Համաձայնէք, որ գերսնուելու պատճառ կարող են լինել վատ սովորութիւնները: Փորձենք ձեւակերպել դրանք:
Պնակի մէջ լցրէք բաւարար չափի կերակուր եւ խուսափէք կերակուր աւելացնելուց: Փոքր ճաշաբաժին վերցնելով եւ աւելացնելով կերակուրը դուք դադարում էք հսկել ձեր կերակրաչափը: Եթէ անգամ որոշել էք ուտել աւելին` քան նախատեսել էիք, որոշումը յետաձգէք մի քանի րոպէով, այն մտադրութեամբ, որ ուղեղը կ՛արձագանքի, թէ սնուել էք բաւարար:
«Նախաճաշը կեր, ճաշը կիսի ընկերոջդ հետ, իսկ ընթրիքը տուր թշնամուդ» ասացուածքի հետ բժիշկները տարբեր կարծիքներ ունեն: Հաշւում է, որ պէտք է հսկել ընդունուող կալորիաները (ջերմուժ), անկախ ժամից: Սակայն մեր խորհուրդն է, ճաշի հիմնական չափաբաժինը ընդունել օրուայ սկզբին եւ հնարաւորութիւն ունենալ չկուտակել կալորիաներ: Բժիշկները ընդունում են նաեւ` «ճաշից յետոյ ննջի՛ր, իսկ ընթրիքից յետոյ քայլի՛ր» խորհուրդը:
Կերէք միայն նախաճաշի, ճաշի եւ ընթրիքի ժամանակ: Միջանկեալ սննդից աշխատէք խուսափել: Ժամանակակից մարդն ուտում է անընդհատ, մեքենայ վարելիս, հեռուստացոյց նայելիս, աշխատավայրում: Բենզալցակայաններում (քարիւղի կայարան)` բենզինին հաւասար ուտելիք է վաճառւում, ի հարկէ` վերամշակուած սնունդ, թունաւոր յաւելումներով գերյագեցած: Սնուէք միայն անօթի ժամանակ: Իսկ եթէ չէք ուզում հրաժարուել միջանկեալ թեթեւ սննդից, ապա ընտրէք թարմ միրգը, բանջարեղէնը կամ ընդեղէնը:
Սնուէ՛ք միայն սեղանի առջեւ: Սա միակ իրավիճակն է, որ մենք կարող ենք հսկել ընդունուող չափաբաժինը: Համարւում է, որ երբ մենակ ենք ուտում, աւելի ընդունակ ենք գերսնմանը, չվերահսկուած չափաբաժնին: Ուրիշների աչքի առջեւ մարդը զսպում է շատակերութիւնը: Նաեւ նշենք, որ սեղանի շուրջ, ընկերական եւ ընտանեկան շրջապատում սնուելը ծիսակատարութիւն է ` դրական զգացումների փոխանակման հիանալի առիթ: Մի՛ կորցրէք այդ հնարաւորութիւնը:
Քաղցրաւենիքը կշտանալու համար չէ, այլ վայելելու, եւ այն էլ առիթից առիթ, ինչպէս հին ժամանակներում: Քաղցրաւենիքը պատրաստելը մեծ ջանք էր պահանջում եւ ամէն օր չէ, որ մարդիկ ունէին այն իրենց սեղանին: Պէտք չէ չարաշահել խանութից պատրաստի գնելու հնարաւորութիւնը եւ գերսնուել:
Մանկուց մեզ համոզել են մաքրել պնակը: Տարիքի հետ այդ կանոնին մենք աւելի ջանասիրաբար ենք հետեւում: Աւելի խելամիտ է սնունդը թողնել պնակի մէջ քան վերածել ճարպի: