Խռմփոցը ձայնաւոր շնչառութիւն է, երբ օդի հոսքի ժամանակ տատանւում է մարդու փափուկ քիմքը: Սա շատ տարածուած երեւոյթ է: Այն կարող է նկատուել նաեւ երեխաների մօտ: Եթէ երկու տարեկանից յետոյ երեխան խռմփացնում է` ապա դա կարող է վկայել շնչառական խնդիրների մասին, իսկ աւելի փոքրերի մօտ այն նկատւում է այն պարզ պատճառով, որ քիմքի մկանները դեռեւս ձեւաւորուած չեն:
Կան մարդիկ, ովքեր արթուն ժամանակ էլ են խռմփացնում, սակայն այն առաւել արտայայտուած է լինում քնած ժամանակ, քանի որ այդ ընթացքում մարդու մկանները, նաեւ քիմքի, թուլացած են լինում:
Երբեմն խռմփոցը նաեւ կարող է վկայել լուրջ առողջական խնդրի առկայութեան մասին: Լինելով որեւէ հիւանդութեան ախտանշաններից մէկը, խռմփոցն ինքը կարող է պատճառել այլ` աւելի ծանր առողջական խնդիրներ: Գոյութիւն ունի «շնչարգելութիւն քնի մէջ»՝ «քնի ապնոէ», որը քնի ընթացքում շնչառութեան կանգն է: Այս համախտանիշը դրսեւորւում է նախ շնչառական խնդիրներով, ապա գերքաշի պատճառով: Երբ քաշը գերազանցում է բնականոնը, մեծ է նաեւ լեզուի ծաւալը: Քնած ժամանակ երբ մկանները թուլանում են, լեզուն տեղաշարժւում է դէպի ըմպանի յետին պատը` աւելորդ խոչընդոտ առաջացնելով շնչառութեան համար: Շնչառական մկանները աշխատում են գերծանրաբեռնուածութեամբ եւ ժամանակի հետ հնարաւոր է, որ մկանները յոգնեն եւ տեղի ունենայ շնչառութեան կանգ: «Քնի ապնոէ»ն վտանգաւոր է, քանի որ խաթարւում է թթուածնի մատակարարումը:
Կանխարգելման համար բժիշկները սկզբում կատարում են քնի հետազօտութիւն, որի ընթացքում հսկւում է հետազօտուողի ճնշումը, արեան թթուածնով յագեցուածութիւնը, սրտի ու շնչառութեան ռիթմը (կշռոյթ), արձանագրւում, թէ ի՞նչ աստիճանի է շնչարգելութիւնը, ի՞նչ դրդապատճառներ կան:
Անհրաժեշտութեան դէպքում հիւանդին նշանակւում է CPAP (continuous positive airway pressure) շնչառական սարք, որն օգնում է կանոնաւորել շնչառութիւնը քնի ժամանակ. շնչառութեան կանգի դէպքում, սարքը ներս է մղում օդի հոսքը քթի ու բերանի միջոցով:
Ապրելակերպի փոփոխութիւնները, օրինակ` քաշի նուազեցումը, անկողին մտնելուց առաջ ալկոհոլից (ոգելից ըմպելի) խուսափելը կամ կողքի պառկած վիճակում քնելը կարող են օգնել խռմփոցի վերացմանը:
Որոշ դէպքերում հնարաւոր է դիմել վիրահատական միջամտութեան: