէտ միջոց է:
– Շնչառութեան բարելաւում: Բարձր խոնաւութիւնը եւ տաք գոլորշին դրական են ազդում շնչառական օրգանների վրայ: Քթի փակուածութեան դէպքում այն բացւում է, իսկ առատ քթահոսութիւնն արագ անցնում է:
– Հազի թեթեւացում: Տաք գոլորշին քթըմպանի վրայ ազդում է ինհալեացիայի (ներս շնչելու) սկզբունքով: Բուժական արդիւնքը կարելի է ուժեղացնել բոյսերի եւ եթերային իւղերի օգնութեամբ: Լոգանքը նպաստում է չոր հազը խորխաբեր հազի վերածելուն:
– Յոգնածութեան զգացումի թեթեւացում: Մրսածութիւնն ուղեկցւում է յոգնածութեամբ, մարմնի կոտրտուածութեամբ, տրամադրութեան անկմամբ: Այսպիսի զգացողութիւնները չեն նպաստում ապաքինմանը: Տաք լոգանքն ապահովում է թուլացումը եւ ակտիւացնում (աշխուժացնում) է օրգանիզմը` հիւանդութեան դէմ պայքարելու համար:
– Հիւանդութիւն առաջացնող մանրէները մարմնից հեռանում են քրտինքի օգնութեամբ: Լոգանքի ժամանակ ծակոտիկները բացւում են եւ օգնում մարմնի թունազրկմանը:
Մրսածութեան ժամանակ լոգանք ընդունելիս պէտք է հաշուի առնել ջրի ջերմաստիճանը, որը պէտք չէ գերազանցի 37 С աստիճանը, իսկ լոգասենեակի խոնաւութիւնը՝ 65 տոկոսը, այլապէս մենք հակառակ արդիւնքը կ՛ունենանք: Լոգանքը պէտք է ընդունել քնելու առաջ, փաթաթուել տաք սրբիչով եւ տեղաւորուել տաք անկողնում:
Լոգանքը հակացուցուած է մի քանի դէպքերում: Բարձր ջերմութեան ժամանակ հարկաւոր է սահմանափակուել կարճատեւ ցնցուղով: Սիրտանօթային տարբեր հիւանդութիւններով տառապող մարդկանց (արեան շրջանառութեան խանգարում, գերճնշում, թերճնշում, վարիկոզ), նոյնիսկ մրսածութեան բացակայութեան դէպքում խորհուրդ է տրւում սահմանափակել լոգանքը:
Լոգանքն ուժեղ գլխացաւերի դէպքում կարող է բերել անյարմարաւէտութեան ուժեղացման եւ վիճակի վատթարացման: Յղի կանանց նոյնպէս խորհուրդ չի տրւում լոգանք ընդունել, մրսածութիւնը թուլացնում է օրգանիզմը իսկ եթէ աւելացնենք տաք ջրով լոգանքը, ապա վաղաժամ ծննդաբերութեան կամ վիժման հնարաւորութիւնը զգալի կը բարձրանայ: