ՍՈՆԱ ԳԷՈՐԳԵԱՆ
Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդեանց Մայր տաճարի հովանու ներքոյ մանուկներին կրթում, սովորեցնում են ոչ միայն մեր ոսկեղենիկ մայրենին, ծանօթացնում են ոչ միայն մեր գրականութեան գոհարներին, այլ նաեւ կարեւորում են աշակերտների հայեցի դաստիարակութիւնը, արմատներին հաւատարիմ մնալու հաստատակամութիւնը, ինքնութեան պահպանութիւնը:
2022ի Սեպտեմբերի 24ն սկսուեց սովորականի պէս. եկեղեցու դռները բացուեցին աշակերտների առջեւ: Բայց, հարկ է խոստովանել, որ օրուայ խորհուրդն այլ էր: Երեխաները ձեռքերին ունէին ծաղկեփնջեր, որոնք խոնարհելու էին քառասունչորսօրեայ պատերազմի, մերօրեայ հերոսների համար կանգնեցուած յուշաքարի առջեւ, որը խորհրդանշում է մեր ազատատենչ ոգին ու հայրենիքի անկախութեան համար մղուող յաւերժ պայքարը:
Բացման խօսքով հանդէս եկաւ Խաժակ քահանայ Շահբազեանը: Երեխաների հետ արդէն աւանդական դարձած զրոյցին, ան յիշատակեց օրուայ խորհրուրդը` Սուրբ Գէորգի տօնը, ով անմահացաւ եւ սրբադասուեց` պայքարելով յանուն մեր հաւատի:
Սրբի մղած պայքարն այսօր էլ շարունակական է. այսօր էլ մեր հայ զինուորը պայքար է մղում յանուն մեր հաւատի, մշակութային բարձր արժէքների պահպանման եւ մեր արեան գնով ձեռք բերուած ազատութեան, մեր լինելիութեան համար:
Անկախութիւնը բացարձակ արժէք է, որի համար մենք դարեր շարունակ պայքարել ենք ու պայքարում ենք մինչեւ օրս:
Առաւօտեան պատգամի ընթացքում անուանակոչութեան օրուայ առթիւ շնորհաւորեցին բոլոր ներկայ Գէորգներին: Սա նշան է այն բանի, որ Սփիւռքում հայ ծնողները կարեւորում են իրենց արմատներին հաւատարիմ մնալը` երեխաներին կոչելով սրբերի եւ հայկական արմատներ ունեցող անուններով:
Սա մի վառ օրինակ է, որ մեր սաների ոգում շարունակում են ապրել մեր անմահ հերոսները, որոնց անուններին համարժէք իրենք շարունակելու են պայքարել յանուն անկախութեան, յանուն մեր մայրենիի եւ յանուն մեր պայծառ ապագայի:
Ապա Արեւմտեան թեմի շաբաթօրեայ դպրոցների հոգեւոր տեսուչ, «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի տնօրէն Յովհաննէս սարկաւագ Գումրույեանը ամփոփեց օրուայ խորհուրդը, որից յետոյ ուղղորդեց աշակերտներին դէպի եկեղեցու բակ, որտեղ գտնուող յուշաքարի առաջ երեխաները ծաղիկներ խոնարհեցին`այն ըմբռնմամբ, որ գոյամարտը շարունակւում է, իսկ վաղուայ պայքարի յաղթական հերոսները հէնց իրենք են:
Արարողութեան աւարտից յետոյ երեխաները վերադարձան իրենց դասարանները, որտեղ եւս խօսուեց Հայաստանի անկախութեան խորհրդի ու երէկուայ ու այսօրուայ մեր հայրենիքի դժուարութիւնների մասին:
«Փոքրիկ Հրեշտակներ» դպրոցը միշտ էլ միտուած է եղել Հայաստանի եւ Սփիւռքի կապի ամրապնդմանը, մայրենիի նկատմամբ հաւատարմութեան եւ սիրոյ դրսեւորմանը, ինչպէս նաեւ հայրենիքին անվերապահ ծառայելու, նուիրուելու ազնուագոյն կոչմանը: