ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Խոնարհւում ենք հայրենիքի պաշտպանութեան ընթացքում զոհուած մեր հերոս զինուորների առջեւ, եւ խոստանում ենք ամբողջական նեցուկ լինել Հայաստանին, ողջ հայութեանը՝ յատկապէս Հայաստանի դիմագրաւած ներկայ մարտահրաւէրների պայմաններում: Պիտի շարունակենք պաշտպանել Հայաստանի եւ Արցախի անկախութեան իրաւունքը, եւ սահմանների անխախտելիութիւնը: Այս խօսքերով մեկնարկեց Սեպտեմբերի 28ին կայացած Հայաստանի անկախութեանն ու Հայոց Բանակին զօրակցակող հաւաքը Գլենդելի Ս. Աստուածածին եկեղեցու բակում, որ ամփոփուեց զոհուած հայ զինուորների յիշատակին նուիրուած մոմավառութեամբ:
Ձեռնարկի բացումն աւետող Զարեհ վրդ. Սարգիսեանի աղօթքից յետոյ, օրուայ պատգամը ներկայացրեց Այանայ Համամճեանը:
«Անկախութիւնն ինքնին փառահեղ եւ խոհախորհուրդ պատգամ է ողջ հայութեան համար: Հարկաւոր է յիշել մեր ժողովրդի արժանաւոր զաւակներից՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ, եւ մեծ հայրենասէր Գարեգին Նժդեհի խօսքերը, որ «անկախութիւնը, անկախ հայրենիքը իրաւունք լինելուց առաջ պարտականութիւն է, իսկ խուսափող ժողովուրդները կը կորցնեն իրենց բարոյական գոյութեան իրաւունքը»: Անկախութիւնը մեր լեզուն է, որպէս մեր գոյութեան եւ ինքնութեան առհաւատչեայ, մեր հաւատքն է, ընտանիքը, մշակոյթը, այն ափաչափ հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների եւ քոյրերի արիւնով կ՛ապրի: Հետեւաբար, բոլորիս պարտականութիւնն է յատկապէս հիմա, այս խառնակ ժամանակներում սրբութեամբ պահել այս կարեւորագոյն արժէքները՝ զանազան ոտնձգութիւններից, հարստացնել մեր ազգային արժէքները եւ փոխանցել ապագայ սերունդերին: Անվարան կանգնել մեր ազգային անվտանգութեան բոլոր վտանգների առջեւ: Այս է անկախութեան մեր սերնդի պարտքը հայրենիքի առջեւ», իր խօսքում ասաց Համամճեանը: Որպէս սփիւռքահայեր, նա յորդորեց ամէն ջանք ի գործ դնել նպաստելու Հայաստանի իրավիճակի բարելաւմանն ու վերականգնմանը՝ ընդգծելով, որ սեփական հասարակութեան մէջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգաւոր է:
Միաժամանակ, Համամճեանը կոչ արեց, որ իբրեւ ամերիկացիներ, Վաշինգտոնից ակնկալենք առաւել խիստ եւ կտրուկ քայլեր՝ կասեցնելու համար Ադրբեջանի վայրագ եւ յարձակողապաշտ մօտեցումները՝ առնուազն դադարեցնելով տասնամեակներ ի վեր Բաքուի ոճրագործ վարչակազմին տրամադրուող ռազմական աջակցութիւնները, որ գործածւում են Արցախի եւ Հայաստանի դէմ:
Ձեռնարկի բանախօսներից, Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանն էլ յիշատակեց հայ ժողովրդի քաջ հերոսների զոհողոթիւնը՝ նշելով, որ այսօր իւրաքանչիւրը պէտք է հնարաւորութեան սահմաններում մասնակցի հայրենիքի պաշտպանութեանը: «Հայաստանը կրիտիկական (ճգնաժամային) հանգրուանում է, կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջեւ, եւ ինձ մեծ ցաւ է պատճառում, որ մենք բաժանուած ենք մեր մէջ, որ մեր ագզի ղեկավարութիւնը չի կիսում նոյն մտահոգութիւնները ինչ մենք, եւ չգիտեմ դուք ինչպէս, բայց ինձ թւում է, որ Հայաստանի եւ ներկայի Արցախի մի հատուածի (քանի որ թշնամին բռնազաւթել է այլ շրջանները) խրամատներում եւ սահմաններին կանգնած տղաները մենակ են: Ին՞չ կարող ենք անել մենք հազարաւոր կիլոմետրեր հեռու՝ համոզուած լինելու, որ մեր այդ խրամատներում կանգնած հայ երիտասարդները զգան մեր աջակցութիւնը: Այսօր, քաղաքապատերանում ընդունել էի Արցախի արտգործնախարար Դաւիթ Բաբայեանին եւ մշակոյթի փոխնախարար Լեռնիկ Յովհաննիսեանին, ստորագրելու Գլենդելի եւ Մարտունիի քոյր քաղաքներ հաստատելու յուշագիրը, սակայն փաստաթղթի ստորագրումը բաւարար չէ: Թղթի իւրաքանչիւր կտոր, ինչպէս Խրիմեան Հայրիկն էր ասում, որ իր թղթէ շերեփը մտցրել է հարիսայի մէջ՝ անհետանում է, եւ այդ պատճառով, մենք այսօր կարիք ունենք, որ ձեզանից իւրաքանչիւրը լինի երկաթէ շերեփ: Եւ դա արտայայտուի այնպէս, որ ձեր օրուայ մի մասը ուղղուած լինի Արցախի եւ Հայաստանի իրավիճակի բարելաւմանը, մասնաւորապէս՝ հայրենիքի պաշտպանութեանը: Որովհետեւ, այն ինչ կատարուել է երկու տարի առաջ, ցաւով եմ ասում, նորից է լինելու, եւ նորից ու նորից»: Քասախեանը խօսքն ամփոփեց մէջբերելով, որ «Եթէ ցանկանում ես խաղաղութիւն՝ պատրաստուիր պատերազմի» ասոյթը՝ նշելով, որ դա չի նշանակում միայն ռազմական առումով, այլ՝ հետեւողական համապարփակ մօտեցումներով՝ համոզուելու, որ հազարաւոր տարիներ աշխարհում քայլող հայ ազգը շարունակի եւս հազարը:
Յուզիչ էին Սրբոց նահատակաց Ֆերահեան Ազգային վարժարանի աւագ դպրոցի սաների տպաւորութիւնները Հայաստան իրենց ուղեւորութիւնից, որ համընկել էր Սեպտեմբերին ադրբեջանական յարձակմանը: «Ես եւ համադասարանցիներս ցանկանում էինք լաւ ժամանակ անցկացնել հայրենիքում, բայց տխուր էինք, որովհետեւ դժուար էր նոյնիսկ փորձել ուրախանալ, գիտակցելով, որ մեր հասակակից տղաները առաջնագծում են՝ պայքարում են մեր ազգի համար, եւ զոհւում: Շատ ծանր էր, մեր այցը Եռաբլուր, երբ հազարաւոր զոհուած տղաների գերեզմանների կողքին այդ պահին փորւում էին նորերը՝ առաջնագծում զոհուածների համար:
Բայց մենք պէտք է մեր յոյսը, հաւատն ու սէրը վառ պահենք, որովհետեւ մեր պայքարը միայն Հայաստանի եւ Սփիւռքի միութեամբ է, որ կարող է յաջողուել: Մեր քաջ տղաների կռիւը, մեր հայկական երկրի համար է, մեր փառապանծ լեռների եւ մեր ապագայ սերուդների, որ կարողանան առիթը ունենալ մեր Հայաստանը, մեր հայրենիքը վայելելու», իր խօսքը յոյսով ամփոփեց Սարին Պարոնեանը:
Կալիֆորնիայի Խորհրդարանի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոն էլ կիսեց նախորդ տարի Նոյեմբերին Հայաստան եւ Արցախ իր այցից յիշողութիւնները: Նա ընդգծեց, որ մարդիկ կորցրել են իրենց կեանքը խաղաղութեան համար պայքարում՝ ենթարկուելով չհրահրուած եւ անօրինական յարձակման, ինչը պէտք է բարձրաձայն դատապարտուի: «Ես հեռացայ՝ յոյսով լի, ոգեշնչուած, հիացած այն կանանց եւ տղամարդկանց ուժով, ովքեր շարունակում են ապրել եւ պայքարել իրենց արդարացի իրաւունքի համար: Եւ հրաժեշտի ճաշի ժամանակ, մեր վերջին կենացն էր՝ «դէպի յաղթանակ», եւ դա կոչն է միջազգային հանրութեանը՝ դատապարտելու շարունակուող ֆինանսական աջակցութիւնը Ադրբեջանին եւ այս երկրի յարձակումը Հայաստանի վրայ»:
Լա Քրեսենտա հովտի քաղաքային խորհրդի նախագահ Հարրի Լէոնը, իր յուզական խօսքում նշեց, որ յոգնել է խօսքերից, եւ գործելու ժամանակն է: «Մենք այստեղ ենք յարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին, ովքեր կեանքը զոհեցին մէկ պատճառով՝ անկախութեան համար: Սփիւռքը պէտք է ամբողջ ներուժով ներգրաւուի հայրենաշինութեան, անկախութեան պահպանման ու ամրապնդման գործին: Մենք պէտք է կանգնացնենք վայրագութիւնները, որ տեղի են ունենում Հայաստանում եւ Արցախում»:
Ձեռնարկի աւարտին, Ս. Աստուածածին եկեղեցու հոգեւոր հովիւներ Զարեհ վրդ. Սարգիսեանը, Կոմիտաս Ա. քհնյ. Թորոսեանն ու Մովսէս քհնյ. Շաննաքեանը հոգեհանգստեան աղօթք բարձրացրին զոհուած զինուորների համար:
Ձեռնարկի հարիւրաւոր մասնակիցներ այնուհետեւ մոմ վառեցին եւ յարգանի տուրք մատուցեցին հայ հերոսների յիշատակին: