ՆԱՐԻՆԷ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
«Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամը հաւատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին` Յուլիսի 28ին Ճարտար, Սօս, Մաճկալաշէն եւ Հերհեր համայնքներում չորս վերանորոգուած առանձնատներ շահագործման յանձնեց հասցէատէրերին:
Ճարտար քաղաքի բնակիչ, 44օրեայ պատերազմի մասնակից, պայմանագրային զինծառայող Արթուր Աւետիսեանի հինգ հոգանոց ընտանիքն այսուհետ կ՛ապրի վերանորոգուած, բոլոր յարմարութիւններով սեփական առանձնատանը:
Արթուրն ականի պայթիւնից վիրաւորուել է 2020ի Նոյեմբերի 4ին, հայրենի Ճարտար քաղաքը պաշտպանելիս: Արթուրի կնոջ` Մանան Աւետիսեանի խօսքով` վիրաւորուելուց յետոյ չորս օր շարունակ գտնուել է մահաքունի մէջ: Տանտիկինը պատմում է, որ նախկինում տունը գտնւում էր վատթար վիճակում։ «Խոհանոց չունէինք, դրսում էի ճաշ պատրաստում, բաղնիքը կիսակառոյց էր` դրսում: «Թուֆէնքեան» բարեգործական հիմնադրամի շնորհիւ ստեղծուեցին ապրելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները», նշեց Մանանը` շնորհակալութիւն յայտնելով հիմնադրամին` իրենց աջակցելու համար:
Արթուրի հայրը` Վալերիկը, չհասցրեց վայելել վերանորոգուած տունը: Շինարարական աշխատանքների աւարտից մի քանի օր յետոյ, առողջական խնդիրների հետեւանքով, հրաժեշտ տուեց երկրային կեանքին, հոգեպէս հանգիստ լինելով, որ ապագայ երկու զինուորներն ու տան միւս անդամներն իրենից յետոյ կ՛ապրեն վերանորոգուած տանը:


Պատերազմն իր դառն ուրուագիծը թողել է նաեւ Սօս համայնքում բնակուող Հենրիկեանների ընտանիքում: Յարութ Հենրիկեանը պատերազմի առաջին իսկ օրից զինուորագրուել է աշխարհազօրայինների կազմում եւ միացել հայրենիքի պաշտպանութեան սուրբ գործին: Հայրենի Սօս գիւղի պաշտպանութեան ժամանակ, Հոկտեմբերի 29ի գիշերը, անօդաչու թռչող սարքի հարուածից ոտքերի շրջանում ստացել է վիրաւորում: Մինչ այսօր Յարութը հասցրել է շուրջ տասը վիրահատութիւն տանել, որոնք դեռ շարունակական կը լինեն:
Մեզ հետ զրոյցի ընթացքում Յարութը նշել է, որ տան պայմանները յարմար չէին` յատկապէս իր համար: Շնորհիւ հիմնադրամին` այսուհետ կ՛ապրեն յարմարաւէտ պայմաններով տանը, ինչի համար իր շնորհակալութիւնը յայտնեց:
Հենրիկեանների բնակարանում կրկնակի տօն էր: Տան շինարարութեան աւարտից յետոյ ծնուել է Յարութի առաջնեկը, հրաշք Մարկը, ով ծնողների ու հարազատների նոր ուժն ու լոյսն է` ծառացած բոլոր դժուարութիւնները յաղթահարելու համար:
Մաճկալաշէն համայնքի բնակիչ, 22 տարուայ աշխատանքային փորձ ունեցող դասվար Լիւդմիլա Ծատուրեանը 27 տարի շարունակ երազել է սեփական տանիք ունենալու մասին: Այսօր երազանքն արդէն իսկ իրականութիւն է: Նա շնորհակալութիւն է յայտնել համայնքապետին, «Թուֆէնքեան»ին` իր ընտանիքին աջակցելու եւ գեղեցիկ տուն կառուցելու համար: Նորակառոյց տանը Լիւդմիլան կ՛ապրի որդու հետ:
Հերհերում ապրող Հայրապետեանների տունը լուրջ վնասներ է կրել պատերազմի ժամանակ: Այն վերակառուցել հնարաւոր չէր: Աւերուած տան կողքին հիմնադրամը նոր առանձնատուն է կառուցել, որի շինաշխատանքներին անմիջական մասնակցութիւն է ունեցել ընտանիքը: Քանի որ տունը նորակառոյց է, չորս հոգանոց ընտանիքը ցանկացել է, որ կահաւորումն էլ նոր լինի: Այժմ սպասում են իրենց սեփական միջոցներով պատուիրած նոր կահոյքին, որից յետոյ կ՛ապրեն յարմարաւետ պայմաններով իրենց նոր տանը:

Նրանք շնորհակալութիւն յայտնեցին հիմնադրամին` աջակցութեան համար: Բարձր գնահատելով հիմնադրամի ծաւալած գործունէութիւնը` Հայրապետեանները մաղթեցին, որ նման ծրագրերը շարունակական լինեն, իսկ Արցախում տիրի միմիայն խաղաղութիւն:
Թուֆենքեան բարեգործական հիմնադրամի տնօրէն Գրիգոր Պետեանը շնորհաւորել է բոլոր ընտանիքներին` բնակարանամուտի կապակցութեամբ, շնորհակալութիւն յայտնել տղաներին` իրենց կատարած սխրագործութիւնների համար: Բարեմաղթել է, որ վերանորոգուած բնակարաններում այսուհետ միայն ուրախ առիթներ ունենան նշելու եւ վայելելու, եւ հաւաստիացրել է, որ Սփիւռքի հայութիւնը մշտապէս կանգնած է լինելու արցախցիների կողքին:
Հիմնադրամի հանրային կապերի տնօրէն Ռուբէն Ճանպազեանը մեզ հետ ունեցած զրոյցի ընթացքում նշել է, որ ծրագրերը բազմածաւալ են: Տների վերանորոգման եւ խաղահրապարակների շինութիւններից բացի իրականացնում են նաեւ կրթական, առողջապահական, գիւղատնտեսական եւ այլ բազմազան ծրագրեր: «Հիմնադրամը յստակ որոշել է մնալ Արցախի կողքին: Մենք պէտք է շարունակենք նրանց կողքին լինել այնքան ժամանակ, որքան իր հողին կառչած կը մնայ արցախցին», ասել է նա:
«ԱՄԱՐԱՍ»