

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Ինձ անհանգստացնող մեղուներն այնքան բարձր էին բզզում գլխումս, որ թւում էր, թէ ինձ կորցնում եմ: Անհանգստութեանս պատճառով իմ շուրջ ձեւաւորուեց պղպղջակ ու այնքան մեծացաւ, որ սկսեցի լողալ դրա ներսում», փոքրիկ Ֆրանկին այսպէս էր նկարագրում մայրիկին իր հոգեվիճակը, որում յայտնւում էր, երբ անհանգստութիւններ ու մտահոգութիւններ էր ունենում: Այդ զգացողութիւնից ազատուելու համար, Ֆրանկիի մայրը խորհուրդ տուեց որդուն ստեղծել մէկ այլ պղպջակ. «Դու կարող ես ստիպել քեզ անհանգստացնող մեղուներին անհետանալ, եւ դա կարող ես անել ստեղծելով նոր պղպջակ` լի դրական մտքերով, որը կարող ես նաեւ վերահսկել»: Ֆրանկին կատարեց մայրիկի խորհուրդն ու զգաց դրական փոփոխութիւնները:
«Ֆրանկին Եւ Անհանգստացնող Մեղուները» գրքի հեղինակը կլինիկական հոգեբան, դոկտոր Ռեժին Մուրադեանն է, որ որոշելով իր օգնութիւնը երեխաներին փոխանցել նաեւ նրանց համար ընկալելի այլ միջոցներով` սկսեց գրքեր գրել մանուկների ու պատանիների համար: Յուլիսի 20ին, «Բարզ ընդ Նոբըլ» գրախանութում հաւաքուած երեխաների համար, Ռեժին Մուրադեանն ընթերցեց իր գրքերից հատուածներ` Ֆրանկիի եւ Ֆրենսինի կերպարների միջոցով պատմելով դրական մտքերի վրայ կենտրոնանալու, փոփոխութիւնները թեթեւօրէն ընկալելու, արուեստի դերի ու կարեւորութեան մասին:
«Ֆրանկիի կերպարը ծնուեց համաճարակի ժամանակ, երբ «Զում» հաւելուածով էի աշխատում յաճախորդներիս հետ, որոնց թւում 8-16 տարեկան մանուկներ ու պատանիներ էին: Նկատում էի, որ նրանք դժուարանում են իրենց զգացմունքներն ու յոյզերն արայայտել առցանց. անհանգստութիւն կար նրանց պահուածքում: Ֆրանկիի միջոցով ցոյց եմ տուել, թէ նման պահերին, երեխաները ինչ կարող են զգալ եւ ինչպէս է դա արտայայտւում տարբեր իրավիճակներում եւ վայրերում, օրինակ` դպրոցում կամ քնած ժամանակ: Իմ ստեղծած կերպարների միջոցով քաջալերում եմ երեխաներին իրենց մասին դրականը մտածել, դրական մտքեր ձեւաւորել, որովհետեւ բացասական մտքերը սպառում են ինչպէս երեխաներին, այնպէս էլ մեծահասակներին: Եթէ չսովորենք օգնել ինքներս մեզ մանուկ հասակում, մեծանալով էլ կը շարունակենք կրել այդ անհանգստութիւնները: Իմ ստեղծած կերպարների միջոցով նաեւ ծնողներին եմ յուշում, թէ ինչպէս հաղորդակցուել իրենց երեխաների հետ, որ նրանք արտայայտեն զգացմունքներն ու հաւատան իրենց ուժերին», «Ասպարէզ»ի հետ զրոյցում պատմեց հոգեբանը:
Ֆրանկիի միջոցով` «Ֆրանկին Եւ Իր Տնային Դպրոցի Արկածները» իր յաջորդ գրքում, Ռեժին Մուրադեանն անդրադառնում է մէկ այլ կարեւոր` առցանց կրթութեանը հարցին, ելնելով այն իրականութիւնից, թէ ինչպէս են երեխաները ծանր տարել տանը կրթուելու ձեւաչափը: Այստեղ հոգեբանը Ֆրանկիի միջոցով ցոյց է տալիս փոփոխութիւնների կարեւորութիւնը` նշելով, որ դա առողջ երեւոյթ է, եւ փոփոխութեան մասին պատմութեան միջոցով քաջալերում է հանգիստ ընդունել փոփոխութիւնը, դրական տրամադրուել, ու երջանիկ զգալ:
Հոգեբանի միւս` «Ֆրենսին Եւ Իր Յատուկ Տաղանդները» գիրքն էլ նուիրուած է երեխաներին, ովքեր արուեստ են ուսումնասիրում`երգում են, խաղում են թատրոնում, գրում են, ստեղծագործում: «Մենք շատ ենք կենտրոնանում սպորտի վրայ, եւ երեխաները, ովքեր չեն կարողանում իրենց դրսեւորել որեւէ մարզաձեւում, սկսում են կասկածներ ունենալ իրենց կարողութիւնների վերաբերեալ, թէ արդեօք իրենց մօտ որեւէ այլ բան կը ստացուի՞: Ֆրենսինի միջոցով խրախուսում եմ երեխաներին մտածելու կաղապարից դուրս, փնտռելու եւ գտնելու իրենց տաղանդը: Եւ տաղանդ չի նշանակում միայն, որ ինչ-որ ոլորտում կարող ես լաւագոյնս դրսեւորուել, նշանակում է նաեւ, որ փորձես բացայայտել ինքդ քեզ»:
Հոգեբանը նշում է, որ իր գրքերը նախատեսուած են նաեւ ծնողների ընթերցանութեան համար: «Յորդորում եմ, որ ծնողները լսեն իրենց երեխաներին: Ես իմ երեխաներին միշտ երկու հարց եմ տալիս` ցանկանում են, որ ես միայն լսե՞մ իրենց, թէ՞ խորհուրդ տամ: Շատ յաճախ նրանք ցանկանում եմ միայն որ ներկայ լինենք իրենց կեանքում, լսենք ու աջակցէք: Երբեմն էլ, որպէս ծնող երբ չենք ունենում յարմար պատասխան, պէտք է մեր երեխաների հետ միասին գտնենք լուծումներ», առաջարկում է Ռեժին Մուրադեանը:
«Ֆրանկին Եւ Անհանգստացնող Մեղուները» թարգմանուել եւ տպագրուել է նաեւ հայերէնով Արցախեան պատերազմի ժամանակ: «Ես համագործակցում էի մի քանի կազմակերպութիւնների հետ, եւ գիրքս որոշեցինք ուղարկել յատկապէս տեղահանուած երեխաներին ու նրանց ծնողներին, որպէսզի խրախուսենք արտայայտել իրենց զգացմունքները, խօսել նաեւ իրենց ցաւի մասին», նշում է հոգեբանը:
Ռեժին Մուրադեանի մասնագիտական մօտեցմամբ եռհատորեակը նախատեսուած է տարբեր տարիքի երեխաների համար, նաեւ, ինչպէս հեղինակն է նշում` աւագ սերնդի:
Գրքերը կարելի է ձեռք բերել «Բարզ ընդ Նոբըլ» գրախանութներում, ինչպէս նաեւ` առցանց:

