ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայ Մշակութային Հիմնարկութեան գործունէութեան 45ամեակը նշանաւորուեց գալա ճաշկերոյթով, որին ներկայ էին աւելի քան 300 հիւրեր՝ համայնքի ղեկավարներ, հոգեւոր առաջնորդներ, նուիրատուներ եւ համակիրներ: Օգոստոսի 28ին, Բեւերլի Հիլզի «Մէյբուրն» հիւրասրահում անցկացուած ձեռնարկն առիթ էր ամփոփելու կազմակերպութեան գործունէութիւնը, եւ երախտագիտութիւն յայտնելու աջակիցներին:
Ձեռնարկի բացումը մեկնարկեց Տէրունական աղօթքով՝ Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Թորգոմ արք. Տօնոյեանի, Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանի եւ Հիւսիսային Ամերիկայի Հայ աւետարանական միութեան հոգեւոր հովիւ վերապատուելի Հենրիկ Շահնազարեանի առաջնորդութեամբ: Հայաստանի ու Միացեալ Նահանգների ազգային օրհներգները կատարեց Թուխման Խաչատուրեանը:


«Այսօր, Հայ Մշակութային հիմնարկութիւնը (ՀՄՀ) կարող է միայն վերահաստատել իր հաւատարմութիւնն աշխատանքին՝ իր գործընկերների մշտական մասնակցութեան եւ նուիրումի միջոցով: Մեր կազմակերպութիւնը հաստատուն է հայկական մշակոյթն ու ժառանգութիւնը պահպանելու եւ զօրացնելու իր աշխատանքներում: Չնայած փոփոխուող քաղաքական մթնոլորտին, մեր առաքելութիւնն որպէս ամերիկահայեր, մնում է անսասան՝ պայքարել տարբեր ուղղութիւններով նոյն նպատակի համար: Մենք պէտք է միաւորուենք, մեզ պէտք է լսեն, մենք պէտք է աւելին անենք: Երախտապարտ ենք մեր անդամներին եւ աջակիցներին աննախադէպ նուիրուածութեան համար, եւ ձեր աջակցութեամբ ՀՄՀն կը շարունակի իր ջանքերը՝ նոր սերունդներին կրթելու եւ պատրաստելու ուղղութեամբ, ովքեր այս կազմակերպութիւնը նոր բարձունքների կը հասցնեն՝ մեր ազգային շահերը պաշտպանելու գործում», ձեռնարկի բացման խօսքում նշեց Էլիզապէթ Պոյաճեանը:



Հայ Մշակութային հիմնարկութեան ամէնամեայ ձեռնարկը նախորդ տարիներին չեղարկուել էր համաճարակի պատճառով, սակայն կապը երբեք չխզուեց ու չսառեց հիմնարկութեան նուիրեալների միջեւ, այլ՝ առաւել ամրացան ու սերտացան յարաբերութիւնները: Այս մասին յայտարարեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի ատենապետ, դոկտոր Քարմէն Օհանեանը՝ նշելով, որ կառոյցը նախանձախնդրօրէն շարունակում է ծառայել մեր համայնքին, ժողովրդին ու հայրենիքին, առանց ընկրկումի եւ առանց սկզբունքային զիջումների:
