Նոյեմբերի 21ին «Նարեկացի» մշակութային միութիւնում տեղի ունեցաւ յուշ-երեկոյ՝ նուիրուած Արցախեան ազատամարտի մասնակից, դաշնակցական Սիմոն Աչիկգոզեանի զոհուելու 15րդ տարելիցին։
«Մտաւորական, գիտնական, հրամանատար», նման ուղի է անցել ազատամարտիկը, որը արցախեան գոյամարտի առաջին իսկ օրից դիրքերում էր։ Նա թողեց անկախութեան կոչերով այդ օրերին Երեւանում տեղի ունեցող միթինկները՝ հասկանալով, որ Հայաստանի սահմաններում եւ Արցախում պէտք է գտնուի հայութեան սկսած արդար պայքարի լուծումը։
Միջոցառումը նախաձեռնել էին հերոսի մարտական եւ կուսակցական ընկերները։
Մասնաւորապէս, նախաձեռնութեան հեղինակ Գայեանէ Ներսիսեանը նշեց, որ ազատամարտում Սիմոն Աչիկգոզեանի նման շատ հերոս տղաներ են ընկել, եւ ինքը մտադիր է նմանատիպ յուշ-երեկոների շարք սկսել. «Այսօր մենք պարտաւոր ենք նրանց յիշել, եւ ամենակարեւորը՝ պարտաւոր ենք մեր երիտասարդութեանը նրանցով դաստիարակել, որպէսզի մեր ապագայ սերնդի համար նրանք դառնան ընդօրինակելի կերպարներ», բացման խօսքում ասաց Գ. Ներսիսեանը՝ աւելացնելով, որ պատմական հող գրաւելու բարոյական յաղթանակի համար մենք պարտաւոր ենք այն հայորդիներին, որոնք իրենց կեանքը զոհեցին յանուն մեր պետականութեան, յանուն Արցախի ազատագրութեան։
«Նարեկացի» մշակութային միութեան նախագահ Լեւոն Իվանեանն էլ, բարձր գնահատելով նման միջոցառումների նշանակութիւնը մեր օրերի համար, ներկաներին ուղղուած իր խօսքում նկատեց, որ ժամանակը սրբագրում է բոլոր երեւոյթներն ու դէմքերը եւ ի դէմս Սիմոն Աչիգոզեանի՝ շնորհիւ նրա խիզախութեան, հնարաւոր չէ նրանց ջնջել ու մոռանալ, իսկ ժամանակը նրանց աւելի է բիւրեղացնում։
Հ.Յ.Դ. Հայաստանի ԳՄ անդամ Արտաշէս Շահբազեանն էլ նկատեց, որ մեծ ժամանակ չի բաժանում այն օրերից, երբ մենք Արցախեան ազատամարտի թոհուբոհի մէջ էինք, երբ մենք մեր անկախութեան կայացման օրերն էինք ապրում, բայց այդ հերոսական կերպարներին ժամանակն այնքան հեռացրեց, այնքան մեծացրեց, որ մի քիչ էլ անիրական սկսեցին դառնալ։
«Նա զոհուեց յանուն գործի, յանուն ընկերների, երբ մարդը միայնակ կանգնեց խորհրդային ռազմական մեքենայի առաջ, ու երբ ընկերներն ասացին՝ նահանջենք, նա չնահանջեց, որովհետեւ գիտէր, որ այդ դէպքում զոհեր շատ կը լինէին, եւ գուցէ հնարաւոր չլինի բոլոր գիւղացիներին փրկել։
«Եւ թնդանօթների, հրասայլերի առաջ կռիւ տուեց, իր բոլոր ընկերներին հօր նման խորհուրդ տուեց նահանջել, իսկ ինքը նախ վիրաւորուեց, յետոյ սկսեց երգել եւ չզիջեց իր դիրքը, որպէսզի ե՛ւ թշնամին տեսնի, թէ հայն ով է, ե՛ւ իր ընկերները ոգեւորուեն, հասկանան, որ սա վերջը չէ։ Նահանջում են, բայց սա պարտութիւն չէ, որ յանկարծ չթուլանան։ Այս ամէնը այսօր իսկապէս հեքիաթային են թւում, բայց եղել է այդպիսի մարդ, եղել է այդպիսի հայ», ասաց Ա. Շահբազեանը։
Միջոցառման ժամանակ ցուցադրուեց Սամուէլ Թադեւոսեանի «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարից Սիմոն Աչիկգոզեանին նուիրուած ֆիլմը։ Յուշ-երեկոն աւարտուեց համերգային ծրագրով։