ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
46 տարուայ աւանդոյթներ ունեցող «Մասիս Քեբաբ» ճաշասրահների ցանցը համալրուեց եւս մէկով: Գլենդել Քոլորադօ փողոցների հատոյթում այսուհետ կը գործի որակի փորձութիւնը ժամանակի ընթացքում գերազանց յաղթահարած եւ նորաոճ ձեւաւորմամբ ցանցի առաջին առանձին ընդարձակ ճաշասրահը:
Սեպտեմբերի 3ին, ճաշասրահի բացման արարողութիւնը Գլենդելում իւրատեսակ տօնական մթնոլորտ էր ստեղծել` սիրուած երգիչ Յարութ Փամբուկչեանի երաժշտութեան ներքոյ:
Բաղդասարեան եղբայրներին շնորհաւորելու էին եկել շուրջ 400 հիւրեր` ընկերներ, համայնքի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ` ճաշասրահի ուտեստները բարձր գնահատող այլազգի յաճախորդներ:
«Գլենդելը հպարտ է լինելու «Մասիս Քեբաբ» ծննդավայրը, եւ այսօր ուրախութեամբ ենք արձանագրում, որ ստեղծուեց այս ապրանքանիշի առանձին սրահը, որ իր ուրոյն տեղն ունի քաղաքում: Գլենդելի քաղխորհրդի եւ իմ անունից շնորհաւորում ենք, եւ ցանկանում ենք կանաչ ճանապարհ», յայտնեց Գլենդելի քաղաքապետ Արդի Քասախեանը` քաղխորհրդի անդամներ Էլեն Ասատրեանի եւ Փօլա Դիվայնի հետ միասին Բաղդասարեան եղբայրներին շնորհելով երախտագիտութեան հաւաստագիր:

Կալիֆորնիայի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոն էլ շնորհաւորեց պատմական եւ սպասուած ճաշասրահի բացումը` ուրախութեամբ ընդգծելով, որ այն շարունակելով ընտանեկան ժառանգութիւնը, նաեւ`ամերիկեան երազանքի իրականացման լաւագոյն արտացոլումներից է: Նա, եւ Կալիֆորնիայի Ներկայացուցիչների տան անդամ Լորա Ֆրիդմանն էլ պատուոգրեր յանձնեցին Բաղդասարեաններին:
Ճաշասրահի օծումը կատարեց Արտակ քհնյ. Տէմիրճեանը, որից յետոյ Բաղդասարեան եղբայրները, իրենց մօր` Հիլտա Ոսկանեանի եւ զաւակների հետ միասին կտրեցին ժապաւէնը` հիւրերին հրաւիրելով ճաշակելու միջերկրական եւ հայկական խոհանոցների աւանդոյթներով համադամ կերակուրներ:
«Մեր առանձնայատկութիւնը` սննդամթերքի բարձր որակն է, թարմութիւնը եւ մատչելի գինը: Մենք յաճախորդներին տալիս ենք այն, ինչ ցանկանում են, որպէսզի նրանք շարունակեն վերադառնալ: Ուրախ եմ, որ աւելի քան չորս տասնամեակ է կարողանում ենք պահել որակի ցուցանիշը», «Մասիս Քեբաբ» ճաշասրահների երկարակեցութեան բանաձեւը ներկայացրեց համահիմնադիր Գեւիկ Բաղդասարեանը:
1976 թուականին էր, որ նրա հայրը` Յակոբ Բաղդասարեանը Գլենդելում բացեց «Մասիս Քեբաբ»ի առաջին ճաշասրահը, որ հիմնադրի անխոnջ աշխատանքի արդիւնքում ընդլայնուեց տարբեր քաղաքներում` հայկական եւ իրանական խոհանոցների համադրմամբ ուտեստները դարձնելով Կալիֆորնիայի մշակոյթի մաս:
«Հայրիկիս նպատակն էր, որ այն ժամանակ, երբ հայերի թիւը դեռ մեծ չէր այստեղ, ճաշասրահները գործեն խոշոր առեւտրային կենտրոններում: Դա ամենադիւրին եւ արագ ուղին էր հայկական ճաշատեսակները, մեր մշակոյթը տարածելու Լոս Անջելեսի բազմազգ բնակիչների շրջանում: Հօրս ասում էին, որ յաջողութիւն չի ունենայ, քանի որ ուտեստները էթնիկ են, սակայն նա հաւատաց իր երազանքին ու յաջողեց` «Գլենդել Գալերիա»ում բացած առաջին ճաշասրահը մեծ յաջողութիւն ունեցաւ, եւ այսօր «Մասիս Քեբաբ»ը ճանաչուած ու սիրուած է նաեւ օտարների կողմից», նշում է Գեւիկ Բաղդասարեանը:
«Մասիս Քեբաբ»ի վեց ճաշասրահները գործում են Արքադիայի, Շըրմըն Օքսի, Սենչըրի Սիթիի, Քալվըր Սիթիի, Քանոգա Փարքի, Գլենդելի խոշոր առեւտրային կենտրոններում: Ըստ Գեւիկի, իր եւ եղբօր`Փիթերի ցանկութիւնն էր ունենալ նաեւ առեւտրային կենտրոնից դուրս, առանձին գործող ճաշասրահ, որտեղ կարելի է նաեւ ժամանց անցկացնել:
301 Սաութ Գլենդել հասցէում գտնուող «Մասիս Քեբաբ»ի նոր, ընդարձակ ճաշասրահում իւրատեսակ հայկական ոգի կայ, որ առաւել հոգեհարազատ է դարձնում վայրը, եւ միաժամանակ` հայկական պատմութիւնն ու մշակոյթը համեղ ուտեստների հետ մէկտեղ ներկայացնում օտարին: Նոր սրահում էլ, ինչպէս միւսներում Արցախի «Մենք ենք մեր սարերը» կոթողի մեծադիր լուսանկարն է. «Մեր բոլոր ճաշարաններում Արցախի, ժողովրդական ոճով ասած, «տատիկ-պապիկ»ի յուշարձանի լուսանկարը կայ փակցուած, որ խորհրդանշում է, որ արմատները շատ խորը հողում են եւ ոչ մի տեղ չեն հեռանալու: Մեծ հայրս Շուշիից էր, եւ հօրս համար Արցախն ու Շուշին մեծ նշանակութիւն ունէին», պատմում է Գեւիկ Բաղդասարեանն ու յաւելում, որ թէեւ այսօր Արցախն ու Հայաստանը ծանր օրեր են ապրում, բայց իրենց հօր օրինակով` եղբայրները շարունակելու են ամէն կերպ աջակցել հայրենիքին` դժուարութիւնները միասնական ուժերով յաղթահարելու հաստատ վճռականութեամբ:
Կառոյցի արտաքին տեսքն էլ իր նորաոճ լուծումներով, գեղեցիկ համալրում է քաղաքում, որ միաժամանակ ընդգծում է աւանդական խոհանոցի ազգային արմատները: Այն իրականութիւն է դարձել հեղինակաւոր ճարտարապետական, ձեւաւորման, կառուցապատող ընկերութիւնների համագործակցութեամբ, որոնց թւում է համայնքի բարերար Յովսէփ Պոյաճեանի «Լեւել Քոնսթրաքշն Գրուպը»ը:
Ճաշասրահի բացման հիւրերը բարձր գնահատեցին «Մասիս Քեբաբ»ի նոր նախաձեռնութիւնը, որ հնարաւորութիւն կը տայ հանգստաւէտ վայրում ճաշակել սիրուած ուտեստները:
Նոր վայրը ներառում է 150 նստատեղ՝ ներսում եւ բացօթեայ պատշգամբում: Խոհանոցը, որ ամենամեծն է «Մասիս Քեբաբ»ի միւս կենտրոններից, թոյլ է տալիս միաժամանակ արագօրէն սպասարկել ճաշասրահի յաճախորդներին եւ ընդունել դրսից պատուէրների պատրաստում եւ առաքում:
Մանրամասների համար այցելէ՛ք MassisKabob.com կայք եւ ներբեռնեք «Մասիս Քեբաբ»ի յաւելուածը: