
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ.- Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, համայնքի եւ ընտրուած այլ ղեկավարների հետ միասին, Լոս Անջելես քաղաքի Բնակարանային վարչութիւնում (HACLA) յայտարարեց «Յօդուած 8» նպաստի (ցած եկամուտով քաղաքացիներու բնակարաններու վարձքի աջակցութիւն) սպասման ցուցակի վիճակահանութեան համար դիմումների ընդունման մեկնարկի մասին: Ցանկացողները կարող են դիմել առցանց` Երկուշաբթի, Հոկտեմբերի 17ի առաւօտեան ժամը 6ից մինչեւ Հոկտեմբերի 30ի երեկոյեան ժամը 5ը` այցելելով HACLA.hcvlist.org կայքը: «Յօդուած 8» ծրագիրը բնակելի տարածքի վարձակալութեան հետ կապուած օգնութիւն է ցուցաբերում մասնակցութեան չափանիշները բաւարարող անհատներին եւ ընտանիքներին` իրենց վարձավճարի մի մասը անմիջապէս անշարժ գոյքի սեփականատէրերին վճարելու միջոցով:
«Այսօր Լոս Անջելեսի քաղաքապետարանը եւս մէկ նշանակալից քայլ է կատարում անօթեւանութեան եւ մատչելի բնակելի տարածքների վարձակալութեան ճգնաժամը լուծելու ուղղութեամբ: Լրացուցիչ նիւթական աջակցութեան, այլ ծրագրերի եւ նորարարական լուծումների շնորհիւ մենք շարունակում ենք կարիքաւորներին տրամադրել միջոցներ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն մատչելի բնակարաններ ձեռք բերելու, այլ նաեւ դրանք պահպանելու համար։ Մենք առաջնորդւում ենք այն սկզբունքով, որ բնակարանային ծրագրերն օգնում են լուծել անօթեւանութեան խնդիրը: «Յօդուած 8»ի սպասման ցուցակի վերաբացման միջոցով, մենք մեր հազարաւոր հարեւաններին տալիս ենք ապահով եւ յուսալի կացարան ունենալու հնարաւորութիւն», ասել է Գարսետին:
Հետաքրքրուած ընտանիքները եւ անհատները կարող են դիմել առցանց դիմումների ընդունման ողջ ժամանակահատուածում, օրական 24 ժամ, շաբաթական եօթ օր: Դիմումները չեն կարող ներկայացուել կամ HACLA-ի գրասենեակներում ընդունուել առերես, նամակատան, համացանցային նամակների միջոցով կամ ֆաքսով: Դիմորդները պէտք է ունենան վաւեր, գործող համացանցային հասցէ: Առցանց հասանելի է անվճար հասցէների լայն ընտրութիւն, մինչդեռ Լոս Անջելես քաղաքի հանրային գրադարաններում հասանելի է անվճար համացանց եւ համացանցի հասցէ ստանալու համար աջակցութիւն:
«Լոս Անջելեսի հանրային գրադարանում մենք ողջունում ենք բոլորին եւ ուրախ ենք աջակցել Լոս Անջելեսի բոլոր բնակիչներին մատչելի բնակարաններ ձեռք բերելու հարցում։ Մեր բոլոր՝ 73 գրադարաններն ունեն համակարգիչներ, որոնց միջոցով դիմորդները կարող են ստանալ անվճար համացանցի հասանելիութիւն: Մենք կ՛առաջարկենք նաեւ HACLA-ի յատուկ դեսպանի կողմից անցկացուող սեմինարներ, որոնք ցանկացողներին կ՛օգնեն լրացնել առցանց դիմումը», նշել է գրադարանավար Ջոն Ֆ. Սաբոն:
Յայտ ներկայացնելը չի երաշխաւորում, որ ձեզ կ՛ընտրեն կամ կը տրամադրեն բնակարանային նպաստ: Դիմումների ներկայացման ժամանակահատուածի աւարտին HACLA-ն պատահական համակարգչային վիճակահանութեան օգնութեամբ կ՛ընտրի մինչեւ 30,000 դիմորդ` «Յօդուած 8»ի սպասման ցուցակում ներառելու համար: Օգնութեան նախապատուութիւն կը տրուի այն դիմորդներին, ովքեր բնակւում կամ աշխատում են Լոս Անջելես քաղաքում, ինչպէս նաեւ այն դիմորդներին, ովքեր (կամ որոնց ընտանիքի անդամները) հանդիսանում են վետերաններ: Երբ ֆինանսաւորումը հասանելի դառնայ, HACLA-ն կը կապուի դիմորդների հետ եւ կը հրաւիրի իրաւասութեան որոշման հարցազրոյցների:
«Արդէն 5 տարի է անցել այն պահից, երբ մենք վերջին անգամ բացել ենք մեր «Յօդուած 8» սպասման ցուցակը: Այդ ընթացքում բնակարանային աջակցութեան պահանջարկը աճել է: Բնակելի տարածքի վարձակալութեանն աջակցելու նման ծրագրերն օգնում են պայքարել աղքատութեան դէմ եւ նուազեցնել անօթեւանների թիւը: Սպասման ցուցակի վիճակահանութիւնը վերաբացելու միջոցով մենք ձգտում ենք օգնել հազարաւոր ընտանիքների, որոնք ունեն համապատասխան կացարան գտնելու հետ կապուած ֆինանսական խնդիրներ։ Մենք համոզուել ենք, որ առցանց դիմելու ձեւը հեշտ հասանելի է եւ յարմարաւէտ: Մենք ունենք տեսանիւթեր, որոնք դիմորդներին քայլ առ քայլ բացատրում են դիմելու գործընթացը, ինչպէս նաեւ յաճախ տրուող հարցերի բաժին, որտեղ դիմորդները կարող են գտնել ծրագրի եւ մասնակցելու իրաւասութեան վերաբերեալ հարցերի պատասխանները», նշել է HACLA-ի նախագահ Դուգլաս Գութրին:
Դիմորդները կարող են այցելել hacla.hcvlist.org կայք` դիմումների ընդունման ժամանակահատուածում դիմելու եւ այդ նպատակով օգնութիւն ցուցաբերող գործընկերներ գտնելու համար: Հաշմանդամութեան պատճառով դիմելու համար օգնութեան կարիք ունեցող անձինք կարող են զանգել (213) 523-SEC8 (7328) կամ (877) 621-SEC8 (7328) (անվճար) հեռախօսահամարներով` առաւօտեան ժամը 7ից մինչեւ երեկոյեան ժամը 6ը ընկած ժամանակահատուածում, ամէն օր` դիմումների ընդունման ժամանակահատուածում:
HACLA-Ի ՄԱՍԻՆ
Լոս Անջելես քաղաքի բնակարանային վարչութիւնը (HACLA) հիմնադրուել է 1938ին` Լոս Անջելես քաղաքի թիւ 1241 որոշմամբ: HACLA-ն բնակարանային ապահովման երկրի ամենախոշոր եւ առաջատար հանրային մարմիններից մէկն է, որը Լոս Անջելես քաղաքի բնակիչների համար ապահովում է բարձրորակ մատչելի բնակարանների լայն ընտրութիւն: HACLA-ն իր բնակելի տարածքների վարձակալութեան աջակցութեան ծրագրերի միջոցով ապահովում է մատչելի բնակարաններ աւելի քան 83,000 ընտանիքներին, ինչպէս նաեւ անօթեւան ընտանիքներին առաջարկում է մշտական աջակցութեան մի շարք բնակարանային ծրագրեր, ներառեալ հետեւեալը.
Բնակարանային կառուցապատման եւ քաղաքային զարգացման նախարարութեան (HUD) նախագծերի վրայ հիմնուած Անօթեւան վետերանների համար բնակարանային աջակցութեան ծրագիրը.
Վարձակալների բնակարանային աջակցութեան ծրագիրը.
Բնակարանային աջակցութեան ծրագիրը ՁԻԱՀ («Էյտզ») ունեցող անձանց համար (HOPWA).
Բուժման շարունակականութեան եւ Սահմանափակ վերանորոգմամբ մէկ սենեականոց բնակելի տարածքների վարձակալութեան ծրագրերը:
Լրացուցիչ տեղեկատուութեան համար այցելէք www.hacla.org կայքը:
(Հաղորդագրութիւնը՝ HACLA-էն)