«Դժուար երկու տարիներ անցկացրինք ազգովին: Ապրեցինք, ու դեռ կ՛ապրենք, Արցախեան պատերազմի արհաւիրքը, այդ պատերազմի դառն իրականութիւնն իր թողած բոլոր բացասական հետեւանքներով: Այսօր, ցաւօք ականատես ենք միջազգային պարտադրանքով Հայաստանի եւ Արցախի միջեւ Լաչինի շրջանի հայկական երեք աւանների՝ Բերձորի, Աղաւնոյի եւ Ներքին Սուսի բնակիչների պարպումին եւ այդ տարածքների յանձնմանը Ադրբեջանին: Ճակատագրական օրեր է ապրում մեր ժողովուրդը հայրենիքում, եւ այդ պատմական իրադարձութիւններին անտարբեր չի կարող մնալ սփիւռքահայը, որ բազմիցս ապացուցել է, որ տագնապում է Արցախի եւ Հայաստանի մարտահրաւէրներով, եւ ոգեւորւում՝ հայրենիքի նուաճումներով ու վերելքով: Արեւմտեան Ամերիկայի մեր շրջանը թէ՛ պատերազմի օրերին եւ թէ՛ յետ-պատերազմեան շրջանում օժանդակեց նահատակ զինուորների ընտանիքներին եւ վիրաւոր զինուորներին, նաեւ պատերազմի հետեւանքով գաղթական եւ վիրաւոր հադրութցիներին: Արեցինք մեր կարելին՝ կանգնելով հայրենի ժողովրդի կողքին, չխնայեցինք լինել ուր որ հարկաւոր է՝ օգնելու մեր հայրենակիցներին Հայաստանում, Արցախում, Լիբանանում թէ այլուր», ողջոյնի խօսքում ասած Քարմէն Օհանեանը՝ երախտագիտութիւն յայտնելով համակիրներին ու բարերարներին մշտական աջակցութեան համար եւ նշելով, որ տնտեսական դժուար պայմաններում նրանց բարեգործութիւնը բարոյական կրկնակի արժէք է:
Այս մասին ընդգծեց նաեւ Հայ Մշակութային հիմնարկութեան ատենապետ Աւետիք Իզմիրլեանը: «Շնորհիւ միասնականութեան, ծանր ժամանակներում մեր աշխատանքը երբեք չդադարեց: Կազմակերպութիւնն այդ շրջանում աւելի կենտրոնացած էր եւ արդիւնաւէտ, եւ դա շնորհիւ այս սրահում գտնուողներից իւրաքանչիւրին: Նոյնիսկ մարտահրաւէրներով լի իրավիճակում մենք ոչ միայն պահպանեցինք մեր ունեցածը, նաեւ՝ զարգացրինք եւ նիւթական միջոցներ յատկացրեցինք մեր մարդասիրական, մշակութային ծրագրերի միջոցով հայրենիքին եւ աշխարհի տարբեր ակիւններում կարիք ունեցող մեր ազգակիցներին»:
Իզմիրլեանը երախտիքի խօսքեր ուղղեց սրահում ներկայ բարերարներին, ում շարունակական նուիրաբերումի արդիւնքում է հնարաւոր դառնում ազգային կառոյցների աշխատանքը: Նա երախտագիտութիւն յայտնեց հիմնարկութեան մշտական աջակիցներ տէր եւ տիկին Վարանդ եւ Հուրի Մելքոնեաններին, ովքեր ստանձնել էին 2022 թուականի գալայի հովանաւորութիւնը: ՀՄՀ ատենապետն այնուհետեւ ներկայացրեց Ֆրեզնոյից համայնքի յայտնի եւ սիրուած բարերար Ալիս Կիւրէղեանին, ով բարերար ամուսնու՝ Կարօ Կիւրէղեանի մահից յետոյ էլ անկոտրում է հայկականին իր նուիրման հարցում, եւ ի վկայութիւն այդ խօսքերի յայտարարուեց, որ տիկին Կիւրէղեանն Երեւանում գտնուող յարկաբաժին է նուիրում Հայ Մշակութային հիմնարկութեանը:


Ձեռնարկի այս տարուայ «Ժառանգութեան մրցանակ»ը յանձնուեց համայնքի նուիրեալ գործիչ, հիմնարկութեան, եկեղեցու, բազմաթիւ կազմակերպութիւնների առատաձեռն հովանաւոր Մհեր Տէր Յովհաննէսեանին: Աւետիք Իզմիրլեանն ու սրահում ներկաները յուզումի պահեր ապրեցին՝ յիշելով բարերարի տիկնոջը՝ Սաթիկ Տէր Յովհաննէսեանին, իբրեւ Հայ Մշակութային հիմնարկութեան եւ համայնքի նուիրեալ ջատագով:
Առաջնորդ Թորգոմ արք. Տօնոյեանն իր խօսքում անդրադարձաւ Մհեր Տէր Յովհաննէսեանի քրիստոնէական առաքինութեամբ իրականացուած տարիների բարեգործական գործունէութեանը թէ՛ հայրենիքում եւ թէ՛ աշխարհասփիւռ հայ համայնքներում:


Մրցանակը ստանալիս Մհեր Տէր Յովհաննէսեանն ուրախութիւն յայտնեց, որ հիմնարկութեան անդամներն ու համակիրները, երկարատեւ ընդմիջումից յետոյ կրկին հաւաքուել են՝ տօնելու «անհատաւալի գործունէութիւնը, որ իրականացւում է տարիներ շարունակ»: «Հպարտ եմ, որ մաս եմ կազմել այս կազմակերպութեանը: Հանգուցեալ կինս սիրում էր կրկնել, որ հիմնարկութիւնը յատուկ դեր ունի մեր համայնքի կեանքում, եւ այսօր, ես վստահօրէն կարող եմ ասել, որ կը շարունակենք՝ զօրացնելու մեր համայնքը»: Նրա խօսքերի վկայութիւնն էր նաեւ երիտասարդ որդիների ներկայութիւնն իր կողքին:

Սարօ Տէր Յովհաննէսեանը, երախտագիտութիւն յայտնելով իր ընտանիքին մեծարելու համար, միաժամանակ յայտնեց հայկական հարցերին իր նուիրումի մասին, որ ժառանգել է ծնողներից: «Մայրս՝ Սաթիկը, մեծ սէր եւ գործելու մշտական լիցքեր ունէր Հայ Մշակութային հիմնարկութեան հանդէպ, եւ գուրգուրանքով էր վերաբերւում այս կառոյցին՝ իր առաքելութիւնը համարելով ծառայութիւնը մեր համայնքի, մշակութային ժառանգութեան պահպանման հիմնական կազմակերպութեանը: Այդ սէրը նա փոխանցել է նաեւ իր ընտանիքին: Մեր ազգը բազմաթիւ մարտահրաւէրների է դիմագրաւել վերջին երկու տարիներին՝ հայրենիքում եւ համայնքում, եւ պէտք է այսօր մեր ուժերն ու ջանքերը կենտրոնացնենք՝ ազատ ու անկախ Հայաստան կերտելու շուրջ»:
Երեկոյի ընթացքում բազմիցս ընդգծուեց մեր ազգի գոյութենական պայքարի այսօրուայ փուլում միասնութեան կարեւորութիւնը: Քարմէն Օհանեանն իր խօսքում հաւաստիացրեց, որ պատմութեան տարբեր քառուղիներում զոհեր տուած, հողեր կորցրած հայ ժողովուրդը միշտ էլ գտել է գոյատեւելու ճանապարհը, պայքարելու եւ իր ազգային արժանապատուութիւնը վերականգնելու կամքը: «Այս օրերին երբ մեր հայրենիքը շրջապատուել է արտաքին թշնամիներով, որոնք միշտ էլ պատրաստ են յանուն իրենց ծաւալապաշտ ծրագրերի՝ ոտնակոխելու Հայաստանի եւ Արցախի իրաւունքներն ու սահմանները, մենք պարտաւոր ենք միասնութեամբ ու հանդուրժողութեամբ ուս-ուսի տուած պաշտպանել եւ գուրգուրել Հայաստանի ու Արցախի անկախութիւնն ու անվտանգութիւնը: Կասկած չունենք մեր ժողովրդի բնազդական ու գիտակցական բարձր արժէքների վրայ, եւ այդ իմաստով էլ լաւատեսութիւնը վառ է մնում մեր սրտերում: Մեր երթը պիտի շարունակենք միասին, մինչեւ վերջնական յաղթանակ», նշեց Օհանեանը:
Ձեռնարկի ընթացքում ներկայացուեց Հայաստանում, Արցախում եւ համայնքում տարբեր ոլորտներում Հայ Մշակութային հիմնարկութեան վերջին շրջանի գործունէութիւնը: Յիշատակուեց համայնքում գործող 13 հայ կենտրոններում իրականացուող աշխատանքի եւ զանազան նախաձեռնութիւնների, Արցախում դպրոցների ու բուժկենտրոնների կառուցման մասին: Հայաստանում շարունակուող աշխատանքներից նշուեց Գիւմրիի «Շիրվանեան» Երիտասարդական կենտրոնի պահպանման եւ ծրագրերի իրագործման համար նիւթական եւ բարոյական զօրակցութեան, Թալինի Շրջանի Զովասար գիւղի դպրոցի վերանորոգման, Կաթնաղբիւրի մանկական խաղավայրի կառուցման, եւ Բազմաբերթ Եսայի դպրոցի սրահի վերանորոգման մասին, ինչպէս նաեւ՝ տարաբնոյթ երիտասարդական ծրագրերի, այդ թւում՝ «Անկախութեան Սերունդ» երիտասարդական շարժման կազմակերպած ճամբարի:
Ներկաները բարձր գնահատեցին հիմնարկութեան գործունէութիւնը՝ նշելով, որ կը շարունակեն աջակցութիւնը: Ալիս Կիւրէղեանը, որ շուրջ 60 տարի է անդամակցում է հայկական տարբեր կազմակերպութիւնների, «Ասպարէզ»ի հետ զրոյցում նշեց, որ իր ողջ ընտանիքը, նաեւ ՀՄՀ միջոցով է կապը պահում հայրենիքի, համայնքի հետ՝ միջոցներ ուղղելով հայ դպրոցի, եկեղեցու, լրատուամիջոցի կենսունակ գործունէութիւնն ապահովելու: Գործարար, բարերար Վարանդ Մելքոնեանն էլ կարեւորեց կազմակերպութեան դերը աշխարհասփիւռ հայութեան կեանքում, առաւելապէս՝ արեւմտեան Ամերիկայի եւ Կալիֆորնիայի համայնքներում: «Հիմնարկութիւնը, աւելի քան չորս տասնամեակ, գործում է որպէս առաջնորդող՝ աշխուժացնելով, քաջալերելով, լիցքաւորելով իւրաքանչիւր հայի: Մենք պէտք է միասնական լինենք մեր նպատակների հարցում, եւ ամուր մնանք մեր եկող սերունդների համար՝ ի վիճակի լինելով հասնելու լուծումների բոլոր հայկական հարցերի համար, ներառեալ՝ Հայ Դատի, մեր իրաւունքների արդար բաւարարման, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, ինչպէս նաեւ՝ մեր ազգի զարգացման գործում»:

Որպէս արդիւնք, Հայ Մշակութային հիմնարկութեան ձեռնարկի աւարտին յայտարարուեց, որ կազմակերպութեանը կատարուած նուիրատուութիւնների գումարը հասել է մէկ միլիոն դոլարի, որ կ՛ուղղուի համայնքում եւ հայրենիքում իրականացուող ծրագրերին:
Երեկոյի գեղարուեստական յայտագրում հանդէս եկան օպերային երգիչ Պերճ Քարազեանն ու երգեհոնահար Արմինէ Ղազարեանը, ժողովրդական երգերի կատարումով՝ Արաքսեա Ամիրխանեանը, երեկոյի ընթացքում երաժշտական ընտրանի ապահովեց «Մոլտօ Լեգատօ» նուագախումբը: